|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2009թ.
Պետական գրանցման համարը 1080932 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«02» մարտի 2009թ. |
N 31 հ/գ-Ն(Ն) |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և 58-րդ հոդվածների համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2009 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
|
Հավելված
ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի
«02» մարտի 2009թ. թիվ 31 հ/գ-Ն(Ն) հրամանի |
ԿԱՐԳ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՐԻՎ ԽՆԱՄՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և 58-րդ հոդվածներով նախատեսված` պետության լրիվ խնամքի տակ գտնվող և խնամակալական կազմակերպությունում (երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն, տուն-ինտերնատ) ապրող կենսաթոշակառուին կենսաթոշակ վճարելու կարգը:
2. Կենսաթոշակառուին խնամակալական կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) ընդունելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարն այդ մասին գրավոր տեղեկացնում է տվյալ վարչական տարածքն սպասարկող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժնին (այսուհետ՝ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում)` նշելով կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, սոցիալական ապահովության քարտի համարը և հաշվառման վայրի հասցեն (եթե այն կա):
3. Տեղեկությունն ստանալուց հետո կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կենսաթոշակառուի նախկին հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումից օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջում է կենսաթոշակի գործը: Գործն ստանալուց հետո ստուգում է դրանում առկա փաստաթղթերի ու կենսաթոշակի հաշվարկի ճշտությունը և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառում:
Եթե կազմակերպություն ընդունված անձը հաշվառման վայր չունի, ապա կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը նրան կենսաթոշակ նշանակած լինելու փաստը ճշտում է գործակալության միջոցով, որի տրամադրած տեղեկատվության հիման վրա պահանջում և հաշվառում է այդ անձի կենսաթոշակի գործը` սույն կետի առաջին մասով սահմանված կարգով:
Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է կենսաթոշակառուի նախկին բնակության վայրում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից:
Մինչև կազմակերպություն ընդունվելն ընկած ժամանակահատվածի համար կենսաթոշակառուի չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` միանվագ:
4. Մինչև կազմակերպություն ընդունվելն անձին կենսաթոշակ նշանակած չլինելու դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը կազմակերպությունից ստացված տվյալների հիման վրա ճշտում է տվյալ անձի կենսաթոշակի իրավունքն` արդյունքների մասին 10 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնելով տվյալ կազմակերպության ղեկավարին:
5. Կազմակերպության ղեկավարը գրավոր տեղեկատվությունն ստանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում կազմակերպություն ընդունված անձին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:
6. Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը, ստանալով կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է կենսաթոշակը և վճարում սույն կարգին համապատասխան:
7. Կազմակերպությունից կենսաթոշակառուի դուրս գրվելու կամ նրա մահվան դեպքում կազմակերպության ղեկավարն այդ մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանը` նշելով կենսաթոշակառուին կազմակերպությունից դուրս գրելու պատճառը, օրը, ամիսը, տարին:
8. Կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում կենսաթոշակառուին հասանելիք, բայց չստացված կենսաթոշակի գումարները տնօրինվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
9. Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված (վերահաշվարկված) կենսաթոշակի ապահովագրական մասը:
2004թ. հունվարի 1-ից հետո տուն-ինտերնատ ընդունվածներին սոցիալական կենսաթոշակ չի վճարվում, իսկ այդ ժամկետից առաջ ընդունված և այնտեղ ապրող կենսաթոշակառուներին նշանակված սոցիալական կենսաթոշակը, կամ եթե տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուի` օրենսդրությամբ սահմանված կարգով վերահաշվարկված կենսաթոշակի ապահովագրական մասը ցածր է մինչև 2004թ. հունվարի 1-ը նրան վճարվող կենսաթոշակի չափից, ապա վճարվում է նախկին չափով:
Տուն-ինտերնատում ապրող կենսաթոշակառուների կենսաթոշակը վճարվում է առանձին ցուցակով, տուն-ինտերնատում:
10. Երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում (այսուհետ՝ գիշերօթիկ հաստատություն) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը գիշերօթիկ հաստատությունում երեխայի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս երեխայի կենսաթոշակի գումարը հաշվարկում և կուտակում է գործակալությունում նրա անունով բացված անձնական հաշվում` մինչև երեխայի 18 տարին լրանալը:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը երեխային տրամադրում է կենսաթոշակի վկայական, որը փոխանցվում է գիշերօթիկ հաստատության ղեկավարին` երեխայի անձնական գործում պահելու համար: Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում, գիշերօթիկ հաստատության ղեկավարին գրավոր տեղեկանք է ուղարկում երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին (աճողական` տվյալ պահի դրությամբ ամփոփ տվյալներ), որը կարվում է երեխայի անձնական գործին:
Գիշերօթիկ հաստատության ղեկավարը մինչև 18 տարին լրանալը գիշերօթիկ հաստատությունից երեխայի դուրս գրվելու դեպքում նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին, իսկ 18 տարին լրանալուց հետո դուրս գրվելու դեպքում` անձամբ նրան, տրամադրում է նրա անձնական հաշվի տնօրինման համար անհրաժեշտ փաստաթղթերը (կենսաթոշակի վկայական, անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարների մասին տեղեկանք և այլ փաստաթղթեր):
Մինչև 18 տարին լրանալը կազմակերպությունից դուրս գրվելու դեպքում գիշերօթիկ հաստատությունում ապրած ամբողջ ժամանակահատվածում կուտակված կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուին վճարվում է նրա 18 տարին լրանալուց հետո, իսկ օրենքով սահմանված կարգով ավելի վաղ գործունակություն ձեռք բերելու կամ գործունակ ճանաչվելու դեպքում` այդ օրվանից:
Կենսաթոշակի կուտակված գումարը վճարվում է անձի` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում և անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, միանվագ:
Գիշերօթիկ հաստատությունում ապրող երեխայի կենսաթոշակի գումարները նրա անձնական հաշվում կուտակելու և հաշվառելու փաստաթղթերը վարում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման համապատասխան աշխատողը:
11. Գիշերօթիկ հաստատությունում ապրող հաշմանդամ երեխաների վրա տարածվում են սույն կարգի 9-րդ կետի դրույթները: