ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2014թ. |
N 904-Ն |
ք. Ստեփանակերտ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «է» ենթակետի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 23-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 278 որոշմամբ հաստատված կարգի 19-րդ կետի պահանջներով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել` «Հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանի ստեղծման և վարման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 4-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 122-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի ցանկի 30-րդ` «Պահուստային ֆոնդ» տողով նախատեսված գումարից հատկացնել 2 640 000 (երկու միլիոն վեց հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ, հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանի ստեղծման և վարման համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 904-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՈՒ ՇՏԵՄԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով (այսուհետ`կարգ) սահմանվում է հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանի ստեղծման և վարման գործընթացը:
2. Սույն կարգի նպատակն է հուշարձանների վերաբերյալ ամբողջական տեղեկատվության արագ հավաքագրման, դյուրին իրազեկման հնարավորության ստեղծման ապահովումը` լիազորված մարմնի կողմից:
3. Շտեմարանի վարումը իրականացնում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
4. Շտեմարանի ստեղծումը ներառում է համապատասխան ծրագրերի մշակումն ու ներդրումը, անհրաժեշտ սարքաշարերի ձեռքբերումը և տեղակայումը, առանձին կապուղու վարձակալումը, արժեքների վերաբերյալ տեղեկույթին տիրապետող ու այն տրամադրող անձանցից (այսուհետ` սուբյեկտ) այդ տեղեկույթի ստացումը, միասնական ձևաչափին համապատասխանեցումն ու մուտքագրումը և կայքէջում այն ներկայացնելը, ինչպես նաև անհրաժեշտ տեղեկույթը ձեռք բերելու ուղիների նշումը:
5. Շտեմարանը կազմված է կենտրոնական սպասարկող հանգույցից (սերվեր), դրա ծրագրային ապահովումից և սուբյեկտների համակարգչային տեղեկատվական ցանցերին միացնող կապուղիներից:
6. Շտեմարանի կենտրոնական հանգույցն ունի հուշարձանների վերաբերյալ ստացված տեղեկույթը միասնական ձևաչափին համապատասխանեցնող և սպասարկող ծրագրեր ու համապատասխան գործիքներ:
7. Շտեմարանը գործում է շուրջօրյա` ապահովելով պահպանվող տեղեկույթի անվտանգությունն ու սուբյեկտների հետ անխափան կապը:
8. Սուբյեկտներից վերցված տեղեկույթը շտեմարանում մշակվելուց և համակարգվելուց հետո անվտանգության նպատակով վերարտադրվում ու պահպանվում է համապատասխան կրիչների վրա, ապա ներկայացվում կայքէջում:
9. Շտեմարանի տեղեկույթն այցելուների համար պետք է դիտելի լինի համապատասխան կայքէջի միջոցով` սույն կարգի 13-րդ կետի պահանջների սահմաններում:
10. Հուշարձանների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով տրամադրվում է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը`լիազորված մարմնի կողմից:
II. ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ԸՆԴԳՐԿՈՒՄԸ
11. Հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանը առնվազն երկլեզու (հայերեն, անգլերեն և ըստ նպատակահարմարության` այլ լեզուներով) էլեկտրոնային տեղեկությունների համակարգ է, որն իր մեջ պարունակում է տեղեկություններ`
1) հուշարձանների թվագրության մասին.
2) հուշարձանների հասցեի և նշանակության (Լեռնային Ղարաբաղաի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակին համապատասխան) մասին.
3) հուշարձանների պահպանական գոտիների մասին.
4) սեփականությամբ կամ օգտագործման իրավունքով հանձնվող հուշարձանների մասին.
5) հնագիտական հետախուզման և պեղումների համար տրված թույլտվությունների մասին.
6) հուշարձանների վկայագրերի մասին.
7) հուշարձանների չափագրությունների մասին.
8) հուշարձանների վերականգնման նախագծերի մասին.
9) վերականգնված և նորահայտ հուշարձանների մասին.
10) հուշարձանների պահպանական պարտավորագրերի մասին:
12. Լիազորված մարմինը տեղեկատվությունը տրամադրում է շտեմարան վարող կազմակերպությանը, յուրաքանչյուր կիսամյակի վերջում:
III. ՇՏԵՄԱՐԱՆԻ ՏԵՂԵԿՈՒՅԹԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ
13. Հուշարձանների գիտատեղեկատու շտեմարանն իր մեջ պարունակում է տեղեկությունների թույլատրելիության և հասանելիության սահմաններ`
1) լայն հասարակության.
2) մասնագիտական կազմակերպությունների.
3) լիազորված մարմնի աշխատակազմի համար:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |