Համարը 
N 120-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.03.18/05(224)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.03.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.03.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» մարտի 2013թ.

N 120-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

1) ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը` համաձայն N 1 հավելվածի.

2) ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի  մարտի 12-ի N 120-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Բիոպսիոն հետազոտություն

2. Ցիտոլոգիական հետազոտություն

3. Ախտաբանաանատոմիական հերձում (աուտոպսիա)

4. Ախտաբանաանատոմիական հերձման (աուտոպսիա) նյութի հիստոլոգիական հետազոտություն

5. Ընկերքի հետազոտություն

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի մարտի 12-ի N 120-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ախտաբանաանատոմիական հետազոտությունների անցկացման և դրանց արդյունքները պետական մարմիններին և այլ անձանց տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացման հիմնական խնդիրներն են՝

1) պացիենտի կյանքի ընթացքում ախտորոշման և իրականացվող բուժման արդյունավետության որոշումը.

2) մահվան պատճառների հայտնաբերումը և բուժական-ախտորոշիչ միջամտությունների որակի վերահսկումը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հիվանդացության և մահացության հանգամանքների հետազոտումը` հիվանդության ընթացքի և մահացության պատճառների մասին ճշգրիտ վիճակագրական տվյալների ստացման նպատակով.

4) կազմակերպչական, կանխարգելիչ և այլ միջոցառումների մշակումը և բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող մասնագետներին ներկայացնելը՝ բժշկական հաստատությունների աշխատանքի որակի բարելավման նպատակով.

5) բժշկական միջամտության հետևանքների գնահատումը.

6) հիվանդությունների հետմահու ախտորոշումը.

7) մահվան անմիջական պատճառի, առաջնային և հիմնական հիվանդությունների որոշումը, սուր վարակիչ և հատուկ վտանգավոր վարակների հայտնաբերումը:

 

II. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

3. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները կատարվում են բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի համար լիցենզավորված հաստատությունում (այսուհետ` հաստատություն)՝ համապատասխան որակավորում ունեցող մասնագետ-բժիշկների կողմից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Բիոպսիոն հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների ու օրգանների՝ մորֆոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է կենդանության օրոք հիվանդության ախտորոշման և անցկացվող բուժման արդյունավետության նպատակով:

5. Ցիտոլոգիական հետազոտությունը նախավիրահատական և հետվիրահատական շրջանում հյուսվածքների՝ ցիտոլոգիական մեթոդներով իրականացվող ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է՝ կենդանության օրոք հիվանդության ախտորոշման նպատակով:

6. Ախտաբանաանատոմիական հերձումը (աուտոպսիա) հանգուցյալի մարմնի ախտաբանաանատոմիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառի և բուժական պրոցեսի հսկողության նպատակով:

7. Ախտաբանաանատոմիական հերձման նյութի հիստոլոգիական հետազոտությունն ախտաբանաանատոմիական հերձման արդյունքում վերցված հյուսվածքների և օրգանների հիստոլոգիական հետազոտությունն է, որն իրականացվում է մահվան պատճառը հաստատելու նպատակով:

8. Ընկերքի հետազոտությունն ախտաբանաանատոմիական հետազոտությունն է՝ ուղղված պտղի և (կամ) մոր հիվանդությունների վրա ազդեցություն ունեցող ախտաբանական պրոցեսների ախտորոշմանը:

9. Ախտաբանաանատոմիական հերձման և բիոպսիոն հետազոտության արդյունքում իրականացվում է վերցված հյուսվածքների, օրգանների արխիվացում՝ առնվազն երեք տարով:

10. Ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում կազմվում է եզրակացություն, որում նշվում են պացիենտի ազգանունը, անունը, հայրանունը, սեռը, տարիքը, գործիքային ու լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

11. Ախտաբանաանատոմիական հետազոտությունից հետո ախտորոշումը և եզրակացությունը գրանցվում կամ կցվում են հիվանդության (ծննդաբերության) պատմությանը:

12. Հետազոտության կատարման ընթացքում ախտաբանաանատոմը`

1) պահպանում է պացիենտի պատիվն ու արժանապատվությունը.

2) ցուցաբերում է հոգատար և հարգալից վերաբերմունք պացիենտի նկատմամբ.

3) պահպանում է հետազոտության ընթացքում ստացված տեղեկությունների գաղտնիությունը` բացառությամբ սույն կարգով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

4) ախտաբանաանատոմիական հետազոտության արդյունքում հանգում է գիտականորեն հիմնավորված և օբյեկտիվ եզրակացությունների.

5) պահպանում է սույն կարգով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջները:

 

III. ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

13. Հետազոտության կատարման ընթացքում ստացված տեղեկությունները, ինչպես նաև հետազոտության վերաբերյալ եզրակացությունը համարվում են բժշկական գաղտնիք և պահպանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Հետազոտության արդյունքները հաստատության ղեկավարի կողմից տրամադրվում են`

1) պացիենտին կամ օրինական ներկայացուցչին.

2) ախտաբանաանատոմիական հերձման վերաբերյալ եզրակացությունը` նաև ընտանիքի անդամներին` վերջիններիս պահանջի դեպքում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը, դատարանին:

15. Ախտաբանաանատոմիական հետազոտության վերաբերյալ եզրակացությունը սույն կարգի 14-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված անձանց տրամադրվում է ախտաբանաանատոմիական հետազոտության ավարտից հետո 5-օրյա ժամկետում, իսկ սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված մարմիններին` հարցումն ստանալուց հետո 2-օրյա ժամկետում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ