Համարը 
N 266-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2012.04.28/09(199)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.04.2012
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.04.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.05.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«27» ապրիլի 2012թ.

N 266-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում հաստատել տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

«27» ապրիլի 2012 թվականի N 266-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ` ԱՎՕ) տեխնիկական անվտանգության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) իրականացման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջները:

2. Սույն կարգում օգտագործվում է հետևյալ հիմնական հասկացությունը`

փորձագետ կամ փորձագիտական խումբ` բարձրագույն մասնագիտական կրթություն և տեխնիկական անվտանգության կոնկրետ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող մասնագետ կամ մասնագետներ:

3. Սույն կարգում օգտագործվող մնացած հասկացություններն ունեն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունների միևնույն իմաստը:

4. Փորձաքննության հիմնական նպատակն է ուսումնասիրել և տալ եզրակացություն արտադրական վտանգավոր օբյեկտի շինարարության, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման նախագծային փաստաթղթերի (այսուհետ` նախագծային փաստաթղթեր), տեխնիկական անվտանգության վկայագրի, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերի, շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և տեխնիկական միջոցների` տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանության մասին:

5. Փորձաքննությունն իրականացվում է`

1) նախագծային փաստաթղթերի նկատմամբ` նախագծման փուլի ավարտին՝ մինչև նախագծային փաստաթղթերի հաստատման պահը.

2) տեխնիկական անվտանգության վկայագրի նկատմամբ` մինչև ԱՎՕ-ի շահագործումը.

3) գործարկվող (վերագործարկվող) ԱՎՕ-ների նկատմամբ` նախքան գործարկման (վերագործարկման) աշխատանքներն սկսելը.

4) շահագործվող ԱՎՕ-ների նկատմամբ՝ արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցվելուց հետո:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փորձաքննություն իրականացնում են «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հավատարմագրված ու լիազոր մարմնի կողմից հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` փորձագիտական կազմակերպություն):

7. Փորձագետը փորձաքննության իրականացման պայմանագրի, սույն կարգի և այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն ԱՎՕ-ում իրականացնում է փորձաքննություն:

8. ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում փորձագետի կողմից ուսումնասիրվում են ԱՎՕ-ի նախագծային փաստաթղթերը, տեխնիկական անվտանգության վկայագիրը, շահագործվող կամ գործարկման ենթակա ԱՎՕ-ների շենքերը, շինությունները, տեխնոլոգիական սարքավորումները և տեխնիկական միջոցները, որոնք պետք է համապատասխանեն արտակարգ իրավիճակներից բնակչության և տարածքների պաշտպանության, բնակչության հիգիենիկ ու սանիտարահամաճարակային բարեկեցության ապահովման, շրջակա միջավայրի պահպանման, բնապահպանական անվտանգության, հրդեհային անվտանգության և շինարարական նորմերի, ինչպես նաև գործող ստանդարտների պահանջներին:

9. Փորձաքննության ընթացքում փորձագետը պետք է՝

1) ԱՎՕ-ում փորձաքննության իրականացման ընթացքում պահպանի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ իրավական ակտերի, նորմատիվ և տեխնիկական փաստաթղթերի պահանջները.

2) փորձաքննություն իրականացնի տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությանը համապատասխան` պատշաճ որակով և ամբողջ ծավալով։

10. Փորձաքննության արդյունքում փորձագետի կողմից կազմվում է փորձագիտական եզրակացություն՝ լիազոր մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևին համապատասխան:

11. Յուրաքանչյուր ԱՎՕ-ի համար կազմվում է առանձին փորձագիտական եզրակացություն:

12. Փորձաքննության ընթացքում, մինչև փորձագիտական եզրակացություն կազմելը, փորձագետի և ԱՎՕ շահագործող անձի միջև կարող է կազմվել բացահայտված թերությունների վերացման միջոցառումների ծրագիր, եթե բացահայտված թերություններն իրենց բնույթով տվյալ պահին տեխնածին վթարի սպառնալիք չեն առաջացնում:

13. Փորձագիտական եզրակացությունը կազմվում է միջոցառումների ծրագրով սահմանված ժամկետի ավարտին՝ միջոցառումների ծրագրով սահմանված թերությունների վերացման փաստը փորձագետի կողմից արձանագրվելուց հետո:

14. Փորձաքննության իրականացման ընթացքում տեխնածին վթարի սպառնալիք առաջացնող թերությունների բացահայտման դեպքում փորձագետի կողմից անմիջապես կազմվում է անհամապատասխանության մասին փորձագիտական եզրակացություն, որում պետք է նշվեն վթարի սպառնալիք հանդիսացող խախտումները, դրանց բնույթն ու մասշտաբները:

15. Փորձագիտական եզրակացության կազմումից հետո այն ստորագրվում է փորձաքննություն իրականացրած փորձագետի և հաստատվում փորձագիտական կազմակերպության ղեկավարի կողմից:

16. Փորձագետի կողմից փորձաքննության իրականացումն ավարտված է համարվում փորձագիտական եզրակացության կազմման և ԱՎՕ շահագործող անձին տրամադրման պահից:

17. Փորձագետն իր կողմից ոչ հավաստի փորձագիտական եզրակացություն կազմելու համար կրում է պատասխանատվություն՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն:

 

III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Փորձագիտական եզրակացությունը պետք է ներառի`

1) փորձաքննության իրականացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերի ցանկը և դրանց համառոտ բնութագիրը.

2) ում կողմից և ինչ ժամկետներում է իրականացվել փորձաքննությունը.

3) ԱՎՕ-ի անվանումը և գտնվելու վայրը.

4) փորձաքննության ընթացքում տրված տեղեկություններ միջոցառումների ծրագրի և կատարման ընթացքի մասին.

5) տվյալներ ԱՎՕ-ի անվտանգ շահագործմանը վերաբերող փաստաթղթերի մասին (նախագծեր, լիցենզիաներ, պայմանագրեր, սերտիֆիկատներ, ակտեր և այլն).

6) ԱՎՕ-ում շահագործվող տեխնիկական միջոցների և տեխնոլոգիական սարքավորումների վիճակը բնութագրող տեղեկություններ, վերլուծություններ, եզրահանգումներ.

7) տեղեկություններ ԱՎՕ-ի ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի պատրաստվածության մասին:

19. Փորձագիտական եզրակացությունը կազմվում և հաստատվում է երեք օրինակից:

20. Փորձագիտական կազմակերպությունն իր կողմից տրված փորձագիտական եզրակացության մեկ օրինակը ներկայացնում է լիազոր մարմին` այն սահմանված կարգով հաստատվելուց հետո եռօրյա ժամկետում, իսկ վթարի սպառնալիք արձանագրվելու դեպքում` անմիջապես, որպեսզի կարգադրագրով արգելվի ԱՎՕ-ի հետագա շահագործումը:

21. Փորձագիտական եզրակացության երկրորդ օրինակը հանձնվում է ԱՎՕ շահագործող անձին, իսկ փորձագիտական եզրակացության երրորդ օրինակը պահվում է փորձագիտական կազմակերպությունում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Ա. ԱՎԱԳՅԱՆ