Համարը 
ՀՕ-300
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.07.20/18(27)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
14.06.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.07.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2006 թվականի

հունիսի 14-ին

 

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Գովազդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 6-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը «լեզվով» բառից հետո լրացնել «շարադրանքի» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի`

ա) «ա» կետը «համընդհանուր» բառից հետո լրացնել «և ազգային» բառերով.

բ) «դ» կետի «գործունեությանը, մասնագիտությանը, ապրանքատեսակին և այլ» բառերը փոխարինել «գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը «կրում են» բառերից հետո լրացնել «բացառապես» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտաքին գովազդի ծավալը, քանակությունը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում են տեղական ինքնակառավարման մարմինները, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից հաստատված արտաքին գովազդի տեղաբաշխման (տեղադրման) համաքաղաքային կանոններին և չափորոշիչներին համապատասխան:».

բ) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի «չկրող» բառը փոխարինել «կրող» բառով.

բ) 2-րդ մասը «գերատեսչությունների» բառից հետո լրացնել «,տարածքային կառավարման» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի տեղակայումը մանկապատանեկան ռադիոհեռուստահաղորդումներում, անչափահասներին վերաբերող տպագիր հրատարակություններում, ինչպես նաև մանկական, ուսումնական, բուժական, մշակութային, մարզական կազմակերպություններում, հաստատություններում և դրանց տարածքում, պատմական և մշակութային վայրերում, մինչև 18 տարեկան անձանց համար նախատեսված հանգստի և ժամանցի կենտրոններում, հանրային սննդի օբյեկտների տարածքում:»:

 

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 15.

Ապրանքների առանձին տեսակների գովազդի առանձնահատկությունները

 

1. Ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդներում արգելվում է`

ա) ներշնչել, որ ալկոհոլը և ծխախոտն ունեն բուժական, խթանող, հանգստացնող և լարվածությունը թուլացնող հատկություններ.

բ) դրդել սպառողներին ալկոհոլի և ծխախոտի լայն օգտագործմանը, բացասական գնահատական տալ չափավոր օգտագործմանը կամ չօգտագործմանը.

գ) ներկայացնել խմիչքներում` ալկոհոլի, իսկ ծխախոտի մեջ` նիկոտինի պարունակության բարձր աստիճանը` որպես դրական հատկություն.

դ) ներշնչել, որ ալկոհոլային խմիչքներ օգտագործելը կամ ծխելն էական է բարետես կազմվածք ձեռք բերելու, հասարակական հաջողության հասնելու կամ գրավչություն ստանալու համար.

ե) նկարահանել և պատկերել 25 տարեկանից ցածր տարիք ունեցող անձանց:

2. Արգելվում է ծխախոտի այն գովազդը, որում չկա ծխելու վնասակարության մասին նախազգուշացնող տեղեկություն:

3. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդման ժամանակ դիմել անմիջապես անչափահասներին:

4. Արգելվում է ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գովազդի ժամանակ ցույց տալ կամ պատկերել դրանց օգտագործման ընթացքը:

5. Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) և ծխախոտի գովազդը:

6. Արգելվում է ծխախոտի և ալկոհոլային խմիչքների գովազդ տեղադրել լրագրերի առաջին և վերջին էջերի կամ ամսագրերի առաջին, վերջին էջերի ու կազմի վրա:

7. Զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներում ծխախոտի գովազդի առնվազն տասը տոկոսը պետք է պարունակի ծխախոտի օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվություն:

8. Արգելվում է ծխախոտի արտաքին գովազդը պաստառների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով:

9. Արգելվում է`

ա) մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված և մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ և հեղուկ, ինչպես նաև կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը.

բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ և նկարներ տեղադրելը.

գ) կրծքի կաթի փոխարինիչներ իրացնելը` առանց վերջիններիս տուփի վրա կրծքով սնուցման առավելությունների մասին գրառումների.

դ) գովազդի նպատակով կրծքի կաթի փոխարինիչներ անվճար տարածելը:

10. Արգելվում է դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը` առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության:

Արգելվում է թմրադեղերի, թունավոր և ուժեղ ազդող դեղամիջոցների գովազդը:

Արգելվում է այն դեղամիջոցների, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, որոնց կիրառումը պահանջում է բժշկի հատուկ նշանակում:

Դրանց ցանկը հաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

11. Արգելվում է զենքի և զինամթերքի գովազդը` բացառությամբ որսորդական և սպորտային զենքի և զինամթերքի:

12. Գովազդային վիճակախաղի դրամական շահումների գովազդելը զանգվածային տեղեկատվության միջոցներով արգելվում է:

13. Յուրաքանչյուր հեռուստահաղորդակցության ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան կազմակերպչի գովազդի ընդհանուր տևողությունը,

այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները նրանց մասին, 24 ժամվա ընթացքում չի կարող գերազանցել 9 րոպեն, իսկ մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի և չի կարող գերազանցել 60 վայրկյանը:

14. Վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների ցուցադրումը:

15. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը Հանրային հեռուստատեսությամբ, բացառությամբ հովանավորության դեպքերի:

16. Արգելվում է վիճակախաղի, շահումով խաղի կամ խաղատան գովազդումը լրատվական թողարկումների ընթացքում, դրանցից 20 րոպե առաջ և 20 րոպե հետո:

 

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասը «վտանգավոր,» բառից հետո լրացնել «ապա» բառով:

 

Հոդված 10. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «լիազորված» բառով:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

3 հուլիսի 2006թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-300