ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“28” հոկտեմբերի 2003թ. |
N 276 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄՈՏ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկային ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետին ու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել հարկային մարմնի կողմից ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքերում գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային ու ստուգվող այլ ստորաբաժանումների տարածքների կապարակնքման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կապարակնիքների պատվիրման և տրամադրման կարգը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2003թ. հոկտեմբերի 28-ի
թիվ 276 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՒԳՎՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄՈՏ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ, ԱՌԵՎՏՐԱՅԻՆ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՈՒ ՍՏՈՒԳՎՈՂ ԱՅԼ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՊԱՐԱԿՆՔՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում է հարկային մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգումների ընթացքում ստուգվող սուբյեկտի մոտ գույքագրումների և չափագրումների իրականացման դեպքերում, չխոչընդոտելով տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքը, տարածքների (գրասենյակային, առևտրային, արտադրական, պահեստային տարածքներ, շինություններ, դրամարկղներ և ստուգվող այլ ստորաբաժանումներ) կապարակնքման գործընթացը:
2. Սույն կարգի իմաստով կապարակնքումը հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից ստուգումների ընթացքում ստուգվող տնտեսավարող սուբյեկտի մոտ իրականացվող՝ հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների ու հաշվարկների գույքագրումների կամ ստուգման նպատակին առնչվող չափագրումների դեպքերում տարածքների և դրանց պարունակության ժամանակավոր անձեռնմխելիության ապահովումն է:
3. Կապարակնքման ենթակա չեն այն տարածքները, որոնց կապարակնքումը խոչընդոտում է ստուգվող սուբյեկտի բնականոն աշխատանքը:
4. Կապարակնքելու իրավասություն ունի տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայության մարմնի՝ կապարակնքման նպատակով անհատական կապարակնիք ունեցող պաշտոնատար անձը (անձինք):
Կապարակնքումն իրականացվում է փականների մասում այնպես՝ որ կապարակնքված տարածքներ մուտք գործելիս կապարակնիքը խախտվի:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձը (անձինք) տարածքները կապարակնքում է գույքագրումների կամ չափագրումների գործընթացի ժամանակավոր դադարեցման (ընդհատման) ժամանակ:
Ելնելով ստուգվող սուբյեկտի բնականոն գործունեության պահանջներից՝ ստուգվեղ սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կամ նրա (նրանց) անմիջական ղեկավարին պետք է ներկայացնի ժամանակացույց՝ նշելով իր աշխատանքային օրվա սկիզբը և ավարտը, ինչպես նաև այդ ժամերից դուրս կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածը՝ անհրաժեշտ հիմնավորումներով: Ժամանակացույցում նշված՝ աշխատանքային օրվա կամ կապարակնքված տարածքներ մուտք գործելու ժամանակահատվածի սկզբից կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կողմից կապարակնիքները չբացվելու դեպքում այդ ժամկետը լրանալուց մեկ ժամ հետո՝ ստուգվող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) կարող է բացել կապարակնիքները՝ կազմելով համապատասխան արձանագրություն:
Նշված ժամանակացույցի մեկ օրինակն ստուգման ընթացքում ստուգվող սուբյեկտի ղեկավարը (նրան փոխարինող պաշտոնատար անձը) հանձնում է կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձին (անձանց) կամ նրա (նրանց) անմիջական ղեկավարին:
6. Կապարակնքումն իրականացվում է ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայությամբ: Ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի՝ կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմվում է կապարակնքմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին արձանագրություն, և կապարակնքումն իրականացվում է առանց ստուգվող սուբյեկտի ղեկավարի կամ այլ պաշտոնատար անձի ներկայության:
7. Կապարակնքումն ավարտելու պահին կապարակնքումն իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձը (անձինք) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ձևով կազմում է (են) արձանագրություն, որտեղ նշվում են կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) անունը, ազգանունը, պաշտոնը, կապարակնքման օրը, ժամը, վայրը և կապարակնիքի համարը: Արձանագրությունն ստորագրվում է կապարակնքում իրականացնող հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) և ստուգվող սուբյեկտի ղեկավարի (նրան փոխարինող պաշտոնատար անձի) կողմից: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ստուգվող սուբյեկտի ղեկավարին (նրան փոխարինող պաշտոնատար անձին), որը պարտավոր է ապահովել կնքված տարածքների և կապարակնիքների պահպանությունը:
8. Կապարակնքված տարածքներ մուտքը թույլատրվում է սույն կարգի 4-րդ կետում նշված հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրան (նրանց) փոխարինող անձի (անձանց) կողմից կապարակնիքը բացվելուց հետո՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշված դեպքի:
9. Ստուգվող սուբյեկտի տարածքները չեն կարող կապարակնքված մնալ ստուգման ընդհանուր տևողությունից ավելի երկար ժամկետով:
10. Սույն որոշմամբ հաստատված կարգի պահանջների խախտումը, մասնավորապես, կապարակնիքների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |