ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին
«Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով և հաստատել դրա կազմը /հավելված 1/:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը /հավելված 2/:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 26-ի թիվ 231 որոշման |
ԿԱԶՄ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական անվանափոխումների
մասնագիտական հանձնաժողովի
Յուրի Առաքելյան ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների
թեկնածու /հանձնաժողովի նախագահ/
Արմեն Սարգսյան ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Վահրամ Բալայան ԱրՊՀ պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների
թեկնածու, դոցենտ
Սլավա Սարգսյան ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների
պահպանության և ուսումնասիրման բաժնի վարիչ
Վիլեն Սաֆարյան ԼՂՀ պաշտպանության նախարարության տեղագրության ծառայության պետ
Գարիկ Գրիգորյան ԼՂՀ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ
Լևոն Լալայան ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի
քարտեզագրման, գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության բաժնի պետ
Ֆելիքս Հակոբյան «Գեոդեզիայի, քարտեզագրության, հողաշինարարության և անշարժ գույքի
գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն
Մհեր Հարությունյան ԼՂՀ պաշտպանության նախարարության «Մարտիկ» թերթի ավագ գրական
աշխատող, պատմական գիտությունների թեկնածու /հանձնաժողովի քարտուղար/
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 26-ի թիվ 231 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի
I. Ընդհանուր դրույթներ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովը /այսուհետև` հանձնաժողով/ ստեղծվել է «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 231 որոշմամբ:
2. Հանձնաժողովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների ու անվանափոխումների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող աշխարհագրական օբյեկտների անվանումների օգտագործման կանոնակարգման հարցերով զբաղվող մարմին է:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Աշխարհագրական անվանումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբ:
II. Հանձնաժողովի խնդիրներն ու գործառույթները
4. Հանձնաժողովի խնդիրներն են`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ առաջարկությունների քննարկումն ու եզրակացությունների տրամադրումը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանումների տառադարձությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող այլ աշխարհագրական օբյեկտների անվանումների հայերենով տառադարձության և արտասանության մեթոդաբանության հիմքերի մշակումը.
գ/ աշխարհագրական օբյեկտների պատմական անունները վերականգնելու, օտարամուտ, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելու հիմնավորումը.
դ/ պաշտոնական տեղեկատուի /գազետիրի/, ինչպես նաև այլ տեղեկատուների ու բառարանների հրատարակման մասին կարծիքների և եզրակացությունների տրամադրումը.
ե/ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների կանոնակարգմանն առնչվող հարցերի պարզաբանման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, գերատեչությունների, այլ հիմնարկների ու կազմակերպությունների մասնագետների հետ համագործակցված աշխատանքի կազմակերպումը:
5. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան`
ա/ մասնագիտական եզրակացություն է տալիս գրանցման ենթակա աշխարհագրական օբյեկտների անվանումների մասին.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրում է աշխարհագրական օբյեկտների անվանումների, վերանվանումների, ճշտումների վերաբերյալ առաջարկությունները.
գ/ կարծիք է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից կազմված աշխարհագրական անվանումների, անվանակոչումների և անվանափոխումների վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի մասին.
դ/ հարցերի լուծման նպատակով ներգրավում է համապատասխան կազմակերպություններ, հիմնարկներ, մասնագետների և գիտնականների:
III. Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը
6. Հանձնաժողովի կազմը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
7. Հանձնաժողովի նախագահը`
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե է ներկայացնում հանձնաժողովի նախապատրաստած առաջարկությունները.
բ/ նշանակում է հանձնաժողովի նիստի վայրը, օրը, ժամը և առաջարկում օրակարգը.
գ/ կատարում է հանձնաժողովի անդամների միջև աշխատանքի բաշխում.
դ/ իրականացնում է սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
8. Հանձնաժողովի քարտուղարը`
ա/ ապահովում է հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի, նիստերի օրակարգերի անհրաժեշտ նյութերի, ինչպես նաև որոշումների նախագծերի նախապատրաստումը.
բ/ հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան հանձնաժողովի նիստից 7 օր առաջ ուղարկում է հանձնաժողովի նիստի օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող անհրաժեշտ նյութերը, նրանց տեղեկացնում հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին.
գ/ կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և հետևում հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքին:
9. Հանձնաժողովի անդամները`
ա/ իրավունք ունեն հարցեր և առաջարկություններ ներկայացնելու հանձնաժողովի քննարկմանը և ծանոթանալու հանձնաժողովի նիստերի արձանագրություններին.
բ/ պարտավոր են մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել հանձնաժողովի ու նրա նախագահի հանձնարարականները:
10. Հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է հանձնաժողովի նիստերի միջոցով: Նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստի մասնակիցների ձայների թվի պարզ մեծամասնությամբ:
Հանձնաժողովի որոշումներն ունեն խորհրդատվական բնույթ:
Հանձնաժողովի նախագահի հրավերով հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել այլ անձինք` խորհրդակցական ձայնի իրավունքով:
11. Հանձնաժողովն ունի իր անվամբ ձևաթուղթ:
IV. Հանձնաժողովի գործունեության դադարումը
12. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է օրենքով սահմանված կարգով:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |