ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2013թ. |
N 975-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 66 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ մասերի, «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշմամբ հաստատված կարգով լիազորված մարմնի իրավասությունները վերապահել` քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզիայի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը, իսկ մարտական զենքի արտադրության լիցենզիայի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 11-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 66 որոշմամբ հաստատված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության» կանոնների 3-րդ և 4-րդ կետերը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 975-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ու «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և սույն կարգով:
2. Սույն կարգով կանոնակարգվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` լիցենզավորող մարմին) կողմից զենքի արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ստանալու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ` լիազորված մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պայմաններն ու պահանջները:
3. Լիազորված մարմինն իրականացնում է «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված` լիցենզավորող մարմնի բոլոր լիազորությունները` բացառությամբ լիցենզիա տալու կամ լիցենզիա ստանալու մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու կամ լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտը մերժելու, լիցենզիան վերաձևակերպելու կամ լիցենզիայի վերաձևակերպման մասին հայտը մերժելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու վերաբերյալ հարցերը քննելու և որոշումներ ընդունելու լիազորությունների:
4. Լիցենզավորման ենթակա զենքի արտադրությունը ներառում է զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում:
II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
5. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` երեք տարի ժամկետով, եթե «Զենքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:
6. Զենքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:
7. Լիցենզիան պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը)՝
1) լիցենզավորող մարմնի անվանումը.
2) լիցենզիայի համարը և սերիան.
3) լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը.
4) «Զենքի արտադրության լիցենզիա» բառերը.
5) արտադրվող զենքի տեսակը.
6) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (հասցեն).
7) լիցենզիայի գործողության ժամկետը.
8) լիազորված մարմնի ղեկավարի ստորագրությունը և լիազորված մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:
8. Ելնելով զենքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենք արտադրողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`
1) ունենալ արտադրվող զենքի փորձաքննության արդյունքները.
2) գործունեության իրականացման վայրում ունենալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից սահմանված կարգի պահանջներին համապատասխանող պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ, որոնց անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով արտադրվող զենքի (ռազմամթերքի, փամփուշտների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից.
3) զենքի և դրա բաղկացուցիչ մասերի արտադրամասերի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ.
4) զենքի պատրաստման կամ վերանորոգման հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.
5) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.
6) զենքի պատրաստում կամ վերանորոգում իրականացնող իրավաբանական անձանց կողմից վարձակալությամբ տրված տարածքները, շենքերն ու շինությունները պետք է գործունեության իրականացման վայրից լինեն ցանկապատված կամ առանձնացված.
7) մարտական զենքի պատրաստումը կազմակերպելու համար պետք է լինի պետական ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն առաքելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությունը:
9. Հայտատուները լիազորված մարմին են ներկայացնում`
1) հայտ, որտեղ նշում են.
ա. իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրերը (հասցեները),
բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,
գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.
2) իրավաբանական անձի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.
3) համապատասխան լիցենզիա ունեցող անձի կողմից տրված զենքի տեսակի և որակի մասին փորձաքննության եզրակացությունը (զենքի հետազոտության և մշակման դեպքում` միայն զենքի տեսակի մասին):
Մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար զենքի որակի մասին եզրակացություն տալու ժամանակ փորձաքննություն անցկացնող անձը պարտավոր է իր աշխատանքներում ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մասնագետներին, իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենքի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության մասնագետներին.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական մարմինների եզրակացությունները`
ա. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված` արտադրական հզորությունների, ինչպես նաև պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների, պահեստային շինությունների և մետաղահսկիչ սարքավորումների անհրաժեշտության ու թվի մասին,
բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության կողմից տրված` համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարաններն ու պահեստային շինությունները, մետաղահսկիչ սարքավորումները, ազդանշանային համակարգերը, ինչպես նաև վարձակալության տրված տարածքները, շենքերն ու շինությունները ցանկապատման կամ առանձնացման ներկայացվող պահանջներին համապատասխանելու մասին.
5) պետական ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն զենք և ռազմամթերք առաքելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությունը (մարտական զենքի արտադրության դեպքում)` բացառությամբ ռազմական նշանակության արտադրանք համարվող զենքի.
6) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարում հաստատող փաստաթուղթը.
7) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ սեփականության, վարձակալության, ենթավարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթուղթ:
III. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան պետական մարմինները պարտավոր են իրավաբանական անձանց կողմից եզրակացություն տալու մասին դիմումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում կատարել ստուգում և տալ գրավոր եզրակացություն: Նշված ժամկետում եզրակացություն չստանալու դեպքում իրավաբանական անձն իրավունք ունի զենքի արտադրության լիցենզիա ստանալու մասին հայտ ներկայացնել լիազորված մարմին` կցելով համապատասխան պետական մարմին ուղարկված դիմումի պատճենը: Անհրաժեշտության դեպքում լիազորված մարմինը կարող է կատարել հարցում պետական մարմինների կողմից տրված եզրակացությունները պարզաբանելու կամ դրանք տալու մասին:
11. Լիազորված մարմինը 20-օրյա ժամկետում սահմանված կարգով լիցենզավորող մարմնի քննարկմանն է ներկայացնում սույն կարգի 9-րդ կետում նշված փաստաթղթերը և լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման նախագիծը: Լիցենզավորող մարմինը նշված փաստաթղթերը լիազորված մարմնում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում ընդունում է համապատասխան որոշում:
12. Լիազորված մարմինը լիցենզավորող մարմնի լիցենզիա տալու մասին որոշումը սահմանված կարգով ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում լիցենզավորված անձին է հանձնում լիցենզիան:
13. Սույն կարգի 14-րդ կետում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում լիցենզավորող մարմինը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում մերժում է հայտը և լիազորված մարմնի միջոցով հայտատուին գրավոր տեղեկացնում մերժման պատճառների ու իրավական հիմքերի մասին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
14. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգի պահանջներին.
2) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի արտադրությամբ.
3) զենքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները.
4) օրենքով նախատեսված այլ դեպքեր:
15. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավական ակտերով զենքի արտադրության նկատմամբ պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան պետական մարմինները` օրենքով սահմանված կարգով:
17. Լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք լիազորված մարմին պետք է ներկայացնեն եռամսյակային հաշվետվություններ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2013 թվականի դեկտեմբերի 28-ի N 975-Ն որոշման |

|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ |
|
«__»______ 20 թ.
ԼՂՀԿ N որոշում |
Սերիա ԶԱ N ___ |
|
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ |
|
______________________________________________________________ |
|
(կազմակերպության անվանումը) |
|
______________________________________________________________ |
|
(կազմակերպության գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեն)) |
|
|
|
Արտադրվող զենքի տեսակը _________________________________________________________ |
|
(քաղաքացիական, ծառայողական, մարտական, ռազմամթերք, փամփուշտ) |
|
|
|
Գործողության ժամկետը _____________________________________________________ |
| |
| _________________ _________________ |
| (ստորագրությունը) |
(անունը,ազգանունը)
|
|
Կ.Տ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |