Համարը 
N 140
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.09.06/22(63)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
23.08.2007
Ստորագրող մարմինը 
Խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.08.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
28.03.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

օգոստոսի 31-ին 2007թ.

Պետական գրանցման թիվ 731

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«23» օգոստոսի 2007թ.

N 140

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասով, ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` նոր խմբագրությամբ (կցվում է):

 

 

Խորհրդի նախագահ`

Բ. Ս. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ 

 

 

 

 Հաստատված է

ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի

2007թ. օգոստոսի 23-ի թիվ 140 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը (այսուհետ` Աշխատակազմ) պետական կառավարչական հիմնարկ է, որն ապահովում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) և այլ իրավական ակտերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդին (այսուհետ` Խորհուրդ) վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին Խորհրդի մասնակցությունը:

2. Աշխատակազմն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով, Խորհրդի որոշումներով, Խորհրդի նախագահի հրամաններով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:

3. Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների առավելագույն թիվն ու հաստիքացուցակը հաստատում է Խորհուրդը:

4. Աշխատակազմի ֆինանսավորումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, անհատականացման այլ միջոցներ, ինչպես նաև ինքնուրույն հաշվեկշիռ:

6. Աշխատակազմն իր լիազորությունների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող:

7. Աշխատակազմը Խորհրդի կողմից սահմանված կարգով տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն հանձնված գույքը` իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

8. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:

9. Աշխատակազմի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Խորհուրդը, ինչպես նաև Խորհրդի լիազորած և օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:

10. Աշխատակազմի վերակազմակերպումն ու գործունեության դադարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

11. Աշխատակազմի գործունեությունը դադարելու դեպքում իրեն ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է Աշխատակազմի գործունեությունը դադարելու վերաբերյալ որոշմամբ:

12. Աշխատակազմի լրիվ անվանումն է`

հայերեն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ

ռուսերեն` Аппарат Совета Гражданской Службы Нагорно Карабахской Республики

անգլերեն` Staff of Civil Service Council of the Republic of Nagorno Karabakh

13. Աշխատակազմի գտնվելու վայրն է` 374430, ԼՂՀ քաղաք Ստեփանակերտ, Ս.Դավիթ 2:

 

II. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

14. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են`

ա) Աշխատակազմի ղեկավարը,

բ) Խորհրդի նախագահի խորհրդականը,

գ) Խորհրդի նախագահի օգնականը,

դ) մրցութային, ատեստավորման և վերահսկողության բաժինը,

ե) անվանացանկերի, գրանցամատյանի և կադրային գործի վարման բաժինը,

զ) քարտուղարությունը,

է) գլխավոր հաշվապահը:

 

III. ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

15. Խորհուրդը`

ա) ստեղծում է, ինչպես նաև վերակազմակերպում և դադարեցնում է Աշխատակազմի գործունեությունը.

բ) իրականացնում է Աշխատակազմի կառավարումը.

գ) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) սահմանում է Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները.

ե) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Աշխատակազմի ղեկավարի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.

է) վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ը) օրենքով սահմանված կարգով որոշում է Աշխատակազմին ամրացված գույքի օգտագործման, տնօրինման և տիրապետման կարգը.

թ) հաստատում է Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.

ժ) իրականացնում է օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

16. Խորհրդի նախագահին անմիջականորեն ենթարկվում են` Աշխատակազմի ղեկավարը, Խորհրդի նախագահի խորհրդականը և օգնականը:

17. Խորհրդի նախագահի խորհրդականին, օգնականին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Խորհրդի նախագահը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

18. Խորհրդի նախագահի խորհրդականի և օգնականի լիազորությունները սահմանում է Խորհրդի նախագահը:

 

IV. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

 

19. Աշխատակազմի ղեկավարը պաշտոնի է նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

20. Աշխատակազմի ղեկավարը`

ա) ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.

բ) իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների անմիջական ղեկավարումը.

գ) Խորհրդին երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու մասին.

դ) օրենքով սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացումը.

ե) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.

զ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների գործուղման դեպքում թույլատրում է պահպանել`

- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը` մինչև մեկ տարի ժամկետով գործուղման դեպքում.

- քաղաքացիական ծառայության պաշտոնը, վարձատրությունը և քաղաքացիական ծառայության ստաժը` մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում` համաձայնեցնելով Խորհրդի հետ.

է) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.

ը) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

թ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է համապատասխան որոշումներ` ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում.

ժ) իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջնորդություն է ներկայացնում ատեստավորման արդյունքում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու համար.

ժա) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.

ժբ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.

ժգ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.

ժդ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Խորհրդի համաձայնությամբ, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.

ժե) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար Օրենքով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր.

ժզ) օրենքով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և կարգապահական տույժեր.

ժէ) առանց լիազորագրի իր լիազորությունների շրջանակներում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.

ժը) տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագիր.

ժթ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

ի) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառած վնասի համար.

իա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

իբ) Խորհրդի նախագահին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.

իգ ) խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.

իդ) ապահովում է Խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը.

իե) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար.

իզ) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարականներ.

իէ) կատարում է Խորհրդի անդամների հանձնարարականները.

իը) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

 

V. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

21. Աշխատակազմի մրցութային, ատեստավորման և վերահսկողության բաժինը համակարգում է հետևյալ ոլորտների աշխատանքները.

- մրցութային և ատեստավորման,

- վերահսկողության,

- իրավաբանական:

 

21.1. Մրցութային և ատեստավորման ոլորտում`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմելու կարգի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ անցկացնելու կարգի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի վերաբերյալ.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և այդ պաշտոնները զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի վերաբերյալ.

ե) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման ենթակա բարձրագույն և գլխավոր պաշտոններ, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցուցակը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի նախապատրաստական աշխատանքները.

ը) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` մրցույթ և ատեստավորում անցկացնելու հարցաշարերի վերաբերյալ.

թ) ապահովում է քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր, ինչպես նաև Աշխատակազմի առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար ստեղծված մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմում ընտրված ներկայացուցիչներին այդ մասին տեղեկացնելը և նրանց բնականոն աշխատանքները.

ժ) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ընդունած փաստաթղթերի, եզրակացությունների և այլ նյութերի պահպանությունը և արխիվացումը.

ժա) ստանում է մրցութային և ատեստավորման հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա քաղաքացիական ծառայության պաշտոններում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց ընդունած որոշումների պատճենները և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ժբ) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` Օրենքով սահմանված կարգով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ շնորհելու համար.

ժգ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

21.2. Վերահսկողության ոլորտում`

ա) ապահովում է Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններում կադրային գործի վարման մեթոդական ղեկավարման, քաղաքացիական ծառայության կազմակերպման և ղեկավարման ու դրանց հետ կապված Օրենքի, Խորհրդի որոշումների և այլ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը և Խորհուրդ առաջարկություններ ներկայացնելը.

բ) Խորհրդի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է քաղաքացիական ծառայության առանձին հարցերի հետ կապված ուսումնասիրություններ և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց` կադրային գործի վարման աշխատանքում թերանալու, իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, չկատարելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները վերացնելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ իրավասու մարմիններին միջնորդություններ կատարելու համար.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելու կարգի վերաբերյալ.

ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ծառայողական քննություն անցկացնելուց հետո Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր կիրառելու կարգի և դեպքերի վերաբերյալ.

զ) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է ծառայողական քննություն.

է) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի նկատմամբ Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «գ» և (կամ) «դ» կամ «գ» և «զ» կամ «դ» և «զ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու, ինչպես նաև Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքերում.

ը) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

21.3. Իրավաբանական հարցերի ոլորտում`

ա) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի իրավական աջակցությունը.

բ) Խորհուրդ ներկայացվող որոշումների նախագծերի վերաբերյալ տալիս է իրավաբանական-փորձագիտական եզրակացություններ.

գ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի նորմատիվ հրամանների նախագծերը.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը վերացնելու նպատակով դատարան դիմելու համար.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրավական գործընթացների ուսումնասիրումը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

զ) նախապատրաստում է Խորհրդի գործունեության մասին ամենամյա հաղորդումները` դրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու համար.

է) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` Օրենքով նախատեսված համապատասխան մարմինների վերակազմակերպման և լուծարման ժամանակ քաղաքացիական ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.

ը) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստում է քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.

թ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի վերաբերյալ.

ժ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

22. Աշխատակազմի անվանացանկերի, գրանցամատյանի և կադրային գործի վարման բաժինը համակարգում է հետևյալ ոլորտների աշխատանքները.

- անվանացանկերի և գրանցամատյանի վարման,

- կադրային գործի վարման,

- գիտակրթական,

- արտաքին կապերի:

 

22.1. Անվանացանկերի և գրանցամատյանի վարման ոլորտում`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկի վերաբերյալ.

դ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգի վերաբերյալ.

ե) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգի վերաբերյալ.

զ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման կարգի վերաբերյալ.

է) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայողի մեկ տարուց ավելի ժամկետով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.

ը) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` 65 տարին լրանալու դեպքում քաղաքացիական ծառայողի` մինչև մեկ տարի ժամկետով իր պաշտոնը շարունակել զբաղեցնելու համաձայնություն տալու համար.

թ) Խորհրդի կողմից սահմանված կարգով վարում է քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը.

ժ) Խորհրդի նախագահին է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անձնագրերի վերաբերյալ.

ժա) Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ` քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի հաստատման (փոփոխման) վերաբերյալ.

ժբ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

22.2. Կադրային գործի վարման ոլորտում`

ա) նախապատրաստում է Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի կադրային գործի վարման գծով հրամանների նախագծերը և դրանք ներկայացնում է ստորագրման.

բ) իրականացնում է Խորհրդի որոշումների և Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած հրամանների հաշվառումը և դրանք հանձնում առաքման.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային կարգապահության վերահսկողությունը.

դ) պահպանում է Խորհրդի որոշումների, Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի հրամանների բնօրինակները, ինչպես նաև Խորհրդի նախագահի և Աշխատակազմի ղեկավարի ստորագրած ոչ գաղտնի այլ ակտերի և փաստաթղթերի պատճենները և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնում է Աշխատակազմի քարտուղարություն.

ե) Խորհրդի որոշումներով սահմանված կարգով կազմում է Աշխատակազմի տվյալ տարվա ընթացքում կամ արտահերթ ատեստավորման և վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այն ներկայացնում է Աշխատակազմի ղեկավարին.

զ) ապահովում է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին իրազեկ լինելու իրավունք ստանալու կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանոթանալու թույլտվությունը ձևակերպելու աշխատանքները.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը.

ը) իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի կնիքների և դրոշմակնիքների պատվիրման, ոչնչացման, ինչպես նաև ընդունման-հանձնման հետ կապված աշխատանքները.

թ) կազմակերպում է գաղտնի գործավարությունը, գաղտնի փաստաթղթերի բազմացման, հաշվառման, պահպանման և օգտագործման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահանջների կատարումը.

ժ) կատարում է գաղտնապահարանների, մետաղյա պահարանների, հատուկ պահեստարանների, ինչպես նաև դրանց բանալիների հաշվառումը.

ժա) ապահովում է գաղտնի փաստաթղթերի առաքումը.

ժբ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

22.3. Գիտակրթական ոլորտում`

ա) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնելու կարգի վերաբերյալ.

բ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների ցանկի վերաբերյալ.

գ) Խորհուրդ է ներկայացնում առաջարկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատությունների կողմից վերապատրաստում անցկացնելու ծրագրերի վերաբերյալ.

դ) Օրենքով նախատեսված համապատասխան մարմիններից ստանում է տվյալ տարվա ընթացքում վերապատրաստման ենթակա քաղաքացիական ծառայողների ցուցակը և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

ե) վերապատրաստում անցկացնող ուսումնական հաստատություններից ստանում է տեղեկություններ` քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների վերաբերյալ և այդ մասին տեղեկանք է ներկայացնում Խորհուրդ.

զ) իրականացնում է Օրենքով, Խորհրդի որոշումներով և այլ իրավական ակտերով սահմանված քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի ապահովումը.

է) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

22.4. Արտաքին կապերի ոլորտում`

ա) իրականացնում է օտարերկրյա պետություններում քաղաքացիական ծառայության գործընթացների ուսումնասիրությունը, վերլուծությունը և Խորհուրդ է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

բ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերություններն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների իրավասու մարմինների հետ.

գ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի կողմից միջազգային ծրագրերի հետ կապված աշխատանքների իրականացումը.

դ) ապահովում է Խորհրդի և Աշխատակազմի փոխհարաբերությունները հասարակական միավորումների ներկայացուցիչների հետ.

ե) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

23. Աշխատակազմի քարտուղարությունը համակարգում է հետևյալ ոլորտների աշխատանքները.

- ընդհանուր գործավարության,

- համակարգչային կառավարման:

 

23.1. Ընդհանուր գործավարության ոլորտում`

ա) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և Աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.

բ) իրականացնում է Աշխատակազմի ոչ գաղտնի փաստաթղթերի համակարգչային մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը.

գ) իրականացնում է Խորհրդի նախագահին և Աշխատակազմի ղեկավարին ներկայացվող ոչ գաղտնի թղթակցությունների դասակարգումը և հաշվառումը.

դ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողություն է իրականացնում Աշխատակազմից առաքվող ոչ գաղտնի փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների, գործավարության միասնական կարգի պահանջների կատարման նկատմամբ.

ե) կազմում է Աշխատակազմի գործերի ամփոփ անվանակարգը.

զ) նախապատրաստում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում ըստ պատկանելության ուղարկվող ոչ գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ ուղեկցական գրությունները.

է) Աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքները.

ը) ապահովում է բաժին հանձնված փաստաթղթերի հաշվառումը և պահպանումը, կատարում է արխիվային փաստաթղթերի փորձագիտական արժեքավորումը, ստեղծում է արխիվի գիտատեղեկատու համակարգը, վարում է արխիվային ֆոնդի, գործերի և փաստաթղթերի ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արխիվային փաստաթղթերը տրամադրում է ժամանակավոր օգտագործման.

ժ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Աշխատակազմի պատասխանատու աշխատողներին տեղեկացնում է փաստաթղթերի կազմի և բովանդակության մասին, դրանց վերաբերյալ պատրաստում է վերլուծական և տեղեկատվական նյութեր.

ժա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և գերատեսչական արխիվներից ստանում է արխիվային անհրաժեշտ փաստաթղթերի պատճեններ և տեղեկանքներ.

ժբ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում արխիվային փաստաթղթերի գաղտնազերծման վերաբերյալ.

ժգ) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին` ընթացիկ գործավարության և իրեն հանձնման ենթակա փաստաթղթերի հետ տարվող աշխատանքներում.

ժդ) իրականացնում է գրադարան ստացվող գրականության գույքային գրանցումը և մշակումը.

ժե) սպասարկում է աշխատակազմի աշխատողներին, ընդունում և վերաբաշխում է մամուլը.

ժզ) ապահովում է գրադարանի գույքային ունեցվածքի պատշաճ պահպանումը.

ժէ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցում է միջազգային գրադարանային համագործակցությանը, ապահովում է միջգրադարանային կապը.

ժը) առաջարկություններ է ներկայացնում բաժանորդագրությունների, գրքափոխանակության և գնումներ կատարելու վերաբերյալ.

ժթ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

23.2. Համակարգչային կառավարման ոլորտում`

ա) ապահովում է Աշխատակազմում գործող բոլոր համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների, հաղորդակցման էլէկտրոնային միջոցների և տեղեկատվական միջազգային համակարգերի հասանելիության միջոցների տեղաբաշխումն ու շահագործման պայմանները.

բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է Աշխատակազմի կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների զարգացման և ընդլայնման շրջանակներում նոր սարքավորումների, ծրագրային միջոցների ընտրությունը և ձեռքբերումը.

գ) ապահովում է նոր սարքավորումների և ծրագրային միջոցների փորձարկումը, կարգաբերումը և ներդրումը Աշխատակազմում.

դ) կազմակերպում է Աշխատակազմի աշխատողների` կառավարման ժամանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցման էլեկտրոնային միջոցների շահագործման ձևերի և կանոնների ուսուցումը.

ե) ապահովում է Աշխատակազմի համակարգչային ծրագրատեխնիկական միջոցների շահագործման կանոնների պահպանումը.

զ) իրականացնում է Աշխատակազմում գործող կառավարման ժանանակակից տեխնիկական միջոցների և հաղորդակցության միջոցների և հաղորդակցության էլեկտրոնային միջոցների աշխատունակության պարբերաբար թեստավորումը, արդյունքների վերլուծումը.

է) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է Աշխատակազմում տեղեկատվական միջազգային համակարգերի օգտագործման նոր կետերի ստեղծումը և սպասարկումը, էլեկտրոնային փոստի նոր աբոնենտների գրանցումը և էլեկտրոնային փոստի հասանելիության անընդհատության կազմակերպումը.

ը) ապահովում է Աշխատակազմում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, ինչպես նաև էլէկտրոնային գործավարության կազմակերպումը և նրա գործունեության ընթացքում առաջացած էլեկտրոնային հենքերի արխիվացումը և պահպանումը.

թ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

24. Աշխատակազմի գլխավոր հաշվապահը`

ա) իրականացնում է հաշվապահական հաշվառման վարումը, վճարման փաստաթղթերի կազմումը և ներկայացումը, հաշվետվությունների ստացումը, ստուգումը, ամփոփումը և ներկայացումը.

բ) կազմակերպում է ֆինանսատնտեսագիտական գործը, այդ թվում` ֆինանսատնտեսագիտական գործունեության պլանավորման բյուջետային հայտերի կազմում և ներկայացում, ծախսային նախահաշիվների կազմում և հաստատման ներկայացում, ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն և հաշվետվությունների կազմում, թվային և վերլուծական հաշվետվությունների ամփոփում և ներկայացում.

գ) իրականացնում է ներքին աուդիտ, այդ թվում` հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ անհամապատասխանության բացահայտում և դրանց ճշգրտման ապահովում, ֆինանսատնտեսական գործունեության հաստատված ակտերի պահանջների համապատասխանության գնահատում.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան մարմիններին է ներկայացնում եռամսյակային և տարեկան հաշվետվություններ.

ե) ապահովում է Աշխատակազմի վարչական համալիրի շահագործումը.

զ) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ և կապիտալ շինարարության, գնման գործի, գույքի պահպանման և կառավարման ապահովումը.

է) իրականացնում է Աշխատակազմի աշխատողների աշխատանքային անհրաժեշտ պայմանների ապահովումը.

ը) իրականացնում է Աշխատակազմի էլեկտրաէներգիայի խնայողական սպառման, ռադիոհանգույցի, հեռախոսակապի, կապի համապատասխան բաժանմունքի հետ բնականոն աշխատանքների ապահովումը.

թ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է Խորհրդի և Աշխատակազմի պաշտոնատար անձանց այցելությունների, նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և տրանսպորտային ապահովումը.

ժ) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր` եզրակացություններով և տեղեկանքներով.

ժա) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

 

VI. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

25. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում Օրենքով սահմանված կարգով:

26. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը`

ա) իրականացնում է համապատասխան ստորաբաժանման աշխատանքների կազմակերպումը և անմիջական ղեկավարումը.

բ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման կողմից նախապատրաստված Խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և փաստաթղթերի վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցերի մշակումը.

գ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ` իր ղեկավարած ստորաբաժանման աշխատողներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

դ) ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

ե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.

զ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքային ծրագրերը.

է) իր լիազորությունների շրջանակներում այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ը) իր լիազորությունների շրջանակներում ապահովում է իր ղեկավարած ստորաբաժանման և այլ մարմինների փոխհարաբերությունները.

թ) ստորագրում է իր ղեկավարած ստորաբաժանման անունից պատրաստվող փաստաթղթերը.

ժ) իր ղեկավարած ստորաբաժանման լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ժա) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում առաջարկություններ, ըստ անհրաժեշտության, իր ղեկավարած ստորաբաժանման աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

ժբ) իր լիազորությունների շրջանակներում կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և այլ մարմինների նիստերին և խորհրդակցություններին.

ժդ) իր լիազորությունների շրջանակներում, անհրաժեշտության դեպքում, համապատասխան զեկուցումներ է ներկայացնում իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

ժե) Խորհրդի նիստը վարողի հրավերով մասնակցում է Խորհրդի դռնբաց նիստերին.

ժզ) իր լիազորությունների շրջանակներում տալիս է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ.

ժէ) պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.

ժը) կատարում է Խորհրդի կողմից վարվող քաղաքականության մասով` Խորհրդի անդամների, իսկ քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մասով` Աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները.

ժթ) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իր պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

27. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն աշխատանքի են ընդունվում և աշխատանքից ազատվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողներն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև իրենց պաշտոնների անձնագրերով նախատեսված լիազորությունները, ապահովում են իրենց անմիջական ղեկավարների հանձնարարականների կատարումը և պատասխանատվություն կրում դրանք չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու համար: