| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության նախարարությունում
07 մայիսի 2004թ.
Պետական գրանցման թիվ 263
ԼՂՀ արդարադատության նախարար
________ Ռ.Ք. Հայրապետյան |

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» ապրիլի 2004թ. |
N ՔԾԽՈ-9 |
ք.Ստեփանակերտ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
Սահմանել մրցույթ և ատեստավորում անցկացնելու համար թեստեր կազմելու կարգը (հավելված):
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ` |
Բ.Ս.ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
քաղաքացիական ծառայության խորհրդի
«26» ապրիլի 2004թ. N ՔԾԽՈ-9 որոշման |
ԿԱՐԳ
ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹԵՍՏԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ
1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ ու քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնելու համար թեստերը կազմվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին (այսուհետ` Օրենք) և սույն կարգին համապատասխան:
2. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի բնագավառներին վերաբերող հարցաշարերը կազմում է քաղաքացիական ծառայության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) աշխատակազմը, իսկ Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի բնագավառին վերաբերող հարցաշարը` համապատասխան մարմինների աշխատակազմերը: Յուրաքանչյուր մրցույթ կամ ատեստավորում անցկացնելուց առնվազն երկու ամիս առաջ հարցաշարերը ներկայացվում են Խորհուրդ:
3. Հարցաշարերը, ըստ բնագավառների, բաղկացած են հարցերից (խնդիրներից): Հարցերը վերաբերում են համապատասխան բնագավառների վերաբերյալ կոնկրետ հարցադրումներին, իսկ խնդիրները` կոնկրետ իրավիճակների նկարագրությանը:
31. Քաղաքացիական ծառայության յուրաքանչյուր պաշտոնի համար սույն կետով նախատեսված հարցաշարում ընդգրկված հարցերի (խնդիրների) ընդհանուր քանակը պետք է պակաս չլինի տվյալ պաշտոնի խմբի համար նախատեսված թեստի չափաբաժնի եռապատիկից:
(31-ին կետը լրաց. 15.11.2004 N 60)
4. Հարցերը (խնդիրները) կոդավորվում, համարակալվում են` ըստ բնագավառների և ըստ պաշտոնների խմբերի: Խորհրդի կամ համապատասխան մարմնի աշխատակազմը հարցաշարերը զետեղում է համակարգչում:
5. Մրցույթ անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց պատասխաններով հրապարակվում են` քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր պաշտոնների համար Խորհրդի, իսկ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների համար` համապատասխան մարմնի կողմից:
Ատեստավորում անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարերն իրենց ճիշտ պատասխաններով հրապարակվում են համապատասխան մարմնի կողմից:
6. Համակարգչում առանձին զետեղվում են նաև կոդավորված և համարակալված հարցերի (խնդիրների) երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:
7. Թեստերը կազմվում են համակարգչային ծրագրի միջոցով համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերի կոդավորված հարցերից (խնդիրներից)` պատահական ընտրությամբ: Համակարգչային ծրագիրը, ընտրելով հարցը (խնդիրը), միաժամանակ դուրս է բերում վերջինիս ենթադրյալ պատասխանները և միասնականացնում:
8. Թեստերը կազմում են`
- քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` Խորհրդի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները.
- քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման և այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման համար` համապատասխան մարմնի ստեղծած մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները:
9. Մրցութային կամ ատեստավորման հանձնաժողովները թեստերը կազմում են մինչև թեստավորման փուլը սկսելը:
10. Յուրաքանչյուր մրցույթի դեպքում մասնակիցների համար կազմվում է մեկ ընդհանուր թեստ` սույն կարգին և թափուր պաշտոնի անձնագրով նախատեսված պահանջներին համապատասխան:
11. Թեստավորման առաջադրանքները մասնակցին կամ քաղաքացիական ծառայողին կարող են առաջարկվել գրավոր կամ համակարգչի միջոցով: