Համարը 
ՀՕ-23
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.09.1996
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.10.1996
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.08.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, հասարակայնությանը մատուցած ակնառու և բացառիկ ծառայությունները նշելու համար հիմնվում են պետական պարգևներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններ և մեդալներ:

 

Հոդված 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները հիմնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը:

 

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը՝ դրանց վերաբերյալ հրապարակելով հրամանագրեր:

 

Հոդված 4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչման, շքանշանների և մեդալների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, որոնք սահմանում են պարգևատրման կարգը, պետական պարգևները կրելու կանոնները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների, մեդալների նկարագրությունները և նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝ ըստ իր կողմից անցկացված մրցույթի արդյունքների:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, ստեղծագործական միությունների, գիտական ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և այլ հաստատությունների հիմնած շքանշանների և մեդալների նմուշները չպետք է արտաքին նմանություն ունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների հետ:

 

Հոդված 5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը շնորհվում է ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև Պաշտպանության բանակի և այլ զորքերի զորամասերը (այսուհետ՝ անձինք):

(5-րդ հոդվածը լրաց. 25.04.2007 ՀՕ-36)

 

Հոդված 6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևի տեսակը որոշվում է պարգևատրվողի անձի ծառայությունների բնույթին ու կարևորությանը համապատասխան:

Պարգևատրված անձանց նոր ծառայությունները կարող են կրկին նշվել պետական պարգևով: Նույնանուն պետական պարգևով մեկից ավելի պարգևատրում չի կատարվում, բացառությամբ այն շքանշանների, որոնք ունեն աստիճաններ:

Շքանշանի նույն աստիճանը մեկից ավելի անգամ չի տրվում:

 

Հոդված 7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրումը կատարվում է նաև հետմահու:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՈՒՄԸ

 

Հոդված 8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն կոչումը «Արցախի հերոս» կոչումն է:

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած անձանց հանձնվում է հայրենիքի շքանշան՝ «Ոսկե Արծիվ»:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՔԱՆՇԱՆՆԵՐԸ

 

Հոդված 9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշաններն են՝

հայրենիքի շքանշանը՝ «Ոսկե Արծիվ» - հանձնվում է միայն «Արցախի հերոս» բարձրագույն կոչման արժանացած անձանց,

Մարտական խաչ շքանշանը՝ 1-ին աստիճանի և 2-րդ աստիճանի,

Գրիգոր Լուսավորչի շքանշանը,

Մաշտոցի շքանշանը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐԸ

 

Հոդված 10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեդալներն են՝

Մարտական ծառայության մեդալը,

Մխիթար Գոշի մեդալը,

Վաչագան Բարեպաշտի մեդալը,

Անանիա Շիրակացու մեդալը,

Արիության համար մեդալը,

Երախտագիտություն մեդալը,

 Շուշիի ազատագրման համար մեդալը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Հոդված 11. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման միջնորդությունը հարուցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 12. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները հանձնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը, նախարարները և գերատեսչությունների ղեկավարները:

Զինծառայողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները, որպես կանոն, հանձնվում են զորամասերում:

 

Հոդված 13. Պարգևատրված անձին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևի հետ միասին հանձնվում է համապատասխան վկայական: Պետական պարգևների վկայականների նմուշները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 14. Հետմահու պարգևատրման դեպքում պետական պարգևը վկայականի հետ միասին հանձնվում է պարգևատրվածի ընտանիքին:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 15. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևի արժանացած անձինք ունեն դրանք մշտապես կրելու իրավունք և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվում են արտոնություններից:

Պարգևատրված անձինք պարտավոր են խնամքով պահպանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները:

 

Հոդված 16. Պարգևատրված անձի մահվան դեպքում պարգևները և դրանց վկայականները կարող են որպես հիշատակ պահպանվել նրա ժառանգների մոտ կամ վերջիններիս համաձայնությամբ՝ հանձնվել թանգարաններին: Պետական պարգևները թանգարաններին հանձնվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի գիտությամբ: Եթե պարգևատրված անձը չունի ժառանգներ, նրա մահվանից հետո պետական պարգևները և դրանց վկայականները վերադարձվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմ:

 

Հոդված 17. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևները, դրանց վկայականները կորցնելու դեպքում պարգևատրված անձինք պահպանում են իրենց իրավունքները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների, մեդալների կորստի դեպքում, որպես կանոն, կրկնօրինակներ չեն տրվում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների և մեդալների կրկնօրինակները տրվում են այն դեպքում, եթե դրանք կորցվել են մարտական պայմաններում, տարերային աղետի հետևանքով կամ այլ հանգամանքներում, երբ պետական պարգևները պահպանելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չի եղել:

Պետական պարգևների կրկնօրինակներ տալու միջնորդությունը հարուցվում է տեղական ինքնակառավարման գործադիր մարմինների կողմից, որոնք ուսումնասիրություններից հետո իրենց միջնորդությունը պարգևատրված անձի դիմումի, պետական պարգևների կորստի մասին համապատասխան տեղեկանքի հետ միասին ներկայացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահին:

Կորցրած պետական պարգևների և դրանց վկայականների կրկնօրինակները պարգևատրված անձանց հանձնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը:

 

Գ Լ ՈՒ Խ  8

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊՕՐԻՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

Հոդված 18. Արգելվում է այնպիսի նշանների, հուշադրամների և կրծքանշանների պատրաստումը, որոնք ունեն արտաքին նմանություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շքանշանների ու մեդալների հետ:

 

Հոդված 19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների նկատմամբ ապօրինի գործողությունները առաջացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ռ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

23 հոկտեմբերի 1996թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-23