ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«27» դեկտեմբերի 2012թ. |
N 938-Ն |
ք. Ստեփանակերտ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի և 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման նպատակով թեստավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` ապահովել համապատասխան մարմնի և համակարգի կազմակերպությունների գնումների համակարգողի պարտականություններն իրականացնող անձանց մասնակցությունը թեստավորմանը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 938-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են գնումների մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության իմացության գնահատման չափանիշները և թեստավորման (այսուհետ` թեստավորում) անցկացման ձևն ու գործընթացը:
2. Թեստավորումն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, պետության կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ձևավորված միավորումների (միությունների), հանրային կազմակերպությունների (այսուհետ՝ Պատվիրատու) գնումների համակարգող` ստորաբաժանման աշխատակիցների, պաշտոնատար և հրավիրված անձանց` գնումների որակավորված մասնագետների ցուցակում ընդգրկվելու նպատակով:
3. Թեստավորումն անցկացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված ժամկետներում:
4. Թեստավորման կազմակերպման և իրականացման աշխատանքներն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն):
5. Թեստավորումն անցկացվում է հայերեն լեզվով:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
6. Թեստավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով: Հանձնաժողովի անդամներն նշանակվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և (կամ) «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներից:
7. Հանձնաժողովը բաղկացած է 5 անդամից` նախագահ, քարտուղար և երեք անդամ: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է քարտուղարը: Քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականություններն իրականացնում է Հանձնաժողովի այլ անդամ: Հանձնաժողովի առնվազն 3 անդամների բացակայության դեպքում թեստավորումը հետաձգվում է, որի անցկացման նոր ժամկետների մասին նախարարությունը տեղեկացնում է թեստավորման մասնակիցներին:
8. Հանձնաժողովի անդամները ստուգում են դիմորդների ինքնությունը անձը հաստատող փաստաթղթի հիման վրա և թույլատրում նրանց մասնակցել թեստավորմանը: Թեստավորման մասնակիցների մուտքը սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսելուց 10 րոպե առաջ:
9. Թեստավորման մասնակիցներին արգելվում է իրենց հետ սենյակ ներս բերել տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր, կապի միջոցներ, էլեկտրոնային սարքեր կամ այլ տեխնիկական սարքեր, ինչպես նաև թեստավորման ընթացքում չի թույլատրվում աղմկել, հուշել, խոսել, հարցեր տալ այլ մասնակիցներին, դուրս գալ սենյակից: Եթե մասնակիցը չի պահպանում սույն կետով սահմանված արգելքներն, ապա Հանձնաժողովը դադարեցնում է դիմորդի աշխատանքը և այն գնահատում անբավարար:
10. Հանձնաժողովի անդամները թեստավորումն սկսելուց առաջ թեստավորման մասնակիցներին բացատրում են թեստավորման անցկացման հետ կապված տեխնիկական հարցերը:
III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
11. Թեստավորմանը մասնակցելու համար Պատվիրատուն սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անձանց թեկնածությունները ներկայացնում է նախարարություն: Թեստավորումն անցկացվում է Պատվիրատուի կողմից նախարարություն թեստավորմանը մասնակցող անձանց թեկնածությունները ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում: Թեստավորման օրվա, ժամի և վայրի մասին թեկնածուն ծանուցվում է թեստավորումից առնվազն քառասունութ ժամ առաջ:
12. Թեստը կազմվում է գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերից: Թեստավորման հարցաշարը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
13. Հարցաշարը, գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ցանկի հետ միասին տեղադրվում է նախարարության ինտերնետային կայքում: Թեստերի կազմման աշխատանքներն իրականացնում է նախարարության համապատասխան ստորաբաժանումը: Հանձնաժողովի անդամները կարող են մասնակցել թեստերի կազմման աշխատանքներին` համապատասխան ստորաբաժանման պահանջով:
14. Թեստը կազմվում է պատահականորեն ընտրված 50 թեստային հարցերից: Յուրաքանչյուր հարց ունի չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է միանշանակ ճիշտ պատասխանը: Այն դեպքում, երբ հարցն ունի մեկից ավել ճիշտ պատասխաններ, ապա անպայման տարբերակներից մեկն ընդգրկում է այդ բոլոր ճիշտ պատասխանները. այս դեպքում ճիշտ է համարվում վերջին` բոլոր ճիշտ տարբերակներն ընգրկող, տարբերակը:
15. Թեստավորումն անցկացվում է գրավոր, իսկ համապատասխան համակարգչային ծրագրի առկայության դեպքում` համակարգչով: Թեստային աշխատանքի համար հատկացվում է 75 րոպե ժամանակ:
16. Հարցաթերթիկները բազմացվում են թեստավորման օրը և բաժանվում թեստավորվողներին: Թեստավորումը սկսվում է հարցաթերթիկները թեստավորվողներին բաժանելու պահից:
17. Թեստավորման համար հատկացված ժամանակի ավարտից 10 րոպե առաջ հիշեցվում է, թե որքան ժամանակ է մնացել առաջադրանքի կատարման համար: Թեստավորման համար ժամանակի ավարտի հայտարարվելուց հետո, մասնակիցները պարտավոր են դադարեցնել աշխատանքը:
IV. ԹԵՍՏԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ
18. Թեստավորումն անցկացնելուց հետո, Հանձնաժողովը երկու աշխատանքային օրվա ընթացքում ստուգում և ամփոփում է թեստավորման արդյունքները:
19. Թեստի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը, ջնջումը կամ մեկից ավել պատասխաններ նշելը, ինչպես նաև չպատասխանելը գնահատվում են զրո միավոր: Թեստում տեղ գտած սխալը կամ անճշտությունը մեկնաբանվում է հօգուտ մասնակցի:
20. Թեստերի գնահատումը կատարվում է տոկոսներով: Գնահատումը կատարվում է հետևյալ կերպ`
1) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի մինչև 70 տոկոս հավաքելու դեպքում տրվում է բացասական եզրակացություն.
2) թեկնածուի կողմից միավորների առավելագույն թվի 70 և ավելի տոկոս հավաքելու դեպքում տրվում է դրական եզրակացություն:
21. Թեստերի գնահատման արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում են նախարարության ինտերնետային կայքում: Թեստավորման արդյունքները հրապարակվելուց հետո, եթե մասնակցի կողմից առկա է բողոք, ապա մասնակիցը մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրավունք ունի գրավոր բողոք ներկայացնել Հանձնաժողովին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է ապահովել բողոքի քննարկումը: Հանձնաժողովը նշանակում է օր և ժամ բողոքը քննարկելու համար: Բողոքը քննարկվում է մասնակցի ներկայությամբ: Բողոքի բավարարման դեպքում կատարվում է թեստավորման արդյունքների կրկնակի ստուգում, կամ որևէ հարցադրման սխալ համարվելու դեպքում` տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր մասնակիցների միավորներն ավելացվում են մեկ միավորով և Հանձնաժողովը հրապարակում է նոր արդյունքները, իսկ չբավարարելու դեպքում հրապարակված արդյունքները մնում են անփոփոխ:
V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
22. Թեստավորման վերջնական արդյունքները հրապարակելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում թեստավորումը հաջողությամբ հանձնած թեկնածուի (թեկնածուների) մասին տվյալները ներառվում են գնումների որակավորված մասնակիցների ցուցակում:
23. Բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դատարան:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |