Համարը 
ՀՕ-44
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.09.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

մայիսի 30-ին

 

«ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (17 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66, այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասություններում «Կուսակցությունը» բառը փոխարինել «Պետական գրանցման պահին կուսակցությունը» բառերով.

բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մաս.

«1.1. Պետական գրանցման պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո, կուսակցությունը պետք է ունենա ոչ պակաս, քան 300 անդամ, ընդ որում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր շրջանում ոչ պակաս, քան 20 անդամ, և տարածքային ստորաբաժանումներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր շրջաններում, ներառյալ՝ Ստեփանակերտ քաղաքում, որի մասին գրավոր տեղեկացնում է պետական լիազորված մարմնին:»:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցության անդամ չեն կարող լինել՝

1) դատավորները.

2) դատախազության աշխատակիցները.

3) ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների ծառայողները.

4) զինված ուժերի ծառայողները.

5) մարդու իրավունքների պաշտպանը.

6) Վերահսկիչ պալատի նախագահը:»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասում «4» թիվը փոխարինել «2» թվով:

 

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետից «կրթական և» բառերը հանել:

 

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասում «Հանրապետության» բառից հետո ավելացնել «Սահմանադրությունը և» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կուսակցությունների պետական ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Կուսակցությունների ֆինանսավորման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցները տրամադրվում են առանձին հոդվածով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` կուսակցությունների ֆինանսավորման միջոցների ընդհանուր ծավալը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 0.07-ապատիկի և Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թվի արտադրյալից:

2. Պետական բյուջեից միջոցներ հատկացվում են այն կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին), որի ընտրական ցուցակն Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 3 տոկոսը:

3. Պետական բյուջեից կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) հատկացվող միջոցները կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) միջև բաշխվում են Ազգային ժողովի վերջին ընտրություններում համամասնական ընտրակարգով նրանց ստացած ձայներին համամասնորեն:

4. Նշված միջոցները կուսակցությունների ընտրական դաշինքին մասնակցող կուսակցությունների միջև բաշխվում են հավասարապես, եթե այլ բան նախատեսված չէ կուսակցությունների ընտրական դաշինքի որոշմամբ:

5. Կուսակցության վերակազմակերպման, լուծարման մասին որոշում ընդունելու, գործունեության արգելման մասին Գերագույն դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու կամ լուծարման օրվանից պետական բյուջեի միջոցների հատկացումը դադարեցվում է:»:

 

Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե պետական լիազորված մարմինը չի ծանուցվել սույն օրենքի 5-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների կատարման մասին:».

բ) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն հոդվածի առաջին մասով սահմանված դեպքում կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը կանոնադրությամբ նախատեսված դեպքում համագումարի որոշմամբ կարող է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:»:

 

Հոդված 8. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով.

«1.1. Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը գրանցված կուսակցությունների վրա սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, որի ընթացքում այդ կուսակցությունները պարտավոր են իրենց տարածքային ընդգրկումը և անդամների թվաքանակը համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին` դրա մասին կամ դրա անհրաժեշտության բացակայության մասին գրավոր տեղեկացնելով պետական լիազորված մարմնին:»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

30 հունիսի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-44