Համարը 
N 46
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.02.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.02.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.02.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ, ԱՅԴ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ, ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“27” փետրվարի 2004թ.

N 46

ք.Ստեփանակերտ

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը հաստատելու և պետական ոչ առևտրային կազմակերպությունների վարկային գործառույթները սահմանափակելու մասին

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ

ա) պետական ոչ առևտրային կազմակերպությունները չեն կարող վերցնել և տրամադրել վարկեր կամ փոխառություններ.

բ) լիազորված մարմնի կողմից, պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2004 թվականի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների մասին ամփոփ տեղեկատվությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվում ոչ ուշ, քան 2004 թվականի մարտի 15-ը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան  

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

2004թ. փետրվարի 27-ի

թիվ 46 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների ներկայացման, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման

 

1. Սույն կարգով սահմանվում են պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություն) ֆինանսական և տնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշների, այդ գործունեության մասին հաշվետվությունների կազմման, ներկայացման ու ամփոփման պայմանները:

2. Սույն կարգի իմաստով`

ա) հաշվետվություններ են համարվում կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն (այսուհետև` նախարարություն) որոշակի պարբերականությամբ և տեսքով (բովանդակությամբ) ներկայացվող թվային և (կամ) վերլուծական տեղեկատվությունը.

բ) հաշվետու ժամանակահատված է համարվում տվյալ ֆինանսական տարվա այն ժամանակահատվածը, որի ընթացքում իրականացված գործառույթների մասին ներկայացվում է հաշվետվությունը.

գ) հաշվետու ժամանակահատվածի ավարտ է համարվում հաշվետու ժամանակահատվածի վերջին օրացուցային օրը.

դ) հաշվետու մարմիններ են համարվում կազմակերպությունները:

3. Կազմակերպությունները նախարարության սահմանված ձևով և ժամկետներում կազմակերպությունների ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններին (այսուհետև` լիազորված մարմին) են տրամադրում տվյալ տարվան հաջորդող տարում կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ ծրագրային ցուցանիշները:

4. Լիազորված մարմիններն ամփոփում են սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ծրագրային ցուցանիշները և նախարարության սահմանված ձևով ու ժամկետներում վերջինիս են ներկայացնում այդ ցուցանիշների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

5. Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունն իրենից ներկայացնում է հաշվետու ժամանակահատվածում կազմակերպության կողմից իրականացված ֆինանսատնտեսական գործունեության մասին թվային և (կամ) վերլուծական տեղեկատվություն:

6. Հաշվետվությունը կազմվում, ամփոփվում և նախարարություն է ներկայացվում եռամսյակային ու տարեկան պարբերականությամբ: Նախարարության կողմից կարող են սահմանվել նաև կազմակերպությունների կողմից առանձին դեպքերում ամսական պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացվելու պահանջներ:

7. Նախարարություն հաշվետվություններ ներկայացնելու ժամկետ է համարվում`

ա) ամսական պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 27-ը.

բ) եռամսյակային պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը.

գ) տարեկան պարբերականությամբ ներկայացվող հաշվետվությունների համար` հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

8. Հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը, կազմն ու բովանդակությունը, դրանց կազմման, ամփոփման ու ներկայացման առանձնահատկությունները, ինչպես նաև հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանում է նախարարությունը:

9. Հաշվետվությունները նախարարություն են ներկայացվում հետևյալ կարգով`

ա) հաշվետու մարմինները` տվյալ հաշվետվությունների կազմման համար սահմանված ձևերին համապատասխան կազմում և հաշվետու ժամանակահատվածի ավարտից հետո 10-օրյա ժամկետում (տարեկան հաշվետվությունների դեպքում` մինչև հաշվետու ֆինանսական տարվան հաջորդող տարվա փետրվարի 10-ը) լիազորված մարմիններին են տրամադրում համապատասխան հաշվետվություններ.

բ) լիազորված մարմիններն ամփոփում են հաշվետու մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը և մինչև տվյալ հաշվետվության ներկայացման համար սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը ներկայացնում են նախարարություն:

10. Ելնելով հաշվետվություններում ներառված տեղեկատվության բովանդակությունից հաշվետվությունների առանձին տեսակների համար նախարարության կողմից կարող են սահմանվել հաշվետվություններ ներկայացնելու այլ ժամկետներ, քան սահմանված են սույն կարգի 9-րդ կետով` պայմանով, որ այդ ժամկետների ընդհանուր տևողությունը տվյալ հաշվետվության համար չպետք է գերազանցի սույն կարգի 7-րդ կետով սահմանված` համաձայն հաշվետվություններ ներկայացնելու վերջնական ժամկետի տևողությունը:

11. Սույն կարգի 9-րդ կետի համաձայն նախարարություն ներկայացված հաշվետվություններն ամփոփվում են նախարարությունում և նախարարության սահմանված ձևին համապատասխան առանձին հավելվածով կցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությանը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան