Համարը 
ԳԴՈ-1
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2009.07.16/16(126)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Գերագույն դատարան
Ընդունման ամսաթիվը 
30.06.2009
Ստորագրող մարմինը 
Նախագահող
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ ՅՈՒ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ`<<ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ>> ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ` ԼՂՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

ՀԱՆՈՒՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Գործ թիվ ԳԴՈ-1 

 

ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի դիմումի հիման վրա` §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով

 

ք. Ստեփանակերտ

30-ին հունիսի 2009թ. 

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը` կազմով` Ա. Դանիելյանի (նախագահող), Գ. Գրիգորյանի, Ի. Կարապետյանի, Կ. Ղարայանի, Գ. Հարությունյանի (զեկուցող), Զ. Օհանյանի, Շ. Օհանյանի

մասնակցությամբ` դիմող ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յու. Հայրապետյանի

պատասխանող` ԼՂՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ` Գ. Գրիգորյանի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի գլխավոր մասնագետ-փորձագետ Մ. Սաֆարյանի, գործով հրավիրված` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության վարչության պետ Վ. Առաքելյանի, համաձայն ԼՂՀ Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի 2.8 ենթակետի, §Սահմանադրական դատավարության մասին¦ ԼՂՀ Օրենքի 13-րդ և 56-րդ հոդվածների, ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Լսելով սույն գործով զեկուցողի զեկույցը, կողմերի և հրավիրվածի պարզաբանումները, հետազոտելով §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը պարզեց.

1. §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքն Ազգային ժողովը ընդունել է 2003թ. նոյեմբերի 26-ին, ԼՂՀ Նախագահը ստորագրել է 2003թ. դեկտեմբերի 29-ին: Օրենքն ուժի մեջ է մտել 2004թ. հունվարի 1-ից, իսկ վիճարկվող 11-րդ հոդվածը, համաձայն նշված Օրենքի անցումային դրույթների (հ. 17), ուժի մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից:

Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է.

§1. Սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս`

1) քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելու, սոցիալական ապահովության և ապահովագրության պետական ու ոչ պետական ծրագրերով նախատեսված կենսաթոշակ, նպաստ, հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ.

2) հարկեր, տուրքեր, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, ինչպես նաև պարտադիր այլ վճարներ վճարելու ժամանակ.

3) կազմակերպությունների կողմից այն տեղեկատվական բազաները վարելու ժամանակ, որտեղից սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված գործառնություններն իրականացնելու համար օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն է տրամադրում պետական կառավարման մարմիններին.

4) քաղաքացու կողմից բանկային հաշիվ բացելու ժամանակ.

5) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելու ժամանակ:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառույթների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը` սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները:

3. Սոցիալական քարտի և սոցիալական քարտի համարի կիրառման կանոնները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:¦:

Դիմող կողմը գտնում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սոցիալական քարտի բացակայությունը մարդու որոշ իրավունքներ սահմանափակելու հիմք է հանդիսանում: Նշված դրույթները, մասնավորապես արգելափակում են ԼՂՀ Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ապահովության իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված աշխատանքի վարձատրության իրավունքի իրականացումը, մինչդեռ կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը: Իսկ Սահմանադրության 33-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետել, օգտագործել, տնօրինել և ժառանգել օրինական հիմքերով որպես սեփականություն ձեռք բերած գույքը:

Օրենքի վերը նշված դրույթի համաձայն` նույնիսկ նորածին երեխան և նրա մայրն են զրկվում տարբեր նպաստներից, այդ թվում` կապված երեխայի ծննդյան և խնամքի հետ, եթե ծնողները չեն ցանկանում երեխայի կամ իրենց համար սոցիալական ապահովության քարտ ստանալ: Այդ առումով վիճարկվող դրույթը չի համապատասխանում նաև §Երեխայի իրավունքների մասին¦ 1989թ. նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի Գխավոր Ասամբլեայի թիվ 44/25 բանաձևին համապատասխան ընդունված Կոնվենցիայի 3.1 հոդվածին:

Մեկ տարվա ընթացքում, մինչև 2009թ. մայիս ամիսը բազմաթիվ քաղաքացիներ (որոնց թվում և Կոնստանդին Գեորգիի Ղազարյանը) բանավոր դիմել են մարդու իրավունքների պաշտպանին և գրասենյակ ու իրենց դժգոհությունը հայտնել այն մասին, որ տարբեր տեսակի սոցիալական վճարներ, կենսաթոշակ, նորածին երեխային տրվող միանվագ նպաստը ստանալու համար ստիպված են եղել ստանալ սոցիալական ապահովության քարտ:

Հարցի կապակցությամբ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ 2008թ. հունիսի 30-ին գրավոր դիմել է միայն Վլադիմիր Ռուբենի Գրիգորյանը և հայտնել, որ իրենք ամուսիններով սոցիալական ապահովության քարտ չունեն: Երրորդ երեխայի ծննդյան հետ կապված ներկայացել է Ստեփանակերտի քաղաքային սոցիալական ապահովության բաժին` ծանոթանալու երեխային տրվող միանվագ նպաստը ստանալու հետ կապված սահմանված պայմաններին: Նրան հայտնի է դարձել, որ նպաստը ստանալու համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում ընդգրկված են նաև նորածնի ծնողների սոցիալական ապահովության քարտերի մասին տվյալները:

Սոցիալական ապահովության բաժնի պետը, տեղեկանալով, որ ամուսիններ Գրիգորյանները սոցիալական ապահովության քարտեր չունեն, մերժել է միանվագ նպաստի տրամադրումը: Բողոքի հետ կապված նույն հիմքով հարցը չի լուծվել նաև ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունում:

Վ. Գրիգորյանը մարդու իրավունքների պաշտպանից խնդրել է պարզել, թե որքանով է օրինավոր մանկական նպաստներ վճարելու հետ կապված ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակիցների կողմից ծնողների սոցիալական ապահովության քարտ պահանջելը:

Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ համաձայն Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` սոցիալական ապահովության քարտ ձեռք բերելը քաղաքացու իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը:

Ըստ նրա` դատարան դիմելու պատճառը ոչ թե իրեն հայտնի դարձած քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնումն է, այլ վիճարկվող Օրենքի` ԼՂՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունը, որը հետագայում կբացառի մարդու իրավունքների նման հնարավոր խախտումները:

Ըստ դիմողի` Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը` որպես մարդու` վերը նշված սահմանադրական իրավունքների և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի խախտում պարունակող, հակասում է ԼՂՀ Սահմանադրության 2-րդ, 5-րդ, 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 6-րդ մասերին, 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 16-րդ կետերով ամրագրված սկզբունքներին և պահանջներին:

Սոցիալական ապահովության քարտերի ներդրման հետ կապված 29.05.2009թ. դրությամբ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմում չի մուտքագրվել:

2009թ. հունիսի 1-ի դրությամբ §Արցախբանկ¦ ՓԲԸ-ում սոցիալական ապահովության քարտ չունեցող քաղաքացիներին` ԽՍՀՄ խնայբանկերում ներդրած և այլ ավանդներ վերադարձնելու վարկեր տրամադրելու, բանկային հաշիվներ բացելու և այլ բանկային գործառույթներ իրականացնելու մերժման դեպքեր չեն գրանցվել:

Պատասխանող կողմի բացատրությամբ §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքը` 2003թ. նոյեմբերի 26-ին ընդունելու ժամանակ հակասահմանադրականության հարց չէր կարող ծագել, քանի որ ԼՂՀ Սահմանադրությունը ընդունվել է ավելի ուշ` 2006թ. դեկտեմբերի 10-ին: Սահմանադրության ընդունումից հետո Ազգային ժողովը փորձել է օրենսդրական կարգով լուծել խնդրո առարկա օրենքի նշված հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը, սակայն չի արժանացել սոցիալական ոլորտի մշտական հանձնաժողովի հավանությանը: Օրենքն ունի նաև ներքին հակասություն, որն անմիջականորեն առնչվում է քննարկվող հոդվածի հետ: Այսպես. հոդված 13-ի 1-ին մասում նշվում է §քաղաքացին իրավունք ունի¦ ստանալ սոցիալական քարտ, իսկ 2-րդ մասի 2-րդ կետում` §քաղաքացին պարտավոր է¦ իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններին, որոնց դա անհրաժեշտ է սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար: Ստացվում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով քարտի կիրառումը 1-ին մասով թվարկված ոլորտներում դառնում է համընդհանուր պարտադրվող պահանջ` անկախ նրանից` օգտվե±լ է քաղաքացին 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իր իրավունքից, թե± ոչ: Պատասխանող կողմը գտնում է, որ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը հակասում է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված` 26-րդ հոդվածով` մտքի, խղճի և կրոնի ազատությանը, 33-րդ հոդվածով` սեփականության իրավունքի պաշտպանությանը, 34-րդ հոդվածով` աշխատանքի ընտրության ազատության պաշտպանությանը, 37-րդ հոդվածով` քաղաքացու և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի ապահովման իրավունքին, 39-րդ հոդվածով` սոցիալական ապահովության իրավունքին և 60-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 16-րդ կետերով` ընտանիքը, մայրությունը և մանկությունը հովանավորելու, բազմազավակ ընտանիքներին աջակցելու, տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը ապահովելու պետության հիմնական խնդիրներին:

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետը հակասում է ԼՂՀ Սահմանադրության վերը թվարկած հոդվածների պահանջներին և գտնում է, որ անհրաժեշտ է ճանաչել հակասահմանադրական:

Համաձայն ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության տվյալների` 2009թ. մայիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված են շուրջ 34000 կենսաթոշակառուներ և 18600 նպաստառուներ: Օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակներից, նպաստներից կամ այլ սոցիալական հատուցումներից, օգնություններից քաղաքացիներին զրկելու դեպքեր, պայմանավորված սոցիալական քարտի բացակայությամբ, չի գրանցվել:

Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից հաստատված է, որ սոցիալական ապահովության քարտերի ներդրման հետ կապված, բացի ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված փաստերից, այլ փաստեր չեն արձանագրվել:

§Սահմանադրական դատավարության մասին¦ ԼՂՀ օրենքի 56-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերի պահանջներից ելնելով` Գերագույն դատարանն անհրաժեշտ համարեց քննության առնել §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի սահմանադրականությունը` Սահմանադրության §Սահմանադրական կարգի հիմունքները¦ գլխում ամրագրված հիմնարար սկզբունքների, ինչպես նաև այնպիսի սահմանադրական իրավունքների երաշխավորման համատեքստում, ինչպիսիք են սեփականության (հհ. 9-րդ, 33-րդ), աշխատանքի և վարձատրման (հ. 34-րդ, մասեր 1-ին և 2-րդ), սոցիալական ապահովության (հ. 39-րդ), օրենքով չսահմանված պարտականություններից ազատ լինելու (հ. 20-րդ) իրավունքները: Դրանք այն իրավունքներն են, որոնց առնչվում է քննության առարկա խնդիրը, և որոնք չեն կարող սահմանափակվել ոչ տվյալ հոդվածով և ոչ էլ ԼՂՀ Սահմանադրության 52-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: Սահմանադրության 53-րդ հոդվածը թույլ է տալիս թվարկած իրավունքների (բացի Սահմանադրության 20-րդ հոդվածում ամրագրվածին) սահմանափակումը միայն ժամանակավորապես` ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ:

Ապահովու±մ է արդյոք օրենքի վիճարկվող հոդվածը մարդու և քաղաքացու` ԼՂՀ Սահմանադրությամբ երաշխավորված հիշյալ իրավունքները, անհրաժեշտ է գնահատել օրենքի իրավակարգավորման առարկան իր ամբողջության մեջ:

Օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է, որ սոցիալական քարտերի համակարգի ստեղծման նպատակը տեղեկատվական համակարգերում անհատական տվյալների մշակման ընթացքում քաղաքացու նույնականացումը (իդենտիֆիկացումը), օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվության փոխանակման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը և քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումն է:

Գլխավոր խնդիրը տվյալ պարագայում այն է, թե որքանով է օրենքում հաշվի առնված մի կողմից` պետության ու հանրային շահերի, մյուս կողմից` մարդու և քաղաքացու իրավունքների և օրինական շահերի հավասարակշռությունը` չստեղծելով իրավական անհստակություն կամ օրենսդրական ներքին հակասություններ:

Գործի քննությամբ պարզվեց, որ Օրենքում կան որոշ ներքին հակասություններ, ինչը չբացառեցին նաև պատասխանողի ներկայացուցիչները: Մասնավորապես, հակասությունը առկա է Օրենքի 11-րդ հոդվածի հետ համակարգային առումով փոխկապակցված 13-րդ հոդվածում: Այսպես` 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է, որ §քաղաքացին իրավունք ունի ստանալ սոցիալական քարտ¦, իսկ 2-րդ մասի 2-րդ կետը սահմանում է, որ §քաղաքացին պարտավոր է իր սոցիալական քարտը ներկայացնել այն մարմիններին, որոնց դա անհրաժեշտ է սույն Օրենքի 11-րդ հոդվածի պահանջները կատարելու համար¦: Մինչդեռ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված են քարտերի օգտագործման ոլորտները: Իսկ դա 13-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում նշանակում է, որ նշված ոլորտներում քարտն օգտագործվելու է միայն օրենքով իրենց ընձեռնված իրավունքից օգտված և սոցիալական քարտեր ստացած քաղաքացիների մասով, այն քաղաքացիների մասով, որոնք օգտվել են սույն օրենքով իրենց ընձեռնված իրավունքից և ստացել սոցիալական քարտ: Քանի որ նույն 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով (սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները)` քարտի կիրառումը 1-ին մասում թվարկված ոլորտներում դառնում է համընդհանուր պարտադրանք` անկախ նրանից` օգտվե±լ է քաղաքացին 1-ին մասով սահմանված իր իրավունքից, թե± ոչ:

Օրենսդիրը, ընդունելով սույն Օրենքը, հակասություն է առաջացրել Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի և §Պետական կենսաթոշակների մասին¦ ԼՂՀ Օրենքի 60-րդ հոդվածի միջև, քանի որ վերջինս սպառիչ սահմանել է կենսաթոշակի վճարումը կասեցնելու միայն երկու հիմք` կենսաթոշակառուի կողմից վեց ամիս անընդմեջ անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում և հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում:

Սոցիալական քարտի առկայությունը դարձնելով պարտադիր պայման Օրենքի 11-րդ հոդվածում թվարկված բոլոր գործառույթներում` ներառյալ կենսապահովման միջոցները` աշխատավարձը, կենսաթոշակը, նպաստը (այդ թվում և ծնելիության խթանման միջոցառումների ծրագրի շրջանակներում, երեխայի ծննդյան դեպքում ծնողին տրվող միանվագ նպաստը և այլն), օրենքը մի շարք քաղաքացիների դրել է երկընտրանքի առջև` կա'մ զրկվել իրենց սոցիալական իրավունքների իրականացումից, կա'մ անկախ դրդապատճառներից ստիպված` ձեռք բերել սոցիալական քարտ: Երկու դեպքում էլ այն առնչվում է մարդու արժանապատվությանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր ներպետական օրենսդրության հիմքում դրել է միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներն ու նորմերը, ինչը և ամրագրվել է Սահմանադրության 7-րդ հոդվածի 6-րդ մասում` §Օրենքներն ու այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին¦:

§Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին¦ 1966թ. դեկտեմբերի 16-ի միջազգային դաշնագրի նախաբանում ամրագրված է, որ §Մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից¦:

ԼՂՀ Սահմանադրությունը մարդու արժանապատվությանը վերաբերող անմիջական դրույթ է նախատեսել 17-րդ հոդվածում. §Մարդու արժանապատվությունը հարգվում և պաշտպանվում է պետության կողմից¦: Սակայն այդ իրավունքը առաջին հերթին պետք է դիտարկել ԼՂՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համատեքստում. §Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչում և պաշտպանում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները որպես անօտարելի և բարձրագույն արժեքներ...¦` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան:

Մարդու հիմնական իրավունքները և ազատությունները բնորոշելով որպես անօտարելի` ԼՂՀ Սահմանադրությունը ընդգծում է այդ իրավունքներից և ազատություններից մարդուն զրկելու անհնարինությունն ու անթույլատրելիությունը: Մարդու հիմնական իրավունքների և ազատությունների անօտարելիության ու բնական լինելու վերաբերյալ ԼՂՀ Սահմանադրության դրույթները կոչված են ընդգծելու հենց դրանց հատուկ նշանակությունը, համամարդկային այն արժեքների հիմնարար արմատական բնույթը, որոնք պարունակում են բնական իրավական հայեցակարգում:

Ուստի և, պատահական չէ այն հանգամանքը, որ §Բարձրագույն արժեք¦ հասկացությամբ սահմանադրական կարգի հիմունքներում որևէ այլ հիմք չի բնորոշվում: Սրանից էլ բխում է ԼՂՀ Սահմանադրության 5-րդ հոդվածում ամրագրված նորմը... §Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք¦:

Հետևաբար, այն հանգամանքը, որ որոշ կատեգորիաների քաղաքացիներ քննության առարկա Օրենքի 11-րդ հոդվածի ուժով զրկվում են ԼՂՀ Սահմանադրությամբ չսահմանափակվող ճանաչված իրենց առանձին հիմնարար իրավունքների իրականացման հնարավորությունից, չի ապահովում արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև և չի բխում ԼՂՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջներից:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը, որը երաշխավորում է սեփականության իրավունքը, սահմանում է. §յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք¦: Որևէ մեկին չի կարելի զրկել գույքից բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում որոշ ընտանիքների և քաղաքացիների գոյատևումը կախված է սոցիալական ապահովության և այլ նպաստներից:

Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով սոցիալական քարտի բացակայությունը հիմք է դառնում մասնավորապես սահմանափակելու Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված սոցիալական ապահովության իրավունքի, ինչպես նաև Սահմանադրության 34-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված աշխատանքի վարձատրության իրավունքի իրականացումը:

Կենսաթոշակը (ներպետական օրենսդրության հիման վրա նշանակված), ինչպես նաև աշխատավարձը քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը: Այն, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես` Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը): Գործնականում կենսաթոշակի վճարումը սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում դիտարկել օրենքի վիճարկվող դրույթները նաև ԼՂՀ Սահմանադրության 9-րդ և 33-րդ հոդվածների պահանջների համատեքստում. ըստ առաջինի` §պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և դրա հավասար իրավական պաշտպանությունը¦, իսկ երկրորդն ամրագրում է. §Սեփականությունից կարող է զրկել միայն դատարանը` օրենքով նախատեսված դեպքերում¦: Սոցիալական քարտ չունենալու հետ կապված` ԼՂՀ օրենքներում չկա որևէ նորմ, որը քարտերի բացակայությունը սեփականության իրավունքից զրկելու հիմք կդիտի (կհամարի):

Կենսաթոշակը սոցիալական ապահովության պարտադիր վճարների կատարումով անձի վաստակած իրավունքն է (սեփական գույքը), և Օրենքի 11-րդ հոդվածի` հատկապես 2-րդ մասի գործողության հետևանքով ոչ միայն սեփականատերը զրկվում է իր սեփական գույքը տիրապետելու և տնօրինելու իրավունքից, այլև նյութական դժվարին կացության մեջ է դրվում հասարակության մի զգալի հատվածը` կենսաթոշակառուները: Այդ նորմը խոչընդոտում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 16-րդ կետի պահանջի կատարումը, որով սոցիալական պետության հիմնական խնդիրներից է` §ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը¦:

ԼՂՀ Սահմանադրությունը նախատեսել է նաև սեփականությունը օտարելու մասին ինստիտուտը: Սահմանադրության 33-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ §սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում` օրենքով սահմանված կարգով նախնական համարժեք փոխհատուցմամբ¦:

Օրենսդիրը, §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ օրենքով սահմանելով սոցիալական քարտերի պարտադիր լինելը` հատուցում նշանակելու և վճարելու ժամանակ, փաստորեն հնարավորություն է ստեղծել, օրինակ, հասարակության և պետության կարիքների համար սեփականությունը օտարելիս խուսափել Սահմանադրությամբ ամրագրված վերը նշված պահանջները կատարելուց: Հետևաբար, §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթները վեճի առարկայի շրջանակներում չեն ապահովում Սահմանադրության 9-րդ և 33-րդ հոդվածների պահանջների կատարումը:

§Երեխայի իրավունքների մասին¦ 1989 թ. նոյեմբերի 20-ի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի թիվ 44/25 բանաձևին համապատասխան ընդունված §Երեխայի իրավունքների մասին¦ կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվում է. §Երեխայի նկատմամբ բոլոր գործողություններում, անկախ այն բանից, թե դրանք ձեռնարկվում են սոցիալական ապահովության հարցերով զբաղվող պետական կամ մասնավոր հիմնարկների, դատարանների, վարչական կամ օրենսդրական մարմինների կողմից առաջնահերթ ուշադրություն է դարձվում երեխայի լավագույն շահերին¦: Իսկ 26-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված է. §...պետությունները ճանաչում են սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության նպաստներից օգտվելու յուրաքանչյուր երեխայի իրավունքը և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում այդ իրավունքի լիակատար իրականացմանը հասնելու համար` համաձայն իրենց ներպետական օրենսդրության¦:

ԼՂՀ Սահմանադրությունը երեխայի նպաստի վերաբերյալ անմիջական դրույթ է սահմանել բազմազավակ ընտանիքների համար: Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետով սոցիալական ոլորտում պետության հիմնական խնդիրներից է բազմազավակ ընտանիքներին աջակցելը: Սակայն այդ իրավունքը պետք է դիտարկել նաև նույն հոդվածի 1-ին ենթակետի, 39-րդ և 37-րդ հոդվածների համատեքստերում: Առաջինի դեպքում պետությունը հովանավորում է ընտանիքը, մայրությունը և մանկությունը, երկրորդում` ամրագրված է ընդհանրապես սոցիալական ապահովության իրավունքը և այդ իրավունքը նաև §օրենքով նախատեսված այլ դեպքերում¦, որոնց շրջանակում էլ գտնվում է երեխայի նպաստը, իսկ երրորդում ամրագրված է, որ §Յուրաքանչյուր ոք ունի իր և ընտանիքի համար բավարար կենսամակարդակի ապահովման իրավունք¦:

§Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածն անդրադառնում է նաև նպաստի ինստիտուտին, այդ թվում և երեխայի ծննդյան հետ կապված ծնողներին տրվող միանվագ ծննդյան նպաստին, իսկ Օրենքի 7-րդ հոդվածը նախատեսում է սոցիալական քարտի անհրաժեշտությունը նաև այդ դեպքում, ուստի 11-րդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ պետք է դիտել նաև Օրենքի 7-րդ հոդվածը, որում թվարկվում են այն տվյալներն ու փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացվեն քարտ ստանալու համար:

Երեխաներին նպաստների տրամադրումը պետության համար ինքնանպատակ չէ: Այդ կերպ և ընդհանրապես պետությունը փորձ է անում, իր` որպես սոցիալական պետություն հռչակած սկզբունքին համահունչ, որոշակի կենսական ապահովվածության հավասարակշռություն ապահովել հասարակության լայն շրջանակների միջև: Թերևս գաղտնիք չէ, որ որոշ ընտանիքների, առավել ևս բազմազավակ, գոյատևումը կախված է պետության կողմից տրվող տարբեր նպաստներից, այդ թվում և երեխայի ծննդյան հետ կապված պետության կողմից տրվող միանվագ նպաստից: Պետությունը, երեխայի ծննդյան հետ կապված սահմանելով տրամադրել միանվագ նպաստ, դրանով իսկ ներպետական օրենսդրությամբ ընտանիքին օժտել է սոցիալական նպաստ ստանալու անժխտելի իրա-վունքով, ուստի և այդ իրավունքի կարևորությունը պետք է արտահայտվի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի կիրառելիությունն ամրագրելով:

Մինչդեռ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, ծնողների` սոցիալական քարտ չունենալու դեպքում (անկախ պատճառներից) ընտանիքը, երեխան, զրկվում են ներպետական օրենսդրությամբ նրանց անժխտելի իրավունքով հասանելիք նպաստից (գումարից): Նման դեպքերում պետությունը չի կարող իրագործել իր` որպես սոցիալական պետություն հռչակած սկզբունքը (հ. 1):

Երեխայի նպաստը, դնելով սոցիալական քարտի հետ կախման մեջ, երեխաների նպաստի մասով Օրենքի 11-րդ հոդվածի վիճարկվող դրույթները` հակասում և խոչընդոտում են ԼՂՀ Սահմանադրության նշված հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացումը և չեն համապատասխանում միջազգային իրավունքի համապատասխան նորմերին` անտեսելով նաև Սահմանադրության 2-րդ հոդվածի պահանջը:

ԼՂՀ Սահմանադրությունն ընդունվել է 2006թ. դեկտեմբերի 10-ին, իսկ §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքը` մինչ այդ: Մինչդեռ միջազգային իրավունքի այնպիսի հանրաճանաչ նորմեր ու սկզբունքներ, ինչպիսիք են §մարդը, նրա իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեքներ են¦, §պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը¦ և այլն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել է իրեն ինքնիշխան պետություն հռչակելիս և նշված սկզբունքներն ու նորմերը ամրագրել §Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակելու մասին¦ և §Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին¦ Հռչակագրերում:

Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 141-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքները և մյուս իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում Սահմանադրությանը:

Գերագույն դատարանը արձանագրում է, որ խնդիրը առկա է և իր առջև նպատակ չի դնում պարզելու, թե ինչու կամ ինչ դրդապատճառներից ելնելով` քաղաքացիները չեն ստացել կամ չեն ստանում սոցիալական ապահովության քարտեր: Գործի նյութերի ուսումնասիրությունից դատարանը հաստատված է համարում, որ սոցիալական ապահովության քարտերի ներդրումից հետո անմիջապես են ծագել նշված խնդիրները: Նախ` դրանք հակասել են Հռչակագրերում ամրագրված միջազգային իրավունքի նշված հանրաճանաչ նորմերին ու սկզբունքներին, այնուհետև` դարձել սահմանադրական խնդիրներ:

Պատահական չէ այն հանգամանքը, որ Օրենքի կիրարկումից հետո ծագած խնդիրները ինչ-որ ձևով շտկելու համար գործադիրը տարբեր այլընտրանքային լուծումներ է իրականացնում: Մասնավորապես Կառավարությունը իր N 405 11.10.2005թ. §ԼՂՀ-ում սոցիալական քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառումն ապահովելու մասին¦ որոշմամբ կենսաթոշակի նպաստի ու հատուցման վճարման ցուցակներում քաղաքացու սոցիալական քարտի համարի ներառման վերջնաժամկետ է սահմանել 2011թ. հունվարի 1-ը, բայց հնարավոր է նաև, որ ժամկետը երկարաձգվի, 20.01.2009թ. §Պետական նպաստների, ծնելիության և բազմազավակության խթանման միջոցառումների մասին¦ N-15Ն որոշմամբ` երեխայի ծննդյան կապակցությամբ սահմանված միանվագ նպաստի նշանակման և վճարման համար երեխայի սոցիալական քարտը չի պահանջվում: Սոցիալական ապահովության նախարարությունը որոշ կատեգորիաների քաղաքացիների սոցիալական քարտեր հատկացնում է առանց պայմանանշանի (շտրիխ-կոդի):

ԼՂՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի պահանջն է. §Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան¦, իսկ 54-րդ հոդվածը սահմանում է, որ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող աղավաղել այդ իրավունքների ու ազատությունների էությունը, այսինքն` ընդունված ներպետական ցանկացած նորմատիվ իրավական ակտ պետք է ապահովի և երաշխավորի նշված հոդվածների պահանջները, այլ ոչ թե խոչընդոտի այդ պահանջների կատարումը: Քննարկվող առարկայի հետ կապված պրակտիկայի ուսումնասիրությունը, դատաքննության ընթացքում բերված առանձին փաստարկներն ու պարզաբանումները վկայում են, որ անհրաժեշտ մոտեցում ու ըմբռնում չկա §Պետությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք¦` (հ. 5-րդ) կամ §Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն¦ (հ. 7-րդ, մաս 1-ին) նշված սահմանադրական առանցքային նորմերի առնչությամբ: Մինչդեռ մարդու իրավունքների և ազատությունների միօրինակ ընկալումը և դրանց համարժեք պաշտպանությունն ու զարգացումն է, որ դրված են միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիմքում:

Գերագույն դատարանը անհրաժեշտ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ վերը նշված նորմերի պահանջները երաշխավորելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ սահմանադրորեն տարբեր իրավունքների սահմանափակման առանձնահատկություններն ու բնույթը:

ԼՂՀ Սահմանադրության ոչ մի դրույթ չի կարող մեկնաբանվել այն իմաստով, թե որևէ մեկը իրավունք ունի զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված է ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված ցանկացած իրավունքի և ազատության վերացման կամ դրանց սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է ԼՂՀ Սահմանադրությամբ: Նշված իրավունքների ու ազատությունների Սահմանադրությամբ թույլատրվող սահմանափակումները չեն կիրառվում որևէ այլ նպատակով, բացի այն, որի համար դրանք նախատեսվել են` երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (սահմանափակման հետևանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը):

§Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների` այս տեսանկյունից վերլուծությունը վկայում է, որ պրակտիկայում իրականում առկա է ոչ թե իրավունքների համաչափ սահմանափակման, այլ սահմանադրորեն սահմանափակման ոչ ենթակա (խոսքը չի վերաբերում օրենքով թույլատրվող մարդու և քաղաքացու այն հիմնական իրավունքների ու ազատությունների սահմանափակումներին, եթե դրանք պիտանի, անհրաժեշտ և համարժեք են պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար, որոնք վերաբերում են արտակարգ և ռազմական իրավիճակներին) առանձին իրավունքների արգելափակման իրողությունը: Նման վիճակն առաջացել է թերևս Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներից, ըստ որի` §Սույն հոդվածի 1-ին մասում նշված գործառնությունների հաշվառման ու հաշվետվական փաստաթղթերը` սոցիալական քարտ չունեցող անձանց մասով, համարվում են անվավեր, եթե դրանցում նշված չեն սոցիալական քարտերի համարները¦: Խնդիրը լուծված չէ նաև այն դեպքում, երբ անձն ունի սոցիալական քարտ, սակայն համարը նշված չէ: Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում §սոցիալական քարտ չունեցող անձանց մասով¦ դրույթի առկայությունը վկայում է, որ ի սկզբանե այս նորմը ոչ թե համապարտադիր իրավակարգավորիչ բնույթ ունի, այլ վերաբերել է անձանց որոշակի խմբի` նախատեսելով նրանց առանձին իրավունքների իրականացման արգելափակում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 1-ին կետով §Սահմանադրական դատավարության մասին¦ ԼՂՀ Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասով, 51-րդ հոդվածով, 56-րդ հոդվածի 1-ին կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց`

 

1. §Սոցիալական ապահովության քարտերի մասին¦ ԼՂՀ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները ԼՂՀ Սահմանադրության 33-րդ, 34-րդ (2-րդ մաս), 39-րդ հոդվածներով ամրագրված իրավունքների իրականացման արգելափակման առումով ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 2-րդ, 5-րդ, 7-րդ (1-ին, 2-րդ մասեր), 20-րդ, 52-րդ և 60-րդ (կետ 1, 2 , 16) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

2. Համաձայն ԼՂՀ Սահմանադրության 7-րդ հոդվածի 4-րդ կետի` Սահմանադրությանը հակասող ճանաչված օրենքները, ինչպես նաև Սահմանադրությանը կամ օրենքին հակասող ճանաչված այլ ներպետական իրավական ակտերն իրավաբանական ուժ չունեն: Իսկ §Սահմանադրական դատավարության մասին¦ ԼՂՀ Օրենքի 49-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Գերագույն դատարանի գործով ըստ էության ընդունված որոշումները պարտադիր են բոլոր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում:

3. §Սահմանադրական դատավարության մասին¦ ԼՂՀ Օրենքի 56-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն` սույն որոշումը տարածել դրա ուժի մեջ մտնելուն նախորդող իրավահարաբերությունների վրա:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

     ՆԱԽԱԳԱՀՈՂ`

 Ա. Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

30-ին հունիսի 2009թ.

Գործ թիվ ԳԴՈ-1