Համարը 
ՀՕ-43
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

մայիսի 30-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (22 հունվարի, 1999 թվականի, ՀՕ-42, այսուհետ` օրենք) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեն նաև ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված) և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամները:»:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածում`

1) առաջին մասի «բ» կետում «պատերազմի» բառը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության կամ այլ պետություններում մարտական գործողությունների» բառերով.

2) առաջին մասի «զ» և «է» կետերի «40» թիվը փոխարինել «80» թվով.

3) երկրորդ մասի «քառապատիկից» բառը փոխարինել «ութապատիկից» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վեցերորդ մասից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր յոթերորդ մաս` նախկին յոթերորդ մասը համարելով ութերորդ.

«Զինվորական ծառայության, հարկադիր կատարման ծառայության, դատախազությունում ծառայության կամ փրկարարական ծառայության անցնելու դեպքում սույն օրենքով նշանակված կենսաթոշակների վճարումը դադարեցվում է ծառայության անցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»:

 

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 28.

Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

 

 Կենսաթոշակառուին հասանելիք և նրա մահվան կապակցությամբ չստացված կենսաթոշակի գումարները ենթակա են ժառանգման:

Կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված նախկին զինծառայողի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում նրա ընտանիքին վճարվում է թաղման նպաստ՝ կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

Ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց (ազատվելուց) կամ հաշմանդամությունը հաստատվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողների ընտանիքների անդամներին վճարվում է թաղման նպաստ` բազային կենսաթոշակի յոթանասունհինգապատիկի չափով` սույն հոդվածով սահմանված կարգով:

Եթե կենսաթոշակառուի թաղումը կատարում են ընտանիքի անդամ չհանդիսացող անձինք, ապա նրանց նպաստ է վճարվում թաղման փաստացի կատարված ծախսերի չափով՝ վերը նշված նպաստի սահմաններում:

Նշված գումարները վճարվում են, եթե դրանց համար դիմում է տրվել կենսաթոշակառուի մահվանից ոչ ուշ, քան 12-ամսյա ժամկետում:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի չորրորդ մասում «տրվում է դրամական օգնություն, իսկ եթե զոհված զինծառայողի ընտանիքի անդամների թիվը հինգից ավելի է, հինգից ավելի յուրաքանչյուր անձի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափով տրվում է լրացուցիչ գումար:» բառերը փոխարինել «տրվում է ամենամսյա դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի երրորդ մասի վերջին նախադասությունը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասը «զինծառայողների» բառից հետո լրացնել «(ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը)» բառերով:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-43