Համարը 
N 290
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.10.2003
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.10.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.10.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՄԵՋ «ՂԱՐԱԲԱՂ» ԲԱՌԻ ՀՈԼՈՎԱՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԺԱՌԱՆԳ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՀԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՅՏ ԱՆՁԻ ԱՆՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“28” հոկտեմբերի 2003թ.

 N 290

ք.Ստեփանակերտ

 

Հասարակական կազմակերպության անվան մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը հաստատելու մասին       

    

«Հասարակական  կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 10-րդ  հոդվածի 4-րդ կետին  համապատասխան` Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հասարակական կազմակերպության անվանման մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու կարգը /կցվում է/:

2. Սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ իրենց անվանման մեջ «Ղարաբաղ» բառն օգտագործելու թույլտվություն ստացած հասարակական կազմակերպությունները պահպանում են այդ իրավունքը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

 ԼՂՀ կառավարության

 2003թ. հոկտեմբերի 28-ի 

թիվ 290 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Հասարակական կազմակերպության անվանման մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու

 

1. Սույն կարգը կարգավորում է հասարակական կազմակերպության անվանման մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն օգտագործելու հետ կապված հարաբերությունները:

2. Հասարակական կազմակերպությունն իր անվանման մեջ «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող է օգտագործել միայն պետական ռեգիստրի ղեկավարի թույլտվությամբ:

3. Հասարակական կազմակերպությունը «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվություն ստանալու համար պետական ռեգիստրի կենտրոնական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա/ դիմում.

բ/ հասարակական կազմակերպության գործունեությունը բնութագրող նյութեր /բրոշյուրներ, մամուլում հրապարակումներ, լուսանկարներ, տեսահոլովակներ և այլն/, եթե կան այդպիսիք.

գ/ տեղեկություններ հասարակական կազմակերպության անդամների թվի մասնաճյուղերի, ներկայացուցիչների, հիմնարկների և տնտեսական ընկերությունների մասին.

դ/ հասարակական կազմակերպության բարձրագույն մարմնի կողմից հաստատված` դիմելու օրվան նախորդող հաշվետու ժամանակաշրջանի գործունեության և գույքի օգտագործման մասին հաշվետվության պատճենը.

ե/ հասարակական կազմակերպության հիմնադիրների և /կամ/ բարձրագույն մարմնի կողմից ձևավորված մարմիններում ընդգրկված անձանց ցուցակը.

զ/ տեղեկանքներ հարկային և սոցիալական ապահովության մարմիններից պարտավորություններ չունենալու մասին:

Նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպությունը ներկայացնում է միայն սույն կետի «ա» և «ե» ենթակետերով սահմանված փաստաթղթերը:

Հասարակական կազմակերպությունն իր ցանկությամբ կարող է ներկայացնել նաև այլ փաստաթղթեր:

4. Պետական ռեգիստրի ղեկավարը սույն կարգով սահմանված փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում քննարկում է ներկայացված հարցը և կայացնում համապատասխան որոշում: Անհրաժեշտության դեպքում քննարկմանը հրավիրվում են նաև տվյալ հասարակական կազմակերպության և շահագրգիռ պետական մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչները:

5. Պետական ռեգիստրի ղեկավարը «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվության մասին որոշում է կայացնում, հաշվի առնելով հասարակական կազմակերպության կանոնադրական խնդիրներն ու նպատակները, ինչպես նաև հասարակական կազմակերպության գործունեության ընթացքում դրա /նոր հիմնադրված և պետական գրանցում չունեցող հասարակական կազմակերպության համար նրա հիմնադիրների/ ձեռք բերած հեղինակությունն ու համբավը:

6. Պետական ռեգիստրի ղեկավարը` ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու թույլտվության մասին որոշում է կայացնում, եթե այդ անձը հանրահայտ է այն ոլորտում, որը համընկնում է տվյալ հասարակական կազմակերպության գործունեության առարկային և նպատակներին: Պետական ռեգիստրի ղեկավարը մերժման մասին որոշում է կայացնում բոլոր այն դեպքերում, երբ այդ անվան օգտագործումն անհարիր է տվյալ անձի համբավին ու կարող է ստվեր գցել նրա հեղինակության վրա:

7. Մերժման դեպքում հասարակական կազմակերպությունը կարող է կրկին դիմել մերժման օրվանից վեց ամիս հետո սույն կարգին համապատասխան:

8. Եթե հասարակական կազմակերպությունը «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունն իր անվանման մեջ օգտագործելու թույլտվությունն ստանալուց հետո իր գործունեությամբ արատավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեղինակությունը կամ հանրահայտ անձի պատիվը, արժանապատվությունը, բարի անունը կամ գործարար համբավը, ինչպես նաև թույլտվություն տալու հիմքերը վերանալու դեպքում պետական ռեգիստրի ղեկավարը որոշում է ընդունում «Ղարաբաղ» բառի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը հասարակական կազմակերպության անվանման մեջ օգտագործելու իրավունքից զրկելու մասին:

9. Սույն կարգի 8-րդ կետին համապատասխան որոշում ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում հասարակական կազմակերպությանը ծանուցվում է դրա մասին:

10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ծանուցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հասարակական կազմակերպությունը պարտավոր է իր կանոնադրության մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և օրենքով սահմանված կարգով այն ներկայացնել պետական գրանցման:

11. Եթե հասարակական կազմակերպությունը համապատասխան ծանուցումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում իր կանոնադրության մեջ չի կատարում համապատասխան փոփոխություններ, ապա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության պետական վարչությունը կարող է դիմել դատարան` հասարակական կազմակերպության լուծարման պահանջով:

12. Սույն կարգի կիրառման ընթացքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով: