Համարը 
N 269
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.05.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.05.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" մայիսի 2005թ.

N 269

ք.Ստեփանակերտ

 

Քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը սահմանելու մասին

 

Համաձայն «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սահմանել քաղաքացիական պաշտպանության կազմավորումների ստեղծման, նախապատրաստման և գործունեության կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության 2005թ.

«24» մայիսի

թիվ 269 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են «Քաղաքացիական պաշտպանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված քաղաքացիական պաշտպանության կազմավորումների (այսուհետ՝ կազմավորումներ) ստեղծումը, նախապատրաստումը և գործունեությունը:

 

I I. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

 

2. Կազմավորումները, անհրաժեշտության դեպքում, ստեղծվում են համայնքներում, կազմակերպություններում՝ համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի որոշումներով:

Կազմավորումները նախատեսված են փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների կատարման համար:

3. Կազմավորումները լինում են՝

ա) փրկարարական՝  խոցման օջախներում և արտակարգ իրավիճակներում փրկարարական ու վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.

բ) հետախուզական՝  ջրածածկման գոտիներում, զանգվածային հրդեհների շրջանում, բնակավայրերում և տեղաշարժման երթուղիներում մասնագիտացված հետախուզություն իրականացնելու համար.

գ) մեքենայացված աշխատանքների՝  փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար.

դ) ճառագայթային և քիմիական դիտարկման՝ ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակները դիտարկելու համար.

ե) կապի՝ կապի ապահովման և կապի գծերում, ցանցերում ու կառույցներում անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու համար.

զ) բժշկական՝  հրատապ նախաբժշկական, հրատապ բժշկական, շտապ բուժօգնություն, մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու, խոցման օջախներում սանիտարահամաճարակային, մանրէաբանական հետախուզություն, համաճարակային և սանիտարահիգիենիկ միջոցառումներ անցկացնելու համար.

է) հակահրդեհային՝  հրդեհների կանխարգելման, հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար.

ը) ինժեներական՝  ինժեներական հետախուզության, վթարափրկարարական և այլ անհետաձգելի աշխատանքների անվտանգության ապահովման նպատակով պայթեցման, ինչպես նաև պաշտպանական կառույցների շինարարության ու շահագործման աշխատանքներ կատարելու համար.

թ) վթարատեխնիկական՝  խոցման օջախում, կոմունալ, էներգետիկ ցանցերում և շինություններում վթարային տեխնիկական աշխատանքներ կատարելու համար.

ժ) հասարակական կարգի պահպանման՝  բնակավայրերում, կազմակերպություններում, տարահանման հավաքակայաններում և տեղաբաշխման վայրերում ու տրանսպորտային երթուղիներում հասարակական կարգի պահպանություն իրականացնելու համար.

ժա) հասարակական սննդի մատակարարման՝  փրկարարական, վթարավերականգնողական, հատուկ մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ իրականացնող կազմավորումների անձնակազմերին, ինչպես նաև տուժած բնակչությանը սննդով ապահովելու համար.

ժբ) վառելիքի լցավորման շարժական՝  փրկարարական, վթարավերականգնողական, մասնագիտացված և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների ավտոտրանսպորտային ու այլ տեխնիկական միջոցները վառելիքաքսուքային նյութերով ապահովելու համար.

ժգ) ջրամատակարարման և ջրալցավորման կետերի սպասարկման՝  փրկարարական, վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքներ կատարող կազմավորումների անձնակազմերին ու տուժած բնակչությանը ջրով ապահովելու համար.

ժդ) տեխնիկայի վերանորոգման և տարահանման շարժական՝  դաշտային պայմաններում տեխնիկայի վերանորոգման և տարահանման աշխատանքներ կատարելու համար.

ժե) գյուղատնտեսական կենդանիների պաշտպանության՝  անասնաբուժական հետախուզության, վարակված կենդանիների անասնաբուժական մշակման, կենդանիների, անասնակերի և ջրի աղբյուրների պաշտպանության, սննդի ու անասնակերի վարակազերծման, ինչպես նաև անասնաբուժական – սանիտարական կանխարգելիչ և կարանտինային միջոցառումներ իրականացնելու համար.

ժզ) գյուղատնտեսական բույսերի, անտառների պաշտպանության՝  ֆիտոպաթոլոգիական և էնտոմոլոգիական հետախուզության, գյուղատնտեսական բույսերի ու բերքի պաշտպանության, դաշտերի և անտառների վարակազերծման աշխատանքներ իրականացնելու համար.

ժէ) ավտոտրանսպորտային՝  բնակչության տարահանման, նյութական ու մշակութային արժեքների ու նյութատեխնիկական միջոցները տեղափոխելու համար.

ժը) բնակչության հատուկ սպասարկումների՝  բնակչության շրջանում անվերադարձ կորուստների հաշվառման ու դիակների հուղարկավորման աշխատանքներ կատարելու համար:

4. Կազմավորումների տեսակները, թիվը, կազմակերպական կառուցվածքը և հագեցվածության (ապահովման) նորմերը մշակում ու հաստատում են կազմավորումներ ստեղծող քաղաքացիական պաշտպանության պետերը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ համաձայնեցնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) հետ:

5. Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում գործելու պլաններով անհրաժեշտ կազմավորումների խմբավորման հաշվարկները որոշում ու հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ դրանք համաձայնեցնելով շահագրգիռ մարմինների ղեկավարների, իսկ առանձին դեպքերում՝ նաև հատուկ կարևորագույն նշանակության օբյեկտների ղեկավարների հետ:

6. Կազմավորումների ապահովումը հատուկ տեխնիկայով և տրանսպորտային միջոցներով իրականացվում է՝

ա) պետական մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներով.

բ) համայնքին, կազմակերպությանը և ֆիզիկական անձին պատկանող տեխնիկական միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով՝ բացառությամբ ռազմական դրության ժամանակ միջոցառումների իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերին և այլ զորքերին ամրագրված տեխնիկական միջոցների:

7. Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակ, ինչպես նաև հատուկ տակտիկական ուսումնավարժությունների ընթացքում կազմավորումների ապահովումը սննդով կարող է իրականացվել՝

ա) համայնքի, կազմակերպության տարածքներում գործելու դեպքում այդ համայնքների և կազմակերպությունների միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով:

բ) մի քանի համայնքի կամ կազմակերպության տարածքներում գործելու դեպքում այդ համայնքների և կազմակերպությունների միջոցներով՝ պայմանագրային հիմունքներով:

8. Կազմավորումների հաշվառումը կատարվում է լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանումներում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

9. Կազմավորումների պատրաստվածության վիճակը գնահատվում է քաղաքացիական պաշտպանության ուսումնավարժությունների ընթացքում՝ այդ ուսումնավարժություններին կազմավորումների ընդգրկմամբ և ամեն տարի ուսումնական տարվա վերջում հատուկ տակտիկական ուսումնավարժության անցկացմամբ:

10. Կազմավորումների պատրաստության վիճակի պլանային և արտապլանային ստուգումներ կարող են իրականացնել՝

ա) լիազոր մարմնի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված այլ պաշտոնատար անձինք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամբողջ տարածքում.

բ) պետական կառավարման հանրապետական մարմինների ղեկավարները՝ իրենց ենթակա կազմակերպություններում.

գ) շրջանում՝ (Ստեփանակերտ քաղաքում)՝ շրջանի վարչակազմի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը)՝ շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) տարածքում.

դ) համայնքներում և կազմակերպություններում՝ համապատասխան համայնքի, կազմակերպության ղեկավարը՝ տվյալ համայնքում, կազմակերպությունում.

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ՝ այլ պաշտոնատար անձինք:

 

I I I. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԻ (ՊԵՏԵՐԻ) ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Կազմավորումների հրամանատարները (պետերը)՝

ա) պլանավորում են կազմավորումների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումները և ապահովում դրանց իրականացումը,

բ) սահմանում են կազմավորումների անձնակազմի պարտականությունները.

գ) կազմակերպում և ապահովում են կազմավորումների անձնակազմերի պատրաստումը.

դ) ապահովում են կազմավորումների պատրաստականության բերելու միջոցառումների իրականացումը.

ե) ղեկավարում են խոցման օջախներում փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը.

զ) ապահովում են այլ կազմավորումների հետ փոխգործողությունների կազմակերպումը.

է) կազմակերպում են կազմավորումների նյութատեխնիկական միջոցներով ապահովումը:

 

I V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

12. Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով կազմավորումների հրամանատարների (պետերի) ու անձնակազմերի պատրաստումը և ուսուցումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը հաստատելու մասին» թիվ 234 որոշման համաձայն:

 

V. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

13. Կազմավորումների գործունեությունն իրականացվում է միանձնյա ղեկավարման սկզբունքով՝ համագործակցելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումներում ընդգրկված կառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ ուժերի հետ:

14. Կազմակերպությունների կազմավորումները գործում են տվյալ կազմակերպության տարածքում, իսկ շրջանի (Ստեփանակերտ քաղաքի), համայնքի քաղաքացիական պաշտպանության պետի որոշմամբ և կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետի համաձայնությամբ՝ նաև այլ վայրերում:

15. Համայնքային կազմավորումները գործում են տվյալ համայնքի տարածքում և շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) այլ համայնքների տարածքում՝ համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) որոշմամբ:

16. Կազմակերպությունները պատրաստականության են բերվում տվյալ կազմակերպության ղեկավարի կողմից՝ քաղաքացիական պաշտպանության համակարգը լիակատար պատրաստության բերելու դեպքում, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում:

Կազմավորումների անձնակազմերի ազդարարումն ու հավաքն իրականացվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերի կողմից հաստատված՝ ազդարարման և հավաքի սխեմայի համաձայն:

17. Կազմավորումների պատրաստականությունն ապահովում են քաղաքացիական պաշտպանության պետերը, նրանց շտաբները, ծառայությունները, ինչպես նաև կազմավորումների հրամանատարները (պետերը):

18. Կազմավորումների երթը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման վայրեր կազմակերպում և անձամբ ղեկավարում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետերը:

19. Կազմավորումները գործում են քաղաքացիական պաշտպանության ուժերի խմբավորումների կազմում՝ առաջին և երկրորդ էշելոնում կամ պահեստային ուժերում: Կազմավորումները կարող են գործել նաև առանձին՝ պահպանելով կազմակերպական կառուցվածքը:

20. Փրկարարական աշխատանքների ընթացքում կազմավորումների հրամանատարները (պետերը) համագործակցում են քաղաքացիական պաշտպանության զորքերի և այդ աշխատանքներում ընդգրկված այլ ուժերի ու ստորաբաժանումների հետ:

 

VI. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

21. Կազմավորումների ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կազմավորումներ ստեղծող տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ղեկավարները:

22. Կազմավորումների ամենօրյա ղեկավարումն իրականացնում են կազմավորումների հրամանատարները (պետերը):

23. Կազմավորումների հրամանատարները (պետերը) նշանակվում և ազատվում են համապատասխան քաղաքացիական պաշտպանության պետի հրամանով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան