|
|
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «7» նոյեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 490
____________________ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
01 նոյեմբերի 2005թ. |
թիվ 86/Ղ |
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածը, «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածը և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածը՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկման որոշ հարցերի վերաբերյալ» հրահանգչական նամակը՝ համաձայն հավելվածի:
| Հարկային պետական
ծառայության պետ
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի
01 նոյեմբերի 2005թ.
N 86/Ղ հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ, ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐԿՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգչական նամակը հրապարակվում է ի կատարումն «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի, «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի, «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի և «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և պարզաբանում է 2005 թվականի նոյեմբերի 1-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հարկման որոշ հարցեր:
1. Արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեությունները չեն համարվում «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաստատագրված վճարներով հարկվող օբյեկտ: Գործունեության այդ տեսակների գծով դադարեցվում է հաստատագրված վճարների հաշվարկը, որի համար գործունեության դադարեցման մասին դիմում չի ներկայացվում:
2. Հարկման նպատակով արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունն ընդգրկում է հետևյալ փուլերը`
ա) արտարժույթի ձեռք բերում Հայաստանի Հանրապետության դրամով`
- մեկ միավոր արտարժույթի գնման գին է համարվում մեկ միավոր արտարժույթի դիմաց վճարված Հայաստանի Հանրապետության դրամի գումարը,
- արտարժույթի ձեռքբերման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի և գնման փոխարժեքով հաշվարկված արտարժույթի միջև առաջացած դրական տարբերությունը համարվում է եկամուտ, իսկ բացասական տարբերությունը` ծախս.
բ) արտարժույթի վերագնահատում`
- ձեռք բերված արտարժույթը վերագնահատվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքի յուրաքանչյուր փոփոխության դեպքում,
- արտարժույթի վերագնահատումից առաջացած տարբերությունները կազմակերպությունների մոտ չեն համարվում եկամուտ կամ ծախս.
գ) արտարժույթի վաճառք Հայաստանի Հանրապետության դրամով`
- մեկ միավոր արտարժույթի վաճառքի գին է համարվում մեկ միավոր արտարժույթի դիմաց ստացված Հայաստանի Հանրապետության դրամի գումարը,
- արտարժույթի վաճառքի պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված արտարժույթի և վաճառքի փոխարժեքով հաշվարկված արտարժույթի միջև առաջացած բացասական տարբերությունը համարվում է եկամուտ, իսկ դրական տարբերությունը` ծախս:
3. Սույն հրահանգչական նամակի 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերում նշված ծախսերը ենթակա են նվազեցման հարկ վճարողի համախառն եկամտից, եթե այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ըստ էության համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 254 որոշմամբ հաստատված «Ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանելու և այդ փաստաթղթերի կազմման» կարգի պահանջներին:
4. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության մասով չեն կիրառվում «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով սահմանված դրույթները (այսինքն` արտարժույթի առք ու վաճառքի գործարքների գծով ֆիզիկական անձանց վճարված գումարները փաստաթղթերով հիմնավորված չլինելու դեպքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի մոտ եկամտահարկի պարտավորություն չի առաջանում):
5. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի դրույթների կիրառման առումով տուգանքները հաշվարկվում են` կազմակերպությունների համար սույն հրահանգչական նամակի 2-րդ կետի «ա» և «գ», իսկ անհատ ձեռնարկատերերի համար` «ա», «բ» և «գ» ենթակետերում նշված եկամուտների հանրագումարի (համախառն եկամտի) նկատմամբ:
6. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն և արտարժույթի դիլերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների համար մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունը ընդունվում է 0%:
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 451-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի հուվարի 7-ի N2/Ղ հրամանով հաստատված «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի 9.3.4 կետի համաձայն նախորդ տարվա հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարները (տվյալ դեպքում` 100%-ը) հաշվի են առնվելու կազմակերպության ընթացիկ տարվա շահութահարկի կանխավճարների մուծումների ժամանակ: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի 1/16-ի չափով (տվյալ ամսվա 25-ից ոչ ուշ): Նախորդ տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող շահութահարկի գումարները) 100,0 հազ. դրամը չգերազանցելու դեպքում կազմակերպությունները ընթացիկ տարում շահութահարկի կանխավճարներ կարող են չկատարել:
«Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի համաձայն նախորդ տարվա հաստատագրված վճարի մեջ բաժին ընկնող եկամտահարկի գումարները (տվյալ դեպքում` 100%-ը) հաշվի են առնվելու ընթացիկ տարվա անհատ ձեռնարկատիրոջ եկամտահարկի կանխավճարների մուծումների ժամանակ: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի 1/6-ի չափով (յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ):
7. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասի համաձայն ավելացված արժեքի հարկով ազատված շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքից ստացված հասույթը, որը արտացոլվում է ԱԱՀ-ի հաշվարկում: