Համարը 
N 23
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.01.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.01.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.01.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍԵԼԵԿՑԻՈՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' հունվարի 2005թ.

N 23

ք.Ստեփանակերտ

 

Սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին

 

Համաձայն «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. Դանիելյան  

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2005թ. հունվարի «26»

թիվ 23 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանի վարման

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան) վարում և պահպանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` լիազորված մարմին):

 

II. Գրանցամատյանում գրանցվող և հաշվառվող սելեկցիոն նվաճումները

 

2. Գրանցամատյանում գրանցվում և հաշվառվում են`

ա) նախկին ԽՍՀՄ-ում և մինչև 2002թ. հունվարի 22-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շրջանացված բույսերի բոլոր սորտերն ու հիբրիդները` արտոնագրի գործողության մնացած ժամկետի հաշվով.

բ) «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` 2002թ. հունվարի 22-ից հետո արտոնագրի ստացած սելեկցիոն նվաճումները` արտոնագրի գործողության մնացած ժամկետի հաշվով:

 

III. Գրանցամատյանում սելեկցիոն նվաճումը գրանցելու, հաշվառելու և հանելու ընթացակարգերը

 

3. Գրանցամատյանում սելեկցիոն նվաճման գրանցումը, հաշվառումը և գրանցումից հանումը կատարվում է արտոնագիր տալու կամ այն գրանցումից հանելու մասին որոշման ընդունումից հետո` 5-օրյա ժամկետում:

4. Յուրաքանչյուր սելեկցիոն նվաճում գրանցվում և հաշվառվում է առանձին` լիազորված մարմնի կողմից հաստատված անվանմամբ: Եթե սելեկցիոն նվաճումն այլ երկրում արտոնագիր է ստացել այլ անվանմամբ, ապա փակագծերի մեջ գրվում է նաև այդ անվանումը, և այն երկրի երկնիշ ծածկագիրը, որտեղ իրավասու կազմակերպության կողմից սելեկցիոն նվաճմանը տրվել է արտոնագիր:

5. Սելեկցիոն նվաճումը գրանցվում է ցեղի կամ տեսակի բուսաբանական անվանմամբ` հայերեն և լատիներեն: Սելեկցիոն նվաճումը կարող է գրանցվել նաև Սելեկցիոն նվաճումների պահպանության միջազգային միության պաշտոնական լեզուներից մեկով:

6. Ոչ ավանդական եղանակներով բուծված սելեկցիոն նվաճումների ծագման մասին տեղեկությունները գրանցամատյանում գրանցվում են առանձին հավելվածի տեսքով` որպես սորտի նկարագրության բաղկացուցիչ մաս:

7. Գրանցվող սելեկցիոն նվաճմանը վերաբերող նյութերն ստորագրվում են լիազորված մարմնի ղեկավարի կողմից և պահպանվում արտոնագրի գործողության ժամկետի ընթացքում:

8. Եթե գրանցամատյանում տեղի են ունենում սույն կարգով սահմանված և հրապարակված տեղեկությունների փոփոխություններ, ապա այդ դեպքում լիազորված մարմինը դրանք գրանցամատյանում գրանցում է պաշտոնական փաստաթղթերն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում:

9. Լիազորված մարմինը գրանցամատյանում սելեկցիոն նվաճումը գրանցելու, հաշվառելու, գրանցումից հանելու և տեղի ունեցած այլ փոփոխությունների մասին տեղեկություններ է հրապարակում սելեկցիոն նվաճման պաշտոնական տեղեկագրում դրանց իրականացումից հետո 6-ամսյա ժամկետում:

10. Սելեկցիոն նվաճումը գրանցամատյանից դուրս բերելու մասին լիազորված մարմնի որոշման պաշտոնական հրապարակումից հետո 6-ամսյա ժամկետում յուրաքանչյուր անձ, առանց սահմանափակումների կարող է դիմում ներկայացնել լիազորված մարմին` որոշման նյութերին ծանոթանալու համար:

11. Լիազորված մարմինը դիմումն ստանալուց հետո 3-օրյա ժամկետում դիմողին է տրամադրում պահանջված նյութերի կրկնօրինակները:

 

IV. Գրանցամատյանում արձանագրվող տեղեկությունները

 

12. Գրանցամատյանում սելեկցիոն նվաճման վերաբերյալ արձանագրվում են հետևյալ տեղեկությունները`

ա) սելեկցիոն նվաճմանն արտոնագրի և օգտագործման թույլտվություն տալու մասին լիազորված մարմնի որոշման համարն ու ամսաթիվը.

բ) սելեկցիոն նվաճմանն արտոնագիր և օգտագործման թույլտվություն տալու մասին պաշտոնական տեղեկատվության աղբյուրն ու ժամկետը.

գ) արտոնագրի համարը, որը միաժամանակ հանդիսանում է գրանցամատյանում սելեկցիոն նվաճման գրանցման հերթական համարը.

դ) սելեկցիոն նվաճման արտոնագրի և օգտագործման թույլտվության խնդրարկման հայտերի ծածկագիրը (ծածկագրերը).

ե) սելեկցիոն նվաճման հաստատված անվանումը.

զ) արտոնագրատիրոջ ճշգրիտ անվանումը (անունը, ազգանունը).

է) սելեկցիոն նվաճման օգտագործման թույլտվության գոտին (գոտիները).

ը) սելեկցիոն նվաճման բուծման երկրի երկնիշ ծածկագիրը.

թ) այլ երկրների սելեկցիոն նվաճումների պետական գրանցամատյաններում գրանցման ժամկետը.

ժ) սելեկցիոն նվաճման արտոնագրատեր չհամարվող հեղինակին (հեղինակներին) հանձնված հեղինակային իրավունքի վկայագրերի համարն ու հանձնման ամսաթիվը.

ժա) սելեկցիոն նվաճման պահպանությունը կազմակերպող ֆիզիկական կամ իրավաբանական անձի (անձանց) գտնվելու կամ բնակության վայրը.

ժբ) սելեկցիոն նվաճման արտոնագրի խնդրարկման հայտում` հեղինակների մասին տեղեկությունները:

 

V. Այլ դրույթներ

 

13. Գրանցամատյանն ունի հավելված, որտեղ ըստ արտոնագրերի գրանցման հերթական համարների, պահպանվում են սելեկցիոն նվաճումների հաստատված նկարագրությունները և օգտագործման վերաբերյալ լիազորված մարմնում գրանցված լիցենզային պայմանագրերի կրկնօրինակները:

14. Լիազորված մարմինն ստեղծում և պահպանում է գրանցամատյանի էլեկտրոնային տարբերակը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան