Համարը 
ՀՕ-211
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.08.18/1(01)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.05.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2005 թվականի

մայիսի 25-ին

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՎ ԷԼԵԿՏՐԱՍՊԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքով`

ա) կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի արտադրության, կերպափոխման, հաղորդման և բաշխման գործունեություն իրականացնող («Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լիցենզավորված ու չլիցենզավորված) անձանց, տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպառողներ) էլեկտրատեղեկայանքների տեխնիկական ստուգումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ստուգումների միջոցով իրականացվող տեխնիկական վերահսկողության խնդիրներն ու շրջանակները.

բ) սահմանվում են էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների, ինչպես նաև էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի լիազորությունները:

 

Հոդված 2.

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`

տեխնիկական ստուգումներ՝  էլեկտրատեղակայանքների փաստացի տեխնիկական վիճակի, կատարված կառուցման, վերակառուցման և հավաքակցման աշխատանքների ու նախագծի համապատասխանության հաստատման նպատակով իրականացվող ակնադիտական, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փորձարկումների ու չափումների փաստաթղթերի ուսումնասիրություններ.

տեխնիկական վերահսկողություն՝  տեխնիկական ստուգումների միջոցով իրականացվող գործընթաց, որն ուղղված է էլեկտրատեղակայանքների գործարկման ժամանակ, ինչպես նաև շահագործման ընթացքում և տեղի ունեցած պատահարների դեպքում տեխնիկական կանոնակարգերի նորմերի պահանջների խախտումների հայտնաբերմանն ու դրանց վերացմանը.

էլեկտրատեղակայանքներ՝  տեխնիկական կանոնակարգերով սահմանված էլեկտրական մեքենաների, սարքերի, սարքավորումների, էլեկտրահաղորդման գծերի և դրանց կառավարման ու պաշտպանության սարքերի համախումբ, որոնք նախատեսված են էլեկտրական էներգիայի արտադրության, հաղորդման, կերպափոխման, բաշխման կամ սպառման համար.

վերակառուցվող էլեկտրատեղակայանք` գործող էլեկտրատեղակայանք, որտեղ լրացուցիչ էլեկտրասարքավորումների տեղադրման ու հավաքակցման և (կամ) էլեկտրատեղակայանքի հանգույցի ապահավաքակցման կամ փոխարինման արդյունքում տեխնիկական անձնագրի, տեխնիկական պայմանների, նախագծի փոփոխության անհրաժեշտություն է առաջացել.

գործարկման եզրակացություն՝  տեխնիկական կանոնակարգերի նորմերին էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը հաստատող փաստաթուղթ, որը տալիս է տեխնիկական վերահսկողություն իրականացնող լիազոր կառավարման մարմինը և հավաստում էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձի կամ սպառողի էլեկտրատեղակայանքների` տվյալ պահին գործարկմանը պատրաստ լինելու մասին.

պատահար՝  էլեկտրատեղակայանքների բնականոն աշխատանքի խաթարում, այդ թվում՝ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին վնասի պատճառմամբ: Պատահարների դասակարգումը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 3.

Օրենքի գործողության ոլորտը

 

Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների վրա:

 

Հոդված 4.

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրները

 

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողության պետական քաղաքականության խնդիրներն են`

ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.

բ) էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովումը:

 

Հոդված 5.

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը

 

Էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման ոլորտում տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)՝ օրենքով սահմանված իր իրավասության շրջանակներում:

 

Հոդված 6.

Լիազոր մարմնի գործառույթները

 

1. Լիազոր մարմինը`

ա) էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էլեկտրատեղակայանքներում կատարում է տեխնիկական ստուգումներ, բայց ոչ հաճախ, քան տարին մեկ անգամ.

- 110 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքներում, համակարգի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,

- որոշակի դեպքերում, մինչև 110 կՎ լարման էլեկտրատեղակայանքներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ,

բ) էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էլեկտրատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, կազմում է ակտ-կարգադրագրեր, վերահսկում դրանցում նշված պահանջների կատարումը և կայացնում որոշում՝ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.

դ) վարում է տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրություն.

ե) ներկայացնում է առաջարկություններ նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

2. Լիազոր մարմինը էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացնում է դրանց մասնագիտական քննությունը տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտման բացահայտման և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով:

 

Հոդված 7.

Տեխնիկական ստուգումների կարգը

 

1. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների էլեկտրատեղակայանքներում տեխնիկական ստուգումները կատարվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքի տեխնիկական ստուգման ընթացքում լիազոր մարմնի ներկայացուցիչը շահագործող անձնակազմից կարող է պահանջել էլեկտրատեղակայանքի առանձին հանգույցների փորձարկման իրականացում:

3. Նոր կառուցված, վերակառուցված, տեխնիկական կանոնակարգերի խախտմամբ պայմանավորված շահագործման դադարեցումից հետո վերագործարկվող էլեկտրատեղակայանքների գործարկումն իրականացվում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էլեկտրատեղակայանքի համապատասխանության մասին տրված գործարկման եզրակացության առկայության դեպքում:

4. Էլեկտրատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների քննության արդյունքում լիազոր մարմնի կազմած ակտ-կարգադրագիրը պետք է ներառի պատահարի ծագման պատճառների, զարգացման և հետագա ընթացքի վերաբերյալ մասնագիտական գնահատականներ:

 

Հոդված 8.

Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների իրավունքներն ու պարտականությունները

 

1. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողներն իրավունք ունեն լիազոր մարմնի տեխնիկական վերահսկողության իրականացմամբ պայմանավորված գործողությունները բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով:

2. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք ու սպառողները պարտավոր են`

ա) թույլատրել լիազոր մարմնի ներկայացուցիչների մուտքը էլեկտրատեղակայանքներ` սույն օրենքով նախատեսված տեխնիկական ստուգումներ իրականացնելու համար.

բ) լիազոր մարմնի տված կարգադրագրերի համաձայն և դրանցում նշված ժամկետներում իրականացնել միջոցառումներ՝ ուղղված տեխնիկական ստուգումների արդյունքում հայտնաբերված տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերացմանը.

գ) ինքնուրույն կամ լիազոր մարմնի տված կարգադրագրի համաձայն անհապաղ դադարեցնել այն էլեկտրատեղակայանքների (հանգույցների) շահագործումը, որոնց ընթացիկ տեխնի-կական վիճակն սպառնում է մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին.

դ) չգործարկել էլեկտրատեղակայանքը՝ մինչև լիազոր մարմնից գործարկման եզրակացություն ստանալը:

3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձինք պատահարի դեպքում պարտավոր են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնել լիազոր մարմնին:

 

Հոդված 9.

Պատասխանատվության միջոցները

 

1. Սույն օրենքի և տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջները խախտելու համար էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց ու սպառողների համար սահմանվում են պատասխանատվության հետևյալ միջոցները`

ա) նախազգուշացում.

բ) էլեկտրատեղակայանքի (հանգույցի) շահագործման դադարեցում.

գ) տուգանք:

2. Տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի խախտում հայտնաբերելու դեպքում լիազոր մարմնի տեսչական անձնակազմը կիրառում է «ա» կետում նշված պատասխանատվության միջոցը: Եթե էլեկտրատեղակայանքի (հանգույցի) տեխնիկական վիճակը կարող է պատահարի առաջացման պատճառ դառնալ ու սպառնալ մարդկանց կյանքին, գույքին և շրջակա միջավայրին, տեսուչը կիրառում է «բ» կետով սահմանված պատասխանատվության միջոցը՝ մեկ օրվա ընթացքում զեկույց ներկայացնելով իր անմիջական ղեկավարությանը՝ կատարած գործողությունների հիմնավորմամբ:

Լիազոր մարմնի (ստորաբաժանման) ղեկավարը կիրառում է «գ» կետում նշված պատասխանատվության միջոցը:

 

Հոդված 10.

Լիազոր մարմնի պատասխանատվությունը

 

Լիազոր մարմնի տեսչական անձնակազմն իր գործողությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 2005թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-211