ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“25” հունիսի 2002թ. |
N 149 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 282-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված ապրանքների ոչնչացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետում նշված մարմիններին` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշներով դրոշմավորված, ապրանքների ոչնչացման աշխատանքների կազմակերպման նպատակով մինչև 2002թ. հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչություն ներկայացնել իրենց համակարգը ներկայացնող լիազոր ներկայացուցիչների մասին տվյալները:
3. Սույն որոշման հետ կապված գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությանը` մինչև 2002 թվականի օգոստոսի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված ապօրինի գործունեության ընթացքում որոշ ապրանքների իրացման (դրանց` այդ ապրանքային տեսքով շրջանառությունից դուրս բերման) կարգի նախագիծը:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
25 հունիսի 2002 թվականի
թիվ 149 որոշմամբ |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների ոչնչացման
I. Գործողության ոլորտը և կարգավորման առարկան
1. Սույն կարգը տարածվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 282-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դրոշմավորման ենթակա չդրոշմավորված, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (այսուհետև` ապրանքներ) ոչնչացման ընթացակարգի վրա և կարգավորում է ապրանքների ոչնչացման հետ կապված վարչաիրավական և քաղաքացիաիրավական հարաբերությունները:
II. Ապրանքների ոչնչացման ընթացակարգը
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմինների կողմից հարկ վճարողների մոտ ապրանքների իրացման փաստ հայտնաբերվելու դեպքում այդ ապրանքների մասին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսգրքին համապատասխան կազմվում է արձանագրություն նշված ապրանքներն ի տնօրինություն վերցնելու մասին:
Արձանագրության օրինակելի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը (այսուհետև` վարչություն):
Արձանագրության մեջ պարտադիր նշվում են հետևյալ տվյալները`
ապրանքի (արտադրանքի) անվանումը, չափման միավորը, ընդհանուր քանակը` ըստ չափման միավորի, ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտի տվյալները (մասնավորապես, կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը), հարկ վճարողի հաշվառման համարը, անձնագրի տվյալները), արձանագրությունը կազմած պաշտոնատար անձանց անունները, ազգանունները, պաշտոնները, ապրանքների իրացման փաստի հայտնաբերման օրը, թույլ տրված խախտման նկարագրությունը, այն ժամկետը, որի ընթացքում ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը կարող է բողոքարկել հարկային մարմնի գործողությունը: Եթե ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը (սուբյեկտի ներկայացուցիչը) արձանագրության վերաբերյալ ունի առարկություններ, ապա արձանագրությանը կից ներկայացնում է իր կարծիքը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրության մեջ:
Հարկային մարմնի կողմից ի տնօրինություն վերցված ապրանքները մինչև դրանց մասին համապատասխան որոշման ընդունումը պահվում են համապատասխան հարկային մարմնին կամ վարչությանը պատկանող այլ տարածքում կամ համապատասխան կազմակերպությունում` վերջինիս և վարչության միջև կնքված պայմանագրի հիման վրա:
3. Ապրանքների` սույն կարգով նախատեսված, ոչնչացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի հրամանով ստեղծվում է հանձնաժողով` գործող շրջանային (քաղաքային) հարկային տեսչությունների և վարչության կենտրոնական աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից վերցված ապրանքների ոչնչացում կազմակերպելու նպատակով:
Հանձնաժողովի նխագահն ի պաշտոնե հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի տեղակալը, անդամները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոնի» մեկական և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 2 ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի աշխատանքներին ի պաշտոնե մասնակցում է նաև այն հարկային տեսչության (վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման) ներկայացուցիչը, որտեղ հաշվառված (վարչատարածքային ենթակայության ներքո գործող) հարկ վճարողների կողմից իրացվել են ապրանքները:
Ոչնչացման ենթակա ապրանքների հաշվառումն իրականացնելու, ապրանքների ոչնչացման եղանակը (ձևը) որոշելու (ուսումնասիրելու), ոչնչացման հետ կապված ծախսերի նախնական հաշվարկի նպատակով հանձնաժողովի որոշմամբ կարող է ձևավորվել աշխատանքային խումբ:
4. Հանձնաժողովի նիստերը հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ ուշ, քան ապրանքները հարկային մարմնի փաստացի տնօրինմանն անցնելուն հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ: Հանձնաժողովն ապրանքները ոչնչացնելու մասին որոշումներ է ընդունում քվեարկությանը մասնակցած անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի բոլոր անդամների կողմից` համաձայն ապրանքների ոչնչացման նկատմամբ իրենց դիրքորոշման (կողմ, դեմ, ձեռնպահ, անհրաժեշտ համարվելու դեպքում` հատուկ կարծիքի նշմամբ):
5. Հանձնաժողովի նիստերը պարտադիր արձանագրվում են:
6. Հանձնաժողովը նիստերի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես, ինչպես նաև ընդունված որոշումների մասին` որոշումներն ընդունելուց հետո մեկօրյա ժամկետում գրավոր տեղյակ է պահում ապրանքներն իրացնող (տնօրինող) սուբյեկտին:
Ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտը (սուբյեկտի ներկայացուցիչը) կարող է մասնակցել հանձնաժողովի նիստերին (ներկայացնելով իր առաջարկությունները, բացատրությունները), ինչպես նաև ապրանքների ոչնչացմանը` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Ապրանքն իրացնող (տնօրինող) սուբյեկտի (սուբյեկտի ներկայացուցիչի) կողմից նիստին չներկայացնելը նիստի անցկացման համար խոչընդոտ չէ:
7. Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 3-րդ կետում նշված հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ի մասնակցությամբ, եթե հանձնաժողովը (հարկային մարմինը) հանձնաժողովի ընդունած որոշումն ապրանքներն իրացնող (տնօրինող) սուբյեկտին հանձնելուց հետո 5-օրյա ժամկետում դատարանից չի ստանում նշված ապրանքների տնօրինման մասին որոշում:
8. Ապրանքների ոչնչացումն ապրանքի ֆիզիկական ոչնչացումն է հանձնաժողովի կողմից: Ապրանքները ոչնչացվում են սույն կարգի 7-րդ կետում նշված ժամկետին հաջորդող աշխատանքային օրը` ապրանքների այրման, թաղման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության հետ համաձայնեցված էկոլոգիապես անվտանգ այլ եղանակներով: Ապրանքները ոչնչացվում են իրավասու մարմնի (կազմակերպության, հիմնարկի) հետ համաձայնեցված վայրում, պայմանագրի հիման վրա:
9. Ապրանքների ոչնչացման արդյունքները ձևավորվում են ոչնչացման ակտով, որում նշվում են կատարված աշխատանքների տեսակը, վայրը, ժամանակը, դրանց հանձնաժողովի որոշման պահանջների հետ համապատասխանությունը, կատարված ծախսերի ընդհանուր գումարի չափը և այլ տեղեկություններ: Ոչնչացման ակտն ստորագրում են հանձնաժողովի բոլոր անդամները (ներկայացուցիչները): Եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկն իրականացված աշխատանքների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է ակտին:
Աշխատանքների իրականացման ընթացքում ակտեր են կազմվում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար:
Ոչնչացման ակտի ձևը սահմանում է վարչությունը:
Ոչնչացման ակտը կազմվում է 3 օրինակից, որի մեկական օրինակ տրվում է համապատասխան հարկային մարմնին, ապրանքների սեփականատիրոջը և այն կազմակերպությանը (հիմնարկին), որտեղ կատարվել է ոչնչացումը:
III. Եզրափակիչ դրույթներ
10. Ապրանքների ոչնչացման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` վարչության սահմանած կարգով: