Համարը 
ՀՕ-24
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.05.22/13(54)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
25.04.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.05.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

ապրիլի 25-ին

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի (8 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-172, այսուհետ՝ օրենսգիրք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին կետը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն՝» բառերով.

2) 3-րդ կետի «նպաստում է» բառը փոխարինել «խթանում է» բառով.

3) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Պետությունը, օրենսդրությամբ վերապահված իրենց լիազորությունների շրջանակում՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորող մարմիններն ու պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման օրինականության համար:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 2-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ժամանակ՝ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները և պարտականությունները տարածվում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիություն չունեցող՝ ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Արտասահմանում բնակվող կամ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները՝ սույն օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:».

3) 3-րդ կետում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ընտրություններում քվեարկությունը գաղտնի է: Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև՝ պարտականություն: Քվեարկողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է և հետապնդվում օրենքով:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի «կենտրոնական ընտրական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանը վարող լիազոր մարմինը» բառերով.

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են երեքժամյա պարբերականությամբ տարածքային ընտրական հանձնաժողով տվյալներ հաղորդել քվեարկությանը մասնակցած ընտրողների թվի մասին: Տարածքային ընտրական հանձնաժողովները նշված տվյալներն ամփոփում, հրապարակում և կենտրոնական ընտրական հանձնաժողով են հաղորդում երեքժամյա պարբերականությամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապետական ընտրությունների ժամանակ (համապետական են համարվում Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները), քվեարկության օրը` ժամը 9.00-ին, տեղեկություններ է հրապարակում ընտրությունների ընթացքի մասին, իսկ ժամը 12.00-ից սկսած` մինչև ժամը 21.00-ն, 3-ժամյա պարբերականությամբ` ըստ ընտրատարածքների, հրապարակում է տեղեկություններ մինչև նախորդ ժամն ընտրություններին մասնակցած ընտրողների թվի, ինչպես նաև ստացված դիմում-բողոքների վերաբերյալ: Համապետական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին ամփոփ տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես հրապարակում է տարածքային ընտրական հանձնաժողովներից հեռահաղորդակցության միջոցներով ստացված տվյալների հիման վրա` քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 10.00-ն:».

3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Սույն հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվյալները հրապարակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության ուղիղ ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների միջոցով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո կենտրոնից:»:

 

Հոդված 5. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման (ներառյալ` հանձնաժողովների անդամների ուսուցումը, ընտրողների ծանուցումը, ընտրողների ցուցակների կազմելը և վարելը) ծախսերը կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի 9-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների` ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը (այսուհետ` լիազոր մարմին):

2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջների համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:

3. Լիազոր մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):

4. Համայնքների ղեկավարները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:

5. Սույն օրենսգրքով նախատեսված ղեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական մասերի ղեկավարները:

6. Լիազոր մարմինը տարին 2 անգամ` հուլիս և հունվար ամիսներին, ճշգրտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը և այն, ըստ համայնքների և շրջանների (Ստեփանակերտ քաղաքի), իսկ համապետական ընտրությունների դեպքում` քվեարկության օրվանից առնվազն 41 օր առաջ` նաև ըստ տեղամասերի, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ռեգիստրը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքի մշտական և անբաժանելի մասն է, որտեղ ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև ըստ ընտրական տեղամասերի, տեղադրվում են ընտրողների՝ սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխանող ցուցակները:»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:

3. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում է սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունը քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների ցուցակը` դրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ոստիկանության ծառայողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է տեղամասում քվեարկող ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

4. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ կազմվող ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

5. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները), բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, ընդգրկվում են ընտրելու իրավունք ունեցող և հայտ ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս:

7. Օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին մոտ գտնվող պետությունում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:

8. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:

9. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

10. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:

11. Կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակները կազմում է տվյալ հիմնարկների ղեկավարը` տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ: Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում կալանքի տակ գտնվող ընտրողների ցուցակում ընդգրկվում են միայն տվյալ ընտրատարածքի համայնքներում հաշվառում ունեցող քաղաքացիները:»:

 

Հոդված 8. Օրենսգրքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրողների ցուցակները կազմվում են ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:

2. Ընտրողների ցուցակում նշվում է շրջանի (Ստեփանակերտ քաղաքի) և համայնքի անվանումը, իսկ առանձին սյունակներում` ընտրական իրավունք ունեցող քաղաքացու`

1) ընտրողների ցուցակում հերթական համարը.

2) ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը նշվում է միայն այն դեպքում, երբ տվյալ ընտրողի անձնագրում առկա է հայրանունը).

3) ծննդյան ամսաթիվը, ամիսը և տարին.

4) հաշվառման վայրի հասցեն կամ բնակության վայրի հասցեն, եթե հաշվառում չունի:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվող ընտրողների ցուցակներում սույն հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված համարակալումը կատարվում է ըստ տեղամասերի, ցուցակների յուրաքանչյուր թերթի վրա նշվում է նաև ընտրական տեղամասի համարը, նախատեսվում է 3 լրացուցիչ սյունակ՝ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի սերիայի և համարի, ընտրողի ստորագրության և լրացուցիչ նշումների համար:

4. Մեկից ավելի ընտրությունների միաժամանակյա քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության համար նախատեսվում է ընտրողի ստորագրության առանձին սյունակ:

5. Ընտրողների ցուցակները կազմվում են մատյանի ձևով և էջակալվում մինչև 1000 ընտրողի քանակով: Ընտրողների ցուցակը կազմում, էջակալում, ցուցակի յուրաքանչյուր էջ ստո-րագրում և կնքում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 13-րդ հոդվածը վերանվանել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 12.

Ընտրողների ցուցակներն ընտրական հանձնաժողովներին և տեղամասային կենտրոններին տրամադրելը

 

«1. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից առնվազն 40 օր առաջ համապատասխան տեղամասային կենտրոնների տարածքները տնօրինող հաստատությունների ղեկավարներին տրամադրում է ընտրողների ցուցակների մեկական օրինակ` ըստ տեղամասերի` տեղամասային կենտրոնում փակցնելու համար:

2. Ընտրողների վերջնական ցուցակները` ըստ տեղամասերի, և տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` տպագրված երկու օրինակից (ընտրողների ցուցակների 1-ին օրինակը` կազմված մատյանի ձևով, 2-րդ օրինակը` տեղամասային կենտրոնում փակցնելու համար), ինչպես նաև սույն օրենսգրքի 141 -րդ հոդվածով սահմանված ընտրողների լրացուցիչ ցուցակներ կազմելու համար անհրաժեշտ ձևաթղթերը լիազոր մարմինը կամ դրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:

3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում, ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով, տրամադրում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

4. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը՝ քվեարկության օրվանից 3 օր առաջ, զմռսված ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը՝ տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախօրոք որոշված մոտակա բնակավայրի տեղամասային ընտրական հանձնաժողովում:

5. Կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակը հանձնում են իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 12-րդ հոդվածը վերանվանել և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 13.

Ընտրողների ցուցակների մատչելիությունը

 

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:

2. Լիազոր մարմինը սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը` ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, տեղադրում է Ինտերնետում:

3. Յուրաքանչյուր ոք, կուսակցություն իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից, դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու ըստ շրջանների (Ստեփանակերտ քաղաքի) և ըստ համայնքների, իսկ ընտրությունների դեպքում՝ նաև ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով կամ թղթային տարբերակով` համապատասխան վճարով:

4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:

5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:

6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը, այդ թվում` լրացուցիչ ցուցակները, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:

7. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում` զինծառայողների համար տեսանելի տեղում:

8. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանումը ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, իրեն` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու մասին դիմում ներկայացնելու համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 5 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Սույն կետով սահմանված ժամկետներում ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու իրավունք ունեն նաև կուսակցությունները:

2. Համայնքի ղեկավարը դիմումն ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, դիմումը և նրան կից` հարցի վերաբերյալ իր կարծիքը ներկայացնում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը դիմումը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ` այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

4. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարն ընտրողների ցուցակներում կատարված փոփոխությունների մասին տեղեկություններ է հաղորդում լիազոր մարմնին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների գրանցամատյանում անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ կատարելու համար:

5. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել առաջին ատյանի դատարան: Դատարանը եռօրյա ժամկետում կայացնում է վճիռ, որը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

6. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ վճիռները կայացվում են այն ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

7. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին կայացված վճիռների հիման վրա ընտրողների ցուցակներում լրացումներ կատարում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովը` քվեարկության օրը, սույն օրենսգրքի 141 -րդ հոդվածով սահմանված կարգով լրացուցիչ ցուցակներ կազմելու միջոցով:

8. Ընտրական հանձնաժողովներն իրավունք չունեն սեփական նախաձեռնությամբ որևէ փոփոխություն` ճշտում կամ լրացում կատարելու ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում:»:

 

Հոդված 12. Օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ141-րդ հոդված.

 

«Հոդված 141.

Ընտրողների լրացուցիչ ցուցակները

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքով սահմանված կարգով կազմում է ընտրողների լրացուցիչ ցուցակ:

2. Տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվում են սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն դատարանի վճիռներ ներկայացրած քաղաքացիները, ինչպես նաև տվյալ ընտրական տեղամասի տարածքում հաշվառված, սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացիները` լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի առկայության դեպքում: Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող`

ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին լիազոր մարմնի ստորաբաժանման տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

3. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով սահմանված` տեղամասային ընտրական հանձնաժողովներին քվեարկության համար տրվող ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան` ավելացնելով մեկ սյունակ` անձին ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դատարանի վճռի կամ լիազոր մարմնի` համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը նշելու համար:

4. Ընտրողների լրացուցիչ ցուցակների յուրաքանչյուր էջ ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ քվեարկությունից հետո` ցուցակի վերջում, հանձնաժողովի նախագահը նշում է լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը: Քաղաքացուն ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու համար հիմք հանդիսացող փաստաթղթերը կցվում են լրացուցիչ ցուցակին:»:

 

Հոդված 13. Օրենսգրքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկությունը կազմակերպելու և քվեարկության արդյունքներն ամփոփելու նպատակով կազմավորվում են ընտրական տեղամասեր` հերթական համարակալմամբ:

2. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքների ղեկավարների և տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր քվեարկությունից ոչ ուշ, քան 45 օր առաջ` հաշվի առնելով տեղական և այլ պայմաններ, նպատակ ունենալով առավել նպաստավոր պայմաններ ստեղծել ընտրողների ընտրական իրավունքների իրականացման համար:

3. Քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ զինվորական մասերի ղեկավարները լիազոր մարմնին կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին են ներկայացնում զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, տեղամասային կենտրոններ են կազմավորվում արտասահմանում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում: Նույն ժամկետում տեղամասային կենտրոններ են կազմավորվում նաև կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատություններում` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Ընտրական տեղամասն ընդգրկում է ոչ ավելի, քան 2000 ընտրող: Սույն կետով սահմանված թիվը կարող է փոխվել ընտրողների ցուցակների ճշգրտման դեպքում, բայց ոչ ավելի, քան մեկ տոկոսի չափով:

6. Ընտրական տեղամասը չի կարող ընդգրկել տարբեր համայնքների բնակավայրեր:»:

 

Հոդված 14. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Տեղամասային կենտրոնում քվեարկության բնականոն ընթացքն ապահովող անհրաժեշտ կահավորման համար պատասխանատու է համապատասխան համայնքի ղեկավարը:».

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ.

«5. Տեղական ինքնակառավարման մարմինները հաշմանդամների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունն ապահովելու համար տեղամասային կենտրոններում իրականացնում են անհրաժեշտ միջոցառումներ:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետում «ընտրատարածքային» բառը փոխարինել «տարածքային» բառով:

 

Հոդված 16. Օրենսգրքի 18-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կազմավորվում են Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորական տեղերի թվին հավասար ընտրատարածքներ:

2. Ընտրատարածքները կազմավորում և համարակալում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված ընտրողների թվի հիման վրա:

3. Ընտրատարածքները կազմում են միասնական տարածք: Չի թույլատրվում մեկ ընտրատարածքում ընդգրկել ոչ սահմանակից տեղամասեր:

4. Յուրաքանչյուր ընտրատարածքի սահմանները որոշվում են այնպես, որ կազմավորված բոլոր ընտրատարածքներում ընդգրկված լինեն մոտավորապես նույն թվով ընտրողներ` հաշվի առնելով տարածքի աշխարհագրական, տեղագրական և ֆիզիկական առանձնահատկությունները, հաղորդակցության միջոցների առկայությունը, գոյություն ունեցող սոցիալական և վարչական գործոնները, ընդ որում` վերը թվարկված գործոններով պայմանավորված շեղումը յուրաքանչյուր ընտրատարածքի համար չպետք է գերազանցի ընտրելու իրավունք ունեցող ընտրողների ընդհանուր թվի և ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, իսկ բացառիկ դեպքերում` 15 տոկոսը: Եթե ընտրատարածքում ընտրողների թվի և ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության տարբերությունը՝ բացարձակ արժեքով, գերազանցում է ընտրողների ընդհանուր թվի ու ընտրատարածքների թվի հարաբերության 10 տոկոսը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր որոշման մեջ պարտավոր է մատնանշել տվյալ որոշումը կայացնելու համար հիմք ծառայած բոլոր գործոնները և հիմնավորել դրանց ազդեցությունը:

5. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարակալված ընտրատարածքների ցուցակը և գծապատկերը հրապարակում է պաշտոնական տեղեկագրում, իր ինտերնետային կայքում և «Ազատ Արցախ» թերթում՝ սույն օրենսգրքով սահմանված ընտրատարածքների թվի փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

6. Ազգային ժողովի` արտահերթ կամ մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ժամանակ ընտրատարածքների սահմանները փոփոխության չեն ենթարկվում:

7. Ընտրատարածքների կազմավորման և համարակալման մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` որոշման պաշտոնական հրապարակման պահից յոթ օրվա ընթացքում:»:

 

Հոդված 17. Օրենսգրքի 19-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) ընտրական հանձնաժողովի անդամներին:».

2) 8-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով, իսկ «կուսակցությանը» բառից հետո` «,կուսակցությունների դաշինքին» բառերով.

3) 8-րդ կետի «որոշում» բառը փոխարինել «վճիռ» բառով:

 

Հոդված 18. Օրենսգրքի 20-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նախընտրական քարոզչության ընթացքում արգելվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնության կամ պատերազմի քարոզումը, ազգային, ռասայական, կրոնական ատելության բորբոքումը, ինչպես նաև ռասայական, ազգային կամ կրոնական ատելություն առաջացնող նյութերի հրապարակումն ու տարածումը:»:

 

Հոդված 19. Օրենսգրքի 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը լրացնել «թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` հաջորդ օրը» բառերով.

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրային հեռուստաընկերությունը և հանրային ռադիոն պարտավոր են հավասար պայմաններ ապահովել ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) համար:

Հանրային հեռուստաընկերությամբ և հանրային ռադիոյով հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզարշավի վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ և գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար ու հավասար պայմանների պահպանումը:

Ընտրություններին մասնակցող թեկնածուի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կողմից միջոցառումներ չկազմակերպելը կամ այդ միջոցառումների մասին տեղեկատվության բացակայությունը հիմք չի կարող հանդիսանալ ընտրությունների մյուս մասնակիցների քարոզարշավի մասին զանգվածային լրատվության միջոցներով համապատասխան տեղեկություններ չհրապարակելու համար».

3) ավելացնել նոր 5-8 կետեր` նախկին 5-9 կետերը համարելով 9-13 կետեր.

«5. Համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 10 օր հետո, պետք է հրապարակվի հանրային ռադիոյով և հանրային հեռուստաընկերությամբ վճարովի եթերաժամի յուրաքանչյուր րոպեի գինը: Նախընտրական քարոզչության փուլում այդ գինը չի կարող փոփոխվել:

6. Թեկնածուներն ու Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրավունք ունեն հավասար պայմաններով օգտվելու նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերության և հեռուստաընկերության եթերաժամերից: Սույն հոդվածի 3-4-րդ կետերում սահմանված դրույթները հավասարապես տարածվում են նաև (անկախ սեփականության ձևից) այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների վրա:

7. Հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, որը նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմելու դատարան: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավասու է խախ-տումների վերաբերյալ կարծիք ներկայացնելու դատարան:

8. Թերթերը և ամսագրերը, անկախ նրանց հիմնադիրներից, բացառությամբ կուսակցության կողմից հիմնադրված թերթերի և ամսագրերի, նախընտրական քարոզչական նյութեր հրապարակելիս պարտավոր են ապահովել հավասար պայմաններ»:

 

Հոդված 20. Օրենսգրքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «հեռուստատեսության» բառից հետո լրացնել «, այլ ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների» բառերով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելիս հրապարակումն իրականացնող զանգվածային լրատվության միջոցները, քաղաքացիները և կազմակերպությունները պարտավոր են նշել հարցումն անցկացրած կազմակերպության անվանումը, հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը, ինչպես նաև պատվիրատուին և այդ հարցման արդյունքները հրապարակելու ֆինանսավորման աղբյուրը:

Քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում, ներառյալ` քվեարկության օրը` մինչև ժամը 20.00-ն, արգելվում է թեկնածուների և կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) վարկանիշների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:»:

 

Հոդված 21. Օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ հոդված.

 

«Հոդված 231.

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական, քաղաքացիական, տեղական ինքնակառավարման մարմինների ծառայող հանդիսացող թեկնածուների նախընտրական քարոզչության սահմանափակումները

 

Քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, պետական ծառայող հանդիսացող թեկնածուները նախընտրական քարոզչությունն իրականացնում են ընդհանուր հիմունքներով, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ.

1) արգելվում է նախընտրական քարոզչության իրականացումը պաշտոնական պարտականությունները կատարելիս կամ պաշտոնեական դիրքի ցանկացած չարաշահումը ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու համար.

2) արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով իրենց ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, բացառությամբ հատուկ պետական պաշտպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կիրառվող միջոցառումների:

Նախընտրական քարոզչության նպատակով պետական սեփականությունը այս թեկնածուների կողմից օգտագործվում է ընդհանուր հիմունքներով.

3) արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով այս թեկնածուների գործունեության լուսաբանումը, բացառությամբ Սահմանադրությամբ սահմանված դեպքերի, պաշտոնական այցերի և ընդունելությունների, ինչպես նաև տարերային աղետների ընթացքում վերջիններիս իրականացրած, ձեռնարկվող միջոցառումների:»:

 

Հոդված 22. Օրենսգրքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներն իրենց նախընտրական քարոզչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված ընտրական գրավը մուծելու նպատակով իրավունք ունեն ձևավորելու նախընտրական հիմնադրամ: Ազգային ժողովի` միայն համամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուները նախընտրական հիմնադրամ ձեւավորել չեն կարող: Նախընտրական հիմնադրամի միջոցները հավաքվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող ցանկացած բանկում: Նախընտրական հիմնադրամ ձևավորելու նպատակով առաջադրված թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին համապատասխան ընտրական հանձնաժողովների կողմից առաջադրման համար պահանջվող փաստաթղթերը ներկայացնելուց հետո` մեկօրյա ժամկետում, տրվում է առաջադրման փաստը հավաստող տեղեկանք, որի հիման վրա և թեկնածուների կամ նրանց լիազոր ներկայացուցիչների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրավոր դիմումների, իսկ գրանցված թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար, միայն գրավոր դիմումների համաձայն, բանկերը բացում են ժամանակավոր հատուկ հաշվեհամարներ: Այդ հաշվեհամարներից եկամուտներ չեն հաշվարկվում և չեն վճարվում:

Նախընտրական հիմնադրամը ձևավորվում է`

1) թեկնածուի անձնական միջոցներից.

2) թեկնածուին առաջադրած կուսակցության կողմից թեկնածուին տրամադրված միջոցներից.

3) կուսակցության սեփական միջոցներից.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից:».

2) 2-րդ կետում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ ենթակետ.

«8) պետական ոչ առևտրային կազմակերպությունները:».

3) 4-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանված չափը գերազանցող մուծումները, ինչպես նաև թեկնածուների ու կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) չգրանցման դեպքում և ընտրություններից հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի, նախընտրական հիմնադրամում մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:».

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները, ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 6 օր հետո, իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են հայտարարագիր` իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ: Հայտարարագրի ձևը և այն ներկայացնելու կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված բոլոր մուծումների ժամանակագրությունը, դրանց կատարողների անունը, ազգանունը, հաշվառման հասցեն, մուծված գումարի չափը.

2) կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները.

3) հիմնադրամում մնացած գումարի չափը (այդպիսին լինելու դեպքում):

Համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովները հայտարարագրերն ստանալուց հետո` 3 օրվա ընթացքում, դրանք ուղարկում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի թեկնածուների և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների ներկայացրած հայտարարագրերը 3-օրյա ժամկետում տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, իսկ մյուս թեկնածուների հայտարարագրերի պատճենները կարող են տրամադրվել վստահված անձանց, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին, դիտորդներին:»:

 

Հոդված 23. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին նախադասության սկզբում ավելացնել «Համապետական» բառը, «հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «հանձնաժողովը» բառով.

2) վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեությունն ավարտվում է ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 45-րդ օրը:»:

 

Հոդված 24. Օրենսգրքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը «թեկնածուն» բառից հետո լրացնել «կամ նրա լիազոր ներկայացուցիչը» բառերով:

 

Հոդված 25. Օրենսգրքում ավելացնել հետևյալ բովանդակությամբ 281-րդ հոդված.

«Հոդված 281.

Վստահված անձի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

 

1. Վստահված անձն իրավունք ունի`

1) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու հանձնաժողովի նիստերին, քվեարկության ընթացքում ներկա գտնվելու քվեարկության սենյակում.

2) ծանոթանալու ընտրական փաստաթղթերին, այդ թվում՝ դատարանի համապատասխան վճիռներին, լիազոր մարմնի տված համապատասխան տեղեկանքին.

3) ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրական փաստաթղթերին, ընտրական հանձնաժողովների որոշումներին, արձանագրություններին, ստանալու դրանց պատճենները, կատարելու քաղվածքներ, նույն կարգով ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին: Որոշումների, արձանագրությունների, գրանցամատյանի գրառումների պատճենները և քաղվածքները պետք է կնքեն և ստորագրեն հանձնաժողովի նախագահը (տեղակալը) և քարտուղարը: Տեղամասային ընտրական հանձնաժողովից ստացված փաստաթղթերը կնքվում են միայն քվեարկության օրը.

4) բողոքարկելու հանձնաժողովների որոշումները, գործողությունները, անգործությունը.

5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով հետևելու քվեաթերթիկների տպագրման, փոխադրման, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին.

6) չմիջամտելով հանձնաժողովի անդամի աշխատանքներին` ֆիզիկապես ներկա գտնվելու հանձնաժողովի՝ ընտրողների գրանցում իրականացնող, քվեաթերթիկ հատկացնող, քվեաթերթիկը կնքող և քվեատուփը հսկող անդամների կողքին և հետևելու նրանց աշխատանքներին.

7) քվեարկության օրը հետևելու ընտրական հանձնաժողովի աշխատանքներին և դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին ներկայացնելու դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ.

8) քվեարկության արդյունքներն ամփոփելիս ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի, քարտուղարի կամ հանձնաժողովի անդամներից որևէ մեկի ներկայությամբ, ում կհանձնարարի հանձնաժողովի նախագահը, անարգել ծանոթանալու քվեարկած քվեաթերթիկներին և դրանցում կատարված նշումներին, ներկա գտնվելու քվեաթերթիկների հաշվարկմանը և քվեարկության արդյունքների ամփոփմանը.

9) իրականացնելու սույն օրենսգրքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

2. Վստահված անձն իր լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին (խորհրդակցական ձայնի իրավունքով) և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) մեկական վստահված անձ:

4. Վստահված անձի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում: Ոչ ոք, այդ թվում` ընտրական հանձնաժողովները, իրավունք չունեն վստահված անձանց դուրս հանելու քվեարկության սենյակից կամ ցանկացած այլ կերպ նրանց մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրանց ձերբակալելու կամ կալանավորելու դեպքերի:

5. Վստահված անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իր հայտնած կարծիքի համար:»:

 

Հոդված 26. Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«11. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել համապատասխան հրավերի առկայության դեպքում: Սույն կետում նշված կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավերք ուղարկելու իրավունք ունեն`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 27. Օրենսգրքի 30-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը «հավատարմագիրը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ըստ ներկայացված ցուցակների` դիտորդներին տրվող կնքված վկայականները» բառերով.

2) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:»:

 

Հոդված 28. Օրենսգրքի 31-րդ հոդվածում՝

1) վերնագրից և 5-րդ կետից հանել «Վստահված անձի,», 1-ին, 2-րդ և 6-րդ կետերից` «Վստահված անձը,», 4-րդ կետից` «Վստահված անձը և» բառերը.

2) 1-ին կետի 1-ին ենթակետում «փոխադրման» բառից հետո ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «, պահպանման և քվեաթերթիկների հաշվարկման գործընթացներին».

3) 1-ին կետի 2-րդ ենթակետը «ծանոթանալ» բառից հետո լրացնել «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով.

4) 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 29. Օրենսգրքի 32-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ` կենտրոնական ընտրական հանձնաժողով, տարածքային ընտրական հանձնաժողով, տեղամասային ընտրական հանձնաժողով:

2. Հանրապետության յուրաքանչյուր վարչատարածքային միավորումում` շրջանում և շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ քաղաքում, ստեղծվում է մեկական տարածքային ընտրական հանձնաժողով:

3. Ստեփանակերտ քաղաքում, որի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը լիազորվում է Ստեփանակերտի տարածքային հանձնաժողովին:

4. Եթե ընտրատարածքն ընդգրկում է տարբեր շրջանների համայնքներ, ապա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը կազմակերպում և անցկացնում է միայն այն համայնքների ընտրությունները, որոնք գտնվում են այն շրջանի տարածքում, որտեղ տեղակայված է տարածքային ընտրական հանձնաժողովը:

5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները տարածքային ընտրական հանձնաժողովներին ապահովում են համապատասխան աշխատանքային տարածքներով, աջակցում հանձնաժողովներին` նրանց բնականոն աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:»:

 

Հոդված 30. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ կետերում, 41-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերում, 42-րդ հոդվածի 2-րդ կետում, 43-րդ հոդվածում, 45-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերում, 46-րդ հոդվածի 1-ին կետում, 50-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ, 11-րդ կետերում, 62-րդ հոդվածի 8-րդ կետում, 103-րդ հոդվածում, 104-հոդվածում, 105-րդ հոդվածում, 111-րդ հոդվածի 3-րդ, 5-րդ կետերում, 113-րդ հոդվածում, 114-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ կետերում, 116-րդ հոդվածի 5-րդ կետում, 120-րդ հոդվածի 1-ին կետում, 121-րդ հոդվածում, 122-րդ հոդվածի 2-րդ կետում, 124-րդ հոդվածում, 127-րդ հոդվածի 2-րդ կետում, 129-րդ հոդվածում, 130-րդ հոդվածում, 131-րդ հոդվածում, 132-րդ հոդվածի 3-րդ կետում, 134-րդ հոդվածում, 135-րդ հոդվածի 4-րդ կետում «ընտրատարածքային ընտրական հանձնաժողով» բառերը փոխարինել «տարածքային ընտրական հանձնաժողով» բառերով:

 

Հոդված 31. Օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտրական հանձնաժողովները գործում են օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:»:

 

Հոդված 32. Օրենսգրքի 34-րդ հոդվածում՝

1) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ընտրական հանձնաժողովների անդամներն իրենց գործունեության ընթացքում կարող են ազատվել, իսկ ընտրական հանձնաժողովի պահանջի դեպքում անմիջապես ազատվում են արտադրական կամ ծառայողական պարտականություններ կատարելուց:».

2) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Ընտրական հանձնաժողովների անդամների վարձատրությունը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի վարձատրությունը կատարվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները բոլոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում ամսական վարձատրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի վարձատրության 50 տոկոսի չափով, իսկ մնացած ժամանակահատվածում՝ 10-հազարական դրամի չափով:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը վարձատրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի վարձատրության 40 տոկոսի չափով:

Համապետական ընտրությունների, Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի նոր կամ լրացուցիչ ընտրության կամ շրջանի միաժամանակ 3 և ավելի համայնքում կամ (և) 1000-ից ավելի ընտրող ունեցող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացման ժամանակահատվածի (60 օր) յուրաքանչյուր ամսվա համար տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում են 40-հազարական դրամի չափով, տարածքային հանձնաժողովի անդամները` 30-հազարական դրամի չափով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է 30-հազարական դրամի չափով, նախագահի տեղակալը և քարտուղարը` 20-հազարական դրամի չափով, տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին տրվում է 3-ական օրվա օրապահիկ:

Ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին և կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները: Պարտականությունների անհարգելի չկատարումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության: Ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձը նրանց հիմնական աշխատավայրերում պահպանվում է:»:

 

Հոդված 33. Օրենսգրքի 35-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները, որոնք կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել են որակավորման վկայականներ, բացառությամբ օտարերկրյա պետություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների:

2. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն 10 օր առաջ զանգվածային լրատվության միջոցներով հայտարարություն է անում հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին: Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցելու իրավունք ունեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով հայտ ներկայացրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները: Դասընթացների արդյունքներով ստուգարք հանձնելը հիմք է քաղաքացիներին որակավորման վկայականներ տրամադրելու համար:

3. Ընտրական հանձնաժողովների կազմի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

4. Քաղաքացին կարող է ընդգրկվել միայն մեկ ընտրական հանձնաժողովի կազմում:

5. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստի-

կանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային ծառայությունների, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:»:

 

Հոդված 34. Օրենսգրքի 36-րդ հոդվածում՝

1) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`

1) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից.

2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում՝ դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:

Եթե գործող Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում 3-ը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2-ական անդամ:

Եթե մինչև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման համար սույն օրենքով սահմանված ժամկետում, սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների տվյալները ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 10 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն: Սույն հոդվածի 1-ին կետում նշված մարմիններին կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտի ժամկետի մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է նորընտիր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ 60-րդ օրը:

Նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման վերջին օրը, սույն հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Հանրապետության Նախագահը:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը՝ առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:».

2) 4-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Առաջին նիստը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:»:

 

Հոդված 35. Օրենսգրքի 37-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37.

Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձանաժողովի մեկ անդամ` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով` մասնագիտական դասընթացներին մասնակցած և համապատասխան որակավորում ստացած անձանցից:

Տարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորությունները ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորությունները ստանձնելու պահից տասնհինգ օր հետո:

Տարածքային ընտրական հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում սույն հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Տարածքային ընտրական հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը:

3. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին և քարտուղարին ընտրում է տարածքային ընտրական հանձնաժողովը` հանձնաժողովի անդամների կազմից, տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում: Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է տարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին: Տարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը վարում է հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածությունների առաջադրման իրավունքը պատկանում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով:

6. Սահմանված կարգով և ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:»:

 

Հոդված 36. Օրենսգրքի 38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 38.

Տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` տեղամասային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:

2. Նշված կարգով տեղամասային ընտրական հանձնաժողով կազմավորելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 19, և ոչ ուշ, քան 16 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ն:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները նշված կարգով չկազմավորվելու դեպքում հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի կազմը համալրվում է այն հաշվով, որ հանձնաժողովների անդամների թիվը պակաս չլինի 7-ից:

Քվեարկության օրը` ժամը 8.00-ին, տեղամասային հանձնաժողովների անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայական ունեցող անձանց թվից նշանակում է տեղամասային հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի առաջին նիստը տեղամասային կենտրոնում հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հանձնաժողովի կազմավորման հաջորդ օրը` ժամը 12.00-ին, և վարում է տեղամասային ընտրական հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:

5. Տեղամասային ընտրական հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների, տեղակալների և քարտուղարների ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:

7. Եթե տեղամասային ընտրական հանձնաժողովը նախատեսված ժամկետում հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հոդվածի 6-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 2 օր հետո` համապատասխան հանձնաժողովի կազմից:

8. Տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից 14, իսկ վերաքվեարկություն անցկացվելու դեպքում` վերաքվեարկության օրվանից 14 օր հետո:»:

 

Հոդված 37. Օրենսգրքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 39.

Ընտրական հանձնաժողովի նախագահին, տեղակալին, քարտուղարին պաշտոնանկ անելը և հանձնաժողովի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու կարգը

 

1. Ընտրական հանձնաժողովի նախագահը, տեղակալը և քարտուղարը կարող են պաշտոնանկ արվել համապատասխան հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ: Ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան 4 օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով:

2. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`

1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը.

2) նրա մահվան դեպքում.

3) 40-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված հիմքով.

4) իր դիմումի համաձայն.

5) եթե նա զորակոչվել է:

3. Ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում ընտրական հանձնաժողովի անդամի նշանակելու լիազորություն ունեցող անձի կամ մարմնի կողմից միևնույն անձը երեք ամսվա ընթացքում կրկնակի անգամ չի կարող առաջադրվել ընտրական հանձնաժողովների կազմում:

4. Ընտրական հանձնաժողովների անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր տեղերը համալրվում են նրանց նշանակելու լիազորություն ունեցող անձանց կամ մարմինների ներկայացմամբ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ 10-օրյա ժամկետում:

Տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում թափուր մնացած տեղը լրացվում է այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Համապատասխան փոփոխությունը հաստատում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Քվեարկության օրվան նախորդող 15 օրվա ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները

վաղաժամկետ դադարելու հետևանքով թափուր մնացած տեղերը մինչև քվեարկության օրվանից 5 օր առաջ լրացվում են այդ անդամին նշանակած վերադաս հանձնաժողովի անդամի ներկայացմամբ: Նշված ժամկետում համապատասխան նշանակում չկատարելու դեպքում թափուր տեղերը լրացվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից` մինչև քվեարկության օրվանից մեկ օր առաջ վիճակահանությամբ, իսկ քվեարկության օրը` առանց վիճակահանության, ընտրությունների անցկացման համար ուսուցում անցած և տեղամասային ընտրական հանձնաժողովներում աշխատելու համար վկայագիր ունեցող անձանց թվից` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:»:

 

Հոդված 38. Օրենսգրքի 40-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 6-րդ կետը «ավելին» բառից հետո լրացնել «, բացառությամբ համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ ընկած ժամանակահատվածում կայացող հերթական նիստերի» բառերով.

3) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, հերթական նիստերն իրավազոր են անկախ նիստին ներկա անդամների թվից, եթե սպառված են հանձնաժողովի` նիստ գումարելու համար անհրաժեշտ թվով անդամներին նիստին մասնակից դարձնելու բոլոր հնարավորությունները:».

4) 7-րդ կետը 1-ին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Հանձնաժողովի անդամը պարտավոր է մասնակցել քվեարկությանը:».

5) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Համապետական ընտրություններ նշանակվելու օրվանից սկսած` մինչև ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշում ընդունելը ներառյալ, որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին կողմ քվեարկած հանձնաժողովի անդամների թիվը մեծ է դեմ քվեարկած հանձնաժողովի անդամների թվից:»:

 

Հոդված 39. Օրենսգրքի 41-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 41.

Ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները, այդ թվում` քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները, ներկայացվում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու վերաբերյալ դիմումները ներկայացվում են տարածքային ընտրական հանձնաժողովի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան, բացառությամբ Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը), բացառությամբ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների, կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք ունի վերացնելու տարածքային ընտրական հանձնաժողովի` սույն օրենսգրքի պահանջներին հակասող որոշումը և հարցի վերաբերյալ ընդունելու համապատասխան որոշում, որը ենթակա է պարտադիր կատարման տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից: Սույն կետի պահանջը չի տարածվում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավոր, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրվելու մասին տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումների վրա:

Եթե քվեարկության ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա տարածքային ընտրական հանձնաժողովը կարող է այդ տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչել: Սույն կետով սահմանված կարգով տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում տվյալ փաստի կապակցությամբ առկա նյութերը ներկայացվում են դատախազություն` քրեական գործ հարուցելու նպատակով:

5. Ընտրական հանձնաժողովի որոշումները, ընտրական հանձնաժողովի և (կամ) հանձնաժողովի պաշտոնատար անձի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո՝ երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից մինչև 5 օր հետո՝ մինչև ժամը 12.00-ն, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերի:

6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումները կարող են ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն:

7. Ընտրություններ նշանակվելուց հետո՝ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրական հանձնաժողովները ստացված դիմումներին պատասխանում, իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունում հնգօրյա ժամկետում: Քվեարկության օրվան կամ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սահմանված ժամկետին նախորդող 5 օրերի ընթացքում ստացված դիմումները քննարկվում և սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում համապատասխանաբար մինչև քվեարկության օրը կամ մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը:

8. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու մասին դիմումների վերաբերյալ դատարանները վճիռներ կայացնում են սույն հոդվածի 7-րդ կետով սահմանված ժամկետներում: Այդ վճիռները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

9. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, լուծում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերագույն դատարանը:

10. Տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել՝

1) առաջին ատյանի դատարան՝ գյուղական համայնքների դեպքում.

2) վերաքննիչ դատարան՝ քաղաքային համայնքների դեպքում:

11. Համայնքի ավագանու անդամների ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումը կարող է բողոքարկվել առաջին ատյանի դատարան:

12. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դրանք ընդունվելուց հետո՝ 3 օրվա ընթացքում:

13. Տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների չափ, և այն սույն օրենսգրքով սահմանված կարգով հաշվի է առնվում ընտրությունների արդյունքներն ամփոփելիս:»:

 

Հոդված 40. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 411-րդ և 412-րդ հոդվածներով.

 

«Հոդված 411.

Ընտրական հանձնաժողովներում դիմումների (բողոքների) և առաջարկությունների քննարկման կարգը

 

1. Ընտրական հանձնաժողովներում դիմումները (բողոքները) և առաջարկությունները քննարկվում և պատասխանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի:

2. Ընտրական հանձնաժողովներում ընդունվում, մուտքագրվում և քննարկվում են միայն տվյալ ընտրական հանձնաժողովին հասցեագրված դիմումները (բողոքները) և առաջարկությունները (այսուհետ` դիմում):

3. Դիմումը պետք է լինի ստորագրված դիմողի կողմից, պարունակի նրա անունը, ազգանունը, բնակության հասցեն, տրման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը: Դիմումատուն պետք է հստակ սահմանի իր պահանջը, բերի հիմնավորումներ, իսկ հնարավոր ապացույցները կցի դիմումին: Դիմումատուի վերաբերյալ տվյալներ չպարունակող կամ կեղծ տվյալներ պարունակող դիմումները չեն քննարկվում:

Եթե դիմումում առկա են ձևական սխալներ, որոնք կարող են շտկվել, ապա ընտրական հանձնաժողովը դրանք մատնացույց է անում դիմողին` նրան հնարավորություն ընձեռելով շտկելու այդ սխալները, կամ ինքն է շտկում դրանք` նախապես կամ հետագայում դիմողին իրազեկելով այդ մասին: Եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա ընտրական հանձնաժողովը դիմողին առաջարկում է սահմանված ժամկետում համալրել այդ ցանկը:

Դիմումը տրվում է այն ընտրական հանձնաժողովին, որի իրավասության սահմաններում է բարձրացված հարցի լուծումը: Ստացված դիմումը մուտքագրվում է ընտրական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում հանձնաժողովի նախագահի տեղակալը դիմումը հասցեագրում է հանձնաժողովի անդամին: Դիմումում բարձրացված հարցերը ուսումնասիրում է հանձնաժողովի անդամը և ներկայացնում առաջարկություն` դրանց լուծման վերաբերյալ: Դիմումատուն իրավունք ունի մասնակցելու ընտրական հանձնաժողովում իր դիմումի քննարկմանը, անհրաժեշտության դեպքում ներկայացնելու դիմումում բերված փաստերն ապացուցող հիմնավորումներ:

4. Օպերատիվ լուծում պահանջող հարցերի վերաբերյալ ընտրական հանձնաժողովները ձեռնարկում են համապատասխան միջոցներ: Սույն օրենսգրքով սահմանված կարգով քվեարկության արդյունքները բողոքարկվելու դեպքում բողոքարկող կողմն այլ փաստաթղթերի հետ միասին իրավունք ունի ծանոթանալու ընտրողների կողմից ստորագրված ցուցակներին: Դրանք բողոքարկող կողմը հրապարակելու և տպագրելու, քաղվածքներ կատարելու և պատճենահանելու իրավունք չունի:

5. Դիմումի պատասխանը դիմումատուին ուղարկվում է հանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի ստորագրությամբ: Դիմումի պատասխանը պատրաստած հանձնաժողովի անդամը ստորագրում է հանձնաժողովում պահվող դիմումի պատասխանի օրինակի վրա:

6. Ընտրական հանձնաժողովներում մուտքագրված դիմումների թափանցիկ ու արդարացի քննարկման և դրանց հետագա ընթացքի վերաբերյալ պարբերաբար տեղեկացվում են հանձնաժողովի անդամները և վստահված անձինք, դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:

 

Հոդված  412.

Տարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկման կարգը

 

1. Թեկնածուն, տեղամասային ընտրական հանձնաժողովի հատուկ կարծիք ներկայացրած անդամը և տվյալ տեղամասում գրանցված վստահված անձն իրավունք ունեն սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում բողոքարկելու այդ տեղամասում քվեարկության արդյունքները` համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելով տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում:

2. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը դիմումատուն տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում է անձամբ` ներկայացնելով նաև անձը հաստատող փաստաթուղթ, վստահված անձի դեպքում` նաև վստահված անձի վկայականը:

3. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումը պետք է պարունակի դիմումատուի անունը, ազգանունը, բնակության վայրը և այն ընտրական տեղամասի համարը, որում պահանջվում է կատարել վերահաշվարկ, ինչպես նաև այն քվեարկության արդյունքները (եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն), որոնց վերաբերյալ պահանջվում է վերահաշվարկ անցկացնել:

4. Եթե միաժամանակ կայացել է մի քանի քվեարկություն, ապա տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը վերահաշվարկի պահանջի մասին դիմում կարող է ներկայացնել միայն այն քվեարկության արդյունքի վերաբերյալ, որի մասին ներկայացրել է հատուկ կարծիք:

5. Միաժամանակ մեկից ավելի քվեարկություններ անցկացվելու դեպքում յուրաքանչյուր քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի համար ներկայացվում է առանձին դիմում:

6. Տարածքային ընտրական հանձնաժողովը վերահաշվարկի պահանջի մասին դիմումները գրառում է գործավարության մատյանում` ըստ ստացման հերթականության` նշելով ստացման ժամանակը:

7. Վերահաշվարկի պահանջի մասին դիմումները տարածքային ընտրական հանձնաժողովում ընդունվում և սահմանված կարգով գործավարության մատյանում գրառվում են քվեարկության հաջորդ օրը՝ մինչև ժամը 14.00-ն: Վերահաշվարկի աշխատանքները տարածքային ընտրական հանձնաժողովում սկսվում են քվեարկությունից երկու օր հետո` ժամը 9.00-ից: Վերահաշվարկ իրականացնելիս տարածքային ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն, եթե հանձնաժողովը աշխատաժամանակը երկարաձգելու մասին որոշում չի ընդունում:

8. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնում է ըստ վերահաշվարկի պահանջի մասին դիմումների մուտքագրման հերթականության՝ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխան:

9. Յուրաքանչյուր ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկի տևողությունը չի կարող գերազանցել 5 աշխատանքային ժամը:

10. Վերահաշվարկի արդյունքներով տարածքային ընտրական հանձնաժողովը կազմում է տեղամասային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին արձանագրություն: Հանձնաժողովի անդամների, դիտորդների, վստահված անձանց պահանջով նրանց տրամադրվում են ամփոփիչ արձանագրությունների պատճենները:

11. Տարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին սույն օրենսգրքով ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմում ներկայացնողի բացակայությունը հիմք չէ վերահաշվարկ չանցկացնելու կամ այն դադարեցնելու համար:

12. Քվեարկության արդյունքների վերահաշվարկի աշխատանքները տարածքային ընտրական հանձնաժողովում դադարեցվում են քվեարկության օրվանից հինգ օր հետո՝ ժամը 14.00-ին:

13. Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին դիմումը և վերահաշվարկ չի իրականացնում, եթե պահանջվել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի իրականացում սույն հոդվածի պահանջների խախտումով:»:

 

Հոդված 41. Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի 1-ին նախադասությունը «վերահսկողություն իրականացնող» բառերից հետո լրացնել «պետական» բառով.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) 1-ին կետի 8-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) 1-ին կետի 26-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26) սահմանում է ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը.».

5) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 291-րդ ենթակետով.

« 291) օրենքով սահմանված կարգով կարող է ստեղծել հիմնարկներ.».

6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետով.

«4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը` ընտրական գործընթացի կազմակերպման բարելավմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասին առաջարկություններով:»:

 

Հոդված 42. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տարածքային ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած կանոնակարգի համաձայն, մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:».

2) 1-ին կետի 2-րդ ենթակետի «տնօրինում» բառը փոխարինել «վերահսկում» բառով.

3) 1-ին կետի 3-րդ ենթակետի «համայնքի ղեկավարի ներկայացմամբ» բառերը հանել.

4) 1-ին կետի 4-րդ ենթակետի «, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական տարածքների» բառերը հանել.

5) 1-ին կետի 4-րդ ենթակետը «, համապատասխան» բառից հետո լրացնել «նշում քվեարկության տեղը (տեղամասի կենտրոնը) և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով» բառերով.

6) 1-ին կետի 9-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

7) 1-ին կետի 11-րդ ենթակետի «համայնքի ղեկավարի կողմից» բառերը հանել.

8) 1-ին կետի 12-րդ ենթակետում «ընտրական» բառը փոխարինել «տեղամասային» բառով.

9) 1-ին կետի 13-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) 1-ին կետի 19-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19) պարզում և ամփոփում է մեծամասնական ընտրակարգով՝ Ազգային ժողովի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները և դրանք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով.»:

 

Հոդված 43. Օրենսգրքի 44-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում դրա արդյունքները տեղամասում, այդ արդյունքները փակցնում է տեղամասային կենտրոնում և ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով.».

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով՝ նախկին 3-5-րդ ենթակետերը համարելով 4-6-րդ ենթակետեր.

«3) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.»:

 

Հոդված 44. Օրենսգրքի 46-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները՝ իրենց միջոցներով:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Ընտրական օրենսգրքի խախտումներ հայտնաբերելու դեպքում ընտրական հանձնաժողովի անդամը (անդամները) պարտավոր է հնգօրյա ժամկետում հայտնել իրավասու մարմիններին:

Այս կետի պահանջների խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 45. Օրենսգրքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատներում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատներում:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված հաստատությունների ղեկավարները քվեարկության օրվանից առնվազն 3 օր առաջ՝ մինչև ժամը 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը` նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը, եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, սույն հոդվածի 2-րդ մասում նշված քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, սույն օրենսգրքի 11-րդ հոդվածով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան, կազմում է քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը, և քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում վիճակահանությամբ որոշված 1 անդամն ընտրական տեղամասի սահմաններում շրջիկ արկղի միջոցով կազմակերպում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների քվեարկությունը: Քվեարկությունն անցկացվում է քվեարկության գաղտնիության պահպանմամբ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում և տուն-ինտերնատներում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդներ և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:»:

 

Հոդված 46. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով.

«3) Քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների կողմից կարող է անարգել տեսանկարահանվել:»:

 

Հոդված 47. Օրենսգրքի 49-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «(սենյակները)» բառը և 1-ին կետի «(սենյակը, այսուհետ՝ քվեարկության խցիկ)» բառերը.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5. Քվեարկության խցիկները տեղադրվում են միմյանցից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Եթե քվեարկության խցիկն ամրացված է պատին, ապա 2 մետր հեռավորության վրա, իսկ դրա անհնարինության դեպքում՝ 1,5 մետր հեռավորության վրա, սահմանվում է համապատասխան գոտի՝ արգելափակիչ ժապավենով, որն ունի մեկ մուտք և մեկ ելք: Այդ գոտում քվեարկության խցիկների քանակից ավել թվով ընտրողների գտնվելն արգելվում է:»:

 

Հոդված 48. Օրենսգրքի 50-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել և լրացնել հետևյալ բովանդակությամբ 501-րդ և 502-րդ հոդվածներով.

 

«Հոդված 501.

 Քվեաթերթիկը

 

1. Քվեաթերթիկի ձևը և շարադրանքը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Միաժամանակ տարբեր քվեարկություններ անցկացվելու դեպքում քվեաթերթիկները պատրաստվում են այնպես, որպեսզի դրանք ակնհայտորեն տարբերվեն միմյանցից:

3. Քվեաթերթիկը պետք է պարունակի տպագրատան անվանումը և ծանուցում` քվեաթերթիկի լրացման կարգի մասին: Քվեաթերթիկները պետք է պատրաստված լինեն անթափանց թղթից:

4. Քվեաթերթիկում այբբենական հերթականությամբ նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների անվանումները, իսկ աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյուններ:

5. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում քվեաթերթիկում թեկնածուի ազգանուն, անուն, հայրանուն տողի ներքևում գրվում են «կողմ եմ» և «դեմ եմ» բառերը` յուրաքանչյուրի դիմաց աջ կողմում` նշումի համար նախատեսված դատարկ քառանկյունով:

6. Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեաթերթիկների նմուշը հաստատում, քվեաթերթիկների տպագրումը և պատրաստումն ապահովում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Քվեաթերթիկները թողարկվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 9 և ոչ ուշ, քան 3 օր առաջ:

8. Քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվում են տեղամասում ընտրողների թվի մինչև 3 տոկոս ավելի քանակով` քվեարկության նախորդ օրը:

9. Քվեաթերթիկները թողարկելուց հետո թեկնածուի գրանցումը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, ինչպես նաև կուսակցությունների դաշինքի լուծարման դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը քվեաթերթիկներից հանվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

 

«Հոդված 502.

Ընտրական հանձնաժողովների կնիքները, քվեատուփը

 

1. Ընտրական հանձնաժողովների կնիքների նմուշները հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

2. Ընտրական հանձնաժողովների կնիքները պատրաստվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատվերով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը պետք է ունենա քառանիշ համար:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները փաթեթավորում է անթափանց փաթեթներում, առանց դրանց վրա նշումներ կատարելու կնքում է դրանք և քվեարկությունից ոչ շուտ, քան 5, և ոչ ուշ, քան 3 օր առաջ, հանձնում է տարածքային ընտրական հանձնաժողովներին` յուրաքանչյուր տեղամասին մեկ կնիք հաշվարկով` կատարելով հանձնվող կնիքների բացառապես քանակական հաշվառում:

5. Տարածքային ընտրական հանձնաժողովում փաթեթները կնքվում են և քվեարկության նախորդ օրը հանձնվում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին` յուրաքանչյուրին մեկ փաթեթավորված կնիք:

6. Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում քվեարկության արդյունքներն ամփոփելուց, տեղամասային արձանագրությունները կազմելուց և հաստատելուց, օգտագործված քվեաթերթիկների համապատասխան փաթեթները զմռսելուց և կնքելուց, արձանագրությունների կրկնօրինակները տեղամասային կենտրոնում փակցնելուց, արձանագրությունների կրկնօրինակների հաստատված օրինակներից վստահված անձանց և դիտորդներին նրանց պահանջի դեպքում տրամադրելուց, տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարական մատյանը հաստատելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով վերադարձվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, հաշվառվում, փաթեթավորվում հատուկ պարկում և կնքվում, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Քվեարկության երկրորդ փուլ կամ նոր ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրվում են նոր կնիքներ:

7. Քվեատուփը պատրաստվում է թափանցիկ նյութից: Քվեատուփի նմուշը (չափերը) հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

8. Տեղամասային կենտրոնում կարող են օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»:

 

Հոդված 49. Օրենսգրքի 51-րդ հոդվածում ՝

1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ կետ, իսկ նախկին 2-6-րդ կետերը համարել 3-7-րդ կետեր.

«2. Քվեաթերթիկները և կնիքի փաթեթը պահվում են քվեարկության սենյակում գտնվող հատուկ չհրկիզվող պահարանում:».

2) 7-րդ կետը «փակցված լինեն» բառերից հետո լրացնել «նաև Հանրապետության Նախագահի թեկնածուների լուսանկարներն ու նրանց համառոտ կենսագրությունները պարունակող պաստառ,» բառերով:

 

Հոդված 50. Օրենսգրքի 54-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «նրա տեղակալը» բառերը փոխել «քարտուղարը» բառով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագությամբ.

«3. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների և քվեարկությանը ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է չհրկիզվող պահարանը, հանում է քվեաթերթիկները և փաթեթավորված կնիքը, բացում է փաթեթավորված կնիքը, գործավարության մատյանում կնիք դնելով` հայտարարում է կնիքի համարը: Ստուգում է քվեատուփի դատարկ լինելը, փակում և կնքում է քվեատուփը, ընտրողների ցուցակները հանձնում է ընտրողների գրանցման համար պատասխանատու անդամներին, քվեաթերթիկները՝ հարյուրական փաթեթով քվեաթերթիկներ հատկացնող անդամին, կնիքը և ընտրական տեղամասում ընդգրկված բնակելի շենքերի (տների) հասցեները` քվեաթերթիկները կնքող անդամին: Վերոհիշյալ բոլոր գործողությունների մասին տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը համապատասխան գրառում է կատարում գործավարության մատյանում, որից հետո ընտրական տեղամասը հայտարարում է բացված:»:

 

Հոդված 51. Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետից հանել «,վերաբնակիչների և փախստականների համար՝ վերաբնակիչների և փախստականների վկայականը» բառերը.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ընտրողի անձնագրի վավերականության ժամկետի ավարտը հիմք չէ նրան քվեարկության չթողնելու համար:»:

 

Հոդված 52. Օրենսգրքի 57-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեարկության ժամանակ յուրաքանչյուր քաղաքացի ստանում է քվեարկության մեկ քվեաթերթիկ (քվեաթերթիկներ` միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում):

2. Գրանցվելուց անմիջապես հետո ընտրողը մոտենում է հանձնաժողովի` քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամին: Վերջինս քվեաթերթիկը (քվեաթերթիկները՝ միաժամանակ մի քանի քվեարկություններ անցկացվելու դեպքում) հանձնում է ընտրողին:

3. Հանձնաժողովի` քվեաթերթիկներ կնքող անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի՝ տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, կնքում է քվեաթերթիկը: Կնիքը չպետք է դուրս գա քվեաթերթիկի սահմաններից: Ընտրողն անցնում է քվեարկության խցիկ՝ քվեարկելու:

4. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում:

5. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի հանձնաժողովի նախագահին տեղեկացնելուց հետո քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի վստահված անձ: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:

6. Եթե ընտրողը կարծում է, որ քվեաթերթիկը սխալ է լրացրել, ապա նա կարող է դիմել հանձնաժողովի նախագահին, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալին` նոր քվեաթերթիկ ստանալու համար: Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալի հանձնարարությամբ հանձնաժողովի անդամը հատկացնում է նոր քվեաթերթիկ, ընտրողների ցուցակում կատարում համապատասխան նշում տվյալ ընտրողի անվան, ազգանվան դիմաց: Սխալ լրացված (վնասված) քվեաթերթիկն անհապաղ մարվում է, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:

7. Դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում հաշվառված, ինչպես նաև ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող քաղաքացիները քվեարկությունն իրականացնում են սույն հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ զինծառայողները քվեարկությունն իրականացնում են սույն օրենսգրքի 55-57-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:»:

 

Հոդված 53. Օրենսգրքի 58-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Քվեաթերթիկում ընտրողը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով միատեսակ նշում է կատարում այն թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվան դիմաց, որին կողմ է քվեարկում:

2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում ընտրողը, եթե կողմ է քվեարկելու, նշում է կատարում «կողմ եմ» բառերի, եթե դեմ՝ «դեմ եմ» բառերի դիմաց:

3. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է և մոտենում քվեատուփին: Քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն է ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու համար: Քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ: Քվեատուփի մեջ քվեաթերթիկը գցելուց հետո ընտրողը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

4. Արգելվում է որևէ ձևով տեղեկանալ, թե ընտրողն ինչպես է քվեարկել:

5. Քվեարկության ընթացքում սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտման բոլոր դեպքերը, հանձնաժողովի մեկ անդամի կամ մեկ վստահված անձի պահանջով, ինչպես նաև տեղամասային ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումներն արձանագրվում են գործավարության մատյանում:»:

 

Հոդված 54. Օրենսգրքի 59-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 59.

Քվեաթերթիկների վավերականությունը

 

1. Սահմանված նմուշի քվեաթերթիկը համարվում է անվավեր, եթե`

1) մեկից ավելի թեկնածուների (կուսակցությունների) օգտին նշումներ է պարունակում.

2) մեկ թեկնածու քվեարկելու դեպքում միաժամանակ թեկնածուի օգտին և «դեմ եմ» բառերի դիմաց նշումներ է պարունակում.

3) չի պարունակում որևէ նշում.

4) պարունակում է ընտրողի ինքնությունը բացահայտող նշում.

5) ստորագրված չէ.

6) կնքված չէ.

7) խախտված է սույն օրենսգրքի 58-րդ հոդվածով սահմանված` քվեաթերթիկում նշում կատարելու կարգը:

2. Քվեաթերթիկը վավեր է, եթե ընտրողի մտադրությունը հստակ է և աներկբա, ինչպես նաև բացակայում են նշումներ, որոնք կարող են բացահայտել ընտրողի ինքնությունը:»:

 

Հոդված 55. Օրենսգրքի 13-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ  13

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԵՎ ԱՂՅՈՒՍԱԿԱՎՈՐԵԼՈՒ,ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ»

 

Հոդված 56. Օրենսգրքի 61-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 61.

Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին արգելում է ընտրողների մուտքը տեղամասային կենտրոն, տեղամասային կենտրոնում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո փակում է քվեատուփի ճեղքը, դուրս հրավիրում տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք չունեցող բոլոր անձանց և փակում տեղամասային կենտրոնը: Տեղամասային ընտրական հանձնաժողովը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը: Այդ նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովը`

1) հաշվարկում է չօգտագործված, ընտրողների կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկների ընդհանուր թիվը, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով մարում է քվեաթերթիկները, փաթեթավորում և կնքում է փաթեթները.

2) ընտրողների ցուցակների, այդ թվում` լրացուցիչ ցուցակների հիման վրա հաշվարկում է ընտրողների ընդհանուր թիվը.

3) ընտրողների ցուցակներում, այդ թվում` լրացուցիչ ցուցակներում առկա ստորագրությունների հիման վրա հաշվարկում է քվեաթերթիկներ ստացած ընտրողների (քվեարկության մասնակիցների) թիվը, որից հետո փաթեթավորում է նշված ցուցակները և կնքում փաթեթը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի արդյունքները հրապարակվում և արձանագրվում են գործավարության մատյանում: Տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրության ձևը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, քվեատուփից հանում մեկ քվեաթերթիկ, բարձրաձայն հայտարարում քվեաթերթիկի վավեր, անվավեր կամ չսահմանված նմուշի լինելու մասին, վավեր քվեաթերթիկի դեպքում հայտարարում նաև, թե ինչպես է քվեարկված: Պահանջի դեպքում քվեաթերթիկը փոխանցվում է հանձնաժողովի մյուս անդամներին: Հանձնաժողովի նախագահի արտահայտած կարծիքին համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը ներկայացնում է առարկություն: Առարկության դեպքում քվեարկության արդյունքով (քվեարկության է դրվում հանձնաժողովի անդամի առաջարկությունը), իսկ առարկություն չլինելու դեպքում հանձնաժողովի նախագահը, իր հայտարարության համաձայն, ըստ քվեաթերթիկում կատարված քվեարկության նշումի, քվեաթերթիկը դնում է համապատասխան թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի օգտին, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների փաթեթի մեջ, որից հետո քվեատուփից հանում է հաջորդ քվեաթերթիկը:

Այդ գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար: Քվեաթերթիկների տեսակավորումն իրականացնելու ժամանակ հանձնաժողովի անդամներին արգելվում է նշումներ կատարել, ինչպես նաև իրենց մոտ ունենալ գրիչներ, մատիտներ կամ նշումներ կատարելու այլ առարկաներ:

3. Քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները տեսակավորելուց հետո հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ հաշվարկում է անվավեր ճանաչված քվեաթերթիկների, յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը: Հաշվարկված թվերը հրապարակվում են և արձանագրվում գործավարության մատյանում:

4. Արդյունքներն ամփոփելիս չսահմանված նմուշի քվեաթերթիկները հաշվի չեն առնվում:

5. Հաշվարկված և տեսակավորված քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով փաթեթավորվում են, իսկ փաթեթները` կնքվում:»:

 

Հոդված 57. Օրենսգրքի 62-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 62.

Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը

 

1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով սույն օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված կարգով կատարված հաշվարկները, կազմում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն, դրանում նշելով`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակների.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) տեղամասային ընտրական հանձնաժողովում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

6) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

7) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

10) անճշտությունների չափը:

2. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

3. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

4. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

5. Քվեարկության ավարտից հետո` մինչև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

6. Նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից 10 ժամ հետո, հանձնաժողովն ավարտում է արձանագրության կազմումը, իսկ հանձնաժողովի նախագահը հրապարակում է տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը:

7. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ, փաթեթը կնքվում, իսկ արձանագրության մեկ օրինակը փակցվում է տեղամասային կենտրոնում` հստակ տեսանելի տեղում` սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտելուց անմիջապես հետո, և ոչ ուշ, քան սույն կետով նախատեսված փաստաթղթերը և զմռսված փաթեթը տեղամասային կենտրոնից հանելը: Փաթեթի վրա պետք է առկա լինեն հանձնաժողովի երեք անդամների ստորագրությունները, հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում:

8. Թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ, ինչպես նաև տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրություններից քաղվածք` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով:

9. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, սույն օրենսգրքի 61-րդ և 62-րդ հոդվածներով սահմանված կարգով, փաթեթավորված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, գործավարության մատյանը և կնիքը քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, ներկայացնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

10. Տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության և այդ արձանագրության քաղվածքի ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 58. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 621-րդ հոդվածով.

 

«Հոդված 621.

Անճշտությունները որոշելու կարգը

 

1. Տեղամասում անճշտությունների չափը հաշվարկելու համար`

1) համադրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա)` մարված քվեաթերթիկների թվի (Գ), քվեատուփի` վավեր (դ1) և անվավեր (դ2) քվեաթերթիկների թվի գումարի (Դ) հետ: Տարբերությունը` թվի բացարձակ արժեքով, նշվում է որպես առաջին անճշտության չափ.

2) համադրվում է ընտրողների ցուցակում ստորագրությունների թիվը (Բ)` քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարի (Դ) հետ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) մեծ է ընտրողների ցուցակում ստորագրությունների թվից (Բ), ապա տարբերությունը նշվում է որպես երկրորդ անճշտության չափ: Եթե քվեատուփի վավեր և անվավեր քվեաթերթիկների թվերի գումարը (Դ) փոքր է կամ հավասար ընտրողների ցուցակում ստորագրությունների թվին (Բ), ապա երկրորդ անճշտության չափը նշվում է 0.

3) գումարվում են սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անճշտությունների թվերը: Այդ թվերի գումարը համարվում է տվյալ տեղամասում անճշտությունների չափ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված յուրաքանչյուր գործողության արդյունք նշվում է համապատասխան տեղամասի քվեարկության արդյունքների արձանագրությունում:»:

 

Հոդված 59. Օրենսգրքի 63-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 63.

Տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունները տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունները ստանալուց հետո

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովում ստուգվում է տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների կազմման վավերականությունը, և թվաբանական սխալների առկայության դեպքում համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վերացնում են այդ սխալները` ուղղումները վավերացնելով իրենց ստորագրություններով: Ելակետային տվյալների փոփոխություն չի կատարվում:

2. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության տվյալները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ աղյուսակավորում է և համակարգչի առկայության դեպքում դրանք մուտքագրում համակարգիչ: Տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների տվյալների աղյուսակավորումը և համակարգչի առկայության դեպքում դրանց մուտքագրումը համակարգիչ տարածքային ընտրական հանձնաժողովն ավարտում է քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում: Տարածքային ընտրական հանձնաժողովում քվեարկության արդյունքները ըստ տեղամասերի աղյուսակավորվում, կնքվում և վավերացվում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի կողմից: Վստահված անձի պահանջով նրան են տրամադրվում տեղամասում քվեարկության մասնակիցների թվի աղյուսակավորված տվյալները՝ վավերացված հանձնաժողովի նախագահի կողմից:

3. Տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով և հանձնաժողովի կնիքով, անհապաղ փակցվում է հանձնաժողովում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Հանձնաժողովի անդամի, վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է տարածքում քվեարկության արդյունքների աղյուսակավորման օրինակ՝ վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կնիքները տարածքային ընտրական հանձնաժողովներից քվեարկության ավարտից 24 ժամ հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ներկայացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողով:

4. Համապետական ընտրությունների ժամանակ տարածքային ընտրական հանձնաժողովը տարածքում քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:»:

 

Հոդված 60. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 631-րդ հոդվածով.

 

«Հոդված 631.

Տարածքային ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներն ամփոփելու կարգը

 

1. Տարածքային ընտրական հանձնաժողովը տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունների հիման վրա քվեարկության ավարտից հետո` ոչ ուշ, քան 18 ժամվա ընթացքում, սույն հոդվածի պահանջներին համապատասխան` ամփոփում է տարածքում Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

2. Քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, իսկ դատարանում կամ տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո, հիմք ընդունելով տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու տարածքում կատարված վերահաշվարկների արդյունքները, տարածքային ընտրական հանձնաժողովը ամփոփում է տարածքում ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում այն:

3. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակների.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

6) յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

7) թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

10) անճշտությունների չափը:

Տարածքում (համայնքում) անճշտությունների չափը հավասար է տարածքում (համայնքում) ընդգրկված տեղամասերի անճշտությունների գումարին:

4. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

5. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

6. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

7. Արձանագրությունը վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա տարածքային ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:

8. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կազմված արձանագրությունը, արձանագրության և ընդունած որոշումների օրինակները պաշտոնապես ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով:

9. Արձանագրության մեկ օրինակը փակցվում է հանձնաժողովում` տեսանելի տեղում` սույն հոդվածով նախատեսված գործողություններն ավարտվելուց անմիջապես հետո:

10. Թեկնածուի վստահված անձի, հանձնաժողովի անդամի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

11. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովում կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:»:

 

Հոդված 61. Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 64.

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի՝համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը

 

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է համապետական ընտրությունների նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում այն ու հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում ընտրությունների նախնական արդյունքները:

2. Մինչև ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում, իսկ տարածքային ընտրական հանձնաժողովում տեղամասերում քվեարկության արդյունքների հետ կապված բողոք լինելու դեպքում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր հետո, հիմք ընդունելով տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված` ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, դատարանների վճիռներն ու տարածքներում կատարված վերահաշվարկների արդյունքները, ամփոփում է համապետական ընտրությունների արդյունքները և արձանագրությամբ վավերացնում դրանք:

4. Համապետական ընտրությունների արդյունքների մասին արձանագրությունում նշվում են`

1) ընտրողների ընդհանուր թիվը` ըստ ընտրողների ցուցակների.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված քվեաթերթիկների թիվը (Ա).

3) տեղամասային ընտրական հանձնաժողովներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (Գ).

4) գրանցված և քվեաթերթիկներ ստացած ընտրողների թիվը` ըստ ստորագրությունների (Բ).

5) անվավեր քվեաթերթիկների թիվը (դ2).

6) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը.

7) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թիվը (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում սույն տողը չի լրացվում).

8) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (լրացվում է մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

9) վավեր քվեաթերթիկների թիվը (դ1).

10) անճշտությունների չափը:

Համապետական ընտրությունների դեպքում անճշտությունների չափը հավասար է կազմավորված բոլոր տեղամասերի անճշտությունների չափերի գումարին:

5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա անդամները, այն կնքում է հանձնաժողովի նախագահը:

6. Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա ներկայացնում է իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը, իսկ իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում:

7. Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա արձանագրությունում նշվում է այդ մասին:

8. Արձանագրությամբ վավերացնելուց հետո այդ արդյունքների հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ:

9. Մինչև ընտրությունների արդյունքների հիման վրա սույն հոդվածի 8-րդ կետով սահմանված որոշման ընդունումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը չի ընդհատվում: Նիստի ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքից հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով պաշտոնապես հրապարակում է ընտրությունների վերջնական արդյունքները և դրանց հիման վրա ընդունված որոշումը:

10. Թեկնածուի (կուսակցության, կուսակցությունների դաշինքի) վստահված անձի կամ դիտորդի պահանջով նրան տրվում է ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի (տեղակալի) և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով:

11. Համապետական ընտրությունների արդյունքների վերաբերյալ կազմվող արձանագրությունների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների նախնական արդյունքների ստացմանը զուգընթաց պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 3 ժամը մեկ, հանրային ռադիոյի, հեռուստատեսության ուղիղ եթերով, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրման միջոցով հրապարակում է տեղեկություններ ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ` ըստ ընտրական տեղամասերի:

13. Համապետական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո` 3 ամսվա ընթացքում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակում է օրենսգրքի խախտումների վերլուծությունը` մատնանշելով խախտումներ կատարողների դեմ ձեռնարկված միջոցառումները:»:

 

Հոդված 62. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին նախադասության սկզբից ավելացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն`» բառերը:

 

Հոդված 63. Օրենսգրքի 67-րդ հոդվածը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «, կուսակցությունների դաշինքները» բառերով:

 

Հոդված 64. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Յուրաքանչյուր կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:».

2) 7-րդ կետի 7-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3)10-րդ կետի «2-րդ և 3-րդ կետերում» բառերը փոխարինել «7-րդ կետում» բառերով:

 

Հոդված 65. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝

1) վերնագրի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով.

2) 1-ին կետի «Նախագահ առաջադրված թեկնածուները» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացիները» բառերով, «Թեկնածուների օգտին տրված ձայների 5 և ավելի տոկոս» բառերը՝ «Ընտրության արդյունքում վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

3) 2-րդ կետի «Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով:

 

Հոդված 66. Օրենսգրքի 71-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 71.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը որպես ՀանրապետությանՆախագահի թեկնածու».

 

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի կամ մեկ նախաձեռնող խմբի առաջադրմամբ:».

3) 2-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցման հարցը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու» բառերով.

4) 2-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

5) 4-րդ կետի «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

6) 5-րդ կետի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 67. Օրենսգրքի 72-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 72.

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելը»

 

2) 1-ին կետի 1-ին նախադասության «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը՝ որպես Հանրապետության Նախագահի թեկնածու,» բառերով.

3) 1-ին կետի 1-ին ենթակետում «օրենսդրությամբ» բառը փոխարինել «Սահմանադրությամբ» բառով.

4) 1-ին կետի 2-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

5) 2-րդ կետի 1-ին նախադասության «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

6) 3-րդ կետի 1-ին նախադասության «Նախագահ առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու» բառերով.

7) 3-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը ետ ստանալու պահանջով:

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու նախընտրական հիմնադրամում առկա գումարները գրանցումը մերժելու պահից հետո` երեք ամսվա ընթացքում, կարող են ծախսվել բարեգործական նպատակներով, որից հետո մնացած գումարները փոխանցվում են պետական բյուջե:»:

 

Հոդված 68. Օրենսգրքի 73-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 69. Օրենսգրքի 74-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված թեկնածուի գրանցումը մերժելու կամ» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու կամ Հանրապետության Նախագահի» բառերով, իսկ 2-րդ կետի «որոշման» բառը՝ «վճռի» բառով:

 

Հոդված 70. Օրենսգրքի 75-րդ հոդվածի վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 71. Օրենսգրքի 16-րդ գլխի վերնագրում, 76-րդ և 77-րդ հոդվածների վերնագրերում և տեքստերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 72. Օրենսգրքի 77-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «օրենսդրության» բառը փոխարինել «Սահմանադրության» բառով.

2) 2-րդ և 3-րդ կետերի 2-րդ նախադասություններն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ կետը «10 օր առաջ,» բառերից հետո լրացնել «գրավոր դիմում ներկայացնելու դեպքում» բառերով:

 

Հոդված 73. Օրենսգրքի 17-րդ գլխի, 78-րդ հոդվածի վերնագրերում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 74. Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին կետում «Նախագահ առաջադրված թեկնածուն» բառերը փոխարինել «Նախագահի թեկնածուն կամ Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ.

«Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացին ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».

3) 6-րդ կետի «թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից ավել ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

4) 7-րդ կետի «Թեկնածուի օգտին տրված ձայների 5 տոկոսից պակաս ձայներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի 5 տոկոսից պակաս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում Հանրապետության Նախագահի» բառերով.

5) 9-րդ կետի «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով:

 

Հոդված 75. Օրենսգրքի 80-րդ հոդվածում՝

1) վերնագրում և տեքստում «Նախագահ առաջադրված» բառերը փոխարինել «Նախագահի» բառով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ կետ.

«41. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության և հանրային ռադիոյի եթերաժամերից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15-ական րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին՝ վճարովի հիմունքներով՝ 30-ական րոպե:».

4) 5-րդ կետը «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերով:

5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքում վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 25 կամ 25-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուների քարոզչության համար կատարած ծախսերի 50 տոկոսը:»:

 

Հոդված 76. Օրենսգրքի 81-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «կուսակցության բառից» հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 3-րդ կետի «5 տոկոս» բառերը փոխարինել «մինչև 3 տոկոս» բառերով:

 

Հոդված 77. Օրենսգրքի 82-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ընտրատարածքներում ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունների տվյալների հիման վրա,» բառերը հանել, «61-րդ հոդվածով» բառերը փոխարինել «64-րդ հոդվածով» բառերով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

 

Հոդված 78. Օրենսգրքի 83-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «որն ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին» բառերը փոխարինել «որին կողմ է քվեարկել բոլոր թեկնածուներին կողմ քվեարկած ընտրողների թվի կեսից ավելին» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:»:

 

Հոդված 79. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել և հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ, ապա քվեարկությունից հետո` 14-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլ: Հանրապետության Նախագահի ընտրության երկրորդ փուլին կարող են մասնակցել այն երկու թեկնածուները, որոնց կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:

2. Երկրորդ փուլում Հանրապետության Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ:»:

 

Հոդված 80. Օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում՝ թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է՝ հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.»:

 

Հոդված 81. Օրենսգրքի 86-րդ հոդվածում՝

1) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.».

2) 3-րդ կետի «ընտրողների» բառից հետո ավելացնել «առնվազն» բառը:

 

Հոդված 82. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հանրապետության Նախագահի ընտրության օրվա մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովը՝ ընտրության օրվանից ոչ ուշ, քան 100 օր առաջ:»:

 

Հոդված 83. Օրենսգրքի 89-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Եթե սույն օրենսգրքի 85-րդ և 86-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում Հանրապետության Նախագահ չի ընտրվում, ապա նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակվելուց հետո` 40-րդ օրը:

2. Հանրապետության Նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում Հանրապետության Նախագահի ընտրությունը հետաձգվում է երկշաբաթյա ժամկետով: Անհաղթահարելի ճանաչված խոչընդոտները չվերանալու դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նշված երկշաբաթյա ժամկետը լրանալուց հետո` 40-րդ օրը:

3. Մինչև քվեարկության օրը թեկնածուներից մեկի մահվան դեպքում նշանակվում է նոր ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է նոր ընտրություն նշանակելուց հետո` 40-րդ օրը:

4. Հանրապետության Նախագահի նոր ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:»:

 

Հոդված 84. Օրենսգրքի 90-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 71-րդ հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում նշանակվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն, իսկ քվեարկությունն անցկացվում է Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո` 40-րդ օրը:

2. Ռազմական և արտակարգ դրության ժամանակ Հանրապետության Նախագահի ընտրություն չի անցկացվում, իսկ Հանրապետության Նախագահը շարունակում է իր լիազորությունների իրականացումը: Այս դեպքում ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո` 40-րդ օրը, անցկացվում է Հանրապետության Նախագահի ընտրություն` արտահերթ ընտրության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 85. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 3-րդ կետի «Համայնքի» բառը փոխարինել «Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման» բառերով, իսկ «ընտրական հանձնաժողովին, որի անդամն» բառերը՝ «կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, որն» բառերով:

 

Հոդված 86. Օրենսգրքի 93-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի պատգամավորների թիվը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 87. Օրենսգրքի 96-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` պատգամավոր կարող է ընտրվել քսաներեք տարին լրացած, վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին հինգ տարում Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:

2. Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու չեն կարող գրանցվել գերագույն դատարանի անդամները, դատավորները, ոստիկանության և ազգային անվտանգության ծառայության, հարկային, մաքսային մարմինների, դատախազության աշխատակիցները (ծառայողները), զինծառայողները: Վերոհիշյալ անձինք Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց լիազորությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում:

3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու պաշտոնատար այն անձինք, որոնց նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածով նախատեսված սահմանափակումները, Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու կարող են գրանցվել իրենց աշխատանքային պարտականությունները ժամանակավորապես վայր դնելու դեպքում, բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց:»:

 

Հոդված 88. Օրենսգրքի 97-րդ հոդվածի 8-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «, կուսակցությունների դաշինքները» բառերով:

 

Հոդված 89. Օրենսգրքի 98-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ներկայացրած ընտրական ցուցակի առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք, ընդ որում, ընտրական ցուցակի առնվազն յուրաքանչյուր տասներորդը պետք է լինի կին:».

2) 3-րդ կետի 1-ին նախադասությունը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

3) 3-րդ կետը 2-րդ ենթակետի «որոշումն» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի դեպքում՝ դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ որոշումը)» բառերով, իսկ «մասին» բառից հետո՝ «ընտրական» բառով.

4) 3-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել.

5) 3-րդ կետի 6-րդ ենթակետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

6) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

7) 5-րդ կետի «գրանցվելու» բառը փոխարինել «ընտրության ամբողջ ընթացքում հավատարմագրման» բառերով, իսկ «3» թիվը՝ «2» թվով.

8) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով Ազգային ժողովում մանդատներ ստացած կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավի գումարը վերադարձվում է կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում՝ նախընտրական հիմնադրամ, իսկ մանդատներ չստացած կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) ընտրական գրավը փոխանցվում է պետական բյուջե:»:

 

Հոդված 90. Օրենսգրքի 99-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակը գրանցվում է, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով ներկայացրել է`

1) նվազագույն աշխատավարձի 250-ապատիկի չափով ընտրական գրավի մուծման անդորրագիրը.

2) տեղեկանք` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին.

3) տեղեկանք` կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակով առաջադրված թեկնածուների` վերջին հինգ տարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված տեղեկանքները պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացուն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով, տրամադրում է լիազորված պետական մարմինը` դիմելուց հետո` եռօրյա ժամկետում:

2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Առարկություն չլինելու դեպքում ցուցակը համարվում է գրանցված: Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

3. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը:»:

 

Հոդված 91. Օրենսգրքի 100-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, իսկ վերնագրի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին կետի 1-ին, 2-րդ կետի 2-րդ և 4-րդ կետի 2-րդ ենթակետերը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

3) 3-րդ կետը լրացնել հետևյալ բառերով.

«, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:».

4) 9-րդ կետը «ճանաչելու» բառից հետո լրացնել «մասին ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

 

Հոդված 92. Օրենսգրքի 101-րդ հոդվածում՝

1) վերնագիրը և տեքստը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, իսկ վերնագրի «և» բառը փոխարինել «կամ» բառով.

2) 1-ին կետի 4-րդ ենթակետը և 2-րդ կետը «կուսակցությունը» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքը)» բառերով:

 

Հոդված 93. Օրենսգրքի 104-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «և» բառը փոխարինել «կամ» բառով, իսկ «դիմումը (որոշումը)» բառերը` «որոշում» բառով:

2) 2-րդ կետը «ընտրատարածքում» բառից հետո լրացնել «պատգամավորության թեկնածու» բառերով:

 

Հոդված 94. Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ ենթակետով.

«4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

2) 3-րդ կետի «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը և 7-րդ կետի 2-րդ ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «և (կամ) առաջադրման» բառերով.

4) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:».

5) 10-րդ կետի «որոշման» բառը փոխարինել «վճռի» բառով:

 

Հոդված 95. Օրենսգրքի 106-րդ հոդվածի վերնագրից և տեքստից հանել «առաջադրված» բառը:

 

Հոդված 96. Օրենսգրքի 108-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «գրավոր դիմում ներկայացնելու դեպքում» բառերով.

2) 5-րդ կետը «առաջ» բառից հետո լրացնել «գրավոր դիմում ներկայացնելու դեպքում» բառերով:

 

Հոդված 97. Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև 200-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն՝ համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 500-ապատիկի չափով:».

3) 3-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

4) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:»:

 

Հոդված 98. Օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով:

 

Հոդված 99. Օրենսգրքի 111-րդ հոդվածի 7-րդ կետի «5 տոկոս» բառերը փոխարինել «մինչև 3 տոկոս» բառերով:

 

Հոդված 100. Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».

2) 2-րդ կետի 1-ին և 2-րդ նախադասությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգի համար նախատեսված մանդատները բաշխվում են այն կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների միջև, որոնք ստացել են վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն՝ կուսակցության դեպքում՝ 10, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 15 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ: Եթե վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի համապատասխանաբար առնվազն 10 կամ 15 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել է ընդամենը մեկ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ, ապա մանդատների բաշխմանը մասնակցում են հաջորդ երկու՝ համապատասխանաբար առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները):».

3) 3-րդ և 10-րդ կետերը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով, 3-րդ և 5-րդ կետերը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով, «նրանց օգտին տրված ձայներին» բառերը փոխարինել «նրանցից յուրաքանչյուրին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվին» բառերով, իսկ 3-րդ և 4-րդ կետերի «տրված ձայների» բառերը փոխարինել «քվեարկված քվեաթերթիկների» բառերով.

4) 8-րդ կետում «ընտրողների» բառից հետո ավելացնել «առնվազն» բառը:

 

Հոդված 101. Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «63» բառը փոխարինել «631-րդ» բառով.

2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Եթե նշված որոշումներից ոչ մեկը սույն օրենսգրքով սահմանված կարգով չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որին կողմ են քվեարկել առավել թվով հանձնաժողովի անդամներ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:».

3) 2-րդ կետի «որն ստացել է առավելագույն «կողմ» ձայներ» բառերը փոխարինել «որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ» բառերով.

4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:».

5) 4-րդ կետի ««կողմ» ձայներ» բառերը փոխարինել «կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

6) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Պատգամավորի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».

7) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Պատգամավորի ընտրությունը համարվում է չկայացած, եթե`

1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ.

2) առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած թեկնածուն մահացել է մինչև ընտրությունների արդյունքներն ամփոփելը.

3) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.

4) ընտրություններին չի մասնակցել ընտրողների առնվազն 25 տոկոսը:».

8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 101-րդ կետ.

«101. Ընտրությունն անվավեր կամ չկայացած ճանաչվելու դեպքում թեկնածուի ընտրական գրավի գումարը վերադարձվում է:»:

 

Հոդված 102. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան 40 և ոչ ուշ, քան 30 օր առաջ:».

2) 3-րդ կետը «կուսակցությունները» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքները)» բառերով.

3) 5-րդ կետը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով:

 

Հոդված 103. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ կետում «հինգերորդ» բառը փոխարինել «վերջին» բառով:

 

Հոդված 104. Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 3-րդ կետը «կուսակցության» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքի)» բառերով.

2) 4-րդ կետը «կուսակցությունների» բառից հետո լրացնել «(կուսակցությունների դաշինքների)» բառերով:

 

Հոդված 105. Օրենսգրքի 117-րդ հոդվածում՝

1) հանել 1-ին կետի 1-ին նախադասությունը.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի ավագանին բաղկացած է՝

1) 5 անդամից՝ մինչև 1000 բնակչություն ունեցող համայնքում.

2) 7 անդամից՝ 1001-ից մինչև 3000 բնակչություն ունեցող համայնքում.

3) 11 անդամից՝ 3001-ից մինչև 20000 բնակչություն ունեցող համայնքում.

4) 15 անդամից՝ 20001-ից ավելի բնակչություն ունեցող համայնքում:».

3) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի ավագանու ընտրության ժամանակ համայնքի տարածքում կազմավորվում է մեկ բազմամանդատ մեծամասնական ընտրատարածք:»:

 

Հոդված 106. Օրենսգրքի 120-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 3-րդ կետերի «թեկնածուների օգտին տրված ձայների 5 տոկոսից ավելի ձայներ» բառերը փոխարինել «վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ» բառերով.

2) 2-րդ և 3-րդ կետերի «Ձայների» բառը փոխարինել «Վավեր քվեաթերթիկների թվի» բառերով, իսկ 3-րդ կետից հանել «ընտրատարածքում» բառը.

3) 5-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:».

4) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Անձը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածու կարող է առաջադրվել միայն մեկ համայնքում:»:

 

Հոդված 107. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) գրանցման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:

Համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուի գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է:»:

 

Հոդված 108. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 122.

Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը».

 

2) 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 109. Օրենսգրքի 28-րդ և 29-րդ գլուխների վերնագրերում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 110. Օրենսգրքի 123-րդ հոդվածի վերնագրում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով, իսկ տեքստում «ղեկավար առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով, «անդամ առաջադրված» բառերը՝ «անդամի» բառով:

 

Հոդված 111. Օրենսգրքի 124-րդ հոդվածի վերնագրում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով, իսկ տեքստում՝ «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը` «ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերով:

 

Հոդված 112. Օրենսգրքի 125-րդ հոդվածում՝

1) վերնագրում և տեքստում «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամի» բառերով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ.

«3. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:»:

 

Հոդված 113. Օրենսգրքի 127-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամների» բառերով.

2) 2-րդ կետի «ղեկավար առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «ղեկավարի ընտրության դեպքում» բառերով.

3) 3-րդ կետի «անդամ առաջադրված թեկնածուի ընտրության» բառերը փոխարինել «անդամների ընտրության դեպքում» բառերով.

4) 4-րդ կետի «5 տոկոս» բառերը փոխարինել «մինչև 3 տոկոս» բառերով:

 

Հոդված 114. Օրենսգրքի 128-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 115. Օրենսգրքի 129-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների դեպքում» բառերով.

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 3-րդ կետի «63-րդ» բառը փոխարինել «631-րդ» բառով:

 

Հոդված 116. Օրենսգրքի 130-րդ հոդվածում՝

1) վերնագրում և տեքստում «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

2) 1-ին կետի «63-րդ» բառը փոխարինել «631-րդ» բառով.

3) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի ղեկավար ընտրված է համարվում այն թեկնածուն, որին կողմ են քվեարկել առավել թվով ընտրողներ: Մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում նա ընտրվում է, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին:

Եթե հավասար թվով առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են երկու և ավելի թեկնածուներ, ապա ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

3. Համայնքի ղեկավարի ընտրությունն անվավեր է ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը մեծ է կամ հավասար առավել թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած երկու թեկնածուներին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, իսկ մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին կողմ և դեմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունից, որն էապես ազդում է ընտրության արդյունքի վրա, այն է` հնարավոր չէ վերականգնել ընտրության իրական արդյունքները և պարզել ընտրված թեկնածուին.

2) ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել սույն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրության արդյունքի վրա:».

4) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) քվեարկված միակ թեկնածուին կողմ չեն քվեարկել անհրաժեշտ թվով ընտրողներ».

5) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 ենթակետով.

«11) սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով թեկնածու չի առաջադրվել կամ գրանցվել.».

6) 4-րդ կետի 2-րդ ենթակետի «ընտրված» բառը փոխարինել «առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած» բառերով.

7) 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ընտրողների» բառից հետո ավելացնել «առնվազն» բառը.

8) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Համայնքի ղեկավարի ընտրություններն անվավեր ճանաչելու դեպքում քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:»:

 

Հոդված 117. Օրենսգրքի 131-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 131.

Ավագանու անդամների ընտրության արդյունքներն ամփոփելը

 

1. Համայնքում ընտրված են համարվում առավելագույն թվով կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած, սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան թվով համայնքի ավագանու թեկնածուները: Կողմ քվեարկված քվեաթերթիկների հավասարության դեպքում ընտրված թեկնածուին որոշելու համար նրանց միջև անցկացվում է վիճակահանություն` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Համայնքի ավագանու անդամի ընտրություններն անվավեր են ճանաչվում, եթե`

1) անճշտությունների չափը բացառում է սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետում նշված` ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով ընտրված թեկնածուներին պարզելու հնարավորությունը, այն է` ընտրված թեկնածուին և չընտրված թեկնածուին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվերի տարբերությունը փոքր է կամ հավասար անճշտությունների չափի և ավագանու անդամների թեկնածուների թվի հարաբերության տարբերությունից.

2) ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Համայնքի ավագանու անդամների ընտրություններն անվավեր ճանաչվելու դեպքում` քվեարկության օրվանից 21 օր հետո, թեկնածուների նույն կազմով, անցկացվում է վերաքվեարկություն:

Թեկնածուների նույն կազմով վերաքվեարկություն կարող է անցկացվել միայն մեկ անգամ:

3. Համայնքի ավագանու անդամների ընտրությունը համարվում է չկայացած, եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով սույն օրենսգրքի 117-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ավագանու անդամների թվերի առնվազն կեսին համապատասխան թվով թեկնածուներ չեն առաջադրվել կամ գրանցվել կամ վերաքվեարկության արդյունքում առկա են համայնքի ավագանու անդամի ընտրությունն անվավեր ճանաչելու հիմքեր:

4. Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը համայնքի ավագանու անդամների ընտրության մասին որոշումն ընդունելուց հետո` երկու ժամվա ընթացքում, հաղորդագրություն է ուղարկում կենտրոնական ընտրական հանձնաժողով և համապատասխան շրջանի վարչակազմի ղեկավարին:

5. Համայնքի ավագանու անդամների ընտրության արդյունքների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` այն ընդունվելուց հետո` 3 օրվա ընթացքում:»:

 

Հոդված 118. Օրենսգրքի 132-րդ հոդվածի «60 օր» բառերը փոխարինել «90 օր» բառերով:

 

Հոդված 119. Օրենսգրքի 133-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 120. Օրենսգրքի 134-րդ հոդվածի «ղեկավար կամ ավագանու անդամ առաջադրված թեկնածուների» բառերը փոխարինել «ղեկավարի կամ ավագանու անդամների» բառերով, իսկ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Նոր ընտրություն նշանակում է կառավարությունը:»:

 

Հոդված 121. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

1) 1-ին կետի «ղեկավար առաջադրված թեկնածուի» բառերը փոխարինել «ղեկավարի» բառով.

2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ.

«6. Ընտրական տեղամասերը և տեղամասային կենտրոնները կազմավորվում են քվեարկության օրվանից առնվազն 20 օր առաջ, ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից առնվազն 18 օր առաջ փակցվում են տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:»:

 

Հոդված 122. Օրենսգրքի 136-րդ հոդվածում՝

1) 2-րդ կետի «համայնքի ղեկավարի կողմից» բառերը հանել.

2) 6-րդ կետում «հանձնաժողովի» բառը փոխարինել «հանձնաժողովների» բառով.

3) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22) ինքնուրույն քվեարկել չկարողացող անձին խաբելը.»:

 

Հոդված 123. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 138-րդ հոդվածով՝ 138-րդ հոդվածը համարելով 139-րդ հոդված.

 

«Հոդված 138.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ 15-օրյա ժամկետում, լրացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը, իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի լրացման պահից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, կազմավորվում են տարածքային ընտրական հանձնաժողովներ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ գործող Ազգային ժողովի պատգամավորական խմբի որոշմամբ նշանակված անդամի տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմ է ներկայացնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7 օրվա ընթացքում՝ մինչև ժամը 18.00-ն:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, ընտրատարածքների սահմանները փոփոխության կարող են ենթարկվել, եթե ընտրողների թվի հիման վրա գործող բաժանման համար չեն պահպանվել սույն օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ եռամսյա ժամկետում, սահմանում է ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացների կազմակերպումն իրականացնելու և որակավորումներ շնորհելու կարգը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների մասնագիտական դասընթացները կազմակերպվում են սկսած 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուներինը՝ առաջին համապետական ընտրություններից սկսած:

4. Սույն օրենքը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում գործում է այն համայնքների համար, որտեղ ընտրությունները նշանակվել են 2007 թվականի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրվանից հետո:

 

Հոդված 124. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

16 մայիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-24