ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի
ապրիլի 25-ին
ՏՈՒԳԱՆՔԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԺԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տուգանքի՝ որպես ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (այսուհետ` տուգանք), կատարման հիմքը, կարգն ու պայմանները, ինչպես նաև դրանց հետ առնչվող այլ հարաբերություններ:
|
Հոդված 2. |
Հիմնական սկզբունքները |
Տուգանքի կատարումն իրականացվում է մարդասիրության, օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու սկզբունքների պահպանմամբ:
|
Հոդված 3. |
Տուգանքի կատարման իրավական հիմքերը |
Տուգանքի կատարումն իրականացվում է սույն օրենքին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքին և այլ իրավական ակտերին համապատասխան:
|
Հոդված 4. |
Տուգանքի կատարման հիմքը |
Տուգանքի կատարման հիմք է հանդիսանում դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը:
|
Հոդված 5. |
Տուգանքի կատարումն ապահովող մարմինը |
Տուգանքի կատարումն ապահովում է տուգանքի դատապարտված անձի (այսուհետ` դատապարտյալ) բնակության վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեակատարողական բաժնի տվյալ տարածքային մարմինը կամ համապատասխան պաշտոնատար անձը (այսուհետ` քրեակատարողական բաժին):
Գ Լ ՈՒ Խ 2
ՏՈՒԳԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
|
Հոդված 6. |
Տուգանքի կատարումը |
Դատապարտյալը պարտավոր է դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ և ամբողջությամբ վճարել դատավճռով որպես տուգանք նշանակված գումարը` վճարման անդորրագիրը ներկայացնելով պատիժը կատարող մարմին:
|
Հոդված 7. |
Տուգանքը վճառելու անհնարինությունը և դրա հետևանքնրը |
1.Դատարանը դատապարտյալի միջնորդությամբ, հաշվի առնելով դատապարտյալի կողմից տուգանքն անհապաղ կամ ամբողջությամբ վճարելու անհնարինության հանգամանքը, նրա համար վճարման ժամկետ է սահմանում առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ թույլատրում է տուգանքը մաս առ մաս վճարել նույն ժամկետում:
Նշված արտոնությունն ուժը կորցնում է, եթե դատապարտյալը նշանակված գումարի մասը կամ մասերը ժամանակին չի մուծում, և պատժի չկրած մասը փոխարինվում է հանրային աշխատանքներով` սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով:
2.Տուգանքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու միջնորդությամբ դատարան դիմելիս դատապարտյալը պետք է հիմնավորի տուգանքը վճարելու անհնարինության հանգամանքը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում իր գույքային դրությունը պարզելու նպատակով տա համապատասխան պարզաբանումներ:
|
Հոդված 8. |
Տուգանքը չվճարելը և դրա հետևանքները |
1.Տուգանքը չվճարելու դեպքում այն փոխարինվում է հանրային աշխատանքներով` Լեռնաին Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետով և կարգով:
2.Դատապարտյալի նկատմամբ դատավճռով նշանակված տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու նպատակով քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան:
3.Եթե տուգանքը վճարված է մասնակիորեն, ապա հանրային աշխատանքների ժամկետը որոշվում է` հաշվի առնելով, թե տուգանքի որ մասն է վճարված:
Գ Լ ՈՒ Խ 3
ՀԱՆՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Հոդված 9. |
Հանրային աշխատանքներ կատարելը |
1.Հանրային աշխատանքների կատարումը դատական ակտի հիման վրա ապահովում է քրեակատարողական բաժինը` իր որոշած վայրերում:
2.Հանրային աշխատանքների դատապարտված անձը պարտավոր է քրեակատարողական բաժին ներկայանալ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` յոթ օրվա ընթացքում:
Դատապարտյալը հանրային աշխատանքների ներգրավվում է, և նշանակված պատիժը կատարվում է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Հանրային աշխատանքների կատարման ընթացքում պատժի կատարումը կարող է մինչև մեկ տարի ժամկետով ընդհատվել ոչ ավելի, քան մեկ անգամ:
Հանրային աշխատանքների ներգրավման կարգը և ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3.Դատապարտյալի հաշվառումը, պատիժը կրելու կարգն ու պայմանները պահպանելու նկատմամբ հսկողությունն իրականացնում է, ինչպես նաև պատիժը կրելու կարգը և պայմանները նրան բացատրում է քրեակատարողական բաժինը:
|
Հոդված 10. |
Հանրային աշխատանքներ կատարելու կարգը |
1.Դատապարտյալը պարտավոր է դատավճռով սահմանված ողջ ժամանակահատվածի ընթացքում պահպանել այն մարմինների կամ կազմակերպությունների ներքին աշխատանքային կանոնները, որտեղ նա կատարում է հանրային աշխատանքները, բարեխիղճ վերաբերմունք դրսևորել աշխատանքին, աշխատել իր համար որոշված վայրերում, ինչպես նաև բնակության վայրը փոխելու դեպքում այդ մասին տեղյակ պահել քրեակատարողական բաժնին:
2.Աշխատանքի հիմնական վայրում դատապարտյալին հերթական ամենամյա արձակուրդ տրամադրելը չի կասեցնում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը:
3.Դատապարտյալի կենսաթոշակային տարիքը լրանալու կամ նրան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու, պատիժը կրելուն խոչընդոտող այլ ծանր հիվանդությամբ հիվանդանալու, ինչպես նաև հղիության դեպքում քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան` պատժից ազատելու կամ պատժի կրումը հետաձգելու նպատակով:
4.Հանրային աշխատանքները կատարելիս ստացած վնասվածքների դիմաց փոխհատուցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
5.Դատապարտյալի` պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչվելու դեպքում հանրային աշխատանքների ձևով պատժի կատարումը զինվորական կամ այլընտրանքային ծառայության ժամկետով կասեցվում է:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 11. |
Վերահսկողությունը հանրային աշխատանքների կատարման նկատմամբ |
1.Դատապարտյալի համար որոշված աշխատանքների կատարումը վերահսկելու նպատակով քրեակատարողական բաժինը վարում է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտ, որը լրացնում, ստորագրում և կնքում է տվյալ աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:
2.Դատապարտյալը պարտավոր է քրեակատարողական բաժնին տեղեկացնել հանրային աշխատանքները կատարելու մասին:
Հանրային աշխատանքները կատարելու, դրանք ոչ պատշաճ կատարելու կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելուց խուսափելու մասին քրեակատարողական բաժնին կարող է տեղեկացնել նաև աշխատանքները կազմակերպող մարմնի կամ կազմակերպության վարչակազմը:
3.Հանրային աշխատաժամերի հաշվառման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 12. |
Դատապարտյալի պատասխանատվությունը |
1. Պատիժը կրելու կարգն ու պայմանները խախտելու դեպքում քրեակատարողական բաժինը դատապարտյալին նախազգուշացնում է օրենքով սահմանված պատասխանատվության մասին:
2. Հանրային աշխատանքները կատարելուց չարամտորեն խուսափող դատապարտյալի վերաբերյալ քրեակատարողական բաժինը միջնորդություն է ներկայացնում դատարան` հանրային աշխատանքների չկրած մասը կալանքով կամ որոշակի ժամկետով ազատազրկմամբ փոխարինելու մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված ժամկետների սահմաններում:
3.Հանրային աշխատանքների ձևով պատիժը կրելուց չարամտորեն խուսափող է համարվում այն դատապարտյալը, ով`
1) մեկ ամսվա ընթացքում կատարել է հանրային աշխատաժամերի հաշվառման քարտով նախատեսված աշխատանքների իննսուն տոկոսից պակաս հանրային աշխատանքներ` առանց հարգելի պատճառի.
2) հանրային աշխատանքների կատարման ժամանակ մեկ ամսվա ընքացքում երկուսից ավելի անգամ կոպտորեն խախտել է աշխատանքային կարգապահության կանոնները.
3) ծանուցվելու դեպքում երկու և ավելի անգամ անընդմեջ կամ օրենքով նախատեսված դեպքում չի ներկայացել քրեակատարողական բաժին:
Գ Լ ՈՒ Խ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ
|
Հոդված 13. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
23 մայիսի 2007թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-25 |
|