Համարը 
N 257
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.04.21/16(88)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
01.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
01.04.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.04.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«01» ապրիլի 2008թ.

N 257

ք.Ստեփանակերտ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ  է.

1. Սահմանել ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշմամբ սահմանված կարգի 7-րդ, 13-րդ և 15-րդ կետերով նախատեսված մատյանների և քարտի ձևերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«01» ապրիլի 2008թ.

թիվ 257 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումը:

2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է դրանց առաջացման պատճառների ու պայմանների ուսումնասիրման և վերացման, ինչպես նաև հետևանքների ծանրության աստիճանի նվազեցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

3. Պետական հաշվառման ենթակա են բոլոր ճանապարհատրանսպորտային պատահարները:

4. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ՝ ճանապարհային ոստիկանություն) կողմից:

5. Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումները (վաշտ, դասակներ, ջոկեր) իրականացնում են իրենց կողմից սպասարկվող տարածքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառումը՝ անկախ դրանց հետևանքներից:

6. Ճանապարհատրանսպորտային պատահարը համարվում է հաշվառված, եթե դրա վերաբերյալ տվյալները գրանցվել են ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանում:

7. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանը վարում է ճանապարհային ոստիկանության շարային ստորաբաժանման այն ծառայողը, ում այդ պարտականությունների կատարումը հանձնարարված է ճանապարհային ոստիկանության պետի հրամանով:

8. Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա պատահարի վայր ներկայանալուց հետո ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողն անհապաղ զեկուցում է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և մանրամասն հաղորդում ներկայացնում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո:

9. Հաղորդումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝

1) պատահարի օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.

2) պատահարին մասնակից տրանսպորտային միջոցների մակնիշները, հաշվառման համարանիշերը, պատկանելությունը.

3) վարորդների ազգանունները, հայրանունները, անունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.

4) պատահարի հետևանքով տուժածների ազգանունները, անունները, հայրանունները, նրանց ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, բնակության և աշխատանքի վայրերը.

5) պատահարի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի կազմը.

6) պատահարը բնութագրող այլ հանգամանքներ՝ ճանապարհի վիճակը, եղանակային պայմանները և այլն:

10. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային, ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքում հաշվառում իրականացնող ծառայողն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ կատարում է ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց տվյալների համեմատություն բժշկական կազմակերպություններում գրանցված տվյալների հետ, արդյունքների մասին կազմում տեղեկանք և զեկուցում ստորաբաժանման ղեկավարին:

11. Եթե համեմատություն կատարելու ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, որոնք տեղի են ունեցել տվյալ ստորաբաժանման վարչական տարածքից դուրս, ապա դրա մասին ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տեղեկացվում է համապատասխան վարչական տարածքի ստորաբաժանմանը:

12. Համեմատություններ կատարելու ընթացքում հայտնաբերված հաշվառումից դուրս մնացած ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:

13. Ճանապարհատրանսպորտային պատահարների կենտրոնացված պետական հաշվառումն իրականացնում է ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական կենտրոնացված հաշվառման մատյանի վարման միջոցով և պետական վիճակագրական ամփոփ հաշվետվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն:

14. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կահավորանքի շահագործման, նորոգման և պահպանման աշխատանքների պատճառով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ ճանապարհային ոստիկանության վարչական մասի համապատասխան ծառայությունը տեղեկատվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:

15. Յուրաքանչյուր ճանապարհատրանսպորտային պատահարի համար լրացվում է հաշվառման քարտ:

16. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման քարտը լրացվում է ճանապարհատրանսպորտային պատահարների տարածքային հաշվառման մատյանը վարող ծառայողի կողմից և ոչ ուշ, քան պատահարի մասին հաղորդում ստանալու (տեղեկանալու) պահից 5 օրվա ընթացքում ուղարկում ճանապարհային ոստիկանության վարչական մաս, որտեղ դրանք պահպանվում են 3 տարի ժամկետով:

17. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետ կապված նոր հանգամանքներ և տվյալներ ի հայտ գալու դեպքում լրացվում է լրացուցիչ քարտ, որի մեկ օրինակը սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ուղարկվում է ճանապարհային ոստիկանության վարչական մաս:

17.1. Պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձինք, ովքեր մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում:

(17.1-ին կետը լրաց. 09.10.2012 N 707-Ն)

17.2. Այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ից հետո, իսկ մահն արձանագրվել է հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարի տարեկան տվյալների ամփոփման` սույն կարգի 18-րդ կետով սահմանված վերջնաժամկետից) հետո, անգամ 30-օրյա ժամկետի պահպանման դեպքում մահացած անձինք որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված չեն հաշվառվում:

(17.2-րդ կետը լրաց. 09.10.2012 N 707-Ն)

18. Ճանապարհատրանսպորտային պատահարների տարեկան տվյալների ամփոփման վերջնաժամկետը հաջորդող տարվա հունվարի տասնհինգն է:

19. Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին տարեկան ամփոփ տվյալների շտեմարանը պահպանվում է ճանապարհային ոստիկանության վարչական մասում՝ 10 տարի ժամկետով:

20. Ճանապարհատրանսպորտային պատահարների հաշվառման տվյալները բաց են և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են իրավաբանական ու ֆիզիկական անձանց:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան