Համարը 
N 612-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2013.09.20/17(236)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
12.09.2013
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
12.09.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ  ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«12» սեպտեմբերի 2013թ.

N 612-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» կետերը, 20-րդ հոդվածի 1-ին մասը և 64-րդ հոդվածի «ա» կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

1) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների տրամադրման ու հաշվառման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյանների ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 612-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԾՆՆԴԻ, ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՈՒ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

І. ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

1. Բժշկական հաստատությունում ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել ծննդաբերությունը:

2. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որի բուժաշխատողը ցուցաբերել է բուժօգնություն ծննդաբերության ժամանակ:

3. Բժշկական հաստատությունից դուրս՝ առանց բուժօգնություն ցուցաբերելու ծննդի և ծննդից անմիջապես հետո հոսպիտալացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել հոսպիտալացումը:

4. Բժշկական հաստատությունից դուրս և առանց բժշկական օգնություն ցուցաբերելու ծննդի դեպքում, երբ ծննդից անմիջապես հետո հոսպիտալացում չի իրականացվել, երեխային սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատության կողմից ծննդի մասին վկայականի փոխարեն տրվում է երեխայի առողջության մասին տեղեկանք:

5. Ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է ծննդկանին կամ նրա ամուսնուն:

6. Վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է այն անձի անունով, ով ծննդաբերել է երեխային:

7. Ծննդկանի մահվան և նրա ամուսնացած չլինելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղ ծննդաբերել է անձը: Այս դեպքում տվյալ բժշկական հաստատությունն ինքնուրույնաբար կազմակերպում է ծննդի պետական գրանցումը:

8. Ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է՝

1) ծննդկանին` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

2) ծննդկանի ամուսնուն` անձը հաստատող փաստաթուղթը և ծննդկանի հետ ամուսնության վկայականը ներկայացնելու դեպքում:

9. Սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում ծննդի մասին բժշկական վկայական չի տրվում:

10. Բժշկական վկայականը տրվում է փաստաթղթերը ներկայացվելուց հետո եռօրյա ժամկետում:

11. Բժշկական հաստատությունից, առանց ծննդի մասին բժշկական վկայականի տրամադրման, նորածնի դուրս գրման, ինչպես նաև բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում ծննդի մասին բժշկական վկայականը տրվում է՝ անկախ ծննդաբերության վաղեմությունից` սույն կարգի 8-րդ կետով նախատեսված անձանց կողմից դիմելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:

 

ІІ. ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

12. Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որտեղ տեղի է ունեցել մեռելածնությունը, կամ որտեղ մահացել է երեխան:

13. Բժշկական հաստատությունից դուրս ծննդաբերության դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը տրվում է այն բժշկական հաստատության կողմից, որի աշխատողը ցուցաբերել է բժշկական օգնություն ծննդաբերության ժամանակ:

14. Բժշկական հաստատությունից դուրս մեռելածնության կամ բժշկական հաստատությունից դուրս երեխայի մահվան դեպքում, երբ ծննդաբերության ժամանակ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ծննդկանին սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատությունն արձանագրում է պերինատալ մահվան փաստը և շտապ օգնության բրիգադի միջոցով կազմակերպում դիակի տեղափոխումն ախտաբանաանատոմիական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն: Այդ դեպքում պերինատալ մահվան մասին բժշկական վկայականը տրվում է ախտաբանաանատոմիական հերձում իրականացրած բժշկական հաստատության կողմից:

 

III. ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Տնային (բժշկական հաստատությունից դուրս) մահերի դեպքում (երբ պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերը բացակայում են) մահվան մասին բժշկական վկայականը տրվում է մահացած անձին սպասարկող առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից:

16. Առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության բուժող բժիշկը կամ տեղամասային թերապևտը, կամ ընտանեկան բժիշկը, կամ մանկաբույժը զննում է մահացածի դիակը՝ հավաստիանալով, որ չկան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքեր, մահացածի ազգականներից (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր) վերցնում է ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու վերաբերյալ գրավոր փաստաթուղթ կամ էլ մահացողի կողմից կենդանության օրոք ախտաբանաանատոմիական հերձումից հրաժարվելու մասին գրավոր փաստաթուղթ, այն հաստատում իր ստորագրությամբ և կցում կամ մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտին, կամ երեխայի հսկողության ամբուլատոր քարտին` կատարելով գրառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր ախտաբանաանատոմիական հերձում կատարելու հիմքերի բացակայության մասին: Այդ գրառումը կատարելիս՝ նշվում են գրառման օրը, ամիսը, տարեթիվը և հավաստվում գրառում կատարողի ստորագրությամբ:

17. Սույն կարգի 16-րդ կետով նախատեսված դեպքերում՝ առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատության կողմից տնային մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը տրվում է մահացածի ազգականներին կամ նրա օրինական ներկայացուցչին` մահվան պահից ոչ ուշ, քան 36 ժամ անց, նրանց դիմելու և մահացած երեխայի ծննդյան վկայականը կամ մահացողի անձնագիրը ներկայացվելու դեպքում:

18. Տնային մահերի (բժշկական հաստատությունից դուրս) դեպքում, երբ կատարվում է ախտաբանաանատոմիական հերձում, մահվան մասին բժշկական վկայականը տրվում է ախտաբանաանատոմիական հերձում կատարած բժշկական հաստատության կողմից:

19. Բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահերի դեպքում մահվան մասին բժշկական վկայականը տրվում է այդ բժշկական հաստատության կողմից:

20. Մահվան մասին բժշկական վկայականը բժշկական հաստատության կողմից մահը վրա հասնելուց հետո եռօրյա ժամկետում տրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում:

 

IV. ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

21. Ծննդի, պերինատալ մահվան կամ մահվան մասին բժշկական վկայական տրամադրած (անկախ վկայականների թվից) բժշկական հաստատություններն իրականացնում են իրենց կողմից տրվող ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների հաշվառում:

22. Հաշվառման նպատակով վարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 612-Ն որոշման N 2 հավելվածում ներկայացված ձևերի գրանցամատյաններ` ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների համար:

23. Գրանցամատյանի շապիկին նշվում են «Ծննդի մասին բժշկական վկայականների գրանցամատյան» կամ «Պերինատալ մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան», կամ «Մահվան մասին բժշկական վկայականների գրանցամատյան» բառերը:

24. Սույն կարգի 23-րդ կետում նշված գրանցամատյանների էջերը համարակալվում են, իսկ յուրաքանչյուր էջ լրացվելուց հետո կնքվում և ստորագրվում է լրացնողի կողմից:

25. Ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները կորելու կամ անընթեռնելի դառնալու, կամ գործածության համար այլ կերպ պիտանի չլինելու դեպքում սույն կարգով նախատեսված ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայական ստանալու իրավունք ունեցող անձինք դիմում են այդ վկայականների կրկնօրինակներն ստանալու համար:

26. Բժշկական հաստատության կողմից կրկնօրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայականի կրկնօրինակ, որի վերին աջ անկյունում նշվում է «Կրկնօրինակ» բառը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2013 թվականի սեպտեմբերի 12-ի N 612-Ն որոշման

 

 

 

Ձև N 1

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ԾՆՆԴԻ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

Հերթա-կան համարը

Վկայա-կանի համարը

Վկայա-կանի տրամադր-ման ամսաթիվը

Վկայա-կանի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականի 1-ին կետում նշված անձի և վկայականը ստացող անձի միջև ազգակցական կապը

Վկայականը ստացողի անձնա-գրային տվյալները

Վկայականը ստացողի ստորա-գրությունը

Լրացնողի ստորա-գրությունը

   

 

             

 

 

 

 

Ձև N 2

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՊԵՐԻՆԱՏԱԼ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

Հերթա-կան համարը

Վկայա-կանի համարը

Վկայա-կանի տրամա-դրման ամսաթիվը

Վկայա-կանի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայա-կանը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականի 1-ին կետում նշված անձի և վկայականը ստացող անձի միջև ազգակ-ցական կապը

Վկայականը ստացողի անձնա-գրային տվյալները

Վկայականը ստացողի ստորա-գրությունը

Լրացնողի ստորա-գրությունը

               

 

 

 

 

Ձև N 3

 

Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն

ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

Հերթա-կան համարը

Վկայա-կանի համարը

Վկայականի տրամա-դրման ամսաթիվը

Վկայա-կանի 1-ին կետում նշված անձի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայա-կանը ստացողի անունը, ազգանունը, հայրանունը

Վկայականի 1-ին կետում նշված անձի և վկայականը ստացող անձի միջև ազգակ-ցական կապը

Վկայականը ստացողի անձնա-գրային տվյալները

Վկայականը ստացողի ստորա-գրությունը

Լրացնողի ստորա-գրությունը

               

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ