Համարը 
N 699-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2014.12.17/20(265)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
27.10.2014
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
27.10.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
27.12.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 հոկտեմբերի 2014թ.

N 699-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 2-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում ազատամարտիկների այգու կառուցապատման քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում քաղաքացիների սեփականություն հանդիսացող 136.63 քառ.մ բնակելի տան և 0,0685 հեկտար բնակելի կառուցապատման և սպասարկման հողամասի (այսուհետ` Գույք, հասցե` ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոց N 38, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման N 100142 վկայական, տրված` 26.02.2009 թվականին, սեփականատերեր` Ալբերտ, Հայկ, Հրանտ, Թամարա Սարգսյաններ) նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորմամբ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագիրը նպատակ է հետապնդում կառուցելով նոր այգի, հասարակական հանգստի հարմարավետ նոր գոտի ստեղծել, որտեղ կարող են իրենց հանգիստն ու ժամանցն անցկացնել և տարեցները, և երեխաները, և ազատամարտի մասնակից վետերանները` գիտակցելով, որ խաղաղ առօրյան ձեռք է բերվել արցախյան ազատամարտի մասնակիցների պայքարի շնորհիվ.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օտարման, քանի որ նույն տարածքում է տեղակայված Արցախի ազատամարտիկների միության վարչական շենքը, որն այգու հետ միասին կկազմի միասնական համալիր.

3) սույն որոշման 1-ին կետում նշված Գույքի նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում նշված Գույքի սեփականատիրոջը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետում նշված Գույքի ձեռք բերողը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը.

2) Գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան վեց ամիսը.

3) օտարման գործառույթների իրականացման աշխատանքները համակարգող և օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունն է.

4) սույն որոշման 1-ին կետում նշված Գույքի օտարման դիմաց փոխհատուցումն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթնօրյա ժամկետում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականության սեփականատիրոջն ու օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.

2) ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված Գույքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված Գույքի ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ