Համարը 
թիվ 23-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.04.13/11(52)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
28.03.2007
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.03.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.04.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.05.2009

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 13.06.2002 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 31-01/01 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Գրանցված է»

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«06» ապրիլի 2007թ.

Գրանցման N 653

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«28» մարտի 2007թ.

թիվ 23-Կ

 ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 13.06.2002 թվականի թիվ 31-01/01 հրամանում փոփոխություն կատարելու մասին

 

Համաձայն ԼՂՀ կառավարության 16.03.2004 թվականի թիվ 101 որոշմամբ հաստատված պետական կոմիտեի կանոնադրության 8-րդ կետի ժթ/ և 12-րդ կետի ա/ ենթակետի դրույթների, պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները կանոնակարգելու, գործավարության ճշգրիտ վարումն ապահովելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 13.06.2002 թվականի «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգը հաստատելու մասին» թիվ 31-01/01 հրամանով հաստատված հրահանգը (պետական կոմիտեի նախագահի 17.06.2004թ. թիվ 31-Կ և 27.01.2005թ. թիվ 08-Կ հրամաններով կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ) շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Բ.Հարությունյանի վրա:

 

 

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Վ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«28» մարտի 2007թ.

թիվ 23-Կ հրամանի

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

§ 1. Ընդհանուր դրույթներ

 

1. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցման գործավարությունը սկսվում և ավարտվում է գործավարի մոտ (ընդհանուր բաժնում):

2. Անշարժ գույքի սեփականատերերը, օգտագործողները տարածքային ստորաբաժանումներ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման կամ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար ներկայացնում են դիմում:

3. Դիմումով դիմումատուի և տարածքային ստորաբաժանման միջև ծագում են պայմանագրային հարաբերություններ:

4. Որևիցե պատճառաբանությամբ դիմումի ընդունման մերժումը արգելվում է:

 

§ 2. Դիմում

 

5. Դիմումը (Ձև 1) դիմողի կողմից ներկայացվում է տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժին (գործավարին): Ընդհանուր բաժնի աշխատակիցը (գործավարը), անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, դիմումը ընդունում և ըստ տրման հերթականության հաշվառում է:

Անձը հաստատող փաստաթղթերն են`

ա) անձնագիրը, զինվորական գրքույկը, լիազորված մարմինների կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, մինչև 16 տարեկան երեխաների համար՝ նաև ծննդյան վկայականը.

բ) փախստականների համար՝ փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

 գ) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար՝ օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված ԼՂՀ հատուկ անձնագիրը, կացության վկայականը

5.1. Դիմումում պետք է նշված լինեն`

 - գույքի գնտվելու վայրը (հասցեն, ինչպես նաև կարող է նշվել գույքի ծածկագիրը (կոդ),

 - ֆիզիկական անձանց դեպքում` սեփականատիրոջ, օգտագործողի, սույն հրահանգի 5-րդ կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթերից տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրի սերիան, համարը, բնակության վայրը, երբ և ում կողմից է տրված փաստաթուղթը, սոցիալական քարտի համարը),

 - իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

 Լիազորագրով հանդես գալու դեպքում` ինչպես ներկայացուցչի, այնպես էլ ներկայացվողի` սույն կետի ա), բ) և գ) ենթակետերով սահմանված տվյալները:

 - պատվիրվող աշխատանքը, կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, պատվերի կատարման ժամկետը (գրել տառերով և թվով), հեռախոսի համարը, ստորագրությունը, դիմումը ներկայացնելու ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, ժամը, րոպեն:

 Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը դիմումում համարակալվում են ըստ հերթականության:

 6. Դիմում է համարվում նաև տարբեր մարմինների, ընկերությունների, կազմակերպությունների կողմից ստացված գրությունները:

 7. Դիմումում պետք է նշված լինեն բոլոր ներկայացվող փաստաթղթերը:

 8. Արգելվում է պատվիրված աշխատանքների կատարման դիմումատուի նշած ժամկետի փոփոխումը ստորաբաժանման աշխատակցի կամ ղեկավարի կողմից: Ժամկետի փոփոխումը կարող է կատարվել միայն դիմումատուի խնդրանքով (նոր դիմում)՝ նրա ստորագրությամբ: Տվյալ դեպքում նոր պատվերի կատարման ժամկետը հաշվարկվում է նախկին դիմումի ընդունման ամսաթվով:

 9. Դիմումը ամբողջությամբ լրացվում և ստորագրվում է միայն դիմողի կողմից: Արգելվում է դիմումը լրացնել ստորաբաժանման աշխատակցի կողմից:

 10. Արգելվում է մեկ դիմումով ընդունել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման պատվեր: Յուրաքանչյուր պատվեր ընդունվում է առանձին դիմումով:

 Մեկ դիմումով կարող է ընդունվել գույքի քանակական, որակական, գնային, ինչպես նաև գրանցված իրավունքների և այլ տեղեկատվության, այդ թվում՝ անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության պատվեր, բացառությամբ՝ գործարքների (օտարման, օգտագործման տրամադրելու, գրավադրելու և այլն) կամ անշարժ գույքի նկատմամբ այլ գործառույթների (ժառանգություն բացելու և այլն) իրականացման համար տրամադրվող տեղեկատվության, որն ընդունվում է առանձին դիմումով:

 11. Դիմումի պատվերի կատարման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

 12. Դիմումը ընդունելուց հետո դիմողին տրվում է ստացական, որտեղ նշվում է ներկայացված փաստաթղթերի անվանումը, որն ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի (գործավարի) և դիմողի կողմից ու հանձնվում դիմողին (Ձև 1.1.):

 

§ 3. Դիմումների հաշվառման մատյան

 

 13. Դիմումների հաշվառման աշխատանքները կանոնակարգելու նպատակով, ստորաբաժանումներում պահվում են դիմումների հաշվառման երկու տեսակի մատյան՝

իրավունքների պետական գրանցման դիմումների հաշվառման մատյան (Ձև 2).

տեղեկատվության տրամադրման դիմումների հաշվառման մատյան (Ձև 3):

14. Դիմումների հաշվառման մատյանների բոլոր էջերը համարակալվում են, վերջին էջում նշում է կատարվում էջերի քանակի վերաբերյալ ու կնքվում է կոմիտեի կնիքով: Յուրաքանչյուր օրվա վերջում դիմումների հաշվառման մատյանում վերջին դիմումից հետո գիծ է քաշվում, նշվում ստացված վերջին դիմումի հերթական համարը, տվյալ օրվա դիմումների քանակը և ստորագրվում է ընդհանուր բաժնի պետի (գործավարի) ու ստորաբաժանման ղեկավարի կողմից: Մատյաններում մուտքագրվող դիմումները համարակալվում են հետևյալ կերպ՝ ՏՏՏՏ-ՄՄ-ԴԴԴԴ, որտեղ ՏՏՏՏ՝ տարին է, ՄՄ՝ մատյանի հերթական համարը, իսկ ԴԴԴԴ՝ տվյալ մատյանում դիմումի հերթական համարը: Դիմումների հերթական համարն սկսվում է տվյալ տարվա հունվարի առաջին աշխատանքային օրը (դիմում N 0001) և ավարտվում տարվա վերջին աշխատանքային օրը (օրինակ՝ դիմում N 0077 կամ դիմում N 7777 և այլն):

15. Դիմումների հաշվառման մատյանում ընդհանուր բաժնի աշխատակցի (գործավարի) կողմից, ըստ դիմումի տրման հերթականության լրացվում են դիմումի հերթական համարը, դիմումի ընդունման ամիսը, ամսաթիվը, ժամը, րոպեն, դիմումով ներկայացված պատվերի կատարման ժամկետը, սեփականատիրոջ, օգտագործողի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը), անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն, անշարժ գույքի անվանումը, դիմումով պատվիրված ծառայության տեսակը (չափագրում, պետական գրանցում, տեղեկատվության տրամադրում և այլն), այնուհետև՝ մատուցվող ծառայությունների համար վճարումները հաշվարկելուց հետո, մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող գումարի չափը, իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման ամիսը, ամսաթիվը, գրանցման մատյանի և գրանցման թերթիկի կամ տեղեկանքի համարները, տարածքային ստորաբաժանման կողմից դիմողին տրամադրվող իրավունքի գրանցման վկայականի անվանումը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման, գրավի, հիփոթեքի, վարձակալության իրավունքի գրանցման վկայական) կամ տեղեկատվության տրամադրումը (տեղեկանք ձև N), դիմումը հանձնողի, դիմումն ընդունողի ստորագրությունները՝ նշելով ընդունման ժամը, րոպեն: Գույքի և դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցում պահանջող գործարքների համար, ինչպես նաև դիմողի պահանջով տեղեկատվությունը տրվում է համաձայն միասնական տեղեկանք ձև 1-ի, իսկ առանձին տվյալների վերաբերյալ՝ ըստ դիմողի պահանջի՝ տեղեկանք ձև 2-ի:

 

§ 4. Դիմումի ընթացքը տարածքային ստորաբաժանումներում

 

 16. Դիմումը մուտքագրվելուց հետո, ստուգվում է դիմումով ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ԼՂՀ օրենսդրությանը, և ներկայացված փաստաթղթերն օրենսդրությանը չհամապատաս-խանելու դեպքում պատրաստվում է դիմումի պատասխան` փաստաթղթերում առկա բոլոր անհամապատասխանությունների մասին պարտադիր նշումով, իսկ պատասխան գրությունը ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ` ընդհանուր բաժնի պետի (գործավարի) կողմից սահմանված կարգով հանձնվում է դիմումատուին: Դիմումը, կից ներկայացված փաստաթղթերը (դիմողի պահանջով դրանք վերադարձվելու դեպքում` պատճենները), դիմումի պատասխանը կարվում են տվյալ անշարժ գույքի կադաստրային գործում, իսկ դրա բացակայության դեպքում` գործավարության համար նախատեսված թղթապանակում, որոնք պահվում են արխիվում հատկացված տեղում:

 17. Տարածքային ստորաբաժանման բաժինների կողմից աշխատանքների կատարումն ու դրանց հերթականությունը կանոնակարգվում է կոմիտեի նախագահի 13.10.2006թ. թիվ 69-Կ հրամանով հաստատված «Տարածքային ստորաբաժանման բաժինների կողմից աշխատանքների կատարումն ու դրանց հերթականությունը կանոնակարգելու մեթոդական ցուցումներ»-ով, որին համապատասխան` դիմումով ներկայացված փաստաթղթերը ԼՂՀ օրենսդրությանը համապատասխանելու դեպքում, կազմվում է կադաստրային գործ, պատրաստվում է համապատասխան իրավունքի գրանցման կամ տեղեկատվության տրամադրման վերաբերյալ փաստաթուղթ:

 18. Ստորաբաժանման ղեկավարի կողմից միասնական մատյանում ստորագրելուց և համապատասխան իրավունքի գրանցման վկայականը կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթուղթը հաստատելուց հետո իրավունքի գրանցման վկայականի կամ տեղեկատվության վերաբերյալ փաստաթղթերի մեկ օրինակը կադաստրային գործի հետ փոխանցվում է գրանցման բաժին (գրանցման գծով մասնագետին), իսկ մյուս օրինակը` գործավարին, որն այնուհետև դիմումների հաշվառման մատյանում կատարում է համապատասխան լրացում, որից հետո հանձնում, իսկ նշված օրը դիմումատուի չներկայանալու դեպքում` փոստով ուղարկում դիմումատուին:

 19. Արգելվում է կադաստրային գործը դուրս հանել տարածքային ստորաբաժանման տարածքից, տեղազննության և չափագրման աշխատանքներ իրականացնելու համար:

 

§ 5. Դիմումին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթեր

 

 20. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցումը, ինչպես նաև տեղեկատվության տրամադրումն իրականացվում է կադաստրային քարտեզների տվյալների և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սուբյեկտների դիմումներով ներկայացված անշարժ գույքի նկատմամբ իրավունքը (իրավունքի ծագումը, փոփոխումը, դադարումը) հաստատող փաստաթղթերի և դիմումի, պետական տուրքի մուծման անդորրագրի, պետական գրանցման վճարի, գույքի արժեքի վճարման անդորրագրի հիման վրա:

 21. Իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն են`

 ա) Անշարժ գույքի սեփականության, օգտագործման իրավունքի գրանցման վկայականը:

 բ) Բնակելի տան կառուցման և սպասարկման համար, այգեգործական, տնամերձ հողամասի հատկացման մասին որոշումը (1999թ. հունիսի 1-ից հետո հատկացված հողամասի համար պարտադիր է նաև հողամասի հատակագիծը):

 գ) Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին սեփականաշնորհված հողամասի վերաբերյալ հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովների որոշումը կամ հողի սեփականության իրավունքի պետական ակտը կամ հողի սեփականության իրավունքի ժամանակավոր պետական ակտը, գույքաթերթը, շենքերի, շինությունների տեխնիկական անձնագիրը, սեփականության վկայականը:

 դ) Պետական սեփականություն հանդիսացող հողամասը, շենքը, շինությունը օգտագործման, վարձակալության հանձնելու մասին պայմանագիրը և (կամ) որոշումը, հողամասի օգտագործման իրավունքի պետական ակտը կամ հողամասի օգտագործման իրավունքի ժամանակավոր պետական ակտը:

 ե) Հողամասի սահմանների փոփոխման, հողամասի, շենքի, շինության միավորման և բաժանման մասին դիմումը, պայմանագիրը, դատարանի որոշումը, վճիռը (անհրաժեշտության դեպքում` նոր առաջացած անշարժ գույքի համար տրվող նոր փոստային հասցեն):

 զ) Սեփականության և այլ գույքային իրավունքների ծագման, փոփոխման և դադարման մասին դատարանի վճիռը:

 է) Հողամասի, շենքի, շինության վերաբերյալ տնտեսությունների գրքերից (ծխամատյան) քաղվածքը կամ պետական արխիվի կողմից տրված որոշման քաղվածքը:

 ը) Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների սեփականաշնորհման մասին որոշումը (անհրաժեշտության դեպքում՝ տեղեկանք՝ բնակարանի սեփականաշնորհման ժամանակ համասեփականատերերի տվյալների վերաբերյալ, տրված համայնքի ղեկավարի կողմից):

 թ) Կոոպերատիվ բնակարանային, ամառանոցային և այլ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման համար` միասնական օրդերը, փայավճարը ամբողջությամբ վճարված լինելու վերաբերյալ տեղեկանքը:

 ժ) Անշարժ գույքից կամ դրա մի մասից սեփականատիրոջ հրաժարվելու մասին հայտարարությունը և տվյալ գույքի նկատմամբ այլ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռք բերումը հաստատող փաստաթուղթը:

 ժա) Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մասնավորեցման (ապապետականացման) վերաբերյալ որոշումը, պայմանագիրը:

 ժբ) Անշարժ գույքի օտարման պայմանագիրը:

 ժգ) Ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի վկայագիրը:

 ժդ) Անշարժ գույքի բռնագանձման կամ բռնագրավման մասին դատարանի որոշումը, վճիռը, դատավճիռը:

 ժե) Պետության կամ համայնքային կարիքների համար վերցվող գույքի մասին իրավասու մարմնի որոշումը:

 ժզ) Անշարժ գույքի անհատույց օգտագործման, վարձակալության, ենթավարձակալության, ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագիրը:

 ժէ) Անշարժ գույքի հավատարմագրային կառավարման պայմանագիրը:

 ժը) Ռենտայի դիմաց անշարժ գույքի օտարման պայմանագիրը:

 ժթ) Գրավի, հիփոթեքի պայմանագիրը:

 ի) Սերվիտուտի պայմանագիրը, դատարանի վճիռը և (կամ) որոշումը:

 լ) իրավունքների պետական գրանցման համար իրավաբանական անձի կողմից պետք է դիմումին կից ստորաբաժանմանը ներկայացվի նաև.

- իրավաբանական անձի գրանցման վկայական,

- կանոնադրություն,

- գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթուղթ կամ համապատասխան գործարք, որից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

խ) Իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) կամ նրա լիազորված մարմնի կողմից հաստատված լուծարման հաշվեկշիռը և իրավասու պետական մարմնի կողմից հաստատված իրավաբանական անձի լուծարումը հաստատող փաստաթուղթ:

ծ) Իրավահաջորդության դեպքում, իրավաբանական անձի գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք են հանդիսանում համապատասխանաբար փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը և իրավաբանական անձի պետական գրանցման վկայականը դրա բոլոր ներդիրների հետ միասին:

կ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված իրավունքի ծագումը, փոխանցումը և դադարումը հաստատող այլ փաստաթղթեր:

կ)1 Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված դեպքերում` հողամասերի կադաստրային արժեքի վճարների և (կամ) շենքերի, շինությունների համար նախատեսված վճարների անդորրագրերը:

հ) Շինարարության, շենքերի, շինությունների վերականգնման, վերակառուցման, արդիականացման (բացառությամբ՝ ներքին ընթացիկ վերանորոգման և հարդարման) և արտաքին տեսքը փոփոխող այլ աշխատանքներ կատարելու իրավունքը հաստատող փաստաթղթերն են`

- ճարտարապետաշինարարական նախագծերը,

- սահմանված կարգով տրամադրված շինարարության կամ քանդման թույլտվությունը,

- 1998 թվականի օգոստոսի 4-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 26-ն ընկած ժամանակահատվածի համար` շինարարության ավարտական ակտը, 2003 թվականի օգոստոսի 26-ից հետո ընկած ժամանակաշրջանի համար` շինարարության շահագործման փաստագրման ակտը:

2004 թվականի մարտի 1-ից հետո գույքային իրավունքները կարող են գրանցվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 3-ի «Ավարտված շենքերի, շինությունների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար հիմք հանդիսացող փաստաթղթի ձևը հաստատելու մասին» թիվ 27 որոշմամբ հաստատված «Ավարտված շենքի, շինության մասին» տեղեկանքի ձևի հիման վրա, միաժամանակ գրանցելով նաև շենքի, շինության շահագործման սահամանափակումը, որը կարող է վերացվել շինարարության շահագործման փաստագրման ակտը ներկայացնելուց հետո:

 

§ 6. Պետական գրանցման սուբյեկտների անունից որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավունքը հաստատող փաստաթղթեր

 

22. Առանց սեփականատիրոջ կամ օգտագործողի համաձայնության անշարժ գույքի նկատմամբ իրավունքների փոփոխությունների, դադարման պետական գրանցումը մերժվում է, բացի հետևյալ դեպքերից`

ա) եթե գործարքը կատարվում է լիազորագրի հիման վրա.

բ) եթե գործարքը կատարում են խնամակալը, հոգաբարձուն կամ այլ օրինական ներկայացուցիչները.

գ) եթե փոփոխությունը կատարվում է դատարանի որոշումով, վճռով կամ դատավճռով.

դ) եթե իրավունքը փոխանցվում է այլ անձի՝ սեփականատիրոջ, օգտագործողի մահվան դեպքում՝ ըստ կտակի կամ ըստ օրենքի իրավահաջորդության հիման վրա:

Մեկ անձի (ներկայացուցչի) կողմից ուրիշ անձի (ներկայացվողի) անունից լիազորագրի, օրենքի կամ դրա համար լիազորված պետական մարմնի կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտի վրա հիմնված լիազորությունների ուժով կնքված գործարքը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ է առաջացնում, փոփոխում ու դադարեցնում անմիջականորեն՝ ներկայացվողի համար:

Լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի՝ երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:

Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:

Լիազորագիրը, որում նշված չէ դրա տրման տարին, ամիսը և ամսաթիվը, առոչինչ է:

Լիազորագրի գործողությունը դադարում է, եթե`

ա) լիազորագրի ժամկետը լրացել է.

բ) իրականացվել են լիազորագրով նախատեսված գործողությունները.

գ) լիազորագրողը վերացրել է այն.

դ) անձը, ում տրված է լիազորագիրը, հրաժարվել է.

ե) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունից տրվել է լիազորագիրը.

զ) դադարել է այն իրավաբանական անձը, որի անունով տրվել է լիազորագիրը.

է) մահացել է, կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ով տվել է լիազորագիրը.

ը) մահացել է, կամ անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող է ճանաչվել այն անձը, ում տրվել է լիազորագիրը:

Լիազորագիր տվող անձը կարող է ցանկացած ժամանակ վերացնել լիազորագիրը:

Նվիրատվություն նախատեսող լիազորագիրը, որում նշված չէ նվիրառուն և սահմանված չէ նվիրատվության առարկան, առոչինչ է:

Նոտարական ձև պահանջող գործարքներ կնքելու համար լիազորագիրը պետք է վավերացնի նոտարը, բացառությամբ՝ օրենքով նախատեսված դեպքերի, միջպետական համաձայնագրերի և պայմանագրերի:

 

§ 7. Իրավունքների պետական գրանցումը և պետական գրանցման մերժման ժամկետները

 

23. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացվում է «գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և դրանից բխող նորմատիվ-իրավական ակտերի հիման վրա և դրանցով սահմանված ժամկետներում:

24. Գրանցումը մերժելու դեպքում դիմողը գրավոր տեղյակ է պահվում մերժման բոլոր պատճառների մասին հետևյալ ժամկետներում՝ աշխատանքը կատարելու համար 5-օրյա պատվերի դեպքում 2-րդ օրը, մնացած դեպքերում` 5-րդ օրը: Գույքի արժեքի վճարումը կատարված չլինելու դեպքում` 2-րդ օրը: