ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«21» մայիսի 2009թ. |
N 327-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ
ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրա փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«21» մայիսի 2009թ. թիվ 327-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱՐՏԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԶԵՆՔԻ, ԴՐԱ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՈՒ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում (այսուհետ` պետական ռազմականացված կազմակերպություն) ձեռքի մարտական հրաձգային և այլ զենքի, դրա փամփուշտների ու ռազմամթերքի, ինչպես նաև մարտական սառը զենքի (այսուհետ` զենք) շրջանառությունը` ներառյալ արտադրությունը, վաճառքը, փոխանցելը, ձեռք բերելը, հավաքածուներ կազմելը, ցուցադրելը, հաշվառելը, պահելը, կրելը, տեղափոխելը, փոխադրելը, օգտագործելը, վերցնելը, ոչնչացնելը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներկրելը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից արտահանելը:
II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
2. Պետական ռազմականացված կազմակերպությունները կարող են իրականացնել զենքի արտադրություն:
3. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են ապահովել զենքի արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ վերահսկողությունը, արտադրանքի համապատասխան որակը և դրա պահպանությունը:
4. Նորոգվող զենքի յուրաքանչյուր միավոր ենթակա է փորձարկման:
III. ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԸ, ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
5. Պետական ռազմականացված կազմակերպություններն իրավունք ունեն`
1) զենքը վաճառելու կամ փոխանցելու այլ պետական ռազմականացված կազմակերպությունների, ինչպես նաև այն իրավաբանական անձանց, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով.
2) առանց լիցենզիայի ձեռք բերելու մարտական ու «Քաղաքացիական և ծառայողական զենքի և դրանց փամփուշտների մասին տեղեկությունների պետական կադաստրում» գրանցված ցանկացած զենք` այն իրավաբանական անձանցից, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբաղվում են զենքի արտադրությամբ կամ առևտրով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող զենք:
Զենքի փոխանցումը, վաճառքը և ձեռքբերումը պետք է ձևակերպվեն սահմանված ձևի փաստաթղթերով, որոնց ցանկը, ձևը և վարման կարգը սահմանվում են համապատասխան պետական ռազմականացված կազմակերպության գերատեսչական նորմատիվ ակտերով:
6. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը` 2 պահունակի կամ թմբուկի տարողությամբ, փամփուշտներով պահելու և կրելու նպատակով փոխանցելու որոշակի կարգի զինծառայողներին և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին:
Փոխանցված զենքը և ռազմամթերքը ենթակա են գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն)` իր սահմանած կարգով:
Բնակության վայրի փոփոխության դեպքում նշված անձինք 10-օրյա ժամկետում պետք է ներկայանան զենքի գրանցման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով զենքը վերագրանցելու համար:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունն իրավունք ունի հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավորապես մարտական զենք փոխանցելու` կանոնադրական խնդիրները լուծելու համար:
Զենքը համապատասխան իրավաբանական անձանց տրամադրվում է նրանց ղեկավարի (ղեկավար մարմնի) կողմից դիմում և համապատասխան փաստաթղթեր ներկայացվելուց հետո, որոնց ցանկը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից:
8. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն կարճափող հրազենը սահմանված կարգով պահելու և կրելու նպատակով ժամանակավորապես հատկացնելու պետական մարմինների պաշտոնատար անձանց` ձևակերպելով համապատասխան թույլտվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության սահմանած կարգով:
9. Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն զենքով պարգևատրելու զինծառայողներին և պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներին: Զենքով պարգևատրումը ձևակերպվում է պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների հրամանով:
10. Պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինությունում գտնվող ակոսափող հրազենից իրականացվում է նախնական ստուգողական կրակոց` արդյունքները հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան ներկայացնելու նպատակով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների կողմից զենք ձեռք է բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախնական ստուգողական կրակոց իրականացնելուց հետո: Առանց նախնական ստուգողական կրակոց իրականացնելու թույլատրվում է զենք ձեռք բերել միայն այլ պետական ռազմականացված կազմակերպություններից:
Զենքից նախնական ստուգողական կրակոցներն իրականացվում են նաև մասնագիտացված կազմակերպություններում կապիտալ վերանորոգումից հետո:
Պետական ռազմականացված կազմակերպությունների ղեկավարների որոշմամբ ստուգողական կրակոցները կարող են իրականացվել զենքի շրջանառության այլ փուլերի ընթացքում:
Զենքից նախնական ստուգողական կրակոցներ իրականացնելու տեխնիկական պահանջները, դրանց փաստաթղթավորումը, հաշվառելու, պահելու և գնդակների ու պարկուճների հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան փոխանցելու կանոնները, ինչպես նաև օգտագործված գնդակների և պարկուճների դուրսգրման ու ոչնչացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը` համաձայնեցնելով մյուս պետական ռազմականացված կազմակերպությունների հետ:
IV. ԶԵՆՔԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐ ԿԱԶՄԵԼԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՑՈՒՑԱԴՐԵԼԸ
11. Պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարանները, փորձագիտական և հատուկ այդ նպատակներով ստեղծված հիմնարկներն իրավունք ունեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո կազմելու և ցուցադրելու զենքի հավաքածուներ:
Պետական ռազմականացված կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն հավաքածուներ կազմելու և ցուցադրելու համար փոխանցելու (վաճառելու) այն զենքը, որի մասին տեղեկությունները չեն կազմում պետական գաղտնիք:
12. Զենք կարող է պետական ռազմականացված կազմակերպությունների թանգարաններ, փորձագիտական և հատուկ այդ նպատակով ստեղծված հիմնարկներ փոխանցվել` առանց մալելու կամ ուսումնական վիճակի բերելու, իսկ հավաքածուներ կազմելու և ցուցադրելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց և քաղաքացիներին, որպես կանոն` մալած կամ ուսումնական վիճակի բերված:
V. ԶԵՆՔ ՀԱՇՎԱՌԵԼԸ, ՊԱՀԵԼԸ ԵՎ ԿՐԵԼԸ
13. Պետական ռազմականացված կազմակերպությունները պարտավոր են իրականացնել զենքի հաշվառում` համապատասխան նմուշի փաստաթղթեր վարելու միջոցով:
14. Պետական ռազմականացված կազմակերպություններում զենք պահելն իրականացվում է միայն այդ նպատակի համար հատուկ նախատեսված տարածքներում, որոնք ապահովում են զենքի պահպանության անվտանգությունը և բացառում կողմնակի անձանց չարտոնված մուտքը: Զենքը պահելու համար տարածքները սարքավորվում են պահպանության և հրշեջ անվտանգության տեխնիկական միջոցներով:
Ըստ զենքի նշանակության, դրանք պահելու պահանջները որոշվում են պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով:
Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները, ներառյալ կենսաթոշակի անցած աշխատողները, ովքեր սահմանված կարգով զենք են ստացել, պարտավոր են ապահովել դա պահելու անհրաժեշտ պայմանների կատարումը: Պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած աշխատողների բնակության վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներն իրավունք ունեն ստուգելու գրանցված զենքը պահելու պայմանները:
Որպես պարգև տրված կամ փոխանցված զենքի հափշտակման կամ կորստի դեպքում զինծառայողները և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողները պարտավոր են դրա մասին անմիջապես հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին:
15. Պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և աշխատողները պարտավոր են զենքի հափշտակման, կորստի, փչանալու կամ շարքից դուրս գալու բոլոր դեպքերի մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարներին, որոնք իրենց հերթին տեղեկացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումներին, իսկ անհրաժեշտության դեպքում` դատախազություն զենքի հափշտակման կամ կորստի հանգամանքների մասին` նշելով յուրաքանչյուր միավոր զենքի մոդելը, տրամաչափը, սերիան, համարը, արտադրության տարեթիվը, կազմակերպում են հետաքննություն և միջոցներ են ձեռնարկում հափշտակված կամ կորած զենքը հայտնաբերելու համար:
16. Հափշտակված կամ կորած զենքը պետական ռազմականացված կազմակերպություններում հաշվառումից դուրս է գրվում պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունից` հափշտակված կամ կորած զենքը հաշվառման վերցնելու մասին տեղեկանքն ստանալուց հետո:
Հափշտակված կամ կորած զենքի զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձման դեպքում դրա ղեկավարները պարտավոր են 3 օրվա ընթացքում դրա մասին զեկուցել իրենց անմիջական ղեկավարին և հայտնել այն պետական մարմիններին, որոնք իրազեկվել էին զենքի հափշտակման կամ կորստի մասին:
Հափշտակված կամ կորած զենքը զորամաս կամ պետական ռազմականացված կազմակերպություններ վերադարձնելու դեպքում այն վերագրանցվում է պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
17. Կարճափող հրազեն ունեցող պետական ռազմականացված կազմակերպությունների կենսաթոշակի անցած զինծառայողները և աշխատողները, զենքը պետական ռազմականացված կազմակերպություն վերադարձնելիս, պարտավոր են դրա մասին հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ և հանձնել զենքը պահելու ու կրելու թույլտվությունը:
Ժամանակավոր փոխանցված զենքը տնօրինողի մահվան դեպքում վերադարձվում է այն տված պետական ռազմականացված կազմակերպություն:
Զենքով պարգևատրվածի մահվան դեպքում`
1) որպես պարգև տրված կարճափող հրազենը, դրա պահելու և կրելու թույլտվությունը հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանություն, որն իր հերթին զենքը վերադարձնում է ըստ պատկանելության` թանգարանների հավաքածուներում ներառելու կամ սահմանված կարգով ոչնչացնելու նպատակով.
2) եթե որպես պարգև տրված կարճափող հրազենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներառված է եղել հավաքածուի մեջ, ապա այն ժառանգորդին է վերադարձվում, որպես կանոն, մալելուց հետո:
VI. ԶԵՆՔԸ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼԸ
18. Զենքի տեղափոխումը և փոխադրումն օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և տրանսպորտային այլ միջոցներով իրականացվում են զինված պահպանության ներքո` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
19. Տեղափոխելու և փոխադրելու ժամանակ զենքը պետք է գտնվի պարպված վիճակում, ռազմամթերքից առանձնացված: Զենքն ու ռազմամթերքը պետք է փաթեթավորվեն հատուկ տարայի մեջ, որը պետք է կնքվի կամ կապարակնքվի:
20. Զենք տեղափոխող տրանսպորտային միջոցի բացված լինելու նշանների հայտնաբերման, տարայի վնասման, կնիքի կամ կապարակնիքի դրոշմվածքի խախտման դեպքում զինված պահպանության ղեկավարը պարտավոր է դրա մասին անմիջապես հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, կազմել ակտ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել կատարվածի պատճառները բացահայտելու համար և ապահովել դեպքի վայրի պահպանությունը:
VII. ԶԵՆՔԸ ՎԵՐՑՆԵԼԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼԸ
21. Զինծառայողներից և կենսաթոշակի անցած` պետական ռազմականացված կազմակերպությունների աշխատողներից զենքը կարող են վերցնել զենքի շրջանառության նկատմամբ հսկողություն իրականացնող համապատասխան կազմակերպությունների իրավասու ներկայացուցիչները` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
22. Սպառազինությունից հանված, ինչպես նաև անպիտանիության բերված զենքը ենթակա է դուրսգրման` համապատասխան ակտի կազմմամբ: Զենքի դուրսգրման մասին ակտը կազմվում է հանձնաժողովի կողմից, որի կազմը որոշվում է համաձայն պետական ռազմականացված կազմակերպությունների նորմատիվ ակտերի:
23. Դուրս գրված զենքը ենթակա է օգտահանման և ոչնչացման` պետական ռազմականացված կազմակերպությունների գերատեսչական նորմատիվ ակտերով սահմանված կարգով:
VIII. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԶԵՆՔ ՆԵՐԿՐԵԼԸ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ
24. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զենք ներկրվում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանվում է՝
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպության հրավերի կամ օտարերկրյա ռազմականացված կազմակերպության հայտի հիման վրա:
25. Պայմանագրերով, հրավերով կամ հայտով օտարերկրյա ռազմականացված կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զենք ներկրվելու դեպքում՝ հրավերը ձևակերպած, պայմանագիրն ստորագրած, հայտն ստացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զենք ներկրելու թույլտվություն ստանալու համար առնվազն մեկ ամիս առաջ՝ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն՝ նշելով զենքի ներկրման նպատակը, ժամկետները, ներկրվող զենքի և փամփուշտների տեսակն ու քանակը, զենքի պահման վայրը, ինչպես նաև զենքի ներկրման, տեղափոխման, փոխադրման ու պահպանման վերաբերյալ համապատասխան հանձնարարականներն իրավասու պետական կառավարման լիազորված մարմիններին:
26. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա ներկայացուցիչների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներկրվող զենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` հարկային պետական ծառայություն) հսկիչ կետում հարկային մարմնի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության ներկայացուցչի կողմից ենթարկվում է զննության, որի մասին կազմվում է արձանագրություն և համարային հաշվառման ցուցակ՝ 5 օրինակից: Մեկը մնում է հարկային մարմնում, մեկական օրինակ տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը (այսուհետ` ազգային անվտանգության ծառայություն) և զենքը ներկրող օտարերկրյա ռազմականացված կազմակերպության ներկայացուցչին, որը հետագայում զենքն արտահանելիս այն ներկայացնում է հարկային պետական ծառայության հսկիչ կետ:
Եթե արտահանման ընթացքում արտահանվող զենքը չի համապատասխանում համարային հաշվառման ցուցակին, ապա զենքի ամբողջ խմբաքանակի արտահանումը կասեցվում է՝ մինչև արտահանող կողմի՝ սպառիչ բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելը:
27. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կամ նրա առանձին անդամների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում զենք պահելը, կրելը կամ օգտագործելն իրականացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասու պետական ռազմականացված կազմակերպության թույլտվությամբ և հսկողությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրված զենքը պահվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված իրավասու պետական ռազմականացված կազմակերպությունում:
28. Օտարերկրյա ռազմականացված կազմակերպության կողմից միջազգային պայմանագրով, հրավերով կամ հայտով ստանձնված պարտավորությունների խախտման դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռազմականացված պատասխանատու կազմակերպությունը դիմում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:
29. Պայմանագրով, հրավերով կամ հայտով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողների կամ աշխատողների կողմից ծառայողական պարտականությունների կատարման նպատակով զենքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից արտահանվում և ներկրվում է գործուղման վկայականի հիման վրա, որում նշվում են զենքի մոդելը, համարը և փամփուշտների թիվը: Գործուղման վկայականը և դրա պատճենը ներկայացվում են հարկային պետական ծառայության հսկիչ կետ, որտեղ պատճենը բնագրի հետ համեմատվելուց հետո վավերացվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից` համարային կնիքը դրոշմելու միջոցով, և կցվում է համապատասխան մաքսային հայտարարագրին:
30. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելող օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող թիկնապահների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ժամանակավորապես զենք ներկրվելու դեպքում, այցից առնվազն 3 օր առաջ, այցելող կողմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնում թիկնապահների կողմից ժամանակավոր ներկրվող զենքերի տեսակների, համարների և փամփուշտների տրամաչափի ու թվի մասին տեղեկատվություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից դրա մասին իրազեկվում է ազգային անվտանգության ծառայությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի գրավոր թույլտվությամբ՝ նշված տեսակի և քանակի զենքերն ու փամփուշտները ներկրվում են հարկային պետական ծառայություն հսկիչ կետով:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք զենք և փամփուշտներ ներկրելու թույլտվություն տալու կամ մերժելու վերաբերյալ ընդունված որոշման մասին ազգային անվտանգության ծառայությունը գրավոր հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |