ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
27 դեկտեմբերի 2016թ. |
N 878-Ն |
ք.Ստեփանակերտ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2016 թվականի դեկտեմբերի 27-ի N 878-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ԱՐԽԻՎԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման հետ կապված հարաբերությունները։
2. Սույն կարգի իմաստով արխիվային գործ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն) գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ թղթային կրիչով պահպանվող փաստաթղթերի համակցությունը:
3. Գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային գործի ոչնչացման աշխատանքներն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)։
4. Հանձնաժողովը բաղկացած է հինգ անդամից, որի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի` ներառյալ գործակալության աշխատողները։
5. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին, այլ իրավական ակտերին և սույն կարգին համապատասխան: Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
6. Հանձնաժողովի նիստում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ:
7. Գործակալության պետի հանձնարարությամբ յուրաքանչյուր տարի առանձնացվում են գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի արխիվային այն գործերը, որոնց պահպանման տասը տարին լրացել է նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ:
8. Գործակալության պետը կազմում է սույն կարգի 7-րդ կետում նշված և ոչնչացման ենթակա արխիվային գործերի վերաբերյալ հաշվետվություն՝ նշելով փաստաթղթի հերթական համարը, փաստաթղթի անվանումը, փաստաթղթի թերթերի քանակը:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված հաշվետվությունը և 7-րդ կետում նշված արխիվային գործերը ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա մարտի մեկը ներկայացվում են հանձնաժողովին:
10. Հանձնաժողովն ուսումնասիրում է ոչնչացվող արխիվային գործի վերաբերյալ ստացված նյութերը, դրանք համադրում է գործակալության պետի կազմած հաշվետվության և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հետ:
11. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրելիս և հաշվետվության ու պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների հետ անհամապատասխանություն չհայտնաբերելիս որոշում է ընդունում արխիվային գործի ոչնչացման մասին, որի վերաբերյալ կազմում է արձանագրություն: Արխիվային գործի ոչնչացման մասին արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները և գործակալության պետը: Հանձնաժողովը կազմակերպում է փաստաթղթերի ոչնչացման աշխատանքները:
12. Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, հաշվետվության և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների միջև անհամապատասխանություն հայտնաբերելիս կազմում է արձանագրություն արխիվային գործը վերադարձնելու մասին և անհապաղ զեկուցում է գործակալության պետին: Արխիվային գործը վերադարձնելու մասին արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի անդամները և գործակալության պետը: Վերադարձման ենթակա արխիվային գործը հանձնվում է գործակալություն` հետագա պահպանության համար:
13. Հանձնաժողովի կողմից կազմված արձանագրությունները պահպանվում են գործակալությունում այն կազմելուց հետո տասը տարի, որից հետո ենթակա են հանձնման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |