ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«21» հունիսի 2011թ. |
N 413-Ն |
ք. Ստեփանակերտ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«21» հունիսի 2011թ.
N 413-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են տրանսպորտային միջոցներում գովազդի տեղադրման հիմնական պահանջները:
2. Տրանսպորտային միջոցների վրա, հաշվի առնելով ճանապարհային երթևեկության, ինչպես նաև հասարակական անվտանգությունը, գովազդ կարող է տեղադրվել`
1) տրանսպորտային միջոցի տանիքի վրա, ընդ որում, եթե տեղադրվում են լրացուցիչ առարկաներ, ապա դրանց չափերը` երկարությունը չպետք է գերազանցի 1380 միլիմետրը, լայնությունը` 440 միլիմետրը, բարձրությունը` 370 միլիմետրը, իսկ գովազդային գրառումները և պատկերները պետք է իրականացվեն այդ առարկաների` թափքի երկայնական առանցքին զուգահեռ կողմերի վրա.
2) թեթև մարդատար ավտոմոբիլների, տրոլեյբուսների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքերի կողային մակերեսների վրա` մինչև լուսամուտների եզրերը.
3) բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների թափքերի (այդ թվում` ֆուրգոնների) կողային մակերեսներին.
4) մոտոցիկլների վառելիքի բաքերի և գործիքային արկղերի կափարիչների վրա:
3. Գովազդը չպետք է տեղադրվի տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում ու վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված տրանսպորտային միջոցի վրա, ինչպես նաև չպետք է կատարել գրառումներ` թվանշաններ պարունակող բեռնատար ավտոմոբիլների, կցորդների, կիսակցորդների և ավտոբուսների (այդ թվում` միկրոավտոբուսների) թափքի հետնապատի վրա, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կամ տեխնիկական կանոնակարգերով, կամ ստանդարտներով նախատեսված դեպքերի:
4. Գովազդի մակերեսը չպետք է գերազանցի տրանսպորտային միջոցի, որի վրա այն տեղաբաշխված է, թափքի ներկված մանրամասերի (դետալների) մակերեսի 50 տոկոսը:
5. Գովազդի նպատակով չեն կարող օգտագործվել տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքավորումները:
6. Տրանսպորտային միջոցների վրա կարող են տեղադրվել այնպիսի գովազդներ, որոնք իրենց գույնով և տեղադրման (փակցնելու) տեղով չպետք է նման լինեն հատուկ և օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների գունագծապատկերներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տրանսպորտային միջոցների ճանաչման նշաններին:
7. Գովազդի համար կարող են օգտագործվել լուսաանդրադարձնող էֆեկտներ ունեցող ծածկույթներ, նյութեր և տարրեր, բացառությամբ ճանապարհային երթևեկության կանոններով արգելված գույների և լուսաանդրադարձնող նյութերի:
8. Գովազդի տեղադրման արդյունքում չպետք է փակվեն կամ սահմանափակվեն վարորդի տեսադաշտը, տրանսպորտային միջոցի արտաքին լուսային սարքերը, հաշվառման համարանիշերը, թափքի համարը, նույնացման համարը, տեղեկատվական գրառումները և նշանները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |