Համարը 
N 95-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2016.03.21/03(294)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.03.2016
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
10.03.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 757-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 մարտի 2016թ.

N 95-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 757-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 23-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը հաստատելու մասին» N 757-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2016 թվականի մարտի 10-ի N 95-Ն որոշման

 

 

 

«Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2010 թվականի նոյեմբերի 23-ի N 757-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ)

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ հաստատություն) տնօրենի ընտրության (նշանակման) հետ կապված հարաբերությունները:

2. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), շրջանի վարչակազմի ղեկավարը, Ստեփանակերտի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) ըստ ենթակայության նշանակում է հաստատության տնօրենի պաշտոնակատար, որը չի կարող լինել տվյալ հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) անդամ.

2) խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին:

3. Խորհուրդն առավելագույնը եռամսյա ժամկետում, հաշված հաստատության տնօրենի թափուր պաշտոն առաջանալու օրվանից, կազմակերպում և անցկացնում է հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ:

4. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման պատճենը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ներկայացնում է լիազորված մարմին: Լիազորված մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ հայտարարելու մասին խորհրդի որոշման վերաբերյալ իր առարկությունները և առաջարկությունները գրավոր ներկայացնում է խորհուրդ:

5. Լիազորված մարմնի կողմից առարկություններ և առաջարկություններ չներկայացվելու դեպքում խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում:

6. Խորհուրդը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է զանգվածային լրատվության միջոցներով (հանրապետական կամ տեղական ռադիո, հեռուստատեսություն, մամուլ) հնգօրյա պարբերականությամբ` առնվազն երկու անգամ: Մրցույթ անցկացնելու մասին հայտարարության տեքստում պարտադիր պետք է նշվեն մրցույթի անցկացման վայրը, օրը, ժամը, տեղը, սույն կարգի 9-րդ կետով սահմանված պայմանները, հայտերի ընդունման վերջնաժամկետը և սույն կարգի 10-րդ կետով սահմանված փաստաթղթերի ցանկը:

Խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ սույն կետով պահանջվող տեղեկատվությունը տրամադրում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին, որը երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ տեղեկատվությունը հրապարակում է իր պաշտոնական ինտերնետային կայքում:

7. Մրցույթին մասնակցելու մասին հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում: Մրցույթը նշանակվում է փաստաթղթերի ընդունման ավարտից հետո յոթերորդ աշխատանքային օրը:

8. Խորհուրդը հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի թեկնածուի հայտն ընդունում է մրցույթ հայտարարած հաստատությունում:

9. Հաստատության տնօրենի ընտրության համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիությունը.

2) բարձրագույն կրթությունը.

3) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

10. Մրցույթին մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերն են`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) անձնագրի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը (ներկայացվում է մրցույթի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ).

5) հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հաստատող փաստաթուղթը (դրանց առկայության դեպքում).

6) աշխատանքային գրքույկի պատճենը:

11. Փաստաթղթերի պատճենները համեմատվում են բնօրինակի հետ, իսկ բնօրինակը վերադարձվում է թեկնածուին:

12. Հաստատության տնօրենի պաշտոնակատարը պարտավոր է թեկնածուներին տրամադրել տվյալ հաստատության զարգացման ծրագիր կազմելու համար անհրաժեշտ տեղեկատվություն հաստատության գործունեության վերաբերյալ (տվյալներ մանկավարժական, աշակերտական համակազմի, ուսումնադաստիարակչական, արտադպրոցական գործունեության, կառավարման և խորհրդակցական մարմինների մասին):

13. Մրցույթն անցկացնում է խորհուրդը` նախարարության ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) պարտադիր մասնակցությամբ, որը անհրաժեշտության դեպքում եզրակացություն է տալիս մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ:

14. Մրցույթի, այդ թվում` հետաձգված, անցկացման վերաբերյալ խորհրդի նախագահը կամ նախագահին փոխարինող խորհրդի անդամը գրավոր դիմում է նախարարություն` ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու համար` նշելով մրցույթի անցկացման օրը, ժամը և վայրը` միաժամանակ այդ մասին տեղեկացնելով նաև խորհրդի բացակա անդամներին, թեկնածուներին, լիազոր մարմնին: Դիմումը ներկայացվում է նախարարություն` մրցույթից, այդ թվում` հետաձգված, առնվազն մեկ աշխատանքային օր առաջ:

15. Ներկայացուցիչը քվեարկելու իրավունք չունի:

16. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն վեցը:

17. Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ և ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ:

Սույն կետով հետաձգված խորհրդի նիստն իրավազոր չլինելու և թեկնածուների թիվը մեկից ավելի լինելու դեպքում խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և հաստատության տնօրենի պաշտոնի թեկնածուների անձնական գործերի պատճենները:

18. Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթի, ապա սույն կարգի պահանջներին համապատասխան` հայտարարվում է նոր մրցույթ:

19. Լիազորված մարմնի՝ խորհրդի անդամ չհանդիսացող ներկայացուցիչը մրցույթին կարող է մասնակցել որպես դիտորդ:

20. Կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները ընտրությանը կարող են մասնակցել դիտորդի կարգավիճակով:

21. Թեկնածուն բանավոր ներկայացնում է տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը:

22. Խորհուրդը թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով անցկացնում է հարցազրույց՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված հարցաշարերի հիման վրա, ինչպես նաև թեկնածուին տրվում են հարցեր տվյալ թեկնածուի ներկայացրած զարգացման ծրագրից:

23. Մրցույթի ընթացքն արձանագրվում է խորհրդի քարտուղարի կողմից և վավերացվում խորհրդի նախագահի ստորագրությամբ: Ընտրության ընթացքը կարող է ձայնագրվել:

24. Հաստատության տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

25. Խորհրդի նախագահը քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո մինչև նիստի ավարտը թեկնածուների ներկայությամբ հրապարակում է քվեարկության արդյունքները:

26. Եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ թեկնածու և մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և սույն կարգի համաձայն՝ հայտարարվում է նոր մրցույթ: Եթե թեկնածուների թիվը մեկից ավելի է, ապա`

1) թեկնածուների թիվը երկու լինելու և հաստատության տնօրեն չընտրվելու դեպքում կրկնակի քվեարկություն չի անցկացվում, և խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և հաստատության տնօրենի պաշտոնի թեկնածուների անձնական գործերի պատճենները.

2) թեկնածուների թիվը երեք և ավելի լինելու և հաստատության տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն, կրկնակի քվեարկությանը մասնակցում են առավելագույն «կողմե ձայներ ստացած երկու թեկնածուները, եթե բոլոր թեկնածուները հավաքել են նույն քանակությամբ ձայներ, ապա կրկնակի քվեարկությանը մասնակցում են բոլոր թեկնածուները, կրկնակի քվեարկությամբ ևս հաստատության տնօրեն չընտրվելու դեպքում հաստատության խորհուրդը երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան լիազորված պետական մարմին է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության և հաստատության տնօրենի պաշտոնի թեկնածուների անձնական գործերի պատճենները.

3) սույն կարգի 17-րդ և սույն կետերով նախատեսված դեպքերում ներկայացված փաստաթղթերի հիման վրա, հինգ աշխատանքային օրվա ընթացքում թեկնածուներին ընտրում և օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր են կնքում համապատասխան լիազոր մարմինները, ընտրության արդյունքների մասին լիազոր մարմինը գրությամբ տեղեկացնում է հաստատության խորհրդին` թեկնածուներին պատշաճ կերպով տեղյակ պահելու համար:

27. Մրցույթի արդյունքները չեղյալ են ճանաչվում`

1) դատական կարգով կամ`

2) ներկայացուցչի բացասական եզրակացության կամ լիազորված մարմնի կամ թեկնածուի կամ խորհրդի անդամի կողմից մրցույթի անցկացման ընթացակարգի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին ուղղված գրավոր բողոքի ուսումնասիրության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` լիազորված մարմնի կողմից:

28. Հանձնաժողովը ձևավորվում է բողոքը նախարարություն մուտքագրվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում`

1) հանձնաժողովի կազմում ընդգրկվում են նախարարության, լիազորված մարմնի մասնագետները և տեղական ինքնակառավարման մարմնի լիազոր ներկայացուցիչը` առնվազն երեք անդամ, հանձնաժողովի կազմը հաստատելու համար նախարարությունը դիմում է համապատասխան մարմիններին` երեք աշխատանքային օրվա ընթացքում թեկնածու առաջադրելու համար.

2) հանձնաժողովն իր ուսումնասիրության արդյունքների մասին գրավոր եզրակացություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարին` հանձնաժողովի ձևավորումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք, որը ներկայացվում է եզրակացության հետ միասին:

29. Խորհրդի նախագահը հաստատության տնօրենի ընտրության մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է լիազորված մարմնին` ներկայացնելով նիստի արձանագրությունը, ընտրված հաստատության տնօրենի անձնական գործը, փաստաթղթերը և ներկայացուցչի եզրակացությունը:

30. Լիազորված մարմինն ընտրված հաստատության տնօրենի կամ սույն կարգի 26-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն առաջարկված թեկնածուի հետ տասը աշխատանքային օրվա ընթացքում կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:

31. Խորհրդի արձակումը, կազմի փոփոխումը կամ լիազորությունների ավարտը չեն կարող հիմք հանդիսանալ հաստատության տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

32. Հաստատության տնօրենի լիազորությունները դադարեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ