ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հուլիսի 2013թ. |
N 465-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101 -րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջային կենտրոններում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի հուլիսի 18-ի N 465-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զբոսաշրջային կետրոններ համարվող տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները` գեղագիտական չափանիշներին բավարարող միասնական քաղաքաշինական միջավայր ձևավորելու նպատակով:
2. Զբոսաշրջային կենտրոնների (այսուհետ` կենտրոններ) կազմակերպման նպատակով հողատարածքներն առանձնացվում են համայնքների գլխավոր հատակագծերով և գոտիավորման նախագծերով, որոնք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մշակվում են համայնքում` համայնքի ղեկավարի, համայնքի վարչական սահմաններից դուրս տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի (այսուհետ` իրավասու մարմին) պատվերով` նրանց կողմից կազմված նախագծման առաջադրանքի (այսուհետ` առաջադրանք) հիման վրա:
3. Գոտիավորման նախագծերի և դրա բաղկացուցիչ մաս կազմող բնակավայրի քաղաքաշինական կանոնադրության (այսուհետ` քաղաքաշինական կանոնադրություն) առաջադրանքով` ի լրումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգը հաստատելու մասին» N 302 որոշմամբ սահմանված պահանջների, ամրագրվում են սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված կենտրոնների քաղաքաշինական միջավայրի կազմավորման հիմնական տարրերին ներկայացվող` տվյալ բնակավայրին բնորոշ ճարտարապետական կերպարի, մշակութային, բնակլիմայական և լանդշաֆտային առանձնահատկություններից բխող կառուցապատման միասնական պահանջներ:
4. Սույն կարգի 3-րդ կետով նշված պահանջները չեն կարող հակասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի, գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծերի պահանջներին:
5. Սույն կարգում չընդգրկված խնդիրների մասով գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերը:
6. Եթե կենտրոնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված է հատուկ պահպանվող պատմամշակութային հողերի սահմաններում, ապա դրանց նկատմամբ կիրառվում են նաև «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջները:
7. Կենտրոնների կազմակերպման համար առանձնացված տարածքում անհրաժեշտ է`
1) նախատեսել կառուցապատման հետևյալ տեսակների կիրառումը.
ա. հասարակական նշանակության շենքեր և շինություններ` առևտրի, սննդի, սպասարկման, առողջարանային (համապատասխան ռեսուրսների առկայության դեպքում), բուժական, հանգստի և ակտիվ ժամանցի համար նախատեսված օբյեկտներ,
բ. զբոսաշրջիկների անհատական և համատեղ կեցության համար նախատեսված շենքեր և շինություններ` հյուրանոցներ, մոթելներ, ինչպես նաև «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված այլ օբյեկտներ,
գ. բնական և քաղաքային լանդշաֆտի հանրային օգտագործման կանաչ տարածքներ,
դ. ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներ, այդ թվում` ստորգետնյա (անհրաժեշտության դեպքում) և վերգետնյա ավտոկայանատեղիներ, կենտրոններն սպասարկող տրանսպորտի համար նախատեսված կանգառներ և այլ շինություններ.
2) առաջադրանքով նախատեսել սույն կետի 1-ին ենթակետով նշված օբյեկտների կառուցապատման սխեմայի (այսուհետ` կառուցապատման սխեմա) մշակման պայման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Կառուցապատման նախագծի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը հաստատելու մասին» N 220 որոշման պահանջներին համապատասխան.
3) սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված կառուցապատման սխեմաներով նախատեսել`
ա. զբոսաշրջիկների և բնակչության հարմարավետ հանգիստն ու սպասարկումն ապահովող օբյեկտների և տրանսպորտային ենթակառուցվածքների տեղակայումը հետիոտնի հասանելիության նորմատիվային սահմաններում,
բ. կենտրոնների համար ճանապարհատրանսպորտային կապի ապահովումը միջպետական, հանրապետական ու տեղական նշանակության ավտոճանապարհների հետ,
գ. ավտոկայանատեղիների (անհրաժեշտության դեպքում` ստորգետնյա) տեղաբաշխման սխեմայի մշակումը, շենքերի բակային տարածքներում դրանց տեղակայման հնարավորությունների գնահատումը` հասարակական երթևեկության անվտանգության պայմանների ապահովմամբ,
դ. հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելիության պայմանների ապահովումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 18-ի N 465-Ն որոշման պահանջներին համապատասխան,
ե. լանդշաֆտի կանաչապատ տարածքների զարգացման և պահպանման միջոցառումների սահմանումը,
զ. հասարակական վայրերի հագեցվածությունն արտաքին դիզայնի անհրաժեշտ միջոցներով և կահավորանքով (գովազդային վահանակներ, ցուցանակներ, ճարտարապետական փոքր ձևեր և այլն),
է. սույն կարգի 8-րդ և 9-րդ կետերով սահմանված պահանջներն ապահովող նախագծային լուծումները:
8. Սույն կարգի իմաստով կենտրոնների քաղաքաշինական միջավայրի կազմավորման հիմնական տարրերն են (այսուհետ` տարրեր) շենքերն ու շինությունները (իրենց ծավալատարածական և ճարտարապետահատակագծային լուծումներով), փողոցները, լանդշաֆտը և սույն կարգի 9-րդ կետով սահմանված` քաղաքաշինական միջավայրի այլ բաղկացուցիչ մասերը:
9. Ելնելով տվյալ տարածքի առանձնահատկություններից` առաջադրանքով կանոնակարգվում են.
1) շենքերի և շինությունների ծավալային ու ճարտարապետահատակագծային լուծումներին, ինչպես նաև դրանց առանձին մասերին ներկայացվող պահանջները, այդ թվում`
ա. շենքի մասշտաբը, ճակատային լուծումներն ու դրանք շեշտադրող տարրերը (զարդաքանդակները, պորտալները, որմնախորշերը, շվաքարանները, քիվերը, կամարները և այլն),
բ. շենքի ճակատային մասի արտաքին բացվածքների (դռներ, պատուհաններ, ցուցափեղկեր) ձևավորումը,
գ. շենքի տանիքներն ու շենքերի հորիզոնական հարթությունները, ինչպես նաև ճակտոնները (ֆրոնտոնները), մանսարդները, ձեղնանցքները, եզրապատերը (պարապետները) և այլն,
դ. շվաքարանները (տենտերը, մարկիզաները),
ե. շենքի ճակատների և տանիքի հարդարման նյութերն ու երանգավորումը, արտաքին լուսավորությունը.
2) փողոցների, անցումների, հետիոտն ճանապարհների ու հեծանվաուղիների (ճանապարհային ցանց), հրապարակների, ներքին բակերի, շքաբակերի (կուրդոնյերների) և հարթակների կառուցվածքին ու ձևավորմանը, ավտոկայանատեղիների կազմակերպմանը ներկայացվող պահանջները, այդ թվում`
ա. ճանապարհային ծածկույթը (նյութը, դեկորատիվ տարրերը և գունային լուծումները),
բ. այգեպուրակային շինարարության կազմը (հենապատեր, ծառուղիներ, հարթակներ, աստիճաններ, ինչպես նաև ծառեր, թփեր, սիզամարգեր, ծաղկաթմբեր և գալարվող բույսեր, դեկորատիվ բուսական ծածկույթ, բազմամյա և միամյա բույսերի տեսակներ, կանաչապատման և բարեկարգման այլ միջոցներ),
գ. անհրաժեշտության դեպքում` քամու դեմ պաշտպանական գոտու ստեղծման միջացառումները (ծառատունկ, կանաչ ծածկույթների իրականացում տեղական ավանդական տնկանյութերի տեսակներից` տարբեր բարձրության բույսերի զուգակցմամբ):
10. Սահմանված կարգով հաստատվելուց հետո սույն կարգին համապատասխան մշակված քաղաքաշինական կանոնադրությամբ և կառուցապատման սխեմայով ամրագրված պայմանները ներառվում են իրավասու մարմնի կողմից կառուցապատողին տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքում` համապատասխան դրույթներ ամրագրելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 219 որոշման N 2 հավելվածի «Լրացուցիչ պայմաններ» բաժնում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |