ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 897-Ն |
ք. Ստեփանակերտ
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին օտար լեզվի իմացության համար տրվող հավելավճարի չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման հավելվածի 3-րդ կետում նախատեսված` օտար լեզուների իմացության ստուգման կամ հավաստման կարգը` դրանում ներառելով ստուգման (թեստավորման) կազմակերպման սկզբունքները և գործընթացը կամ լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը և այն հավաստող ընդունելի փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված հանձնաժողովների կազմը և լեզուների ցանկը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 897-Ն որոշման |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՎԵԼԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձին (այսուհետ` դիվանագետ) երկու օտար լեզվից բացի երրորդ և ավելի օտար լեզուների իմացության համար տրվում է հավելավճար:
2. Օտար լեզուների իմացության համար հավելավճարը տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմում դիվանագետներին երկու օտար լեզվից բացի երրորդ օտար լեզվի իմացության համար` դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի, իսկ չորրորդ և ավելի օտար լեզուների իմացության համար` դիվանագետի պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով:
3. Սույն կարգի 1-ին կետում նշված լեզուների իմացությունը ենթակա է ստուգման կամ հավաստման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգի համաձայն:
4. Օտար լեզուների իմացության ստուգումն իրականացնում են այդ նպատակով ստեղծված հանձնաժողովները, որոնց եզրակացության հիման վրա նախարարն ընդունում է դիվանագետին հավելավճար տրամադրելու մասին անհատական իրավական ակտ:
Հանձնաժողովների ստեղծման կարգը սահմանում է նախարարը:
5. Յուրաքանչուր օտար լեզվի գծով հանձնաժողովի կազմը, ինչպես նաև սույն կարգի 1-ին կետում նշված լեզուների ցանկը սահմանում է նախարարը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |