ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"19" հուլիսի 2003թ. |
N 217 |
ք.Ստեփանակերտ
Հեռահաղորդակցության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներին ներկայացվող հատուկ տեխնիկական պահանջների և պայմանների մասին
Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ և 18-րդ հոդվածների, ինչպես նաև հեռահաղորդակցության ցանցերի և տեխնիկական միջոցների տեխնոլոգիական միասնություն ապահովելու նպատակով՝ ելնելով դրանց համալիր օգտագործման, համակարգի կատարելագործման և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչությանը հիմնական հեռախոսային ու հեռահաղորդակցության այլ ծառայություններ մատուցելու գործունեության կայունության և որակի ապահովման գործոններից, որը կստեղծի համապատասխան հնարավորություն և պայմաններ հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների նկատմամբ կենտրոնացված տեխնիկական հսկողություն իրականացնելու համար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված հեռախոսային կապի, հեռագրային կապի, տվյալների փոխանցման և տելեմատիկ ծառայություններ մատուցող օպերատորները սեփականության և (կամ) օգտագործման իրավունքով իրենց պատկանող հեռահաղորդակցության ցանցերը և տեխնիկական միջոցները լծորդում են հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին՝ պայմանագրային հիմունքներով, պահպանելով սահմանված տեխնիկական պահանջները և պայմանները:
2. Հեռահաղորդակցության տեխնիկական միջոցներին և լծորդվող ցանցերին ներկայացվող տեխնիկական պահանջները և պայմանները սահմանում է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությունը:
3. ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության նախարարությանը՝ սույն որոշման 1-ին կետում նշված գործունեության տեսակների լիցենզիաների հետ միասին տրամադրել լիցենզիայի ներդիր, որով ամրագրել նախատեսվող (օգտագործվող) հեռահաղորդակցության տեխնիկական միջոցների համապատասխանությունը սահմանված տեխնիկական պահանջներին, պայմաններին և դրանց համատեղելիությունը հանրային համակցված հեռահաղորդակցության ցանցին:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |