Համարը 
N 460-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2010.07.31/14(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.07.2010
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.11.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» հուլիսի 2010թ.

N 460-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետների մասնագիտական որակավորման ստուգման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 11-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«27» հուլիսի 2010թ.

թիվ 460-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգի դրույթները վերաբերում են քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասնագետներին (այսուհետ` մասնագետ):

2. Քաղաքաշինության բնագավառում մասնագետները որակավորվում են ըստ հետևյալ բնագավառների`

1) շինարարության որակի տեխնիկական հսկողություն` ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`

ա. բնակելի (բացառությամբ ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների, ավտոտնակների, օժանդակ շինությունների, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների), հասարակական և արտադրական (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների),

բ. տրանսպորտային,

գ. հիդրոտեխնիկական,

դ. էներգետիկ,

ե. կապի.

2) ինժեներական հետազննում.

3) շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն:

3. Որակավորման ստուգման համար մասնագետները որակավորման ստուգումից առնվազն 10 օր առաջ որակավորման ստուգման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) անձնագրի պատճենը.

2) աշխատանքային գրքույկի պատճենը.

3) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը.

4) 3 x 4 սմ չափսերի երկու գունավոր լուսանկար:

4. Որակավորման ստուգումն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովը կազմված է 5 անձից` նախագահից, նախագահի տեղակալից, քարտուղարից և անդամներից:

5. Հանձնաժողովը`

1) կազմակերպում է մասնագետների որակավորման ստուգման աշխատանքները.

2) որոշում է մասնագետների որակավորման ստուգման անցկացման վայրը, օրը, ժամը և դրա մասին տալիս է հայտարարություն.

3) ընդունում է որակավորման ստուգման մասին եզրակացություն.

4) քննում է մասնագետների բողոքները` կապված ստուգման կազմակերպման և ստուգման արդյունքների հետ.

5) իրականացնում է սույն կարգով նախատեսված այլ լիազորություններ:

6. Որակավորման ստուգման անցկացման վայրի, օրվա և ժամի մասին մասնագետներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ:

7. Որակավորման ստուգումն իրականացվում է հայերենով, դռնբաց կարգով: Որակավորման ստուգման ընթացակարգը կարող է տեսագրվել, ձայնագրվել կամ նկարահանվել:

8. Որակավորման ստուգումը կատարվում է գրավոր, քննական հարցաթերթիկներով (թեստերով)` հաստատված հանձնաժողովի նախագահի կողմից: Որակավորման ստուգման հարցերը նախապատրաստվում են լիցենզավորող մարմնի կողմից և ենթակա են պարտադիր հրապարակման` ստուգման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս առաջ:

9. Որակավորման ստուգումը տեխնիկական միջոցներով իրականացվելու դեպքում մասնագետին հանձնաժողովի քարտուղարը մինչև որակավորման ստուգումը սկսելը պետք է տեղեկացնի իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու կարգի և պայմանների հետ:

10. Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան:

11. Որակավորման հարցաթերթիկները պետք է ներառեն 50 հարց, որից`

1) 40 հարց` համապատասխան ոլորտը կարգավորող նորմատիվատեխնիկական և քաղաքաշինական փաստաթղթերից,

2) 10 հարց` քաղաքաշինության ոլորտը կարգավորող օրենսդրությունից:

12. Թեստավորման առաջադրանքների լուծման համար տրվում է 60 րոպե ժամանակ:

13. Որակավորման ստուգման արդյունքները գնահատում է հանձնաժողովը: Իննսուն տոկոս հարցերին ճիշտ պատասխանած մասնագետը համարվում է որակավորման ստուգումն անցած:

14. Հանձնաժողովն իր աշխատանքը կազմակերպում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

15. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը: Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

16. Որակավորման ստուգման արդյունքներն ամփոփվում են եզրակացությամբ:

17. Որակավորման ստուգման մասին եզրակացությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին մասնակցող անդամների կողմից:

18. Հանձնաժողովը ստուգումների արդյունքներն ամփոփվում է դռնփակ:

Հանձնաժողովի եզրակացությունը հրապարակվում է: Ստուգումների արդյունքների մասին մասնագետին պատշաճ ձևով հայտնվում է, կամ դրանք նրան են ուղարկվում ոչ ուշ, քան ստուգումների ավարտի օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում:

19. Որակավորման ստուգման արդյունքները կարող են բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով` դրանք ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:

20. Որակավորման ստուգմանը չներկայացած մասնագետներն իրավունք ունեն մասնակցելու հաջորդ ստուգմանը:

21. Որակավորման ստուգման դրական արդյունքների դեպքում մասնագետին տրվում է որակավորման վկայական` անժամկետ: Որակավորման ստուգման դրական արդյունքների գործողության ժամկետը կարող է սահմանափակվել միայն օրենքով:

22. Որակավորման վկայականում նշվում են`

1) որակավորման վկայականի համարը.

2) որակավորման ստուգում անցած մասնագետի անունը, ազգանունը, հայրանունը.

3) որակավորման վկայական տվող մարմնի անվանումը.

4) որակավորման վկայականը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

5) որակավորման բնագավառը:

23. Որակավորման վկայականի վրա փակցվում է ստուգում անցած անձի գունավոր լուսանկարը:

24. Որակավորման վկայականը վավերացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ստորագրությամբ և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

25. Որակավորման վկայականի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ