Համարը 
ՀՕ-64
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.10.11/24(65)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
05.09.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.10.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2007 թվականի

սեպտեմբերի 5-ին

 

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (3 դեկտեմբերի 2005 թվականի, ՀՕ-223, այսուհետ` օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 301-րդ հոդվածով.

 

«Հոդված 301.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում հավատարմագրված փաստաբանը

 

1. Հավատարմագիրը փաստաբանին տրամադրվում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանում փաստաբանական գործունեություն իրականացնելու համար:

2. Հավատարմագիր ստանալու համար փաստաբանը յուրաքանչյուր տարի` նոյեմբերի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, գրավոր դիմում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին:

3. Դիմումի հետ միասին ներկայացվում են հավատարմագիր տրամադրելու վերաբերյալ Պալատի տասը այլ փաստաբանների գրավոր համաձայնությունները: Յուրաքանչյուր փաստաբան օրացուցային տարվա ընթացքում իրավունք ունի միայն մեկ փաստաբանի հավատարմագիր տրամադրելու համար համաձայնություն տալու: Եթե միևնույն փաստաբանը տվել է մեկից ավելի փաստաբանի հավատարմագրման համաձայնություն, ապա նախապատվությունը տրվում է Գերագույն դատարան ավելի վաղ ներկայացված համաձայնությանը:

4. Դիմումը և դրան կից փաստաթղթերը հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի գրասենյակ: Դիմումը և դրան կից փաստաթղթերն ընդունելիս դրանց վրա նշվում են հանձնման օրը և ժամը:

5. Հավատարմագրերը տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահի կողմից` տվյալ փաստաբանին հավատարմագրելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահը, ստանալով փաստաբանի դիմումը և դրան կից փաստաթղթերը, ստուգում է դրանց համապատասխանությունն օրենքով նախատեսված պահանջներին և հավատարմագրում է փաստաբանին դեկտեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում:

Հավատարմագիրը տրամադրվում է տասներեք ամիս գործողության ժամկետով:

7. Հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում, եթե`

ա) լրացել է հավատարմագրի ժամկետը.

բ) դադարեցվել է արտոնագրի գործողությունը.

գ) փաստաբանը գրավոր դիմել է հավատարմագրի գործողությունը դադարեցնելու համար:

8. Եթե վճռաբեկ բողոք բերած փաստաբանի հավատարմագրի գործողությունը դադարեցված է ճանաչվում բողոքը ներկայացնելուց հետո, սակայն մինչև Գերագույն դատարանում բողոքի քննության պահը, ապա բերված բողոքը ենթակա է քննության:

9. Փաստաբանական պալատի նախագահը փաստաբանների արտոնագրերի գործողությունը դադարեցված ճանաչելու դեպքում եռօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն դատարանի նախագահին:

10. Փաստաբանին տրամադրված փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագրի գործողության կասեցումը հանգեցնում է տրամադրված հավատարմագրի գործողության կասեցման:»:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը «գրասենյակի ղեկավարից» բառերից հետո լրացնել «, ով կարող է ունենալ երկու օգնականներ,» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«Հանրային պաշտպանի գրասենյակում աշխատող փաստաբանների թվաքանակը սահմանում է փաստաբանների պալատի խորհուրդը` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման սահմաններում:»:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 44-րդ հոդվածի 5-րդ մասը:

 

Հոդված 4. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 46.

Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումը, հանրային պաշտպանի գործունեության ապահովման հետ կապված ծախսերի փոխհատուցումը

 

Հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին, որը պետք է ապահովի հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունը:

Փաստաբանների պալատի նախագահը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի համաձայնությամբ օրենքով սահմանված ժամկետում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

Հանրային պաշտպանի գրասենյակի բյուջետային հայտը կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ միասին ներկայացվում է Ազգային ժողով:

Կառավարությունը Ազգային ժողով և փաստաբանների պալատ է ներկայացնում բյուջետային հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը:

Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:

Հանրային պաշտպանի գրասենյակը կարող է լրացուցիչ միջոցներ ներգրավել օրենքով չարգելված աղբյուրներից, որոնք կարող են ծախսվել գրասենյակի գործունեության բարելավման, ինչպես նաև հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության նպատակով դրամական խրախուսման համար:

Հանրային պաշտպանի գրասենյակի դրամական միջոցները տնօրինում է հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը:

Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը և հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր:

Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Ստեփանակերտ քաղաքի դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով: Անհրաժեշտության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է ժամավճարային դրույքաչափեր նախատեսող աշխատանքային պայմանագրեր կնքել հանրային պաշտպանի գրասենյակում չընդգրկված փաստաբանների հետ, որի դեպքում փոխհատուցվող գումարի չափը սահմանվում է Ստեփանակերտ քաղաքի դատախազի աշխատանքային մեկ ժամի վարձատրության չափին համարժեք:

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իր գործունեության համար ստանում է փոխհատուցում` հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափի քսանհինգ տոկոսով ավելի գումարի չափով:

Հանրային պաշտպանների գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումարը հաշվարկվում է հանրային պաշտպանների աշխատանքի վարձատրության համար նախատեսված գումարի երեսուն տոկոսի չափով` անկախ հանրային պաշտպանների կողմից կատարված փաստացի ծախսերից:»:

 

Հոդված 5. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«Սույն օրենքի 46-րդ հոդվածի 3-րդ մասի գործողության մեջ մտնելը չի կարող հանգեցնել հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձի նվազեցման:»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

5 հոկտեմբերի 2007թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-64