ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«14» հունվարի 2014թ. |
N 1-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջի, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-9-րդ հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի`
ա. 4-րդ հոդվածով հաստատված եկամուտների տարեկան մուտքերի հավաքագրման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ եկամուտների ձևավորման աղբյուրների դասակարգման առանձին խմբերի` համաձայն N 1 հավելվածի,
բ. N 1 հավելվածով նախատեսված տարեկան հատկացումների կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, ֆինանսավորվող ծրագրերի ու դրանք իրականացնող մարմինների` համաձայն N 2 հավելվածի,
գ. N 4 հավելվածով նախատեսված դեֆիցիտի (պակասուրդի) տարեկան գումարների ֆինանսավորման եռամսյակային (աճողական) համամասնությունները` ըստ ֆինանսավորման աղբյուրների և դրանց առանձին տարրերի` համաձայն N 3 հավելվածի,
դ. N 2 հավելվածով ըստ առանձին համայնքների բաշխված դոտացիաների (այդ թվում` համայնքների 2013 թվականի բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման) տարեկան գումարների եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 4 հավելվածի,
ե. N 3 հավելվածով հաստատված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2014 թվականի ծախսերի նախահաշվի կատարման եռամսյակային (աճողական) համամասնությունները` համաձայն N 5 հավելվածի.
2) որ 2014 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների առանձնացված ստորաբաժանումների (գործակալությունների և տեսչությունների), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկություններին վերապահված` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված ծախսային ծրագրերն իրականացնող գործադիր իշխանության մարմնի լիազորությունները վերապահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն պետական կառավարչական հիմնարկներին, որոնց առանձնացված ստորաբաժանումներն են տվյալ գործակալությունները կամ տեսչությունները, կամ որոնք տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմիններն են.
3) որ 2014 թվականի ընթացքում պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպված պետական հիմնարկների (բացառությամբ այն հիմնարկների, որոնց ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսվում է իրականացնել պետական գնումների ձևով) գրանցման պահից այդ հիմնարկների համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցները տրամադրվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով, տվյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված համապատասխան պայմանագրերի հիման վրա: Սույն ենթակետում նշված դեպքերի վրա չի տարածվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների հատկացման կարգը հաստատելու մասին» N 125 որոշման գործողությունը: Ընդ որում, մինչև պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված միջոցների սահմաններում վերակազմակերպվող պետական հիմնարկներին տրամադրված հատկացումները ներառվում են սույն ենթակետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում.
4) որ սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջը չի տարածվում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին համապատասխան` պետական հիմնարկների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների համաձայն բացված և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում արտացոլման ենթակա արտաբյուջետային միջոցների հաշիվների, հարկային պետական ծառայության և ճանապարհային ոստիկանության աշխատողների խրախուսման և (կամ) համակարգի զարգացման նպատակային ֆոնդերի հաշիվների, ինչպես նաև դրամարկղում այդ հաշիվների մնացորդների վրա.
5) պետական մարմինները սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված գնումների պլանում (անվանացանկում) ներառված բաց ընթացակարգով գնման գործընթաց իրականացնելու դեպքում գնման հայտարարությունները պետք է հրապարակեն մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը: Նշված ժամկետներում հայտարարությունները հրապարակված չլինելու դեպքում, այդ գնումների համար պատասխանատու պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին է ներկայացնում հիմնավորումներ` հայտարարությունները չհրապարակելու վերաբերյալ, որն ընդունելի համարվելու դեպքում է միայն տվյալ պետական մարմնին թույլատրվում նշված գնման գործընթացի իրականացումը: Ներկայացված հիմնավորումները ընդունելի չհամարվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը իրավասու է այդ գնման գործընթացի համար նախատեսված միջոցները (բացառությամբ պետական հիմնարկների համար սահմանված կարգով բացված արտաբյուջետային հաշիվների միջոցների) ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդ.
6) որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմիններում երեք ամիս շարունակ թափուր պաշտոնների առկայության դեպքում այդ պաշտոնները նոր աշխատողներով կարող են համալրվել միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո:
(1-ին կետը փոփ. 05.05.2014 N 277-Ն)
2. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին` «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Նյութական աջակցություն ԼՂՀ ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծախսային ծրագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված հատկացումները` ըստ առանձին կուսակցությունների բաշխումը` համաձայն սույն որոշման N 6 հավելվածի (հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի 2010 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից հավաքված ձայների թվի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները).
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետության կարիքների (բացառությամբ պետական գաղտնիք պարունակող ծրագրերի, արտասահմանում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցչությունների գործունեության ապահովման ծրագրերի) համար 2014 թվականին իրականացվող գնումների պլանը (անվանացանկը)` ըստ բյուջետային ծախսերի գերատեսչական/գործառական դասակարգման` համաձայն N 7 հավելվածի:
3. Թույլատրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` անհրաժեշտության դեպքում`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ պետական կառավարման մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով նախատեսված հատկացումների` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 10-րդ ենթակետում նշված դեպքի), ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու վերաբերյալ.
2) սույն որոշման 4-րդ կետի 9-10-րդ ենթակետերում նշված վերաբաշխումները և տեղաշարժերը կատարելու համար թույլտվություն ստանալու նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն.
3) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման շրջանակներում, սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերությամբ ու 9-10-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում կատարվող հատկացումների վերաբաշխումներին համապատասխան` ելնելով պետական մարմինների կանոնադրական լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման կամ ենթակա հիմնարկները` օրենքին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպելու անհրաժեշտությունից, սույն որոշման N 7 հավելվածով` այդ մարմինների գծով սահմանված գնումների պլանում (անվանացանկում) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցված փոփոխությունների (այդ թվում նաև` գնման ձևերի գծով) և (կամ) լրացումների կատարումը (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի կառավարության 2011 թվականի մարտի 22-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 133-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքի):
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ`
ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ, 8-րդ և 9-րդ կետերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում),
բ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասով պետական կառավարման տարբեր մարմինների կողմից իրականացվող ծախսային ծրագրերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ (բացառությամբ սույն որոշման 4-րդ կետի 10-րդ ենթակետով նախատեսված դեպքերի) կատարելու գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում, պետական կառավարման մարմինների ներկայացմամբ կամ սեփական նախաձեռնությամբ),
գ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով այդ օրենքի N 1 հավելվածում բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնին, խմբին և դասին պատկանող նույն ծախսային ծրագիրն իրականացնող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմինների միջև` նրանց գծով տվյալ ծրագիրն իրականացնելու համար օրենքով հաստատված հատկացումների վերաբաշխումներ կատարելու, ինչպես նաև այդ մարմինների ցանկում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը վերապահված իրավասությունների իրականացման վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում պետական կառավարման մարմինների ներկայացմամբ).
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից ծախսերի ֆինանսավորումը կատարել փաստացի ստացված մուտքերի սահմաններում.
3) բյուջետային ելքերի ֆինանսավորման համար 2014 թվականի բյուջետային տարվա ընթացքում պետական բյուջեում միջոցների անբավարարության դեպքում դրանց ֆինանսավորմանն ուղղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժինների կողմից դուրս գրված կանխիկ դրամի ստացման չեկերի կանխիկացումն ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերին համապատասխան.
5) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում նշված վճարումներն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից` առանց սահմանափակման, դրանց գծով կատարված ծախսերը և ստացված եկամուտներն առանձին հավելվածներով արտացոլելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվություններում.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության կառավարության հետ կնքել պայմանագիր Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մինչև 2015 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով, տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով 43,690.1 մլն դրամ վարկ ստանալու մասին.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին «Կուսակցությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան նյութական աջակցության համար «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Նյութական աջակցություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» ծրագրով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական գանձապետարանի կողմից այդ ծրագրի համար բացված գանձապետական հաշվից միջոցների ելքագրման ու կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների բանկային հաշիվներին փոխանցման միջոցով` նրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված գրավոր պահանջագրի հիման վրա` առանց լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու.
8) ապահովել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսին (բաժնեմասին) համապատասխանող շահութաբաժինների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջե վճարման (բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության որոշումներով շահութաբաժինների վճարումից ազատված ընկերությունների), իսկ 50 տոկոսից ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող այն ընկերությունների գծով, որոնց լիազորված մարմինները ներկայացնում են շահութաբաժինների սահմանված չափի նվազեցման վերաբերյալ առաջարկություններ` նաև զուտ շահույթի բաշխման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը.
9) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի NN 1 և 3 հավելվածներով նախատեսված ծախսային ծրագրի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր գումարը և այդ գումարի` սույն որոշման NN 2 և 5 հավելվածներով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ կետերով սահմանված շրջանակներում թույլատրել տվյալ ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներով նախատեսված տարեկան և եռամսյակային գումարների վերաբաշխումներ` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ սահմանված հոդվածների.
10) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, պահպանելով նրա կողմից իրականացվող` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածով նախատեսված բոլոր ծախսային ծրագրերի գծով հաստատված տարեկան հատկացումների ընդհանուր հանրագումարը և այդ հանրագումարի` սույն որոշման N 2 հավելվածով սահմանված եռամսյակային բաշխման աճողական գումարները, ներկայացման հիմքերը հիմնավոր ճանաչելու դեպքում, թույլատրել տվյալ ծրագրերի գծով նախատեսված տարեկան և եռամսյակային հատկացումների գումարների միջծրագրային վերաբաշխումներ.
11) պետական կառավարման մարմնի ներկայացմամբ, սույն որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում` ներկայացման հիմքերը բավարար ճանաչելու դեպքում թույլատրել սույն որոշման N 7 հավելվածում այդ պետական կառավարման մարմնի գնումների պլանում (անվանացանկում) փոփոխությունների (այդ թվում նաև` գնման ձևերի գծով) և (կամ) լրացումների կատարումը.
12) ապահովել գնումների էլեկտրոնային պաշտոնական տեղեկագրում հրապարակված` պետության կարիքների համար անցկացվող գնումների մասին հայտարարությունների վերաբերյալ հեռուստատեսությամբ գովազդային հայտարարությունների հեռարձակումը.
13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 բաժնի 1 խմբի 1 դասի «01. ԼՂՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրով (սույն ենթակետում այսուհետ` ծրագիր) սահմանված հատկացումներին ամրագրված բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածներից (սույն ենթակետում այսուհետ` բազային հոդվածներ) տարբերվող այլ հոդվածներով (սույն ենթակետում այսուհետ` տարբերվող հոդվածներ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը նախատեսված հատկացումների գումարից որևէ այլ բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչին (սույն ենթակետում այսուհետ` այլ ԲԳԿ) հատկացումների կատարման դեպքում դրանց ներքին միջհոդվածային և միջգերատեսչական վերաբաշխման միջոցով` սույն ենթակետում նշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով տարբերվող հոդվածներով և այլ ԲԳԿ-ների գծով նախատեսված հատկացումների չափով ավելացնել նշված ծրագրի գծով համապատասխան գերատեսչությունների նույն այդ տարբերվող հոդվածներով նախատեսված հատկացումները` նույն չափով պակասեցնելով բազային հոդվածներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության գծով նախատեսված հատկացումները: Համանման մոտեցում կիրառել նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 03 բաժնի 3 խմբի 1 դասի «02. ԼՂՀ դատարանների պահուստային ֆոնդ» ծրագրով իրավասու մարմնի կողմից ընդունված որոշումներով, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 1 խմբի 3 դասի «02. Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ», 01 բաժնի 3 խմբի 3 դասի «04. Տեղեկատվական և վերլուծական աշխատանքների իրականացման ծախսեր», 11 բաժնի 2 խմբի 1 դասի` «02. Հանրապետական միջոցառումների (միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ) իրականացման ծրագրեր», «03. Հատուկ նպատակների ծախսեր», «04. Տոնական օրերի միջոցառումներ», «05. Գույքի գնման ծախսեր» և «06. Նախորդ տարիներից առաջացած պարտքերի մարում» ծրագրերով համապատասխան որոշումներով հատկացումների կատարման դեպքում.
14) սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետում, 8-9-րդ կետերում, 11-17-րդ կետերում, 19-րդ կետում նշված պետական պատվերների, ծրագրերի և ծախսերի ֆինանսավորումն իրականացնել դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության համաձայնությամբ` սույն ենթակետում նշված պետական պատվերների և ծրագրերի ֆինանսավորումն առանձին դեպքերում կարող է իրականացվել նաև մինչև դրանց հաստատումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից.
15) բյուջեից ֆինանսավորվող և միաժամանակ պետական բյուջեի մուտքերի առաջադրանք ունեցող պետական մարմինների և կազմակերպությունների փաստացի ֆինանսավորումն իրականացնել առաջադրանքի կատարմանը համամասնորեն:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`
1) 2014 թվականի վերջին աշխատանքային օրվա ավարտին` համակարգի բյուջետային հիմնարկների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների դրամարկղերում և գանձապետական (բանկային) հաշիվներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների առկա մնացորդները 2014 թվականի բյուջետային տարվա վերջին օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում փոխանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե` որպես 2014 թվականի բյուջետային տարում չօգտագործված միջոցներ.
2) սահմանել խիստ հսկողություն ենթակա հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ հաստատված նախահաշիվների առանձին ծախսային հոդվածների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում.
3) հսկողություն իրականացնել առանձին ծառայություններից (հեռախոսակապ, վառելիք և ջեռուցում, էլեկտրաէներգիա, ջրմուղ-կոյուղի, աղբահանություն, ախտահանում, վարձակալություն) օգտվելու համար սահմանված կարգով պայմանագրերի կնքման նկատմամբ` պետական բյուջեով նախատեսված գումարների սահմաններում.
4) հիմք ընդունելով սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված եռամսյակային (աճողական) համամասնությունները, սահմանված կարգով, մինչև 2014 թվականի հունվարի 25-ը հաստատել աշխատակազմի և ենթակա պետական հիմնարկների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների 2014 թվականի ծախսերի նախահաշիվները եռամսյակային (աճողական) կտրվածքով և համապատասխան հիմնավորումներով (ցանցային և այլ հաշվարկային ցուցանիշներով), ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների.
5) նախատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով մինչև 2014 թվականի հունվարի 25-ը հաստատված նախահաշիվները ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և հիմնարկներին սպասարկող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղական գանձապետական բաժիններ.
6) մինչև 2014 թվականի հունվարի 25-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել աշխատակազմի 2014 թվականի հաստատված հաստիքային ցուցակները (այդ թվում ըստ առանձին պաշտոնների` խմբավորված տեսքով).
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և դրանց ենթակայության պետական հիմնարկներին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի (այդ թվում` տարածքների) վարձակալության պայմանագրերում վարձատուի համաձայնությամբ վարձակալի կողմից իր միջոցների հաշվին վարձակալված գույքից (այդ թվում` տարածքների) անբաժանելի բարելավումների կատարման հնարավորություն նախատեսել միայն այդ բարելավումների արժեքի` ինչպես պայմանագրի գործողության ընթացքում, այնպես էլ պայմանագրի դադարեցումից հետո վարձատուի կողմից փոխհատուցման բացառման վերաբերյալ դրույթ նախատեսվելու դեպքում: Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված վարձակալության պայմանագրերի գործողության ընթացքում, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության թույլտվության, չհամաձայնել նշված բարելավումների իրականացմանը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 22-ի N 133-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման կարգի» համաձայն պետական բյուջեով նախատեսված, ինչպես նաև պետական մարմինների ու պետական հիմնարկների տնօրինության տակ գտնվող այլ միջոցների հաշվին կատարվող գնումների պլանում (անվանացանկում) փոփոխություններ կատարելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացնել գնման ձևի փոփոխության վերաբերյալ հիմնավորումները` այն դեպքում, եթե գնման ձև է սահմանվում «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված գնման ընթացակարգը.
9) սույն որոշման համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացվող 2014 թվականի պետական պատվերների վերաբերյալ առաջարկությունները (որոնցում պարտադիր պետք է ներառվեն պատվերի շրջանակներում գնման առարկաները, դրանց քանակները և մեկ միավորի նախահաշվային գինը) նախապես համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն առաջարկություններ ներկայացնելիս դրանցում նշել այդ հատկացումների տրամադրման ժամանակացույցը` ըստ եռամսյակների (նաև աճողական), և կատարվելիք գնումների պլանը (անվանացանկը).
6. Պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս (բաժնեմաս) ունեցող ընկերությունների բաժնետիրոջ իրավասություններն իրականացնող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ղեկավարներին` ապահովել`
1) ընկերությունների արդյունավետ և շահութաբեր աշխատանքը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 28-ի «Բաժնետիրական ընկերություններում պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի դիմաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման գործընթացում բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 165 որոշմամբ հաստատված կարգով ու ժամկետներում շահութաբաժինների վճարումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջե.
3) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմս ունեցող ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված` պետական բաժնեմասին համապատասխանող զուտ շահույթից շահութաբաժինների գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի նկատմամբ առաջացած պարտքերի մարումը` մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունների հետ համատեղ` առաջարկություններ` կրթական հիմնարկներում 2014/2015 ուսումնական տարվա ընդունելության պետական պատվերի վերաբերյալ, բյուջեով նախատեսված գումարների սահմաններում.
2) բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության, միջնակարգ կրթության և արտադպրոցական ծրագրերը:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` «Ստեփանակերտի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության ծառայությունների գնման գծով պետական պատվերի վերաբերյալ:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել մշակութային և երիտասարդական միջոցառումների իրականացման և թանգարանային գործի ոլորտի զարգացման ծրագրերը:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությանը`
1) պարբերական ու գործուն վերահսկողություն սահմանել դատական վճիռներով պետական բյուջեի օգտին բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով օրենքով սահմանված կատարողական միջոցառումների ժամանակին ու ամբողջական գործընթացի նկատմամբ.
2) նշված փաստաթղթերով բռնագանձված և բյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ եռամսյակային տեղեկատվություններ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված տնտեսական զարգացման ծրագրերը:
12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ներդրումների ծրագիրը` դրանում նախատեսելով կատարվելիք գնումների պլանը (անվանացանկը):
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով աշխատանքների (ֆիզիկական ծավալներով և արժեքային արտահայտությամբ) ֆինանսավորման վերաբերյալ:
14. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցառումների ծրագրերը:
15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զբոսաշրջության ոլորտի զարգացման միջոցառումների, հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնման և պահպանման աշխատանքների իրականացման ծրագրերը:
16. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեին` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել մարզական կենտրոնացված միջոցառումների, մարզական ֆեդերացիաների ֆինանսական օգնության ծրագրերը:
17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցառումների ծրագրերը:
18. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը`
1) 2014 թվականի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը տրամադրել ամենամսյա տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի ու այլ եկամուտների գծով կանխատեսվող բյուջետային եկամուտների մասին, մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը` տվյալ ամսվան հաջորդող ամսվա համար.
2) երկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ` պետական եկամուտների հավաքագրման բնագավառում գործունեության (վարչարարության) կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումների մասին:
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2014 թվականի համալիր ծրագիրը:
20. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` ապահովել իրենց համակարգի պետական տուրք գանձող մարմինների կողմից գանձված պետական տուրքի գումարների ամբողջական և ժամանակին վճարումը համապատասխան բյուջե:
21. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` վերահսկողություն սահմանել պետական տուրքի հաշվառման և գանձման ուղղությամբ:
22. Պարտավորեցնել վարկերի տրամադրման համար բիզնես-ծրագրերը երաշխավորած պետական կառավարման մարմիններին` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրենց կողմից երաշխավորված ծրագրերով տրամադրված վարկերը վերականգնելու ուղղությամբ:
23. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին`
1) «Տեղական ինքնակառավարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով տեղական ինքնակառավարման բնագավառում վերապահված լիազորությունների շրջանակներում պարբերաբար շրջանային խորհրդի նիստերում քննարկել համայնքային բյուջեների կատարման ընթացքը և համապատասխան միջոցներ ձեռնարկել բարելավման ուղղությամբ.
2) խիստ վերահսկողություն սահմանել շրջանի համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող պետական պահուստի ֆոնդի վարձակալված հողերի հաշվառման և վարձավճարների գանձման ուղղությամբ:
24. Առաջարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-5-րդ կետերով:
25. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հունվարի 14-ի N 1-Ն որոշման |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ(ԱՃՈՂԱԿԱՆ) ԲԱՇԽՈՒՄՆ` ԸՍՏ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ
/հազ.դրամ/
|
ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ |
Առաջին եռամսյակ |
Առաջին կիսամյակ |
Ինն ամիս |
Տարի |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
5,449,583.9 |
12,751,524.1 |
22,331,353.5 |
33,500,000.0 |
|
այդ թվում` |
|
|
|
|
|
Հարկային եկամուտներ և պետական տուրքեր |
5,220,000.0 |
11,820,000.0 |
20,070,000.0 |
30,000,000.0 |
|
Պաշտոնական դրամաշնորհներ |
|
|
500,000.0 |
500,000.0 |
|
Այլ եկամուտներ |
229,583.9 |
931,524.1 |
1,761,353.5 |
3,000,000.0 |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
(N 2 հավելվածը փոփ. 24.03.2014 N 161-Ն, փոփ. 21.05.2014 N 312-Ն, փոփ. 22.05.2014 N 313-Ն, փոփ. 05.06.2014 N 360-Ն, փոփ. 27.06.2014 N 401-Ն, փոփ. 01.07.2014 N 409-Ն, փոփ. 16.07.2014 N 443-Ն, փոփ. 26.08.2014 N 555-Ն, փոփ. 12.09.2014 N 594-Ն, փոփ. 13.09.2014 N 597-Ն, փոփ. 14.10.2014 N 694-Ն, փոփ. 10.11.2014 N 746-Ն, փոփ. 08.12.2014 N 829-Ն, փոփ. 17.12.2014 N 855-Ն, փոփ. 22.12.2014 N 874-Ն, փոփ. 23.12.2014 N 913-Ն, փոփ. 29.12.2014 N 943-Ն, փոփ. 29.12.2014 N 945-Ն, փոփ. 30.12.2014 N 954-Ն, փոփ. 30.12.2014 N 963-Ն)
(N 3 հավելվածը փոփ. 27.06.2014 N 401-Ն, փոփ. 13.09.2014 N 597-Ն, փոփ. 23.12.2014 N 913-Ն)
(N 4 հավելվածը փոփ. 23.12.2014 N 913-Ն)
(N 6 հավելվածը փոփ. 27.06.2014 N 401-Ն)