Համարը 
ՀՕ-21
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.05.29/20(92)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
16.04.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.05.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.06.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2009

Ծանուցում
ՏԵ´Ս 29-րդ և 30-րդ հոդվածները:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

ապրիլի 16-ին

 

ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանակազմության մասին օրենսդրությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգն ու դրա կազմավորումը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենքով:

 

Հոդված 2.

Արդարադատության իրականացումը միայն դատարանի կողմից

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները: Արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին:

Արտակարգ դատարանների ստեղծումն արգելվում է:

Դատարանի լիազորությունների յուրացումը պատժվում է օրենքով:

 

Հոդված 3.

Արդարադատության իրականացումը

 

Արդարադատությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվում է`

1) մարդու և քաղաքացու ազատություններին, իրավունքներին ու օրինական շահերին, պետության և իրավաբանական անձանց իրավունքներին ու օրինական շահերին առնչվող քաղաքացիական, վարչական գործեր դատական նիստերում քննելու և լուծելու միջոցով.

2) դատական նիստերում հանցագործությունների վերաբերյալ գործեր քննելու, հանցանք կատարած անձանց մեղավոր ճանաչելու, նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատիժ նշանակելու, հանցանք չկատարած անձանց անպարտ ճանաչելու և արդարացնելու միջոցով.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածով սահմանված հարցեր քննելու և լուծելու միջոցով:

 

Հոդված 4.

Դատական պաշտպանության իրավունքը

 

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

Ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ` անձամբ:

 

Հոդված 5.

Հավասարությունը օրենքի և դատարանի առջև

 

Բոլորը հավասար են օրենքի և դատարանի առջև:

Իրավունքների, ազատությունների և պարտականությունների խտրականությունը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Յուրաքանչյուր ոք իր գործի քննության ժամանակ որպես իրավական փաստարկ իրավունք ունի մատնանշելու նույնանման փաստական հանգամանքներով մեկ այլ գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիմնավորումները (այդ թվում՝ օրենքի մեկնաբանությունները):

Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով Գերագույն դատարանի (վճռաբեկության կարգով կայացրած) կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

 

Հոդված 6.

Արդարադատության իրականացումն օրենքին համապատասխան

 

Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին համապատասխան:

 

Հոդված 7.

Դատական իշխանության ինքնավարությունը

 

Դատական իշխանությունն ինքնավար է:

Դատական իշխանության ինքնակառավարումն իրականացվում է սույն օրենքով սահմանված ինքնակառավարման մարմինների միջոցով:

 

Հոդված 8.

Գործերի միանձնյա և կոլեգիալ քննությունը

 

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում գործերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա: Գործերը միանձնյա քննելիս դատավորը հանդես է գալիս որպես դատարան:

Վերաքննիչ դատարանում գործերը (բացառությամբ վարչական գործերի) քննվում են երեք դատավորի կազմով: Վարչական գործերը վերաքննիչ դատարանում առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա: Գերագույն դատարանի կողմից բեկանված վճիռներով վարչական գործերի նոր քննությունը վերաքննիչ դատարանում կատարվում է դատարանի երեք դատավորի կազմով:

Գերագույն դատարանում վճռաբեկության կարգով գործերը քննվում են կոլեգիալ` դատավորների մեծամասնության և նախագահողի կազմով:

Գերագույն դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածով սահմանված լիազորություններն իրականացնում է ամբողջ կազմով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավարական օրենքներով կարող են սահմանվել գործերի միանձնյա և կոլեգիալ քննության հատուկ դեպքեր:

 

Հոդված 9.

Դատավարության լեզուն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն:

Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

Քրեական գործով գործին մասնակցող և հայերենին չտիրապետող անձանց դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով:

Վարչական գործերով և օրենքով սահմանված քաղաքացիական գործերով գործին մասնակցող ֆիզիկական անձանց դատարանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե նրանք չեն տիրապետում հայերենին և ապացուցում են, որ բավարար միջոցներ չունեն վճարովի թարգմանություն ապահովելու համար:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում դատարանի որոշման հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) սահմանած կարգով, նշանակվում է թարգմանիչ: Թարգմանիչների վարձատրության չափը և կարգը սահմանում է կառավարությունը:

 

Հոդված 10.

Գործերի քննության հրապարակայնությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարաններում գործերի քննությունը դռնբաց է:

Դռնփակ դատական քննություն անցկացվում է միայն դատարանի որոշմամբ, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` հանրության բարքերի, հասարակական կարգի, պետական անվտանգության, կողմերի անձնական կյանքի կամ արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով:

Դատարանների վճիռներն ու դատավճիռները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող մյուս վերջնական որոշումները բոլոր դեպքերում հրապարակվում են դատարանի դռնբաց նիստում:

 

Հոդված 11.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական համակարգը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում են`

1) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (այսուհետ՝ առաջին ատյանի դատարան).

2) վերաքննիչ դատարանը.

3) Գերագույն դատարանը:

 

Հոդված 12.

Դատավորների նշանակումը

 

Առաջին ատյանի դատարանի նախագահին և դատավորներին, վերաքննիչ դատարանի նախագահին և դատավորներին նշանակում է Հանրապետության Նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով:

Գերագույն դատարանի նախագահին և դատավորներին նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1.1-րդ կետով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 13.

Առաջին ատյանի դատարանի հասկացությունը, կազմը և տեղաբաշխումը

 

Առաջին ատյանի դատարանն ըստ էության քննում է բոլոր քաղաքացիական, քրեական և զինվորական գործերը, օրենքով սահմանված կարգով լուծում է կալանավորման, բնակարանի խուզարկության թույլտվության, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման հարցերը:

Առաջին ատյանի դատարանն իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է առաջին ատյանի մեկ դատարան՝ դատարանի նախագահի և 9 դատավորի կազմով:

Առաջին ատյանի դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:

Առաջին ատյանի դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է: Առաջին ատյանի դատարանը կարող է նստավայրեր ունենալ նաև հանրապետության շրջկենտրոններում:

 

Հոդված 14.

Առաջին ատյանի դատարանի նախագահը

 

Առաջին ատյանի դատարանի նախագահը`

1) իրականացնում է առաջին ատյանի դատարանի դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.

4) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.

5) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 15.

Առաջին ատյանի դատարանի աշխատակազմը

 

Առաջին ատյանի դատարանի յուրաքանչյուր դատավորի համար նախատեսվում են դատական նիստերի քարտուղարի և օգնականի մեկական հաստիքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 16.

Վերաքննիչ դատարանի հասկացությունը, կազմը և տեղաբաշխումը

 

Վերաքննիչ դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է առաջին ատյանի դատարանի դատական ակտերը, ինչպես նաև քննում է վարչական գործեր:

Վերաքննիչ դատարանի վճիռները, դատավճիռներն ու որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է մեկ վերաքննիչ դատարան` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:

Վերաքննիչ դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է:

Վերաքննիչ դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:

 

Հոդված 17.

Վերաքննիչ դատարանի նախագահը

 

Վերաքննիչ դատարանի նախագահը`

1) իրականացնում է վերաքննիչ դատարանի դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները.

2) հետևում է դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

3) օրենքով սահմանված կարգով դատավորներին տրամադրում է արձակուրդ.

4) ներկայացնում է դատարանն այլ մարմինների, ինչպես նաև լրատվամիջոցների հետ փոխհարաբերություններում.

5) ապահովում է դատարանի բնականոն գործունեության կազմակերպումը.

6) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 18.

Վերաքննիչ դատարանի աշխատակազմը

 

Վերաքննիչ դատարանին տրամադրվում են դատավորի օգնականի 7 և դատական նիստերի քարտուղարի 3 հաստիքներ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆԸ

 

Հոդված 19.

Գերագույն դատարանի հասկացությունը, կազմը և տեղաբաշխումը

 

1. Գերագույն դատարանի գործունեության նպատակն է ապահովել Սահմանադրության գերակայությունը և օրենքի միատեսակ կիրառությունը:

2. Գերագույն դատարանը Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է սահմանադրական արդարադատություն: Գերագույն դատարանն իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական, քրեական և վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է մեկ Գերագույն դատարան` դատարանի նախագահի և 6 դատավորի կազմով:

4. Գերագույն դատարանի դատական տարածքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն է: Գերագույն դատարանի նստավայրը Ստեփանակերտ քաղաքն է:

 

Հոդված 20.

Գերագույն դատարանի նախագահը

 

1. Գերագույն դատարանը գլխավորում է Գերագույն դատարանի նախագահը:

2. Գերագույն դատարանի նախագահն իրականացնում է դատավորին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները:

3. Գերագույն դատարանի նախագահը`

1) ապահովում է Գերագույն դատարանի բնականոն գործունեությունը.

2) ներկայացնում է դատարանն այլ մարմինների հետ փոխհարաբերություններում.

3) հրավիրում և վարում է Գերագույն դատարանի նիստերը.

4) Գերագույն դատարանի դատավորներին օրենքով սահմանված կարգով տրամադրում է արձակուրդ.

5) օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Գերագույն դատարան հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաև դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը.

6) հետևում է Գերագույն դատարանի դատավորների աշխատանքային կարգապահությանը, նրանց կողմից գործի քննության ժամկետների պահպանմանը.

7) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

4. Որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի (այսուհետ՝ դատարանների նախագահների խորհուրդ) նախագահ` Գերագույն դատարանի նախագահը՝

1) ներկայացնում է դատական իշխանությունը այլ մարմինների հետ փոխհարաբերություններում.

2) ապահովում է դատարանների բնականոն գործունեությունը.

3) հետևում է դատավորի վարքագծի կանոնագրքի պահանջների պահպանմանը.

4) նախագահում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի և դատարանների նախագահների խորհրդի նիստերը.

5) առաջին ատյանի կամ վերաքնիիչ դատարանի նախագահի պաշտոնը թափուր մնալու կամ ժամանակավոր բացակայության դեպքերում նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար.

6) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

Հոդված 21.

Գերագույն դատարանի աշխատակազմը

 

Գերագույն դատարանին տրամադրվում են դատավորի օգնականի 3 և դատական նիստերի քարտուղարի 4 հաստիքներ:

Գերագույն դատարանի նախագահի համար նախատեսվում է խորհրդականի մեկ հաստիք:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ ԵՎ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

Հոդված 22.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը (այսուհետ՝ Ժողով) դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է: Ժողովը կազմված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դատավորներից:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն երկու անգամ` Գերագույն դատարանի նախագահի կողմից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի, դատարանների նախագահների խորհրդի կամ Գերագույն դատարանի նախագահի կողմից:

3. Ժողովը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող ցանկացած հարց, այդ թվում` դատարանների նախագահների խորհրդի իրավասությանը վերապահված, այդ հարցերի վերաբերյալ կայացնում է որոշումներ, հրապարակում ուղերձներ.

2) ընտրում է արդարադատության խորհրդի անդամ դատավորներին.

3) հաստատում է իր կանոնակարգը:

4. Ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի 2/3-ից ավելին: Ժողովում որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող դատավորների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ:

Արդարադատության խորհրդի անդամ դատավորների ընտրությունն իրականացվում է քվեաթերթիկներով՝ գաղտնի քվեարկությամբ: Ժողովի կանոնակարգով նախատեսված դեպքերում, ինչպես նաև Ժողովի որոշմամբ կարող է իրականացվել փակ քվեարկություն:

5. Ժողովը նախագահում է Գերագույն դատարանի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` կանոնակարգով սահմանված անձը:

 

Հոդված 23.

Դատարանների նախագահների խորհրդի կազմը

 

Դատարանների նախագահների խորհուրդը կազմված է Գերագույն դատարանի, վերաքննիչ դատարանի և առաջին ատյանի դատարանի նախագահներից կամ նրանց փոխարինողներից:

Դատարանների նախագահների խորհրդի նախագահը Գերագույն դատարանի նախագահն է:

 

Հոդված 24.

Դատարանների նախագահների խորհրդի լիազորությունները

 

Դատարանների նախագահների խորհուրդը`

1) քննարկում է դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն առնչվող հարցեր և ընդունում որոշումներ.

2) ամփոփում է դատական պրակտիկան և դրա հիման վրա տալիս օրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պարզաբանումներ.

3) իրավասու պետական մարմիններին առաջարկություններ է ներկայացնում օրենքների և այլ իրավական ակտերի կատարելագործման ուղղությամբ.

4) մշակում և հաստատում է առաջին ատյանի դատարանում գործերի բաշխման, վերաքննիչ դատարանում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, դատավորների բացարկի, ինքնաբացարկի, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման կարգերը.

5) մշակում և հաստատում է «Դատական ծառայողի վարքագծի կանոնները».

6) կազմում և սահմանված կարգով, ըստ յուրաքանչյուր դատարանի, կառավարություն է ներկայացնում դատարանների բյուջետային ֆինանսավորման հայտերը.

7) սահմանում է դատարանների նախագահների խորհրդի և դատարանների աշխատակազմերի աշխատողների ծառայողական պարտականությունների շրջանակը, ինչպես նաև դատարաններում գործավարության կարգի մասին հրահանգը.

8) կազմակերպում է դատավորների մասնագիտական ուսուցումը և վերապատրաստումը.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

 

Հոդված 25.

Դատարանների նախագահների խորհրդի գործունեության կարգը

 

Դատարանների նախագահների խորհուրդը գործում է իր հաստատած կանոնակարգի հիման վրա:

Դատարանների նախագահների խորհրդի նիստերը հրավիրում և վարում է Գերագույն դատարանի նախագահը կամ նրա առաջարկով` այլ դատարանի նախագահ:

Դատարանների նախագահների խորհրդի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան եռամսյակը մեկ:

Դատարանների նախագահների խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են խորհրդի բոլոր անդամները կամ նրանց փոխարինողները: Որոշումներն ընդունվում են քվեարկությամբ` խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:

Դատարանների նախագահների խորհրդի նիստին կարող են հրավիրվել դատավորներ, իրավաբաններ, ինչպես նաև այլ մասնագետներ:

 

Գ Լ ՈՒ Խ  6

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 26.

Դատարանների ֆինանսավորումը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում յուրաքանչյուր դատարան ֆինանսավորվում է պետական բյուջեից` առանձին տողով:

 

Հոդված 27.

Դատարանի կնիքը

 

 Յուրաքանչյուր դատավոր ունի համարակալված, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և դատարանի անվանմամբ կնիք:

 

Հոդված 28.

Դատական իշխանության խորհրդանիշները

 

Դատարանի շենքի վրա բարձրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

Դատարանի նիստերի դահլիճում առկա է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը և տեղադրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշը:

Դատական իշխանությունն ունի նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված այլ խորհրդանիշ:

 

Հոդված 29.

Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) և գործում է մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական օրենսգրքի ընդունումը, բայց ոչ ուշ, քան մինչև 2009 թվականի հունիսի մեկը:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Դատարանակազմության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 31-ի ՀՕ-80 օրենքը:

 

Հոդված 30.

Անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքի այն նորմերը, որոնք կարգավորում են վարչական դատավարական իրավահարաբերություններ, ուժի մեջ են մտնում համապատասխան դատավարական օրենսգիրքը ընդունվելու պահից:

2. Օրենքով նախատեսված վերաքննիչ դատարանը սկսում է գործել ոչ ուշ, քան 2008 թվականի հուլիսի 1-ից:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերաքննիչ դատարանը ստեղծվելու պահից`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանը վերանվանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավորները և դատարանի նախագահը շարունակում են պաշտոնավարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորների և դատարանի նախագահի պաշտոններում՝ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան այդ պաշտոններում նշանակումներ կատարելը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանի գործունեությունը դադարում է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի առաջին ատյանի դատարանի նախագահը շարունակում է պաշտոնավարել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր՝ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան տվյալ պաշտոնում նշանակում կատարելը.

3) Գերագույն դատարանի դատավորները և դատարանի նախագահը շարունակում են պաշտոնավարել Գերագույն դատարանի դատավորների և դատարանի նախագահի պաշտոններում.

4) Գերագույն դատարանի վարույթում գտնվող վերաքննիչ վարույթի կանոններով քննվող գործերը ենթակայության և ընդդատության կանոնների պահպանմամբ փոխանցվում են վերաքննիչ դատարանին:

4. Վերաքննիչ և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններում դատարանի նախագահի և դատավորների թափուր և ավելացող պաշտոններում նշանակումները կատարվում են ոչ ուշ, քան մինչև 2008 թվականի հունիսի 20-ը:

Նշված պաշտոններում նշանակումները կատարվում են «Դատական մագիստրատուրայի խորհրդի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` գործող (պաշտոնավարող) դատավորների թվից և դատավորների թեկնածուների ցուցակից: Վերաքննիչ դատարանի նախագահի թեկնածությունը խորհրդում կարող է առաջադրել խորհրդի յուրաքանչյուր անդամ և արդարադատության նախարարը: Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածությունները խորհրդին կարող է ներկայացնել արդարադատության նախարարը:

5. Մինչև դատարանների նախագահների խորհրդի ձևավորումը՝ սույն օրենքով, ինչպես նաև «Դատական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով դատարանների նախագահների խորհրդին վերապահված լիազորություններն իրականացնում է Գերագույն դատարանի նախագահը` համաձայնեցնելով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի հետ:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

22 մայիսի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-21