ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե նույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:
Նույն օրենքի 24-րդ հոդվածի համաձայն` անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և հողամասերի) եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:
Այն դեպքում, երբ պետության կողմից հարկ վճարողներին տրվում են ֆինանսական աջակցության նպատակային գումարներ կոնկրետ ակտիվների ձեռքբերման նպատակով, ապա այդ գումարները հարկային հաշվառմամբ որպես եկամուտ ճանաչելու հետ կապված հարցերը տարաբնույթ կերպ են ընկալվում:
Հաշվի առնելով վերոնշյալը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով` պաշտոնապես պարզաբանում եմ.
պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում տրամադրվող ֆինանսական աջակցության նպատակային գումարները հարկային և հաշվապահական (ֆինանսական) հաշվառման նպատակով եկամուտ են ճանաչվում` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կիրառման համար ընդունված Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման թիվ 20 ստանդարտի դրույթները (ՀՀՀՀՍ 20` «Պետական շնորհների հաշվառում և պետական օգնության բացահայտում»)` մասնավորապես.
1. պետական շնորհները պետք է ճանաչվեն որպես եկամուտ սիստեմատիկ հիմունքով այն ժամանակաշրջաններում, որոնց ընթացքում դրանք փոխհատուցում են համապատասխան ծախսումները, որոնց համար ստացվել են այդ շնորհները,
2. ամորտիզացվող (մաշվող) ակտիվներին վերաբերող շնորհները սովորաբար ճանաչվում են որպես եկամուտ այն տարում և այն համամասնություններով, ըստ որոնց հաշվարկվում է այդ ակտիվների մաշվածությունը,
3. պետական շնորհը, որը հատկացվում է կազմակերպությանը ի հատուցում արդեն կրած ծախսերի կամ վնասների, կամ որպես շտապ ֆինանսական օգնություն` առանց հետագա համապատասխան ծախսումներ կրելու, պետք է ճանաչվի որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ այն դառնում է ստացման ենթակա գումար:
|
ՊԵՏ, |
|
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա.ԲԱԼԱՅԱՆ |