Համարը 
N 84
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.12.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ԱՊՐԱՆՔՆԵՐՈՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՇԱՃ ՈՐԱԿԻ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

‘’24’’դեկտեմբերի 2002թ.

N 84

 ք.Ստեփանակերտ

 

Նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթակա պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը հաստատելու մասին

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է`

Հաստատել նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթական պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների անվանացանկը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. դեկտեմբերի 24-ի

թիվ 84 որոշմամբ

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

նմանօրինակ ապրանքներով փոխարինման ոչ ենթական պատշաճ որակի ոչ պարենային ապրանքների

 

1. Ապրանքներ տնային պայմաններում հիվանդությունների կանխարգելման և բուժման համար (մետաղից, ռետինից, տեքստիլ և այլ նյութերից առողջարարության (կազդուրիչ) և հիգիենայի առարկաներ, բժշկական գործիքներ, սարքեր ու ապարատներ, բերանի խոռոչի հիգիենայի միջոցներ, տեսողության լինզաներ, երեխաների խնամքի առարկաներ), դեղորայք:

2. Անձնական հիգիենայի առարկաներ (ատամի խոզանակներ, սանրեր, մազակալներ, բիգուդիներ, կեղծամներ, շինյոններ և այլն):

3. Պարֆյումերակոսմետիկական ապրանքներ:

4. Տեքստիլ ապրանքներ (բամբակյա, վուշե, մետաքսյա, բրդյա և սինթետիկ կտորներ, գործվածքի տիպի ոչ գործվածքային նյութերից ապրանքներ` ժապավեններ, երիզահանգույցներ, ժանյակներ և այլն), մալուխային արտադրանք (լարեր, քուղեր, մալուխներ), շինարարական և վերջնամշակման նյութեր (լինոլեում, թաղանթներ, գորգային ծածկեր և այլն) և մետրերով բաց թողնվող այլ ապրանքներ:

5.Կարի և տրիկոտաժի արտադրանք (տրիկոտաժե սպիտակեղեն, գուլպեղենի արտադրանք):

6. Պոլիմերային նյութերից ապրանքներ և նյութեր, որոնք շփվում են սննդամթերքին, այդ թվում` միանգամյա օգտագործման (ճաշի և խոհանոցային ամանեղեն ու պարագաներ, սննդամթերքի պահման և տեղափոխման համար տարողություններ ու փաթեթավորման նյութեր):

7. Կենցաղային քիմիայի ապրանքներ, պեստիցիդներ և ագրոքիմիկատներ:

8. Կենցաղային կահույք (կահույքի հավաքածու և լրակազմ):

9. Թանկարժեք մետաղներից ապրանքներ, թանկարժեք քարերով ապրանքներ, կիսաթանկարժեք և սինթետիկ քարերով ագուցված թանկարժեք մետաղներից պատրաստված ապրանքներ, երեսակված թանկարժեք քարեր:

10. Ավտոմեքենաներ ու մոտոհեծանվային ապրանքներ և դրանց կցորդներն ու համարակիր ագրեգատները, գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված փոքր մեխանիզացիայի շարժամիջոցներ, զբոսանավեր և կենցաղային նշանակության այլ լողամիջոցներ:

11. Երաշխիքային ժամկետներ ունեցող կենցաղային նշանակության տեխնիկապես բարդ ապրանքներ (մետաղահատ և փայտամշակման հաստոցներ, կենցաղային էլեկտրական մեքենաներ ու սարքեր, կենցաղային ռադիոէլեկտրոնային ապարատներ, հաշվիչ և բազմացնող կենցաղային տեխնիկա, լուսանկարչական ապարատներ, կինոապարատներ, հեռախոսային ու ֆաքսիմիլային ապարատներ, էլեկտրական երաժշտական գործիքներ, էլեկտրոնային խաղալիքներ):

12. Քաղաքացիական զենք, քաղաքացիական և ծառայողական հրազենի հիմնական մասեր ու դրանց փամփուշտները:

13. Կենդանիներ և բույսեր: