ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 229 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգը հաստատելու մասին» N 229 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի մարտի 4-ի N 117-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՆԱՄԹԵՐԱՅԻՆ (ՈՉ ԴՐԱՄԱԿԱՆ) ՁԵՎՈՎ ՍՏԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ (ՍՏԱՑՎԱԾ) ԵԿԱՄՈՒՏԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏՈՒՄ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացման ենթակա (ստացված) եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի առնելու կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի (այդ թվում` հարկային գործակալների), ինչպես նաև այլ անձանց կողմից ֆիզիկական անձանց բնամթերային (ոչ դրամական) ձևով հաշվարկված (վճարված) եկամուտների վրա:
3. Բնամթերային (ոչ դրամական) ձևով եկամուտները կարող են լինել`
1) գույքի (բացառությամբ դրամական միջոցների) տեսքով.
2) աշխատանքի, ծառայության տեսքով.
3) մտավոր սեփականության արդյունքի տեսքով:
4. Բնամթերային եկամուտը ֆիզիկական անձանց համախառն եկամտում հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության դրամով, ազատ (շուկայական) գներով`
1) կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից (այդ թվում` հարկային գործակալներից) ստանալու դեպքում`
ա. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտի հաշվարկման (վճարման) ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
բ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հաշվարկմանը (վճարմանը) նախորդող ամսում այլ անձանց` դրանց իրացման միջին գներով (այդ թվում` օրենքով սահմանված դեպքերում` անուղղակի հարկերը),
գ. այդպիսի գների բացակայության դեպքում` կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ մոտ դրանց ինքնարժեքի (սկզբնական (ձեռքբերման) արժեքի) և դրա նկատմամբ օրենքով սահմանված դեպքերում անուղղակի հարկերի հանրագումարով.
2) այլ աղբյուրներից ստանալու դեպքում`
ա. այդպիսի կամ նույնանման գործարքների (բնամթերքի` ապրանքների, ծառայությունների, այլ ակտիվների) համար եկամտի ստացման ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական գներով (սակագներով),
բ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով),
գ. դրանց բացակայության դեպքում` այդպիսի կամ նույնանման գործարքների համար եկամտի ստացմանը նախորդող 12 ամսվան վերաբերող՝ հրապարակված վիճակագրական միջին գներով (սակագներով), իսկ դրանց բացակայության դեպքում` այդ 12 ամսվան նախորդող հաջորդական առաջին ամսվան վերաբերող՝ հրապարակված միջին գներով (սակագներով),
դ. վիճակագրական միջին գնի բացակայության դեպքում բնամթերային եկամուտը համախառն եկամտում հաշվի է առնվում եկամտի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով:
5. Սույն կարգի առումով բնամթերային եկամտի ստացման հնարավոր գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար, կամ այն գինը, որով՝ գույքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը համաձայն է վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններն ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը համաձայն է այդ գույքը ձեռք բերել:
6. Սույն կարգի 5-րդ կետի իմաստով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերներ, մասնագիտացված խանութներ, բորսաներ, մասնագիտացված տոնավաճառներ, շուկաներ և այլն) գները (սակագները), գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ նաև համապատասխան դեպքերում «Ինտերնետ» համաշխարհային համակարգչային ցանցի միջոցով ստացված տվյալները, ինչպես նաև նույնանման գույքի՝ աճուրդային կարգով իրացման ձևավորված նախադեպային տվյալները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |