ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» հուլիսի 2013թ. |
N 466-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «զ» կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի հուլիսի 18-ի N 466-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. Սույն կարգով կանոնակարգվում են քաղաքաշինության բնագավառի համապատասխան ծրագրերի շրջանակներում ներդրումային գործընթացն ապահովող կառուցապատողների և քաղաքաշինության գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները` հաշմանդամների և բնակչության տեղաշարժման սահմանափակումներով (այսուհետ` սակավաշարժուն) խմբերի կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայր ապահովելու նպատակով:
Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաշմանդամների սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների օբյեկտների հասանելիության ապահովմանը ներկայացվող հիմնական պահանջները քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման գործընթացն իրականացնելիս:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակավայրերում կառուցապատման, սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների նախագծման, դրանց շինարարության և վերակառուցման գործընթացն իրականացնելիս հաշվի են առնվում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար կենսագործունեության, մասնավորապես` տեղաշարժման համար մատչելի միջավայրի ապահովմանն ուղղված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրական և քաղաքաշինության բնագավառի նորմատիվ - իրավական ակտերով սահմանված պահանջները:
3. Գոյություն ունեցող կառուցապատված տարածքների վերակառուցման, շենքերի և շինությունների, ինչպես նաև պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացնելիս, հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված պահանջներն ամբողջ ծավալով իրականացնելու անհնարինության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 26-ի «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» N 219 որոշմամբ սահմանված կարգով ամրագրվում են կոնկրետ իրավիճակին համապատասխան` հաշմանդամների պահանջներին հնարավորինս հարմարեցման պայմաններ:
4. Նոր կառուցվող և վերակառուցվող սոցիալական, տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքի օբյեկտների ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի պաշտպանությանն ուղղված միջոցառումները պետք է համապատասխանեն նշված խմբերի կենսագործունեության ապահովման նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
5. Բնակելի (բացառությամբ ֆիզիկական անձանց կողմից կառուցվող անհատական բնակելի տների), հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվում է` հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններն ապահովող միջոցառումների իրականացումը: Անհատական բնակելի տներ կառուցապատողի ցանկությամբ սույն կարգի 9-րդ կետով սահմանված դրույթները կարող են ներառվել վերջինիս կողմից տրվող նախագծային առաջադրանքում:
6. Ավարտված շինարարության շահագործման ընդունումը փաստագրվում է հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կենսագործունեության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման դեպքում, եթե ճարտարապետահատակագծային առաջադրանքով և սահմանված կարգով համաձայնեցված ու հաստատված նախագծային փաստաթղթերով նախատեսված է այդպիսի պայման:
7. Փողոցի երթևեկելի ու հետիոտն գոտիները, ստորգետնյա և վերգետնյա անցումները, շենքերին ու շինություններին հարող տարածքները, հասարակական հանգստի վայրերը, սպորտային և մանկական խաղահրապարակները պետք է կահավորված լինեն անհրաժեշտ թեքահարթակներով և հատուկ հարմարանքներով, ինչպես նաև լուսային, ձայնային և այլ նախազգուշացման միջոցներով (փողոցի երթևեկելի մասի և մայթերի վերակառուցումը կարող է իրականացվել աստիճանաբար` ճանապարհային ծածկույթի հերթական վերանորոգման ընթացքում):
8. Նոր կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների` ապահովելով նշված խմբերի համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
Մասնավորապես` շենքերի մուտքերը պետք է կահավորված լինեն թեքահարթակներով, իսկ անհրաժեշտության դեպքում` ամբարձիչներով, վերելակների դռները շենքի բոլոր հարկերում պետք է ունենան լուսային կամ ձայնային ազդանշաններ:
Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի բնակության համար հարմարեցված բնակարանների քանակը որոշվում է ճարտարապետահատակագծային առաջադրանքով:
Վերակառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերը պետք է հնարավորինս հարմարեցվեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կարիքներին` ապահովելու բնակվելու համար անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:
9. Նոր կառուցվող հասարակական նշանակության` գիտական, կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, սպորտի, հանգստի և ժամանցի համար նախատեսված շենքերն ու շինությունները, հյուրանոցները, մշակույթի, կրոնական, առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման, վարչական, ֆինանսաբանկային համակարգի, ինչպես նաև տրանսպորտային նշանակության շենքերն ու շինությունները` երկաթուղային կայարանները, օդանավակայանները, ավտոկայարանները, ավտոկայանները, ավտոկայանատեղերը, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների երթուղիների կանգառները պետք է մատչելի լինեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար` ապահովելով նրանց անարգել տեղաշարժը հասարակական և սոցիալական ծառայություններից օգտվելու հնարավորությունը` ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պահանջների համաձայն, և հագեցված լինեն անհրաժեշտ սարքավորումներով ու հարմարանքներով:
Վերակառուցվող հասարակական նշանակության շենքերն ու շինությունները պետք է հնարավորինս հարմարեցվեն հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի կարիքներին` ապահովելով նրանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ հնարավոր պայմաններ:
Շենքերն ամբողջությամբ հարմարեցման ենթակա չլինելու դեպքում անհրաժեշտ է հասարակական և սոցիալական ծառայությունները կենտրոնացնել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար մատչելի գոտիներում:
10. Մարզական, համերգային, դիտահանդեսային նշանակության (թանգարաններ, ցուցասրահներ, պատկերասրահներ, ակումբներ և մշակույթի տներ, թատրոններ և կինոթատրոններ, մարզահամերգային համալիրներ, կրկեսներ և այլն) շենքերի և կառույցների դահլիճներում, լսարաններում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար նախատեսված տեղերը կազմակերպվում են ցուցադրական, տեղեկատվական և այլ ծրագրերի և նյութերի լիարժեք ընկալումն ապահովող գոտիներում:
Ուսումնական հաստատություններում հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար նախատեսվում են հատուկ սարքավորված տեղեր:
11. Վերակառուցվող հյուրանոցներում, մոթելներում, հանգստյան տներում և նմանատիպ այլ կառույցներում ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսվում են որոշակի քանակի համապիտանի (ունիվերսալ) սենյակներ` սայլակներով շարժվող միայնակ կամ ընտանիքներով հաշմանդամների համար` ելնելով տվյալ օբյեկտի վերակառուցման հնարավորություններից:
12. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի աշխատուժն օգտագործող կազմակերպությունների շենքերում նշված խմբերի համար նախատեսված աշխատատեղերը և ընդհանուր օգտագործման տարածքները պետք է ապահովեն նրանց գործունեության համար լիարժեք պայմաններ` հաշվի առնելով աշխատող հաշմանդամի հատուկ կարիքները:
13. Հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի ու տարեցների համար կառուցված հատուկ բնակարաններին և բնակչության խնամքի ու սոցիալական պաշտպանության նշանակության կազմակերպություններին ներկայացվող պահանջները սահմանվում են ճարտարապետահատակագծային առաջադրանքով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |