ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2–րդ մասի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
2004թ. ապրիլի 27-ի
թիվ 178 որոշման |
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ
1. Սույնով սահմանվում են ոստիկանության ծառայողի առողջական վիճակի հետազոտման պայմանները, պարբերականությունը և կարգը:
2. Ոստիկանության բժշկական հաստատության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումներից հիմնականն ամենամյա բժշկական քննություններն են, որոնց նպատակներն են՝
ա) ամենամյա պլանային կանխարգելիչ զննումների և հետազոտությունների իրականացումը.
բ) տարաբնույթ հիվանդություններ ունեցող անձանց հիվանդությունների վաղ փուլերում հայտնաբերումը և այդ անձանց առողջության ու աշխատունակության վերականգնման բժշկական միջոցառումների պատեհաժամ իրականացումը.
գ) թմրամոլությամբ, ալկոհոլությամբ, հոգեկան շեղումներով տառապող անձանց հայտնաբերման նպատակով համալիր հետազոտությունների իրականացումը:
Թմրամոլությամբ, ալկոհոլությամբ և հոգեկան շեղումներով տառապող ոստիկանության ծառայողների հետազոտման արդյունքների մասին ոստիկանության բժշկական հաստատությունում կազմվում է տեղեկանք, որը բժշկական հաստատության ղեկավարի կողմից զեկուցագրի հետ միասին ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին (այսուհետ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետ)՝ դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար.
դ) անցկացված հետազոտությունների արդյունքների հիման վրա դինամիկ հսկողության համար համապատասխան քանակակազմի ընտրությունը.
ե) ելնելով ֆիզիկական վիճակի գնահատումից՝ ոստիկանության ծառայողների բաշխումն ըստ դիսպանսեր հաշվառման խմբերի:
3. Ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են տարեկան մեկ անգամ՝ համաձայն ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի:
4. Ոստիկանության ծառայողների ամենամյա կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են ամբուլատոր պայմաններում՝ ոստիկանության բժշկական հաստատության պոլիկլինիկայում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն շրջաններում և համայնքներում, որտեղ բացակայում են ոստիկանության բժշկական հաստատությունները, ոստիկանության ծառայողների կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության համապատասխան բժշկական հիմնարկներում:
Ախտորոշման տեսանկյունից դժվարություն ներկայացնող և խորացված հետազոտության անհրաժեշտություն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողի բժշկական քննությունը կարող է շարունակվել առողջապահության նախարարության համապատասխան բժշկական հիմնարկի ստացիոնար պայմաններում:
Ոստիկանության բարձրագույն և գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձանց կանխարգելիչ բժշկական քննություններն անցկացվում են ստացիոնար պայմաններում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հիմնարկներում՝ ամեն տարի 2-7 օր տևողությամբ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հիմնարկներն անցկացված բժշկական քննությունների արդյունքների մասին գրավոր իրազեկում են ոստիկանության բժշկական հաստատությանը՝ ոստիկանության ծառայողների առողջության ցուցանիշների կենտրոնացված հաշվառման, վերլուծության և ընդհանրացման համար: Ոստիկանության բժշկական հաստատություններ չունեցող շրջանների ոստիկանության ծառայողների բժշկական քննություններն իրականացնում է ոստիկանության բժշկական հաստատությունը՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն:
Ամենամյա բժշկական քննություններն անցկացնելիս կարող է կիրառվել ոստիկանության ծառայողների կանխարգելիչ բժշկական քննությունների բրիգադային եղանակը՝ ոստիկանության բժշկական հաստատության բժիշկների հանձնախմբի արտագնա այցելությունների ձևով:
Ոստիկանությունում ծառայության առաջին տարում ոստիկանության ծառայողները կանխարգելիչ բժշկական քննության չեն ենթարկվում: Որպես հիմք ընդունվում են վերջիններիս ծառայության ընդունելու կապակցությամբ ոստիկանության բժշկական հանձնաժողովի կողմից անցկացված բժշկական զննման արդյունքները:
5. Ոստիկանության ծառայողի կանխարգելիչ բժշկական զննությունը լայնածավալ միջոցառումների համալիր է և ընդգրկվում է՝
ա) զննում բժիշկ-մասնագետների կողմից՝ թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, հոգեբույժ, ատամնաբույժ, իսկ ոստիկանության կին ծառայողները՝ լրացուցիչ նաև գինեկոլոգի կողմից,
բ) լաբորատոր-գործիքային քննություններ՝ անթրոպեմետրիա, կրծքավանդակի օրգանների ֆլյուորագրաֆիա (ռենտգենոսկոպիա), էլեկտրասրտագրություն, արյան և մեզի լաբորատոր ուսումնասիրություն (ընդհանուր անալիզ):
Առանձին դեպքերում կանխարգելիչ բժշկական քննությունների նախատեսված ծավալը կարող է ընդլայնվել: Բժշկական ցուցումների առկայության կամ էլ որևէ հիվանդության կասկածի դեպքում կարող են նշանակվել լրացուցիչ հետազոտություններ՝ զննում նեղ մասնագետների (ուրոլոգ, ուռուցքաբան և այլն) կողմից, գործիքային և լաբորատոր հետազոտություններ (գաստրոսկոպիա, գերձայնային հետազոտություն, կոլոնոսկոպիա և այլն):
6. Ոստիկանության բժշկական հաստատությունում կանխարգելիչ հետազոտությունների հիմնական կազմակերպիչը տեղամասային բժիշկ-թերապևտն է, որի վրա են դրված տվյալ բժշկական տեղամասին ամրակցված ծառայողների հետազոտման և այդ աշխատանքներում այլ մասնագետների ներգրավման պատասխանատվությունը, ինչպես նաև անցկացված հետազոտությունների արդյունքների վերլուծությունն ու ընդհանրացումը: Կանխարգելիչ բժշկական քննությունների կազմակերպման և դրանց ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացվում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի և նրա բուժական գծով տեղակալի կողմից:
7. Ոստիկանության ծառայողների մանրակրկիտ բժշկական հետազոտությունից և արդյունքների ամփոփումից հետո կատարվում է բաշխում՝ ըստ դիսպանսեր հաշվառման հետևյալ խմբերի՝
1-ին խումբ՝ առողջներ.
2-րդ խումբ՝ գործնականում առողջներ՝ քրոնիկական բնույթի հիվանդություններ կամ տարիքային փոփոխություններով պայմանավորված ախտաբանական շեղումներ ունեցող անձինք, որոնց հիվանդությունները չունեն առաջընթացի հակումներ և էապես չեն անդրադառնում վերջիններիս աշխատունակության վրա.
3-րդ խումբ՝ մշտական բժշկական հսկողության կարիք ունեցողներ՝ պարբերական սրացումներով և աշխատունակության իջեցմամբ ուղեկցվող քրոնիկական բնույթի հիվանդություններ ունեցող ծառայողներ:
3-րդ խմբում ընդգրկված ոստիկանության ծառայողները վերցվում են դիսպանսեր հաշվառման և վերջիններիս նկատմամբ սահմանվում է ակտիվ-դինամիկ հսկողություն:
8. Ակտիվ-դինամիկ հսկողությունը ենթադրում է դիսպանսեր հաշվառման վերցված անձանց պարբերական այցելություններ համապատասխան բժշկական հաստատություն՝ մասնագետների խորհրդատվության և որոշակի լաբորատոր-գործիքային հետազոտությունների իրականացման համար: Այցելությունների ժամկետները և իրականացվելիք հետազոտությունների ծավալները կախված են կոնկրետ հիվանդության բնույթից ու ընթացքի առանձնահատկություններից և սահմանված են համապատասխան նորմատիվ ակտերով:
9. Ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի կողմից ամենամյա բժշկական քննությունների արդյունքների հիման վրա նախապատրաստվում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին է ներկայացվում զեկուցագիր, որում արտացոլվում են բժշկական քննություններին (ըստ ստորաբաժանումների) ոստիկանության ծառայողների մասնակցության աստիճանը, ստացված տվյալների վերլուծությունը, ընդհանրացումը և դրանց արդյունքների հիման վրա ոստիկանության ծառայողների բուժական սպասարկումը կատարելագործելու նպատակով մշակված առաջարկությունները:
10. Ոստիկանության ծառայողներն ամենամյա բժշկական քննություններին չներկայանալու կամ դրանցից խուսափելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
11. Ոստիկանության բժշկական հաստատության բժշկական քննություն իրականացնող անձնակազմը պատասխանատու է քննության (հետազոտության) արդյունքների օբյեկտիվության (ճշտության) համար:
12. Ամենամյա բժշկական քննությունների արդյունքների ամփոփման, դրանց պատշաճ ամրագրման, հաշվառման և դրանց հետ կապված այլ իրավահարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի հրամաններով:
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |