ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
2 դեկտեմբերի 2016թ. |
N 780-Ն |
ք.Ստեփանակերտ
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսական աշխարհի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի «զ» կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետին` վեցամսյա ժամկետում`
1) սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բուսական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը.
2) հաստատել բուսական աշխարհի պետական կադաստրի վարման մեթոդական ուղեցույցը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 2-ի N 780-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի բուսական աշխարհի պետական կադաստրի (այսուհետ` պետական կադաստր) վարման կարգը:
2. Պետական կադաստրը բուսական աշխարհի օբյեկտների իրավական ռեժիմի քանակական ու որակական բնութագրերի, վիճակի, բնապահպանական, մշակութային և տնտեսական արժեքների, հանրապետական ու շրջանային տարածվածության, պաշարների և օգտագործման մասին տեղեկությունների ու փաստաթղթերի համակարգ է:
3. Պետական կադաստրի վարումը նպատակ ունի բացահայտելու բուսական տեսակների և համակեցությունների, դրանց աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունները:
4. Պետական կադաստրի վարման համար կարող են օգտագործվել գիտական ուսումնասիրությունների, պետական հաշվառման և մոնիթորինգի, բուսական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի և այլ տվյալներ:
5. Պետական կադաստրը վարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
6. Պետական կադաստրը կազմված է հետևյալ բաժիններից`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի վայրի բույսերի տեսակային բազմազանություն (ստորակարգ, բարձրակարգ բույսեր և սնկեր).
2) բուսական աշխարհի օգտագործում.
3) բուսական աշխարհի պահպանություն, վերարտադրություն։
7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված պետական կադաստրի բաժինները ներառում են բուսական տեսակի մասին հետևյալ տեղեկատվությունը`
1) կարգաբանական պատկանելությունը և գիտական անվանումը (հայերեն, լատիներեն), կարգավիճակը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կարմիր գրքի և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) դասակարգումը.
2) բուսատեսակի տարածվածությունը` աշխարհագրական և վարչատարածքային.
3) աճելավայրը` տվյալ բուսատեսակի աճելավայրի էկոհամակարգային նկարագիրը և բնորոշ ուղեկցող բուսատեսակները.
4) արժեքները` բուսատեսակի բնապահպանական, գիտական, մշակութային և տնտեսական արժեքները.
5) պաշարը` աշխարհագրական որոշակի տարածքում օգտագործման ենթակա քանակությունը.
6) քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման տրված վայրի բույսերը (օգտագործման իրավունքի և տեսակի, թույլատրված ու փաստացի).
7) պոպուլյացիայի վիճակը, սպառնալիքները.
8) տեսակի պահպանության ու կայուն օգտագործման միջոցառումները` առկա և նախատեսվող.
9) տեղեկատվության սկզբնաղբյուրը:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
8. Պետական կադաստրի վարման տարեկան ծրագրերն օրենքով սահմանված կարգով մշակում է լիազոր մարմինը:
9. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում, որի օրինակելի ձևը հաստատվում է լիազոր մարմնի կողմից:
10. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
11. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում ներառվում են նաև բուսական աշխարհի պետական հաշվառման տվյալները: Բուսական աշխարհի պետական հաշվառումն իրականացվում է պարբերաբար` ոչ ուշ, քան յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ:
12. Պետական կադաստրի վարման գրանցամատյանները վարվում են ինչպես փաստաթղթային, այնպես էլ էլեկտրոնային ձևով, որոնց վարման ժամանակ պետք է ապահովվի դրանց համադրելիությունը: Փաստաթղթային և էլեկտրոնային կրիչների միջև տվյալների տարբերության դեպքում հիմք է ընդունվում փաստաթղթային տարբերակը:
13. Պետական կադաստրի վարման գրանցամատյաններում տվյալների մուտքագրումը և փոփոխությունն իրականացվում են դրանք ներկայացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
14. Պետական կադաստր վարող լիազոր մարմինը ճշգրիտ մուտքագրում է բուսական աշխարհի հաշվառում և ուսումնասիրություններ իրականացնողների ներկայացրած փաստաթղթային և էլեկտրոնային տվյալները:
15. Սույն կարգի 7-րդ կետում նշված պետական կադաստրի ամփոփ տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների համար` իրենց լիազորությունների սահմաններում որոշումներ ընդունելիս:
16. Պետական կադաստրի տվյալները կարող են տրամադրվել տեղեկանքների, հաշվետվությունների, գրաֆիկական և այլ նյութերի տեսքով:
17. Իրավաբանական անձինք և քաղաքացիները պետական կադաստրի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում են լիազոր մարմին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |