ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հոկտեմբերի 2006թ. |
N 518 |
ք.Ստեփանակերտ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
3. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությանը:
(3-րդ կետը փոփ. 27.07.2010 N 449-Ն)
4. Սահմանել, որ`
ա) «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան գործառույթների իրականացումն է` ուղղված տեխնածին վթարների կանխարգելմանը, դրանց հետևանքների վերացմանը, նման վթարների հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցմանը, ինչպես նաև բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանությանը.
բ) «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով կարող է հանձնվել ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների, պետական սեփականություն հանդիսացող հողերի:
5. Թույլատրել «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.
բ) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում:
6. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել`
ա) «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը.
բ) «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը:
8. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2007թ. պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«31» հոկտեմբերի 2006թ.
թիվ 518 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Տեխնիկական անվտանգության կենտրոն» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
l. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կենտրոն) գործունեությունը նպատակաուղղված է արտադրական վտանգավոր օբյեկտներում «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացմանը, արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցմանը և ռեեստրի վարմանը, տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի, տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների և գիտափորձերի մշակմանը:
2. Կենտրոնի հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է` ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության:
Կենտրոնի հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:
3. Կենտրոնը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող պետական ոչ առևտրային` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմքերով ձեռք է բերում և իրականացնում սույն կանոնադրությամբ ամրագրված` իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ ու պարտականություններ:
4. Կենտրոնն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների և ծախսերի նախահաշիվ, բանկային հաշիվ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Կենտրոնը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կենտրոնը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Կենտրոնը կարող է ունենալ տարածքային մասնաճյուղեր, ներկայացուցչություններ, գիտափորձարարական, ուսումնական հիմնարկներ:
7. Կենտրոնի անվանումն է`
հայերեն լրիվ` «Տեխնիկական անվտանգության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «Տեխանվտանգության կենտրոն» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` "Центр технической безопасности" государственная некоммерческая организация,
ռուսերեն կրճատ` "Центр техбезопасности" ГНО,
անգլերեն լրիվ` «Center of Technical Security» State Non Commercial Organization,
անգլերեն կրճատ` «CTS» SNPO;
8. Կենտրոնի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, Վ. Սարգսյանի, 25։
ll. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շահագործվող (շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության ապահովման գործառություններ կազմակերպելն ու իրականացնելն է` բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:
10. Կենտրոնի լիազորություններն են`
ա) տեխնիկական անվտանգության պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի մշակումը,
բ) արտադրական վտանգավոր օբյեկտների վտանգավորության դասակարգման գիտականորեն հիմնավորված չափորոշիչների մշակումը,
գ) ուսումնամեթոդական ծրագրերի մշակումը, ոլորտի մասնագետների, փորձագետների, տնտեսության մեջ աշխատող ինժեներատեխնիկական և մասնագետ կադրերի ուսուցման և որակավորման գծով աշխատանքների կազմակերպումը.
դ) միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակմանը, իրագործմանը, գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացմանը մասնակցությունը,
ե) տեխնիկական անվտանգության բնագավառում նոր գիտական ուղղությունների, գիտափորձերի մշակումը,
զ) արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի հետ կնքված պայմանագրի համաձայն օրենքով սահմանված տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացումը և համապատասխան փորձագիտական եզրակացության տրամադրումը,
է) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի վարումը,
ը) արտադրական վտանգավոր օբյեկտի ռիսկի վերլուծումը և գնահատումը` ըստ վտանգավորության աստիճանի դասակարգելու նպատակով,
թ) արտադրական վտանգավոր օբյեկտներում տեխնիկական անվտանգության վիճակի փաստաթղթային դիտարկումը, վերլուծումը, դրա հիման վրա ամփոփ տեղեկատվության կազմումը և տրամադրումը լիազոր մարմնին` տեխնիկական անվտանգության նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու նպատակով,
ժ) արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած` տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման իրականացումը,
ժա) արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման արգելմանը, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործման արգելմանն ուղղված կարգադրագրի արձակման, ինչպես նաև կարգադրագրով նախատեսված պատասխանատվության միջոցների վերացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը լիազոր մարմին ներկայացնելը,
ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, քաղաքացիներին տեխնիկական անվտանգությանն առնչվող հարցերով տեղեկատվությամբ ապահովումը, այդ թվում` նաև զանգվածային լրատվության միջոցներով,
ժգ) հավատարմագրված անձանց հաշվառումը,
ժդ) «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ԼՂՀ օրենքի 14-րդ հոդվածով սահմանված տեղեկատվության ստացումը:
11. Կենտրոնն իր գործառույթներն իրականացնում է`
1) արտադրություններում կամ առանձին տեղամասերում, արտադրամասերում, արտադրական հրապարակներում, պահեստարաններում, տեղակայանքներում (բացառությամբ միջուկային և էներգատեղակայանքների), տեխնոլոգիական սարքավորումներում կամ ցանկացած այլ օբյեկտում, որտեղ`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սահմանաքանակները գերազանցող չափերով արտադրվում, վերամշակվում, պահվում, փոխադրվում, օգտագործվում կամ ստացվում են հետևյալ հատկանիշներով բնութագրվող վնասակար նյութերը`
դյուրավառ նյութեր` նյութեր, որոնք գազային վիճակում, նորմալ ճնշման պայմաններում օդի հետ խառնվելու դեպքում դառնում են բոցավառ, և որոնց եռման ջերմաստիճանը նորմալ ճնշման դեպքում հավասար է 200C կամ դրանից ցածր է,
օքսիդացող նյութեր` նյութեր, որոնք օժանդակում են այրմանը, հարուցում են կրակի առաջացում կամ նպաստում են այլ նյութերի բոցավառմանն օքսիդավերականգնման էկզոթերմիկ ռեակցիաների հետևանքով,
այրվող նյութեր` հեղուկներ, գազեր, փոշիներ, որոնք ունեն ինքնաբռնկվելու հատկություններ, ինչպես նաև կարող են բռնկվել կրակի աղբյուրից,
պայթուցիկ նյութեր` նյութեր, որոնք որոշակի արտաքին ազդեցություններից ընդունակ են շատ արագ ենթարկվել ինքնատարածվող քիմիական վերափոխման` անջատելով ջերմություն և առաջացնելով գազեր,
թունավոր նյութեր` նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմների վրա կարող են դառնալ հիվանդության կամ մահվան պատճառ,
շրջակա բնական միջավայրի համար վտանգ ներկայացնող նյութեր` նյութեր, որոնք ջրային միջավայրում ձեռք են բերում սուր թունավոր հատկություններ,
մետաղների հալույթներ կամ այդ հալույթներից ձուլվածքներ.
բ) կիրառվում են 0,07 և ավելի մեգապասկալ ճնշման տակ աշխատող սարքավորումները, ջրի` մինչև 1150C (60 կՎ և ավելի հզորության) և 1150C–ից բարձր ջերմաստիճանի տակ աշխատող ջերմային կայանքներ,
գ) իրականացվում են լեռնահանքային, հորապայթեցման աշխատանքներ կամ աշխատանքներ օգտակար հանածոների հանքահարստացման ուղղությամբ.
դ) իրականացվում են թունելաշինական աշխատանքներ կամ ցանկացած այլ աշխատանք ստորերկրյա պայմաններում.
2) հիդրոտեխնիկական կառույցներում, որոնք օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու և տեղափոխելու նպատակով.
3) շարժասանդուղքներում, ճոպանուղիներում, կարուսելներում, ֆունիկուլյորներում, ամբարձիչ սարքավորումներում և մեխանիզմներում.
4) վերելակներում, եթե դրանք տեղադրված են հանրային նշանակության կառույցներում, այդ թվում` արտադրական շինություններում, բազմաբնակարանային շենքերում, ընդհանուր օգտագործման համար նախատեսված այլ վայրերում.
5) նավթամթերքների, հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, հաստատուն և շարժական լցավորման կայաններում, գազագլանաանոթային սարքավորումներում, տեխնոլոգիական նպատակներով գազ օգտագործող օբյեկտներում, գազապահեստարաններում.
6) ջրային լողամիջոցներում:
12. Կենտրոնն իրականացնում է ձեռնարկատիրական հետևյալ գործառությունները`
ա) տեխնիկական անվտանգության ոլորտում գիտատեխնիկական, փորձարարական, խորհրդատվական ծառայությունների մատուցում, դիագնոստիկա, փորձարկում, զննում.
բ) տեխնիկական անվտանգության հետ կապված բնագավառներում ուսումնական դասընթացների իրականացում:
13. Կենտրոնը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:
14. Կենտրոնի ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
lll. ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
15. Կենտրոնի կառավարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան իրականացնում են հիմնադիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը, նրա կողմից լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունը, գործադիր մարմինը` տնօրենը:
(15-րդ կետը փոփ. 27.07.2010 N 449-Ն)
Հիմնադրի լիազորությունները
16. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) պետական կազմակերպության հիմնադրումը.
բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը.
դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
ե) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծում:
Լիազորված պետական մարմնի լիազորությունները
17. Լիազորված պետական մարմնի լիազորություններն են`
ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով կենտրոնի կառավարման մարմինների ձևավորումը և դրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.
բ) կենտրոնի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը.
գ) կենտրոնի գործունեության մասին հաշվետվությունների լսումը և դրա գործունեության վերստուգման արդյունքների քննարկումը.
դ) կենտրոնի տնօրենի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կանոնադրության պահանջներին հակասող հրամանների, հրահանգների, կարգադրությունների ու ցուցումների կասեցումը կամ դրանք ուժը կորցրած ճանաչելը.
ե) կենտրոնի տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության հաշվետվությունների ու հաշվեկշռի հաստատումը.
զ) կենտրոնին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
է) կենտրոնի սեփականության պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը.
ը) կենտրոնի գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար համաձայնություն տալը.
թ) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառությունների իրականացումը:
lV. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ
18. Կենտրոնի տնօրենին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է լիազորված պետական մարմինը:
19. Կենտրոնի տնօրենն օրենքով, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է կենտրոնի գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի ու լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Կենտրոնի տնօրենի հետ օրենքով սահմանված կարգով կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը:
21. Կենտրոնի տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
22. Կենտրոնի տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով կենտրոնին և (կամ) պետությանը պատճառված վնասի համար: Կենտրոնի գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
23. Կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
Կենտրոնի տնօրենի լիազորությունները
24. Կենտրոնի տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կենտրոնի անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կենտրոնի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է կենտրոնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում կենտրոնի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է կենտրոնի կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունը.
ը) հաստատում է կենտրոնի հիմնարկների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է կենտրոնի հիմնարկների, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի ղեկավարներին, նրանց տալիս է համապատասխան լիազորագրեր.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:
V. ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
25. Կենտրոնի սեփականությունը ձևավորվում է դրա հիմնադրման ժամանակ հիմնադրի կողմից կենտրոնին սեփականության իրավունքով հանձնվող գույքից, որը հետագայում կարող է համալրվել կենտրոնի գործունեության ընթացքում ձեռք բերված գույքով, ինչպես նաև հիմնադրի կողմից սեփականության իրավունքով կենտրոնին հանձնվող գույքով:
26. Կենտրոնն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
27. Հիմնադիրը սեփականության իրավունքով կենտրոնին պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կենտրոնի լուծարումից հետո մնացած գույքի:
28. Կենտրոնի սեփականության պահպանման հոգսը կրում է կենտրոնը:
29. Կենտրոնի սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
30. Կենտրոնի սեփականության ձևավորման աղբյուրներն են`
ա) կենտրոնին սեփականության իրավունքով հանձնված գույքը,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած ներդրումները, այդ թվում` բարեգործական, հովանավորչական ու նպատակային,
գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտները:
31. Հիմնադրի կողմից կենտրոնին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:
32. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից կենտրոնին ամրացված գույքը:
33. Կենտրոնն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Կենտրոնն իրավունք ունի պետության անունից` օրենքով սահմանված կարգով վարձակալության հանձնելու իրեն ամրացված գույքը:
Ամրացված տարածքների վարձակալության արդյունքում ստացված վարձավճարները սահմանված կարգով ուղղվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի` այլ օգտագործման արդյունքում ստացված եկամուտները կենտրոնի սեփականությունն են: Ամրացված գույքի` օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
34. Կենտրոնի ֆինանսական միջոցները ձևավորվում են`
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացվող միջոցներից,
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրային հիմունքներով արտադրական վտանգավոր օբյեկտներում կենտրոնի կողմից իրականացված տեխնիկական փորձագիտական գործառությունների և այլ վճարովի ծառայությունների մատուցման դիմաց ստացված միջոցներից,
գ) ձեռնարկատիրական գործունեությունից գոյացած միջոցներից,
դ) դրամաշնորհներից,
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ միջոցներից:
Vl. ԿԵՆՏՐՈՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
35. Կենտրոնը կարող է վերակազմակերպվել (միաձուլում, միացում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
36. Կենտրոնը դատական կարգով կարող է վերակազմակերպվել և լուծարվել` միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
37. Կենտրոնի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
38. Կենտրոնը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Կենտրոնը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
39. Կենտրոնի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |