Համարը 
N 300-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.05.17/10(200)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.05.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
14.05.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՐՈՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«14» մայիսի 2012թ.

N 300-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԿՐՈՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Սահմանել կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված 

 Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«14» մայիսի 2012թ. N 300-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԿՐՈՆԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾԻՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են կրոնական թեմաներով գրականության և ծիսական նշանակության առարկաների (այսուհետ` գրականություն (առարկա)) արտադրության, ներմուծման և վաճառքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրոնի գործերով պետական լիազորված մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հսկողություն իրականացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծել կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրել (հրատարակել) կամ վաճառել կրոնական թեմաներով այնպիսի գրականություն, որը`

1) սպառնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և հասարակական անվտանգությանը, կարգուկանոնին, քաղաքացիների առողջությանն ու բարոյականությանը, հասարակության մյուս անդամների իրավունքներին և ազատություններին,

2) ձևավորում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի և գործունեության նկատմամբ,

3) աղավաղված կամ խեղաթյուրված է ներկայացնում Աստվածաշունչը, հոգևոր հայրերի ժառանգությունը, տարբեր եկեղեցիների ծեսերն ու արարողությունները, աղոթքներն ու ավանդությունները:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունները գրականություն (առարկա) հրատարակելու (արտադրելու) կամ ներմուծելու կամ վաճառելու ցանկության դեպքում դրա նմուշը ներկայացնում են լիազոր մարմին` փորձագիտական եզրակացություն ստանալու նպատակով:

4. Սույն կարգի 3-րդ կետում նշված նմուշը ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը տալիս է դրա վերաբերյալ եզրակացություն:

5. Բացասական փորձագիտական եզրակացության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունները պարտավոր են անմիջապես դադարեցնել չթույլատրված գրականության (առարկայի) տարածումը, իրացումն ու շահագործումը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված պահանջը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների կողմից կամավոր հիմունքներով չկատարելու դեպքում, իրականացվում են չթույլատրված գրականության (առարկայի) ոչնչացման, ինչպես նաև դրանց տարածումը, իրացումն ու շահագործումը չթույլատրող` օրենսդրությամբ սահմանված այլ աշխատանքներ:

7. Բացասական փորձագիտական եզրակացությունը կարող է բողոքարկվել վերադասության կարգով և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա.ԱՎԱԳՅԱՆ