Համարը 
N 373-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.06.25/13(232)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
18.06.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
18.06.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«18» հունիսի 2013թ.

N 373-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջադրանքների, ինչպես նաև քաղաքացիական գործերով դատարանների որոշումների հիման վրա մատուցվող ծառայությունների դիմաց գոյացած ֆինանսական միջոցների օգտագործման գործընթացը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` բացել արտաբյուջետային հաշիվ:

2. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջադրանքների, ինչպես նաև քաղաքացիական կամ վարչական գործերով դատարանների որոշումների հիման վրա մատուցվող ծառայությունների դիմաց գոյացած ֆինանսական միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի հունիսի 18-ի N 373-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳՈՅԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) գործունեության ընթացքում գոյացած ֆինանսական միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով:

2. Սույն կարգով սահմանված` Կազմակերպության գործունեության ընթացքում գոյացած ֆինանսական միջոցներն են համարվում Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ձեռնարկատիրական գործունեության (իրավաբանական և ֆիզիկական անձանց առաջադրանքների, ինչպես նաև քաղաքացիական կամ վարչական գործերով դատարանների որոշումների հիման վրա իրականացվող փորձաքննությունների) ընթացքում գոյացած ֆինանսական միջոցները:

3. Մատուցվող ծառայությունների դիմաց ֆինանսական վճարումները կատարվում են անկանխիկ եղանակով` Կազմակերպության արտաբյուջետային հաշվին փոխանցելու միջոցով:

4. Կազմակերպության արտաբյուջետային հաշվում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է կազմակերպության աշխատողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` համակարգի զարգացման համար:

5. Կազմակերպության նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 90 տոկոսը բաշխվում է Կազմակերպության աշխատողների միջև` նրանց պաշտոնային դրույքաչափերին համամասնորեն և վճարվում է յուրաքանչյուր եռամսյակ:

6. Կազմակերպության աշխատողի նյութական խրախուսման եռամսյակային չափը չի կարող գերազանցել այդ աշխատողի պաշտոնային դրույքաչափի եռապատիկը: Եթե Կազմակերպության աշխատողի` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված նյութական խրախուսման միջոցների եռամսյակային չափը գերազանցում է տվյալ աշխատողի պաշտոնային դրույքաչափի եռապատիկը, ապա դրանց տարբերությունը` գերազանցող մասով, ուղղվում է համակարգի զարգացմանը:

7. Կազմակերպության նյութական խրախուսման համար նախատեսված միջոցների 10 տոկոսը կարող է տրամադրվել առանձին փորձագետների` որպես դրամական պարգևատրում` աշխատանքային բարձր արդյունավետության և բարդ ու ծավալուն գործողությունների իրականացման համար:

8. Յուրաքանչյուր եռամսյակի համար այդ միջոցները հաշվարկվում և վճարվում են մինչև համապատասխան եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը, բացառությամբ սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքի:

9. Տարվա վերջին եռամսյակի համար դրամական պարգևատրումները բաշխվում են տվյալ բյուջետային տարվա վերջին 5 օրվա ընթացքում:

10. Նյութական խրախուսման համար նախատեսված համապատասխան եռամսյակի միջոցները չեն տրամադրվում այն աշխատողներին, որոնց նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, որը սահմանված կարգով հանված կամ մարված չէ: Նյութական խրախուսման համար նախատեսված՝ համապատասխան եռամսյակի միջոցները կարող են չտրամադրվել իրավական ակտերի պահանջները և աշխատանքային կարգապահությունը խախտած աշխատողներին` Կազմակերպության տնօրենի հրամանով: Սույն կետով սահմանված հիմքերով չտրամադրված միջոցներն ուղղվում են համակարգի զարգացմանը:

11. Համակարգի զարգացման համար նախատեսված միջոցներն օգտագործվում են համակարգի զարգացման, մասնավորապես՝ տեխնիկական վերազինման, վերանորոգման, պահպանման, գույքի և այլ սարքավորումների գնման, վարձակալության, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման, որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողների վարձատրության և համակարգի զարգացմանն ուղղված այլ միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

12. Գոյացած միջոցների հաշվին համակարգի զարգացմանն ուղղված ծախսերը` կապված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման հետ, կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

13. Տվյալ բյուջետային տարվա ընթացքում չօգտագործված միջոցները փոխանցվում են հաջորդ տարի` նույն նպատակով օգտագործելու համար:

14. Բյուջետային տարվա ավարտից հետո երեք ամսվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական փորձաքննությունների լաբորատորիայի տնօրենը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում հաշվետվություն` նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման մասին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ