Համարը 
N 719-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2011.10.13/18(180)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.09.2011
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
14.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» սեպտեմբերի 2011թ.

N 719-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության «27» սեպտեմբերի 2011թ. N 719- Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԳՐԱՎՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկային մարմնի գրավոր հարցման կապակցությամբ երրորդ անձանց կողմից տրամադրվող լրացուցիչ տեղեկատվություն (այսուհետ` լրացուցիչ տեղեկատվություն) ներկայացնելու ընթացակարգը (այսուհետ` կարգ):

2. Կարգի իմաստով հարկային մարմին ներկայացվող տեղեկություն է համարվում երրորդ անձանց կողմից այլ հարկ վճարողների կամ այլ ֆիզիկական անձանց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց մոտ առկա կամ պահվող բացառապես հարկերի հաշվարկմանն առնչվող գործարքների, ապրանքների ֆիզիկական ծավալների, դրանց տեղաշարժի, իրացման փաստացի գների, իրենց կողմից և իրենց հաշվին վճարված եկամուտների, պահված հարկերի, գույքի կամ եկամուտների, հարկման նպատակով անհրաժեշտ այլ տվյալների մասին տեղեկությունները:

3. Կարգի իմաստով երրորդ անձ է համարվում պետական կառավարման մարմինը, տեղական ինքնակառավարման մարմինը, առևտրային կազմակերպությունը, ոչ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը, որը հարկային մարմին է ներկայացնում այլ հարկ վճարողի կամ այլ ֆիզիկական անձի գործարքի կամ գործառնության կամ գործունեության մասին տեղեկություններ:

4. Կարգի դրույթները չեն վերաբերում`

1) հարկ վճարողների կողմից ներկայացվող` իրենց տնտեսական կամ ձեռնարկատիրական կամ այլ գործունեության մասին հաշվետվություններին, հաշվարկներին, հայտարարագրերին և այլ փաստաթղթերին, որոնք ներկայացվում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով, իսկ օրենքներով նախատեսված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

2) հարկ վճարողների կողմից ներկայացվող` այն ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում` միջին), ինչպես նաև մատուցված այն ծառայությունների ծավալների և դրանց փաստացի սակագների (այդ թվում` միջին) մասին հաշվետվություններին, որոնց ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Որոշ ապրանքների արտադրության և շրջանառության ֆիզիկական ծավալների ու գների վերաբերյալ հաշվետվությունները հարկային մարմիններ ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 150 որոշմամբ.

3) հարկ վճարողների կողմից ներկայացվող` հարկերի վճարմանն առնչվող տեղեկություններին` իրենց հետ գործառնություններ իրականացնող և (կամ) իրենցից եկամուտ ստացող և (կամ) իրենց եկամուտ վճարող հարկ վճարողների վերաբերյալ, որոնք ներկայացվում են «Հարկերի մասին» և առանձին հարկատեսակների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

4) «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-9-րդ կետերին համապատասխան երրորդ անձանցից պարտադիր ներկայացվող տեղեկություններին.

5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացվող տեղեկություններին.

6) կամավորության սկզբունքով ներկայացվող տեղեկություններին.

7) պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, առևտրային և օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններին, որոնք հարկային մարմնին տրամադրվում են օրենքով սահմանված կարգով:

 

II. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՍ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար գրավոր հարցումը կատարվում է բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից գրավոր կամ էլեկտրոնային եղանակով կատարված հարցման հիման վրա: Երրորդ անձանցից լրացուցիչ տեղեկատվության տրամադրումը կամ լրացուցիչ տեղեկատվության տրամադրման մերժումը (կամ մասնակի մերժումը) կատարվում է բացառապես վերադաս հարկային մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի անունով:

6. Այն դեպքում, երբ երրորդ անձինք հնարավորություն ունեն լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել էլեկտրոնային եղանակով, ապա լրացուցիչ տեղեկատվությունը տրամադրվում է փոխհամաձայնեցված եղանակով կատարված հարցման հիման վրա:

7. Երրորդ անձանց լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կատարված հարցումը պետք է պարունակի`

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ երրորդ անձի կողմից լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման նպատակը (կամ նպատակները), ինչի համար է պահանջվում լրացուցիչ տեղեկատվությունը` պարտադիր հղում կատարելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և սույն կարգին.

4) լրացուցիչ տեղեկատվության տեքստային հակիրճ նկարագրությունը և տրամադրելու ցանկալի ձևաչափը.

5) վերադաս հարկային մարմնի համապատասխան ստորաբաժանման աշխատանքային հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որի աշխատողները պատրաստել են հարցումը և կարող են պատասխանել լրացուցիչ տեղեկատվության ձևաչափի հետ կապված հարցերին.

6) ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է ստանալ լրացուցիչ տեղեկատվությունը:

8. Երրորդ անձանց լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու (կամ մասնակի տրամադրելու) վերաբերյալ պատասխան գրությունը պետք է պարունակի`

1) երրորդ անձի լրիվ անվանումը.

2) երրորդ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կամ երրորդ անձի կողմից լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կամ նրան փոխարինող անձի պաշտոնը, անունը (կամ անվան սկզբնատառը) և ազգանունը.

3) հարցման ամսաթիվը և համարը` պարտադիր հղում կատարելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և սույն կարգին.

4) լրացուցիչ տեղեկատվության տեքստային հակիրճ նկարագրությունը և (կամ) տրամադրվող տեղեկատվությունը, եթե երրորդ անձը համաձայնվում է տրամադրել (կամ մասնակի տրամադրել) լրացուցիչ տեղեկատվություն կամ հարցման մերժման (կամ մասնակի մերժման) հիմնավոր պատճառը, եթե երրորդ անձը չի տրամադրում (կամ մասնակի է տրամադրում) լրացուցիչ տեղեկատվություն.

5) երրորդ անձի աշխատողների կամ մասնագիտացված ստորաբաժանման (ստորաբաժանումների) աշխատանքային հեռախոսահամարները, որի աշխատողները պատրաստել են պատասխան գրությունը և կարող են պատասխանել լրացուցիչ տեղեկատվության հետ կապված հարցերին:

9. Վերադաս հարկային մարմնի հարցման մերժման (կամ մասնակի մերժման) հիմնավոր պատճառ է համարվում`

1) եթե հարցման մեջ ապահովված չեն սույն կարգի 7-րդ կետի պահանջները, կամ`

2) եթե լրացուցիչ տեղեկատվությունը պարունակում է սույն կարգի 4-րդ կետում նշված պետական, բանկային, ապահովագրական, առողջապահական, առևտրային կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք կազմող տեղեկություններ, կամ`

3) եթե երրորդ անձի մոտ բացակայում է հարցման մեջ նշված լրացուցիչ տեղեկատվությունը:

10. Վերադաս հարկային մարմնին լրացուցիչ տեղեկատվության տրամադրումն անվճար է:

11. Վերադաս հարկային մարմնին երրորդ անձանց կողմից լրացուցիչ տեղեկատվության տրամադրման համար այլ անձանց համաձայնությունը պարտադիր չէ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

12. Երրորդ անձանցից ստացված լրացուցիչ տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես ծառայողական նպատակներով և հրապարակման ենթակա չէ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ