Համարը 
N 76
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.1995
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.1995
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

П О С Т А Н О В Л Е Н И Е

 

”24” մայիսի 1995թ.

 N 76

ք.Ստեփանակերտ

г.Степанакерт

 

ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կանոնադրությունը (կցվում է):

2. Ընդունել ի գիտություն, որ ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հարկային տեսչության կանոնադրությունը հաստատվել է ԼՂՀ կառավարության 1995 թվականի մարտի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կազմում հարկային տեսչություն կազմելու մասին» N 26 որոշմամբ:

3. Հաստատել ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կառուցվածքը (կցվում է): Նախարարության աշխատողների ընդհանուր թվաքանակը սահմանել 69 միավոր` 198500 դրամ աշխատավարձի ամսական ֆոնդով:

 

 

ԼՂՀ վարչապետ

Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

ԼՂՀ կառավարության

գործերի կառավարիչ

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 1995թ.

մայիսի 24-ի թիվ 76 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությունը (այսուհետև` նախարարություն) գործադիր իշխանության և պետական կառավարման հանրապետական մարմին է, որը ստեղծվել է «ԼՂՀ կառավարության մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան, ենթակա և հաշվետու է ԼՂՀ նախագահին և ԼՂՀ կառավարությանը:

1.2. Նախարարությունը մշակում և կենսագործում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման և արտաքին տնտեսական հարաբերությունների պետական կարգավորման, ինչպես նաև` ֆինանսական ու բյուջետային քաղաքականությունը:

1.3. Նախարարության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը սահմանվում է ԼՂՀ օրենքներով, ԼՂՀ Գերագույն խորհրդի (խորհրդարանի) որոշումներով, ԼՂՀ նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, ԼՂՀ կառավարության որոշումներով և կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև` նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններով:

1.4. Նախարարությունը պատասխանատվություն է կրում իր վրա դրված խնդիրների և գործառույթների (ֆունկցիաների) կատարման, նախարարության համակարգում տիրող վիճակի և գործունեության հետագա կատարելագործման համար:

 

2. Նախարարության հիմնական խնդիրները, գործառույթներն ու իրավունքները

 

2.1. Նախարարության հիմնական խնդիրներն են`

ա) ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի, նպատակային համալիր ծրագրերի մշակումը.

բ) իր իրավասությունների սահմաններում և դրանց առավելագույն օգտագործմամբ տնտեսական բարեփոխումների արդյունավետ կազմակերպումն ու իրագործումը.

գ) պետական իշխանության և կառավարման շահագրգիռ ու իրավասու մարմինների հետ սերտ համագործակցությամբ ԼՂՀ տնտեսական քաղաքականության հիմնադրույթների և հիմնական ուղղությունների մշակումն ու ճշգրտումը, ինչպես նաև` դրանց ակտիվ ու հետևողական կիրառումը ԼՂՀ ժողովրդական տնտեսության համակողմանի զարգացման նպատակով.

դ) արտաքին տնտեսական հարաբերությունների արդյունավետ պետական կարգավորումը, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության, ԱՊՀ-ի այլ և հեռավոր արտասահմանի երկրների հետ շահավետ տնտեսական կապերի և համագործակցության հաստատմամբ ԼՂՀ տնտեսության զարգացման համար առավել նպաստավոր արտաքին տնտեսական պայմաններ ապահովելը.

ե) Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական միասնացման (ինտեգրացիայի) հետագա խորացմանն ու ամրապնդմանն ըստ ամենայնի աջակցելը.

զ) հանրապետական ֆինանսական քաղաքականության իրագործումը և պետական ֆինանսների կազմակերպման ղեկավարումը.

է) հանրապետության տնտեսության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային եկամուտն ավելացնելու նպատակով ֆինանսների նպատակային օգտագործման ապահովումը.

ը) պետության հետ քաղաքացիների, հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական փոխհարաբերությունների ձևերի կատարելագործումը, ինչպես նաև պետության ֆինանսական ռեսուրսների հեռանկարային աճի ապահովման գծով առաջարկությունների նախապատրաստումը.

թ) հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի տնտեսագիտորեն հիմնավորված պլանավորումը, պետության ֆինանսական ռեսուրսների պլանաչափ բաշխումը, բյուջետային միջոցների խնայողական և նպատակային ծախսումը.

ժ) պետական ֆինանսական կարգապահության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացումը:

2.2. Նախարարությունն իր վրա դրված խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) ապահովում է ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի, նպատակային համալիր ծրագրերի կազմումը և ներկայացնում ԼՂՀ կառավարության քննարկմանը.

բ) ակտիվորեն մասնակցում է ԼՂՀ տնտեսական բարեփոխումների մշակմանն ու կենսագործմանը.

գ) իր իրավասությունների սահմաններում վարում է արտաքին տնտեսական քաղաքականություն.

դ) նպաստում է Հայաստանի Հանրապետության հետ տնտեսական միասնացման հետագա խորացմանն ու այդ միասնացման անշրջելիության ապահովմանը.

ե) կազմակերպում է ֆինանսաբյուջետային պլանավորման ընդհանուր մեթոդական ղեկավարումը, նյութական և դրամական պահուստներ հայտնաբերելու նպատակով ուսումնասիրում է հանրապետության էկոնոմիկան և ֆինանսները.

զ) նախարարության հարկային տեսչության հաշվետվական տվյալների, ինչպես նաև հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների ուսումնասիրության հիման վրա ապահովում է հանրապետության պետական բյուջեի նախագծի կազմումը և ներկայացնում հանրապետության կառավարության քննարկմանը, սահմանում է հանրապետության պետական բյուջեի կազմման և կատարման ընդհանուր կանոնները, կազմում է ԼՂՀ ֆինանսական ռեսուրսների հաշվեկշիռը, հաստատում է եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների (ֆինանսական պլանների) ձևերը և դրանց կազմման հրահանգները.

է) ապահովում է հանրապետության պետական բյուջեի կատարումը, կազմում է հանրապետության Գերագույն խորհրդի (խորհրդարանի) կողմից հաստատված հանրապետական բյուջեի եկամուտների և ծախսերի բաշխեգրերը, սահմանված կարգով իրականացնում է հանրապետական և տեղական բյուջեների միջև եկամուտների և ծախսերի սահմանազատումը, կազմում և հաստատում է պետական բյուջեի եկամուտների և ծախսերի դասակարգումը և դրա կիրառման կանոնները, բյուջեի կատարման ընթացքում սահմանված կարգով ճշտում է հանրապետական և տեղական բյուջեների միջև փոխհարաբերությունները, հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների եկամուտների և ծախսերի հաշվեկշիռների (ֆինանսական պլանների) և նախահաշիվների առանձին հոդվածներում մտցնում է անհրաժեշտ փոփոխություններ.

ը) վերահսկողություն է իրականացնում հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և մյուս բյուջետային հիմնարկների կողմից հանրապետության պետական բյուջեի կատարման, ինչպես նաև պետական բանկային հիմնարկների կողմից պետական բյուջեի դրամարկղային կատարման սահմանված կանոնները պահպանելու նկատմամբ.

թ) կազմում է հանրապետության պետական բյուջեի նախորդ տարվա կատարողական հաշվետվությունը և ներկայացնում է այն հանրապետության կառավարություն.

ժ) գործող օրենսդրության հիման վրա սահմանում է հարկային և ոչ հարկային վճարումների հաշվարկման և գանձման կարգը.

ժա) մասնակցում է պետական կառավարման այլ շահագրգիռ մարմինների կողմից անցկացվող գնագոյացման, տարբեր տեսակի զեղչերի և վերադիրների մշակմանը, այդ կապակցությամբ կառավարություն ներկայացվող առաջարկությունների պատրաստմանն ու քննարկմանը.

ժբ) վերահսկողություն է իրականացնում օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման համար միջոցների ճիշտ և խնայողական ծախսման և այդ նպատակով բյուջետային հատկացումների գերածախսեր թույլ չտալու, ինչպես նաև` այդ մարմիններում աշխատակազմի (ապարատի) պահպանման ծախսերի նախահաշիվների ու աշխատանքի վարձատրության պայմանների նկատմամբ, կառավարման ապարատի պահպանման ծախսերի կրճատման նպատակով առաջարկություններ է ներկայացնում հանրապետության կառավարություն.

ժգ) քննարկում է հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հաշվետվությունները և հաշվեկշիռները, դրանց պահանջներ է ներկայացնում ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերված թերությունների վերացման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կառավարություն զեկուցագրեր է ներկայացնում նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների ֆինանսական և տնտեսական գործունեության մեջ հայտնաբերված խախտումների և դրանք վերացնելու առաջարկությունների մասին.

ժդ) սահմանում է հանրապետության պետական հիմնարկներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում օրենքով նախատեսված տարբեր կարգի ստուգումներ, ինչպես նաև վերստուգումներ իրականացնելու կարգը, նախարարություններում, պետական վարչություններում, գերատեսչություններում, ինչպես նաև հանրապետական և տեղական ենթակայության բյուջետային մարմիններում անց է կացնում դրանց կողմից պետական միջոցների ծախսման սահմանված կարգի պահպանման ստուգումներ, սահմանում է օրենքով նախատեսված մասնագիտացված վերստուգիչ գործունեություն իրականացնելու կարգը.

ժե) ուսումնասիրում է հանրապետության միջազգային տնտեսական համագործակցության հետ կապված տարադրամային խնդիրները, առաջարկություններ է ներկայացնում օտարերկրյա պետությունների տարադրամի ռեսուրսներն ավելացնելու համար, մասնակցում է հանրապետության միջազգային պայմանագրերի ֆինանսական պայմանների մշակմանը, հատուկ լիազորագրով միջազգային և միջպետական կազմակերպություններում ներկայացնում է հանրապետության ֆինանսական և վարկային շահերը.

ժզ) մշակում է տարադրամի պլանների և դրանց կատարման մասին հաշվետվությունների կազմման մեթոդաբանությունը, կազմում է որոշակի գործառնությունների տարադրամի պլանի նախագիծը, քննարկում է նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների տարադրամի պլանների նախագծերը, դրանց հիման վրա համատեղ կազմում է տարադրամի տարեկան ամփոփ պլանը (հանրապետության վճարման հաշվեկշիռ).

ժէ) իրականացնում է որոշակի գործառնությունների գծով տարադրամի պլանի կատարումը, կազմում է այդ պլանի կատարման հաշվետվությունը, հսկողություն է իրականացնում նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների տարադրամի պլանների կատարման նկատմամբ, կազմում և հանրապետության կառավարություն է ներկայացնում եզրակացություն նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների կողմից տարադրամի պլանների կատարման հաշվետվությունների վերաբերյալ, հաշվետվություն տարադրամի տարեկան ամփոփ պլանի (հանրապետության վճարման հաշվեկշիռ) կատարման մասին, ԼՂՀ կենտրոնական բանկի հետ համատեղ` հանրապետության հաշվարկային հաշվեկշիռը.

ժը) միջոցներ է ձեռնարկում օտարերկրյա ներդրողների մասնակցությամբ, ինչպես նաև նրանց միջոցների ներգրավմամբ հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության ծավալման ընթացքում պետության հետ ֆինանսական փոխհարաբերությունները լուծելու համար.

ժթ) հսկողություն է իրականացնում հանրապետությունում դրամաշրջանառության վիճակի նկատմամբ, առաջարկություններ է մշակում դրամաշրջանառության, պետական փոխառությունների, տարբեր տեսակի վիճակախաղերի թողարկման և իրացման նկատմամբ, կազմակերպում է պետության կողմից թողարկվող տարբեր տեսակի վիճակախաղերի շահումների խաղարկությունների անցկացումը, մշակում է բնակչության դրամական եկամուտների և ծախսերի տարեկան և հեռանկարային հաշվեկշիռները, հսկողություն իրականացնում այդ գործում.

ի) հանրապետության կառավարություն եզրակացություն է ներկայացնում ԼՂՀ կենտրոնական բանկի դրամարկղային և վարկային պլանների, ինչպես նաև դրա գործունեության տարեկան հաշվետվության մասին.

իա) կազմում և հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության պլանների և նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների կողմից պետական ֆոնդ ջարդոնի և թափոնների ձևով թանկարժեք մետաղներ և թանկարժեք քարեր հանձնելու պլանների նախագծերը.

իբ) վերահսկում է հանրապետության պետական բյուջեի կատարողականի հաշվապահական հաշվառումը վարելու և հաշվետվությունը կազմելու սահմանված կարգի պահպանումը, հետևում է հանրապետության տարածքում գտնվող բոլոր հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառմանը և հաշվետվության սահմանված կարգի պահպանմանը, կազմում է կատարման համար պարտադիր հաշվապահական հաշվետվության ծավալներ և ձևեր, դրանց ներկայացման ժամկետներ.

իգ) պետական վերահսկողություն է իրականացնում հանրապետությունում ապահովագրական գործը օրենսդրությամբ սահմանված կարգով վարելու նկատմամբ.

իդ) շահագրգիռ և այդ բնագավառում իրավասություններ ունեցող մարմինների հետ համաձայնեցնելով` կարգավորում է պետական կենսաթոշակներ և նպաստներ վճարելու կարգի հետ կապված հարցեր.

իե) ապահովում է դրամական տոմսերի, մետաղադրամի, օրենքով նախատեսված այլ արժեքավոր նշանների, արժեքավոր թղթերի, փոստային վճարման նշանների, հատուկ հաշվարկման պաշտոնաթղթերի (բլանկների), թղթի հատուկ տեսակների թողարկումը:

2.3. Նախարարությունն իրավունք ունի`

ա) համապատասխան մարմիններից ստանալ ԼՂՀ սոցիալ-տնտեսական զարգացման տարեկան և հեռանկարային ծրագրերի, նպատակային համալիր ծրագրերի նախագծերն ու այդ ծրագրերի կատարման ամփոփագրերը կազմելու համար անհրաժեշտ նյութեր, հաշվետվական ցուցանիշներ, այլ տվյալներ.

բ) առաջարկություններ պատրաստել և ներկայացնել ԼՂՀ կառավարություն ԼՂՀ տնտեսական բարեփոխումների ընթացքի, իրագործման տեմպերի, տնտեսական քաղաքականության հիմնադրույթների ճշգրտման և հարակից հարցերի վերաբերյալ.

գ) իր իրավասությունների սահմաններում իրականացնել արտաքին տնտեսական հարաբերություններին առնչվող աշխատանքներ.

դ) իր առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների կատարման ասպարեզում անմիջականորեն համագործակցել Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման շահագրգիռ մարմինների հետ.

ե) համապատասխան մարմիններից ստանալ հանրապետության պետական բյուջեի նախագիծը և պետական բյուջեի կատարողականը կազմելու համար անհրաժեշտ նյութեր, հաշվետվական ցուցանիշներ և հաշվեկշիռներ, ինչպես նաև` այլ տվյալներ, որոնք անհրաժեշտ են ֆինանսաբյուջետային պլանավորման, ֆինանսավորման, պետության հանդեպ ունեցած պարտավորությունների կատարման և պետական ֆինանսական կարգապահության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար, ինչպես նաև` նախարարության վրա դրված մյուս պարտականությունները կատարելու համար վարկային հիմնարկներից ստանալ համապատասխան տեղեկություններ հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների գործառնությունների և հաշիվների մասին.

զ) սահմանափակել, իսկ անհրաժեշտության դեպքում դադարեցնել հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջեից` դրանց կողմից միջոցների տնօրինման գործում ոչ օրինական ծախսման փաստերի առկայության դեպքում, ինչպես նաև նախկինում բաց թողնված միջոցները ծախսելու հաշվետվություններ և այլ սահմանված տեղեկություններ չներկայացնելու դեպքում` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան նախարարության, պետական վարչության և գերատեսչության ղեկավարին.

է) անցկացնել բյուջեով պահվող հիմնարկների, ինչպես նաև բյուջետային ֆինանսավորում ստացած մյուս ձեռնարկությունների և կազմակերպությունների ֆինանսական գործունեության ստուգումներ և վերստուգումներ, հանրապետության կառավարության գիտությամբ և դատական ու դատախազական մարմինների որոշումներով անցկացնել այլ կարգի ստուգումներ ու վերստուգումներ տարբեր հիմնարկներում, ձեռնարկություններում և կազմակերպություններում.

ը) ընձեռված լիազորությունների շրջանակներում թույլատրել օրենքով սահմանված առանձին զբաղմունքների և գործողությունների կատարում, գրանցել և հսկել նման զբաղմունքներ և գործողություններ իրականացնողներին.

թ) գործող օրենսդրության պահանջներից ելնելով` սահմանել պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի օգտագործման կարգը, վերահսկել դրանց կորզման, վերամշակման, օգտագործման, հաշվառման և պահպանման աշխատանքները:

 

3. Վերահսկողության ծառայությունը

 

3.1. Նախարարության կազմում գործում է վերահսկողության-վերստուգման վարչություն (այսուհետև` վարչություն)` հանդիսանալով նախարարության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային մասը:

3.2. Վարչությունը պետական միջոցների պահպանման, ճիշտ և արդյունավետ օգտագործման ստուգումներ և վերստուգումներ իրականացնող ֆինանսական վերահսկողության ծառայություն է, որն իր գործառույթների (ֆունկցիաների) կատարումն ապահովում է իր աշխատակազմի միջոցով, նախարարության մյուս ստորաբաժանումների և պետական հսկողություն իրականացնող լիազորված այլ մարմինների հետ համագործակցելով:

3.3. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ԼՂՀ օրենսդրական, ենթաօրենսդրական ակտերի պահանջներով, ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի (այսուհետև` նախարար) հրամաններով և սույն կանոնադրությամբ:

3.4. Վարչության հիմնական խնդիրներն ու գործառույթներն են`

ա) ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների օգտագործման նկատմամբ վերահսկողության իրականացումը.

բ) բյուջեի կազմման ու կատարման, արտաբյուջետային միջոցների ձևավորման ու ծախսման ուղղությամբ պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից տարվող աշխատանքների վերահսկողության իրականացումը.

գ) բանկային հիմնարկներում բյուջեի դրամարկղային կատարման վերահսկողության իրականացումը.

դ) պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինների կողմից հանրապետական, տեղական բյուջեներից, պետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից ձեռնարկություններին` անկախ դրանց սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից, տրամադրված ամեն տեսակի հատկացումների, վարկերի, փոխատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման ուղղությամբ վերահսկողության իրականացումը.

ե) սահմանված կարգով և դեպքերում պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների և վերստուգումների կատարումը.

զ) նախաքննության և դատական մարմինների որոշումներով համապատասխան ստուգումների և վերստուգումների կատարումը:

3.5. Վարչությունն իրականացնում է`

ա) ԼՂՀ-ում վերահսկողության-վերստուգման աշխատանքների մեթոդական ղեկավարումը.

բ) ստուգման և վերստուգման աշխատանքների օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի` գործնականում կիրառման արդյունքների ամփոփումն ու դրանց կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) ստուգումներով և վերստուգումներով բացահայտված խախտումների, բացթողումների և շեղումների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա դրանք վերացնելու և հետագայում թույլ չտալու ուղղությամբ առաջարկությունների նախապատրաստումը:

3.6. Վարչությունն իր գործառույթներն իրականացնելիս իրավունք ունի`

ա) անցկացնել ֆինանսական գործունեության ստուգումներ նախարարություններում, պետական վարչություններում և գերատեսչություններում.

բ) անհրաժեշտության դեպքում ներգրավել այն պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների համապատասխան մասնագետների` ստուգումներին և վերստուգումներին որպես փորձագետներ մասնակցելու համար.

գ) դիմել պետական, առևտրային բանկերին, ձեռնարկություններին, կազմակերպություններին և հիմնարկներին ստուգվող օբյեկտի գործարքների, հաշիվների վիճակի ու շարժի մասին տեղեկանքներ, պատճեններ և այլ անհրաժեշտ տեղեկություն ստանալու համար: Ստուգվող օբյեկտի ղեկավարի գիտությամբ ու լիազորված պաշտոնատար անձի մասնակցությամբ կատարել հանդիպակաց ստուգում.

դ) որոշումեր ընդունել ֆինանսական և բանկային մարմինների կողմից պետական միջոցներ օգտագործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների հաշիվներից գործառնությունների դադարեցման մասին` ստուգումների, վերստուգումների անցկացման անհրաժեշտ փաստաթղթերը վերահսկիչ-վերստուգիչին չտրամադրելու (կամ տրամադրելուց հրաժարվելու) դեպքերում.

ե) ստուգումների և վերստուգումների նյութերի հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնել բացահայտված նյութական վնասի փոխհատուցման և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու մասին:

3.7. Ստուգման և վերստուգման ենթարկված պետական կառավարման հանրապետական և տեղական մարմինները, ինչպես նաև ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարները պարտավոր են նախարարությանը, վարչությանը մեկամսյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ստուգումների, վերստուգումների նյութերի քննարկման և ձեռնարկված միջոցների մասին:

3.8. Վարչությունը գլխավորում է վարչության պետը, որը նշանակվում է նախարարի կողմից:

3.9. Վարչության կազմակերպական կառուցվածքը հաստատում է նախարարը:

3.10. Ստուգումն սկսելուց առաջ վարչությունը (վերջինիս լիազորված պաշտոնատար անձը) ստուգվող օբյեկտի ղեկավարին ներկայացնում է ստուգում իրականացնելու մասին հրամանը (որոշումը), որի մեջ նշվում են ստուգման նպատակը, ժամկետը, ստուգումն անմիջականորեն իրականացնող պաշտոնատար անձը (անձինք), ստուգման իրավական հիմքերը:

3.11. Ստուգման ժամկետը սահմանվում է նախարարի կողմից ոչ ավելի, քան 15 օր, իսկ ֆինանսատնտեսական գործունեության ստուգումների ժամանակ ոչ ավելի, քան մեկ ամիս: Ստուգման ժամկետը չի կարող գերազանցել ստուգում իրականացնելու մասին նախարարության հրամանի (որոշման) մեջ նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ և վարչության պետի համաձայնությամբ այն կարող է երկարացնել միայն նախարարը` այդ մասին տեղեկացնելով ստուգվող օբյեկտի ղեկավարին:

3.12. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգումը կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ և վարչության պետի համաձայնությամբ ստուգման նպատակներն ու շրջանակները կարող են փոփոխվել նախարարության կողմից:

3.13. Եթե ստուգման ընթացքում ծագում են այնպիսի հարցեր, որոնք դուրս են գալիս նախարարության իրավասության շրջանակներից, ապա նախարարությանն այդ մասին տեղեկացվում է:

3.14. Վարչությունը ստուգվող օբյեկտներում ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ կարող է իրականացնել տարեկան ոչ ավելի, քան մեկ անգամ: Կրկնական ստուգումներ իրավունք ունի իրականացնել հետևյալ դեպքերում`

ա) օբյեկտի լուծարման դեպքում.

բ) օբյեկտի ղեկավարի խնդրանքով.

գ) պետական օբյեկտի պետական կառավարման վերադաս մարմնի համաձայնությամբ կամ խնդրանքով.

դ) նախարարի թույլտվությամբ.

ե) ԼՂՀ նախագահի, ԼՂՀ վարչապետի, ԼՂՀ վարչապետի առաջին տեղակալի և տեղակալների հանձնարարությամբ կամ համաձայնությամբ:

3.15. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ, որում արձանագրվում են ակտը կազմելու անսաթիվն ու տեղը, նախարարության (վարչության) և ստուգվող օբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ստուգվող օբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), ակտի օրինակների քանակը և ակտի հերթական համարը: Կազմված ակտը ստորագրում է ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը:

Ակտը ստորագրում են վարչության` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք: Տարաձայնություններ առաջանալու դեպքում ստուգող պաշտոնատար անձանց կարծիքներն արձանագրվում են ակտում, իսկ ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են ստորագրել ակտը` համապատասխան վերապահումով, և ոչ ուշ, քան ակտը ստորագրելուց 5 օր հետո ներկայացնել գրավոր բացատրություններ:

Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտին: Եթե վերջինս պետական ձեռնարկություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմին:

3.16. Վարչության` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) իրենց լիազորություններն իրականացնելիս ստուգվող օբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ստուգվող օբյեկտ և դրա ցանկացած արտադրական, պահեստային և այլ շինություններ, եթե չեն խախտվել 3.10.-3.12. ենթակետերի պահանջները.

բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներում սահմանված կարգով ներգրավել ստուգվող օբյեկտի մասնագետներին.

դ) պահանջել սահմանված ժամկետում վերացնել բացահայտված թերություններն ու խախտումները.

ե) վերցնել փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին.

զ) ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառել ներգործության համապատասխան միջոցներ.

է) իրականացնել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3.17. Վարչության` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) պահպանել ԼՂՀ գործող օրենսդրությունը.

բ) չհրապարակել ստուգվող օբյեկտի մասին ցանկացած, այդ թվում` առևտրային գաղտնիք հանդիսացող, տեղեկություններ.

գ) պահպանել ստուգվող օբյեկտի` օրենքով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը.

դ) չխոչընդոտել ստուգվող օբյեկտի բնականոն աշխատանքին.

ե) ծանոթացնել ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձանց իրենց իրավունքներին ու պարտականություններին:

3.18. Փաստաթղթեր, իրեր ժամանակավորապես վերցնելու կամ առգրավելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը հանձնվում է ստուգվող օբյեկտի ղեկավարին:

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված կամ առգրավված փաստաթղթերի, իրերի պահպանության համար:

3.19. Կենսապահովման և անընդհատ ցիկլով արտադրությունների առանձին օբյեկտների կապարակնքումն իրականացվում է միայն ԼՂՀ կառավարության թույլտվությամբ: Վերջիններիս ամենօրյա հաշվառման և շահագործման նպատակով ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով` ստուգվող օբյեկտի և ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

3.20. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն`

ա) արգելել ստուգումն իրականացնող անձանց մուտքը ստուգվող օբյեկտ, եթե վերջիններիս կողմից խախտվել են 3.10.-3.12. ենթակետերի պահանջները.

բ) ծանոթանալ ստուգումների ակտերին.

գ) ներկայացնել բացատրություններ, հարուցել միջնորդություններ, սահմանված կարգով գանգատարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները.

դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի հատուցում.

ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաև ստուգման նպատակներից չբխող պահանջներ.

զ) ստուգվող օբյեկտի շահերի պաշտպանության նպատակով ստուգումներին մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, փաստաբանների:

3.21. Ստուգվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են`

ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջներն ու ցուցումները.

բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթեր, տվյալներ, գրավոր բացատրություններ և այլ տեղեկություններ.

գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերություններն ու խախտումները:

3.22. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել վարչությանը:

Գանգատները քննության են առնվում, և դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից 30-օրյա ժամկետում:

Նշված ժամկետում գանգատի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում գանգատում բերված պատճառաբանությունները համարվում են ընդունված:

Ընդունված որոշմանը համաձայն չլինելու դեպքում ստուգվող օբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի գանգատարկել նախարարությանը կամ դիմել դատարան:

3.23. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

4. Նախարարության աշխատանքի կազմակերպումը

 

4.1. Նախարարությունն իր իրավասության սահմաններում հրապարակում է հրամաններ, հրահանգներ և կատարման համար պարտադիր այլ ցուցումներ:

Նախարարությունն իրականացնում է ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի և շրջանների վարչակազմերի սոցիալ-տնտեսական ու ֆինանսական բաժինների մեթոդական ղեկավարությունը սոցիալ-տնտեսական զարգացման, նպատակային համալիր ծրագրերի և բյուջեի կազմման և կատարման գծով աշխատանքների բնագավառում, այդ ուղղությամբ պարտադիր ցուցումներ է տալիս, ստուգում դրանց կատարումը:

Նախարարությունն առանձին դեպքերում, ելնելով լիազորությունների համատեղ իրականացման անհրաժեշտությունից, ԼՂՀ այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ հրապարակում է հրամաններ, հրահանգներ և այլ կարգի ցուցումներ:

Նախարարությունն ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման գործափորձը (պրակտիկան) և համապատասխան առաջարկություններ է ներկայացնում ԼՂՀ կառավարություն:

4.2. Նախարարությունը գլխավորում է նախարարը, որը նշանակվում և ազատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նախագահի համաձայնությամբ:

Նախարարը`

ա) պատասխանատվություն է կրում նախարարության վրա դրված խնդիրների և գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է տեղակալների, նախարարության վարչությունների ու բաժինների պետերի պատասխանատվության աստիճանը.

գ) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

դ) հաստատում է նախարարության կենտրոնական աշխատակազմի (ապարատի) կառուցվածքը և հաստիքացուցակը.

ե) հաստատում է նախարարության կենտրոնական աշխատակազմի վարչությունների և բաժինների կանոնադրությունները, սահմանված կարգով լուծում է դրանց ստեղծման, վերակառուցման և լուծարման հարցերը.

զ) հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անհատական կազմը, որի մեջ մտնում են նախարարը (նախագահ), նախարարի տեղակալները և այլ ղեկավար աշխատողներ.

է) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ը) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ իրավասություններ:

Նախարարի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը` նախարարի որոշմամբ:

4.3. Նախարարության ընթացիկ գործունեությունն իրականացվում է աշխատանքային պլաններով, որոնք ձևավորվում և հաստատվում են նախարարության կոլեգիայի նիստերում, գործակարգավարական խորհրդակցություններում, նախարարի, նրա տեղակալների մոտ կայացող խորհրդակցությունների արձանագրությունների, նախարարության ղեկավարների ուղղակի հանձնարարականների, ինչպես նաև կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջարկվող հարցերի հիման վրա:

4.4. Նախարարության կոլեգիայի նիստը, որպես կանոն, հրավիրվում է ամիսը մեկ անգամ:

Կոլեգիայի նիստն իրավասու է ընդունել որոշումներ, եթե նիստին մասնակցում է կոլեգիայի անդամների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

Որոշումներն ընդունված են համարվում, եթե որոշման օգտին քվեարկել է կոլեգիայի ներկա անդամների թվի կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում նախարարն ունի վճռորոշ ձայնի իրավունք:

Նախարարության կոլեգիայի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, որոշումների ընդունումը կարող է կատարվել հարցման սկզբունքով` սահմանված կարգով:

4.5. Նախարարության կոլեգիան իր նիստերում քննության է առնում նախարարության համակարգի գործունեության հիմնական հարցերը, կարևորագույն հրամանների, որոշումների և հրահանգների նախագծերը:

Կոլեգիայի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև տարաձայնություններ լինելու դեպքում նախարարն իրագործում է իր որոշումը (հրամանը), ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով ԼՂՀ կառավարությանը, իսկ կոլեգիայի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել ԼՂՀ կառավարությանը:

4.6. Նախարարությունը օրենքով նախատեսված կարգով կազմակերպում է քաղաքացիների առաջարկությունների, նամակների, դիմումների և գանգատների քննարկումը:

4.7. Նախարարության կենտրոնական աշխատակազմի (ապարատի) տարեկան աշխատավարձի ֆոնդը հաստատվում է ԼՂՀ կառավարության կողմից:

4.8. Նախարարությունն իրավաբանական անձ է, ունի ԼՂՀ զինանշանը պատկերող և իր անվանումով կնիք:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1995 թվականի մարտի 24-ի

 թիվ 76 որոշմամբ

 

ԼՂՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության կառուցվածքը

 

1. Նախարար

2. Էկոնոմիկայի վարչություն

3. Բյուջետային վարչություն

4. Հարկային տեսչություն

5. Վերահսկողության-վերստուգման վարչություն

6. Ֆինանսավարկային հարաբերությունների, տնտեսական նորմատիվների և մեթոդաբանության մշակման վարչություն

7. Կառավարման ապարատի ֆինանսավորման բաժին

8. Հաշվապահություն

9. Ընդհանուր բաժին